ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-12)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 մարտի 2019թ. ՍԴԴԿՈ - 12 | ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
28 մարտի 2019թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ Ա. Դիլանյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով Արա Վարդանյանի
անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Արա Վարդանյանը 2019 թվականի մարտի 15-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասը, 136-րդ հոդվածի 1-ին մասը, 137-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 158-րդ հոդվածը, 160-րդ հոդվածի 2-րդ մասը, 162-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող»: Դիմողը միջնորդություն է ներկայացրել իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ:
2. Դիմողը գտնում է, որ Սահմանադրությամբ երաշխավորված` իր դատական պաշտպանության իրավունքը սահմանափակվել է պետական տուրքի չվճարման փաստով պայմանավորված:
Դիմողի կարծիքով իր նկատմամբ դատարանների կողմից կիրառվել են այնպիսի խոչընդոտներ, որոնց արդյունքում ինքը չի կարողանում իրացնել իր դատական պաշտպանության իրավունքը:
Ըստ դիմողի Վճռաբեկ դատարանի 2018 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ «սրբագրվել է» ստորադաս դատարանի կողմից կայացված դատական ակտը, որի պարագայում խախտվել է արդար դատաքննության, դատական պաշտպանության իրավունքների մատչելիության սկզբունքը, իսկ նման խախտումը, ըստ էության, հակասության մեջ է մտնում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջների հետ:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Մասնավորապես, գործի դատավարական նախապատմությունը ցույց է տալիս, որ Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը կայացվել է 2018 թվականի հուլիսի 11-ին: Նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանը վերադարձրել է թիվ ՎԴ/7622/05/17 վարչական գործով Վարչական վերաքննիչ դատարանի 05.06.2018թ. «Պետական տուրքի վճարման ժամկետը հետաձգելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Արա Վարդանյանի բերած վճռաբեկ բողոքը դրանում նշված սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին բերելու համար սահմանելով հնգօրյա ժամկետ որոշումը ստանալու պահից, արձանագրելով, որ որոշմամբ նախատեսված ժամկետում մատնանշված սխալներն ամբողջությամբ չվերացնելու, կրկին ներկայացվող բողոքում նոր սխալ թույլ տալու պարագայում այն կդիտարկվի ամբողջովին նոր բողոք` դրա հետ կապված բոլոր իրավական հետևանքներով հանդերձ:
Վճռաբեկ դատարանի որոշումից հետո դիմողը նոր վճռաբեկ բողոք չի ներկայացրել, այսինքն, ունենալով իր ենթադրյալ խախտված իրավունքը վերականգնելու օրենսդրական հնարավորություն, դիմողն այն չի սպառել: Անհատական դիմումին առաջադրվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից մեկն էլ այն է, որ անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական պաշտպանության իրավունքը (այդ թվում Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը), ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Հետևաբար, դիմողը մինչև Սահմանադրական դատարան դիմելը պարտավորված է պահպանել այն պահանջները, որոնք նախատեսված են Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով։ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հիմնվելով սահմանադրական նորմի վրա, ամրագրում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, մասնավորապես.
ա երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, գ երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Արա Վարդանյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող
Անդամներ
28 մարտի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-12
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 մարտի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-12
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
