ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-59)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 հուլիսի 2026թ. ՍԴԴԿՈ - 59 | ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 28 հուլիսի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի
Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի
Է․ Շաթիրյանի
Քննության առնելով Գագիկ Խաչատրյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Գագիկ Խաչատրյանի (այսուհետ նաև` Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Արտակ Ղազարյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հուլիսի 14-ին, որով Դիմողը խնդրել է.
«ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը այնքանով, որքանով դրա համաձայն՝ «պատշաճ ապացուցման արդյունքներ» հասկացությունը ներառում է նաև տվյալները, որոնք քրեական դատավարության օրենքով սահմանված կարգով չեն ստացել (ՔրԴՕ 86-րդ հոդվածով սպառիչ սահմանված) ապացույցի որևէ տեսակի կարգավիճակ, և այդպիսի տվյալների հիման վրա հնարավոր է անձի մեղավորությունը հաստատված, նրա մեղավորության վերաբերյալ որևէ ողջամիտ (հիմնավոր) կասկածը՝ բացառված, իսկ անմեղության կանխավարկածը՝ հաղթահարված համարել, ճանաչել Սահմանադրության 63-րդ և 66-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
2003թ. ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը այնքանով, որքանով դրա համաձայն՝ անձի՝ զինծառայող լինելու և զինվորական ծառայության մեջ գտնվելու հանգամանքներն ինքնին բավարար են նրա կողմից մեկ այլ զինծառայողի նկատմամբ դրսևորված բռնի արարքը նշված նորմով նախատեսված հանցավոր արարքի շրջանակում ներառելու համար՝ անկախ բռնի արարքի կամ դրա առիթ հանդիսացած հարաբերության՝ զինվորական կանոնագրքերով նախատեսված որևէ ծառայողական իրավունքի կամ պարտականության իրացման հետ նորմատիվ կապից, արարքի՝ զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղվածությունից և արարքի կատարման հետ կապված անձի մոտ առկա գերակա շարժառիթից, ճանաչել Սահմանադրության 40-րդ, 61-րդ, 63-րդ, 67-րդ, 72-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Դիմողի փաստարկները
2.
1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՔրԴՕ) 342-րդ հոդվածի 4-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասով
Ներկայացնելով թիվ ԱՎԴ4/0034/01/22 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ Առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճռի հիմքում «ի թիվս այլնի, ներառվել են թվով ութ «գրավոր փաստաթղթեր»/ տվյալներ պարունակող կրիչներ, այն է՝
(…)
Վարույթի նյութերում բացակայում են թվարկված փաստաթղթերից որևէ մեկն արտավարութային փաստաթուղթ / նախկին ՔրԴՕ-ի իմաստով՝ այլ փաստաթուղթ ճանաչելու և վարույթի նյութերին կցելու մասին՝ քրեական դատավարության օրենքով նախատեսված որոշումները (1998թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ մաս, գործող ՔրԴՕ 96-րդ հոդվածի 2-րդ մաս): Նույն կերպ՝ նշված փաստաթղթերը վարույթն իրականացնող որևէ իրավասու մարմնի որոշմամբ չեն ճանաչվել իրեղեն ապացույցներ, և վարույթի նյութերում բացակայում են դրանք իրեղեն ապացույց ճանաչելու մասին համապատասխան որոշումները (1998թ. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մաս, գործող ՔրԴՕ 94-րդ հոդվածի 2-րդ մաս)»:
Դիմողի համոզմամբ՝ «(...) ապացույցի որևէ տեսակի դատավարական կարգավիճակ չստացած նշված տվյալները կազմել են այն տվյալների համակցության մասը, որի հիման վրա Առաջին ատյանի դատարանը [այսուհետ նաև՝ Դատարան] Դիմողի մեղավորությունը համարել է հաստատված առանց որևէ ողջամիտ (հիմնավոր) կասկածի, իսկ նրա անմեղության կանխավարկածը՝ հաղթահարված»:
Դիմողը գտնում է, որ իր մեղավորության վերաբերյալ որևէ ողջամիտ (հիմնավոր) կասկածը` բացառված, իսկ անմեղության կանխավարկածը հաղթահարված է համարվել նաև այնպիսի տվյալների հաշվառմամբ, որոնք քրեական վարույթի ընթացքում չեն ստացել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածով նախատեսված ապացույցի որևէ տեսակի դատավարական կարգավիճակ:
Դիմողի պնդմամբ՝ ապացույցի կարգավիճակ չստացած տվյալների օգտագործումը ձեռք է բերում սահմանադրաիրավական նշանակություն, քանի որ դրանց հաշվառմամբ բացառված է համարվել իր մեղավորության վերաբերյալ որևէ ողջամիտ (հիմնավոր) կասկածը և հաղթահարված՝ Սահմանադրության 66-րդ հոդվածով երաշխավորված անմեղության կանխավարկածը:
Դիմողը նշում է, որ Դատարանը, իր մեղավորությունը հաստատելով, այդ թվում՝ գրավոր ութ փաստաթղթերով, որոնք քրեական վարույթում չունեն որևէ ապացույցի կարգավիճակ՝ որպես արտավարութային փաստաթղթեր չեն ճանաչվել ո՛չ քննիչի, ո՛չ Դատարանի կողմից, ՔրԴՕ 22-րդ հոդվածին, 268-րդ հոդվածի 3-րդ մասին, 342-րդ հոդվածի 4-րդ մասին, 347-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերին, 349-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերին ըստ էության հաղորդել է այնպիսի մեկնաբանություն, որի պայմաններում հնարավոր է դարձել մեղադրական դատավճիռ կայացնել և անձի անմեղության կանխավարկածը հաղթահարել դատաքննության ընթացքում չհետազոտված, ինչպես նաև ապացույցի կարգավիճակ չունեցող տվյալների հիման վրա։
Դիմողը նշում է, որ Վերաքննիչ դատարանը Դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գտել է, որ Դիմողի մեղավորությունը հաստատվել է առանց որևէ ողջամիտ (հիմնավոր) կասկածի, իսկ նրա անմեղության կանխավարկածը հաղթահարվել է պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում:
Դիմողը նշում է նաև, որ Վճռաբեկ դատարանի առջև բարձրացրել է նշյալ ութ փաստաթղթերի՝ Դիմողի մեղադրական դատավճռի հիմքում դրվելու և անձի մեղավորությունը հաստատելու հարցում ՔրԴՕ 342-րդ հոդվածի 4-րդ մասի մեկնաբանության իրավական հարցը՝ արդյոք անձի մեղավորությունը «պատշաճ ապացուցման արդյունքներով» հաստատված համարելու պահանջը կարող է մեկնաբանվել այնպես, որ մեղադրական դատավճռի հիմքում ներառվեն նաև քրեադատավարական ապացույցի որևէ տեսակի կարգավիճակ չստացած տվյալներ:
Դիմողի պնդմամբ՝ նշված գրավոր տվյալները չեն ներառվել հարակից հիշատակման կարգով կամ որպես գործի ելքի համար երկրորդական նշանակություն ունեցող տեղեկություններ, այլ «[ի]նչպես հետևում է հենց դատավճռից, դրանք վկայակոչվել են այնպիսի հանգամանքների հաստատման համար, որոնք վերաբերում են 2003թ. ՔրՕր-ի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի իրավական նշանակություն ունեցող հատկանիշներին, մասնավորապես՝ Դիմողի և համածառայակցի՝ զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործության հատուկ սուբյեկտ հանդիսանալուն, դեպքի պահին նրանց՝ մարտական հերթապահության վերակարգում գտնվելուն և համապատասխան զինվորական ծառայության իրավահարաբերությունների առկայությանը»։
Դիմողը, վկայակոչելով ՍԴՈ-1767 որոշմամբ արտահայտած այն դիրքորոշումները, որ «(...) անմեղության կանխավարկածի առաջնային տարրը դրա հերքման կամ դատավարական բացասման օրենքով սահմանված կարգն է, այլ կերպ՝ մեղադրական վերդիկտի՝ դրան ներկայացվող՝ օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պայմանները բավարարող դատական ակտի ուժի մեջ մտնելը», և որ «(...) յուրաքանչյուր մեղադրյալ իրավունք ունի, որ իր մեղավորությունը հաստատվի, կամ որ նույնն է՝ իր անմեղության կանխավարկածը հերքվի բացառապես իր նկատմամբ արձակված և դատական ակտին՝ ընդհանրապես, և մեղադրական դատավճռին՝ մասնավորապես, առաջադրվող պայմանները բավարարող և օրինական ուժի մեջ մտած ակտով:», իսկ «(...) անձի անմեղության կանխավարկածը՝ (...) ներառում է մեղադրյալի՝ օրինական, հիմնավորված և պատճառաբանված մեղադրական վերդիկտ ստանալու իրավունքը», նշում է, որ մեջբերված իրավական դիրքորոշումներից բխում է, որ անձի մեղավորության մասին դատական հետևությունը պետք է ձևավորվի բացառապես այնպիսի դատավարական կարգի շրջանակներում, որը բավարարում է արդար դատաքննության, դատական ակտի օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության սահմանադրական պահանջները:
Դիմողը, գտնելով, որ Սահմանադրության 66-րդ հոդվածում օգտագործված «օրենքով սահմանված կարգով» ձևակերպումը սույն գործով ունի առանցքային նշանակություն, նշում է, որ այն ենթադրում է, որ անձի մեղավորության մասին Դատարանի հետևությունը կարող է ձևավորվել բացառապես այնպիսի տվյալների հիման վրա, որոնք օրենքով նախատեսված կարգով ստացել են (ՔրԴՕ 86-րդ հոդվածով սպառիչ սահմանված) ապացույցի որևէ տեսակի կարգավիճակ:
Ըստ Դիմողի՝ «(...) Հակառակ մոտեցման պայմաններում՝ անմեղության կանխավարկածի հաղթահարման «օրենքով սահմանված կարգը» կբովանդակազրկվի, իսկ «առանց որևէ ողջամիտ կասկածի» սահմանադրաիրավական չափորոշիչը ձևական բնույթ կստանա, քանի որ անձի մեղավորության վերաբերյալ «որևէ ողջամիտ կասկածը» հնարավոր կլինի բացառել («հաղթահարված համարել») նաև քրեադատավարական ապացույց չհանդիսացող տվյալներով», մինչդեռ, ՍԴՈ-1767 որոշմամբ մեջբերված դիրքորոշումներից բխում է, որ դատարանը մեղադրյալի մեղավորության մասին հետևությանը կարող է հանգել միայն քրեադատավարական ապացույցի հիման վրա և ամփոփելով՝ եզրակացնում, որ «անձի մեղավորության վերջնական հաստատումը և անմեղության կանխավարկածի հաղթահարումը ենթակա են «առանց որևէ ողջամիտ կասկածի» չափորոշիչով հաստատման, որն, ի տարբերություն հիմնավոր կասկածի չափորոշիչի, կարող է բավարարվել բացառապես քրեադատավարական ապացույցներով» և հետևաբար՝ վիճարկվող դատավարական դրույթի՝ ՔրԴՕ 342-րդ հոդվածի 4-րդ մասի «այնպիսի մեկնաբանությունը, որի պայմաններում «պատշաճ ապացուցման արդյունքներ» հասկացությունը ներառում է նաև ապացույցի կարգավիճակ չստացած տվյալներ, անհամատեղելի է անձի արդար դատաքննության իրավունքի (Սահմանադրության 63-րդ հոդված) և անմեղության կանխավարկածի (Սահմանադրության 66-րդ հոդված) հետ»:
2.2. 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված՝ ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Քրեական օրենսգիրք) 359-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության վիճարկման մասով
Դիմողը, ներկայացնելով թիվ ԱՎԴ4/0034/01/22 քրեական գործի դատավարական նախապատմությունը, անդրադառնալով Վճռաբեկ դատարանի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ՍԴ/0389/01/11 որոշմանը, գտնում է, որ իր և համածառայակցի՝ զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործության հատուկ սուբյեկտ հանդիսանալու, ինչպես նաև դեպքի պահին համապատասխան ծառայողական իրավահարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքները պարզապես գործի փաստական նկարագրության տարրեր չեն, այլ մեղսագրված հանցավոր արարքի հատկանիշներին վերաբերող՝ իրավական նշանակություն ունեցող հանգամանքներ:
Դիմողը, վիճարկելով Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասին տրված այն մեկնաբանության սահմանադրականությունը, որի պայմաններում անձանց՝ զինծառայող լինելու և զինվորական ծառայության վերակարգի մեջ գտնվելու հանգամանքներն ինքնին բավարար են համարվում նրանց միջև բռնությամբ կատարված արարքը զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցանքի շրջանակներում ներառելու համար, գտնում է, որ այդպիսի մեկնաբանությամբ միախառնվում են հանցակազմի իրավաբանորեն ինքնուրույն տարրերը, մասնավորապես՝ հանցավոր համարվող արարքների շրջանակն ընդլայնվում է օրենսդրի կողմից ուրվագծված հանցանքի էությունից և կանխատեսելի բովանդակությունից դուրս՝ հակասելով Սահմանադրության 4, 6, 72 և 79-րդ հոդվածներով ամրագրված սկզբունքներին:
Ըստ Դիմողի՝ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածով օրենսդրի կողմից ուրվագծված հանցավոր արարքի շրջանակը ներառում է միայն այնպիսի արարքներ, որոնք իրենց բնույթով և ուղղվածությամբ համարվում են ոտնձգություն զինվորական ծառայությունը կրելու համար սահմանված կարգի դեմ և անմիջականորեն կապված են զինվորական ծառայության հետ:
Դիմողը նաև նշում է, որ վիճարկվող նորմի՝ հանցանքի էության հետ համատեղելի և Սահմանադրությանը համահունչ բովանդակությունը ենթադրում է, որ զինծառայողի կողմից մեկ այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելը կամ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի իմաստով արգելված այլ վարքագիծը նշված նորմով ուրվագծված հանցավոր արարքի շրջանակում է միայն այն դեպքում, երբ այն իրապես կապված է զինվորական կանոնագրքերով նախատեսված վարքագծի կանոնների խախտման հետ և ուղղված է զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ:
Դիմողի պնդմամբ՝ զինվորական ծառայության մեջ ընդգրկված լինելու փաստն ինքնին չի կարող փոխարինել ո՛չ հանցակազմի հիմնական օբյեկտի դեմ արարքի ուղղվածությանը, ո՛չ էլ սուբյեկտիվ կողմի անհրաժեշտ հատկանիշին, որ արարքի գերակա շարժառիթը և նպատակը կապված լինեն հենց զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային խախտման հետ, և հավելում, որ «[հ]ակառակ մեկնաբանության պայմաններում հանցակազմի նշված՝ իրավաբանորեն ինքնուրույն տարրերը փաստացի կմիախառնվեն, ինչը անհամատեղելի է Սահմանադրության 72-րդ հոդվածով ամրագրված սկզբունքի հետ»:
Դիմողի համոզմամբ՝ «հենց այս ընկալումն է համատեղելի 2003թ. ՔրՕր-ի 359-րդ հոդվածով նախատեսված հանցանքի էության հետ և, հետևաբար, հանդիսանում է Սահմանադրությանը համահունչ մեկնաբանություն», իսկ հակառակ մոտեցման պայմաններում, ըստ Դիմողի, զինծառայողների միջև առաջացած ցանկացած անձնական, կենցաղային կամ այլ բնույթի բռնություն կարող է ներառվել «զինվորական հանցագործության շրջանակում» միայն այն պատճառով, որ դրա մասնակիցները զինծառայողներ են, մասնավորապես՝ այն դեպքում, երբ տվյալ արարքն իր իրական բովանդակությամբ ուղղված չէ հանցակազմի հիմնական օբյեկտի՝ զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ և պայմանավորված չէ այդպիսի գերակա շարժառիթով, որպիսի դատական մեկնաբանությունը վիճարկվող նորմի բովանդակությունը կընդլայնի հանցանքի էության հետ անհամատեղելի ձևով՝ խախտելով Սահմանադրության 4, 6, 72 և 79-րդ հոդվածներով երաշխավորված սկզբունքները:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասով առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ՝
1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,
2) Դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, այն է՝
ա) Դիմողը հանդիսացել է դատարանում դատավարության մասնակից,
բ) Դիմողի նկատմամբ դատարանի կողմից կիրառվել է իրավական ակտի վիճարկվող դրույթը,
գ) Դիմողի նկատմամբ իրավական ակտի վիճարկվող դրույթը (բարձրացված հարցի համատեքստում) կիրառվել է դատարանի վերջնական ակտով,
դ) Դիմողը (բարձրացված հարցի համատեքստում) սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,
6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասով, պետք է ընդունել քննության։
4. Միաժամանակ, ելնելով դիմումի և թիվ ԱՎԴ4/0034/01/22 քրեական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասով սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբա-նական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմա-նադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ (...) դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացված անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և տվյալ հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:
Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման առթիվ դիմումում նշված փաստարկների հիմքում դրված են վերաբերելի օրենսդրական կարգավորումների՝ Դիմողի մատնանշած թերությունները:
Մասնավորապես՝ Դիմողը, ըստ էության վիճարկում է իրեն մեղսագրված արարքը՝ անկախ դրա կատարման հետ կապված անձի մոտ առկա գերակա շարժառիթից և այլ հանգամանքներից, զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցանքների շարքին դասելը, այլ կերպ՝ նշված արարքը Քրեական օրենսգրքի Հատուկ մասի՝ զինվորական հանցագործությունների գլխում նախատեսելու սահմանադրականությունը։ Այս կապակցությամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը կարևոր է համարում արձանագրել, որ արարքների քրեաիրավական նկարագրությունը և պատժելիությունը գտնվում են օրենսդրի իրավասության տիրույթում, քանի դեռ համապատասխան կարգավորումներով չեն ծագում Սահմանադրությամբ հռչակված հիմնական իրավունքների/ազատությունների և դրանց սահմանափակման և իրացման սահմանադրական պահանջների խախտման հարցեր։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների խախտման, հետևաբար՝ դրանց ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայության վերաբերյալ:
Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը՝ Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասով, ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 69-րդ հոդվածի 1-ին, 3 և 5-րդ մասերով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «Գագիկ Խաչատրյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի՝ հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Գագիկ Խաչատրյանի անհատական դիմումով գործի քննությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության մասով, մերժել:
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող՝ Դ. Խաչատուրյան
Անդամներ՝ Ե. Խունդկարյան
Է. Շաթիրյան
28 հուլիսի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-59
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 հուլիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-59
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
