Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3424 հունիսի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-34)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 24 հունիսի 2019թ. ՍԴԴԿՈ - 34 | ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

24 հունիսի 2019 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ`

Ա. Թունյանի

Անդամակցությամբ` Ա. Գյուլումյանի

Ա. Խաչատրյանի

Քննության առնելով Հայկ Սարգսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Հայկ Սարգսյանը 2019 թվականի հունիսի 4-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը դրանում ընդգրկված սուբյեկտների կազմում ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին չներառելու մասով, «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ պարբերությունը կենսաթոշակի բնականոն աճ չնախատեսելու մասով, իսկ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածին և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին ՀՀ կառավարության 28.08.2014 թվականի թիվ 895-Ն որոշման 3-րդ հավելվածի 37-րդ մասին իրավակիրառ պակտիկայում, այն է ՎԴ/9225/05/16 վարչական գործով տրված մեկնաբանությամբ ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 10-րդ, 28-րդ, 29-րդ, 60-րդ և 83-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:

2. Դիմողն արձանագրում է, որ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը դրանում ընդգրկված սուբյեկտների կազմում ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին չի ներառում, «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 56-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ պարբերությունը ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կենսաթոշակի բնականոն աճ չի նախատեսում, վերաքննիչ դատարանը «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածին տվել է այնպիսի մեկնաբանություն, որ նշված նորմը վերաբերում է ոչ թե կենսաթոշակ նշանակելու համար մասնագիտական ստաժի հաշվարկման հարցին, ինչը պնդում է դիմողը, այլ պաշտոնի նշանակելիս ստաժի հաշվարկմանը, որը կենսաթոշակի նշանակման համար քննչական մարմնում ունեցած ծառայության ստաժի հաշվարկման հիմք չի կարող հանդիսանալ:

3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից` նշված գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում .… սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում»: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո»:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն «Անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ …. լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը»:

Դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը, քանի որ վերջնական դատական ակտը` ՀՀ վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2018 թվականի նոյեմբերի 14- ին, որն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, մինչդեռ դիմողը դիմումը փոստային ծառայությանն է հանձնել 2019թ. հունիսի 1-ին:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5- րդ մասով Սահմանադրական դատարանը

ՈՐՈՇԵՑ.

Հայկ Սարգսյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող`

Անդամներ`

24 հունիսի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-34

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հունիսի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-34
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել