Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԵՂԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԵՂԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5218 սեպտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-52)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 18 սեպտեմբերի 2025թ. ՍԴԴԿՈ - 52 | ԳԵՂԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 18 սեպտեմբերի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի

Դ. Խաչատուրյանի

Քննության առնելով Գեղամ Աբրահամյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Գեղամ Աբրահամյանը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Մհեր Հակոբյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի սեպտեմբերի 10-ին)՝ խնդրելով.

«(...) սույն դիմումը բավարարել և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասը՝ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածներին, 6 հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75 և 78-րդ հոդվածներին հակասող ու անվավեր այնքանով, որքանով այդ նորմը բացառում է առանց ապացույցների հետազոտման մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցումը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով»:

2. Ներկայացնելով թիվ ՍԴ3/0056/01/25 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ «(...) եթե առանց ապացույցների հետազոտման հնարավոր է գործը քննել և ավարտել, ապա դատարանը, կաշկանդված լինելով արդար դատաքննության իրավունքով՝ որպես անմիջականորեն գործող անձի հիմնարար իրավունք, պարտավոր է որոշել գործի ելքը»:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 315-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումից բխում է, որ «(...) եթե նույնիսկ առկա են Օրենսգրքի 12 հոդվածի 1-ին մասի 1-ից 2-րդ կետերով նախատեսված հիմքերը, ապա միևնույն է դատարանը չի կարող քրեական հետապնդումը դադարեցնել, սակայն նման մեկնաբանությունը ոչ միայն հակասում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12 հոդվածին, այլև՝ հակասում է նույն օրենսգրքի հիմքում դրված նպատակին՝ նախատեսված Օրենսգրքի 2-րդ հոդվածով, և իրավական պետության գաղափարին, քանի որ իրավական պետության գաղափարը քրեական դատավարությունում նշանակում է, որ քրեական դատավարությունը պետք է սահմանի ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթների իրականացման արդյունավետ կարգ՝ միաժամանակ երաշխավորելով անձի իրավունքների և ազատությունների պաշտպանությունը»:

Ըստ Դիմողի՝ «(...) եթե գործի ելքը հնարավոր է որոշել առանց ապացույցների ըստ էության հետազոտության, օրինակ՝ առկա է իրավական բնույթի հարց, ապա դատարանը պարտավոր է քննարկել այդ հարցը, այլապես՝ տեղի է ունենում գործերի քննության անհարկի ձգձգում, ինչը խախտում է ողջամիտ ժամկետում գործի արդարացի քննության իրավունքը»:

Դիմողն ընդգծում է, որ «(...) Օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասի կիրառության վերաբերյալ դատական պրակտիկան զարգացել է այն ուղղությամբ, որ Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով ներկայացված բոլոր միջնորդությունները, առանց դրանց բովանդակային քննարկման, դատարանների կողմից մերժվում են այն պատճառաբանությամբ, որ Օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասում Օրենսգրքի 12 հոդվածի 1-ին մասի 1-ին կետը նախատեսված չէ»:

Դիմողը գտնում է, որ «(...) բոլոր այն դեպքերում, երբ դատարանը 315 հոդվածի 1-ին մասը մեկնաբանում է այնպես, որ բացառում է նախնական դատալսումների փուլում առանց ապացույցների ըստ էության հետազոտման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով քրեական հետապնդման դադարեցման ցանկացած հնարավորություն, խախտում է անձի՝ ողջամիտ ժամկետում արդար դատաքննության իրավունքը, իսկ նման մեկնաբանությունը հակասում է ՀՀ Սահմանադրությամբ օրենքին ներկայացվող որոշակիության պահանջին»։

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 315 հոդվածի 1-ին մասը՝ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, այնքանով, որքանով բացառում է նախնական դատալսումների փուլում առանց ապացույցների ըստ էության հետազոտության քրեական հետապնդման դադարեցումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածներին, 6 հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75 և 78-րդ հոդվածներին ու անվավեր է, քանի որ չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին և անհամաչափորեն սահմանափակում է ողջամիտ ժամկետում արդար դատաքննության անձանց սահմանադրական իրավունքը»:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:

Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է նաև դիրքորոշում առ այն, որ «(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար՝ նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: (…) Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված՝ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում»:

Սահմանադրական դատարանը 2019 թվականի հոկտեմբերի 24-ի ՍԴԴԿՈ-58 դատական կազմի որոշմամբ արձանագրել է. «Դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները»:

Սույն անհատական դիմումի և դրան կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը:

Մասնավորապես՝ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի միջոցով թիվ ՍԴ3/0056/01/25 քրեական գործի ուսումնասիրությունը վկայում է, որ 2025 թվականի մարտի 26-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշել է.

«Ստանձնել մեղադրյալներ Գեղամ Նվերի Աբրահամյանի, Գառնիկ Գրիգորի Մնացականյանի և Արթուր Սեյրանի Օհանյանի վերաբերյալ թիվ ՍԴ3/0056/01/25 քրեական գործի վարույթը և նշանակել նախնական դատալսումներ 2025 թվականի ապրիլի 3-ին՝ ժամը 15:00-ին, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում (ք. Գորիս, Անկախության 4/1, թիվ 2 դատական նիստերի դահլիճում)։

(...)»:

Այնուհետև՝ նույն թվականի ապրիլի 3-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է «Քրեական գործն ըստ ընդդատության փոխանցելու մասին» որոշում, որով համապատասխան քրեական գործը փոխանցվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:

2025 թվականի ապրիլի 17-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը կայացրել է «Քրեական գործով վարույթը ստանձնելու և նախնական դատալսումներ նշանակելու մասին» որոշում:

Տվյալ գործի քննության շրջանակներում՝ 2025 թվականի հունիսի 26-ի դատական նիստի ընթացքում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանն արձանագրային որոշմամբ մերժել է Դիմողի պաշտպան Մհեր Հակոբյանի կողմից ներկայացված՝ Դիմողի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ միջնորդությունը:

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի միջոցով թիվ ՍԴ3/0056/01/25 քրեական գործի ուսումնասիրությունը վկայում է, որ ներկայումս տվյալ գործը գտնվում է հիմնական դատալսումների փուլում, և համաձայն առկա վերջին տեղեկատվության՝ 2025 թվականի սեպտեմբերի 10-ին նշանակված էր հերթական դատական նիստը:

Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ թիվ ՍԴ3/0056/01/25 քրեական գործի շրջանակներում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում դեռևս շարունակվում է գործի քննությունը, հետևաբար՝ տվյալ դատարանի 2025 թվականի հունիսի 26-ի արձանագրային որոշումը չի կարող համարվել վերջնական դատական ակտ, ուստի՝ սույն դեպքում առկա չէ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտ, և Դիմողը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Միաժամանակ, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ թեև վերը նշված արձանագրային որոշումը ենթակա չէ անմիջական բողոքարկման, այդուհանդերձ, դրա կապակցությամբ անձի՝ վերադաս դատական ատյաններում դատական պաշտպանության իրավունքը կարող է իրացվել հետաձգված բողոքարկման միջոցով՝ դատարանի կողմից կայացվող եզրափակիչ դատական ակտի բողոքարկման շրջանակում։

Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ ընդգծել է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև՝ հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելուն։

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չէ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտ, և վերջինս չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները։

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու, Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Գեղամ Աբրահամյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող՝ Հ. Հովակիմյան

Անդամներ՝ Ա. Զեյնալյան

Դ. Խաչատուրյան

18 սեպտեմբերի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-52

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 սեպտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-52
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել