««ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-31)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 փետրվարի 2025թ. ՍԴԱՈ - 31 | ««ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
««ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ ԴԱՆԻԵԼ ԻՈԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ հասարակական կազմակերպության և Դանիել Իոաննիսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի փետրվարի 12-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ հասարակական կազմակերպության (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Դանիել Իոաննիսյան, ներկայացուցիչ` փաստաբան Ռուզաննա Ավագիմյան) և Դանիել Իոաննիսյանի (այսուհետ՝ Դիմողներ) դիմումը, որով Դիմողները խնդրել են.
«ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասը (դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը)՝ այնքանով, որքանով դրանով բացառվում է հանցագործության հաղորդում ներկայացրած անձի՝ դատարանի մատչելիության իրավունքի տարր հանդիսացող՝ դատական կարգով մինչդատական ակտի բողոքարկման իրավունքը»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ1/0342/11/24 գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողները նշում են, որ վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ (սահմանափակ մեկնաբանմամբ) սահմանափակվել են Դիմողների՝ դատարանի մատչելիության և արդար դատաքննության իրավունքները: Հավելելով՝ Դիմողները պնդում են, որ վերաքննիչ քրեական դատարանի կողմից տվյալ դրույթի կիրառությամբ (մեկնաբանությամբ) խախտվում են սահմանադրական (կոնվենցիոն) իրավունքներից բխող՝ բողոքարկման իրավունքի վերաբերյալ մի շարք կարգավորումներ, որոնք իրենց ամրագրումն են ստացել նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական նախադեպերում (որոշումներում):
Դիմողներն ընդգծում են, եթե ընդունենք, որ ի սկզբանե դատարան պետք է դիմեր ոչ թե «ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ հասարակական կազմակերպությունը, այլ անձամբ Դանիել Իոաննիսյանը, որպիսի դեպքում ստացվում է, որ սահմանափակվել է վերջինիս՝ մինչդատական ակտի բողոքարկման իրավունքը, ապա խնդիրը բացարձակապես չի վերանում, քանի որ որևէ սուբյեկտի՝ հանցագործության հաղորդում ներկայացնելու իրավունքը՝ առանց դրա առնչությամբ առերևույթ ոչ իրավաչափ ակտերը, գործողություններն ու անգործությունը դատական կարգով բողոքարկելու հնարավորության, դառնում է վերացական ու պատրանքային՝ կախված բացառապես քննիչի և դատախազի հայեցողությունից:
Դիմողները գտնում են, որ վիճարկվող դրույթի և վերաբերելի այլ դրույթների ներկայիս խմբագրությունը դրանց սխալ մեկնաբանման և սխալ կիրառման հնարավորություն է տալիս, ինչի հետևանքով խնդրո առարկա դեպքում խաթարվում են անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված հիմնական իրավունքները: Այսինքն՝ ըստ Դիմողների, վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ բացառվել ու ոտնահարվել է անձի՝ դատական վերահսկողության ինստիտուտի միջոցով մինչդատական ակտի բողոքարկման իրավունքը (հանցագործության հաղորդում ներկայացնող անձի՝ ոչ իրավաչափ մինչդատական ակտի (առնվազն իր սուբյեկտիվ կարծիքով) դեմ ոչ միայն դատախազական հսկողության գործիքակազմին, այլև դատական վերահսկողությանը դիմելու հնարավորության բացառումը), ինչի հետևանքով առհասարակ մերժվել է նաև արդարադատության բուն իրականացումը՝ ներկայացված հաղորդման մեջ նշված փաստական հանգամանքների առնչությամբ վարույթ իրականացնելը (ուժի մեջ է մնացել քննիչի կողմից կայացված վարույթային ակտը, որի իրավաչափության վերաբերյալ, փաստորեն, դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ մինչ այժմ գոյություն չունի, քանի որ տվյալ հարցի քննություն չի իրականացվել՝ դատական վերահսկողության ինստիտուտին դիմելու հնարավորության բացառման հետևանքով):
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը հիշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի/ ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և այդ հիմնական իրավունքի/ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:
Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/ սահմանափակման»:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողները սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար հիմնավորումներ չեն ներկայացրել իրենց՝ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների խախտման, հետևաբար՝ դրանց ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ: Մասնավորապես՝ Դիմողները սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) համապատասխանությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ իրենց՝ Սահմանադրության նշված հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման, հետևաբար՝ վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) և համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ։ Փոխարենը՝ Դիմողները սահմանափակվել են վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին հակասելու վերաբերյալ պնդումների սոսկ վկայակոչմամբ:
Ավելին՝ սույն անհատական դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ թիվ ԵԴ1/0342/11/24 գործի շրջանակներում վերաքննիչ քրեական դատարանի կողմից վիճարկվող դրույթին որևէ մեկնաբանություն չի տրվել, այլ վերջինս պարզապես կիրառել է այն կոնկրետ գործի փաստական հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ՝ արձանագրելով, որ «(...) քաղաքացիներ Հենրիկ Մկրտչյանի, Գոռ Ասատրյանի և Հովսեփ Ղազարյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարան բողոք է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության լիազոր ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը, ով չի հանդիսանում վերջիններիս լիազոր ներկայացուցիչը, չի հանդիսանում վարույթի մասնավոր մասնակից, և բացի այդ որևէ կերպ չի հիմնավորվել, որ նրա իրավաչափ շահերի նկատմամբ կայացված ակտերով անհամաչափ ներգործություն է տեղի ունեցել, ինչից հետևում է, որ ՀՀ քրեական դատավարության 300-րդ հոդվածով սահմանված կարգով, բողոքի հեղինակը չի հանդիսացել բողոք բերելու իրավասություն ունեցող անձ»:
Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով չի հիմնավորվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված ենթադրյալ մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին: Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
««ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ հասարակական կազմակերպության և Դանիել Իոաննիսյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
25 փետրվարի 2025 թվականի
ՍԴԱՈ-31
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 փետրվարի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-31
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
