Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԷԼԼԻՆ ՏՈԼՍՏՈՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 289-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 359-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 389-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 391-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԷԼԼԻՆ ՏՈԼՍՏՈՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 289-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 359-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 389-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 391-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-18925 օգոստոսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-189)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 օգոստոսի 2026թ. ՍԴԱՈ - 189 | «ԷԼԼԻՆ ՏՈԼՍՏՈՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 289-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 359-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 389-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 391-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԷԼԼԻՆ ՏՈԼՍՏՈՎԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 289-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 359-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ, 389-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ 391-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Էլլին Տոլստովի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 359-րդ հոդվածի 4-րդ մասի, 389-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև 391-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2026 թվականի հուլիսի 4-ին փոստային ծառայությանն է հանձնվել և նույն թվականի հուլիսի 8-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Էլլին Տոլստովի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Առնոլդ Վարդանյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 359-րդ հոդվածի 4-րդ մասը, 389-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 391-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և իրավակիրառ պրակտիկայում դրանց դատարանների կողմից տրված մեկնաբանությունները ճանաչել ՀՀ Սահմանադրության 26-րդ հոդվածով, 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 5-րդ մասով, 29-րդ հոդվածով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներով սահմանված պահանջներին հակասող և անվավեր, այնքանով որքանով որ, ի հակադրումն Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, անձի նկատմամբ, Հայաստանից բացակայելու պայմաններում, հետախուզման մեջ գտնվելու հիմքով դատարանի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելը դիտարկվում է որպես վերջնական որոշում, որի օրինականությունը որևէ ընթացակարգով ենթակա չէ վիճարկման՝ նույնիսկ քրեական հետապնդումը բացառող նոր փաստական հանգամանքների և ապացույցների ներկայացման դեպքում, քանի դեռ անձը ֆիզիկական և հոգեկան տառապանքի պատճառմամբ արգելանքի չի վերցվել և արտահանձնվել Հայաստանի Հանրապետությանը»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ1/0531/06/25 և թիվ ԵԴ1/1551/15/25 դատական գործերի դատավարական նախապատմությունները՝ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է հետևյալ իրավական հարցադրումը. արդյո՞ք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 359-րդ հոդվածի 4-րդ մասը, 389-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 391-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունները համապատասխանում են Սահմանադրության 26-րդ հոդվածով, 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 5-րդ մասով, 29-րդ հոդվածով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներով սահմանված պահանջներին այնքանով, որքանով ի հակադրումն Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների` Հայաստանի Հանրապետությունից բացակայելու պայմաններում հետախուզման մեջ գտնվելու հիմքով անձի նկատմամբ դատարանի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելը դիտարկվում է որպես վերջնական որոշում, որի օրինականությունը որևէ եղանակով ենթակա չէ վիճարկման նույնիսկ քրեական հետապնդումը բացառող նոր փաստական հանգամանքների և ապացույցների ներկայացման դեպքում, քանի դեռ անձը ֆիզիկական և հոգեկան տառապանքի պատճառմամբ արգելանքի չի վերցվել և արտահանձնվել Հայաստանի Հանրապետությանը։

Դիմողը նշում է, որ վիճարկվող դրույթներին տրված մեկնաբանության հիման վրա ստացվում է այնպես, որ հետախուզման մեջ գտնվող անձի նկատմամբ կալանավորման ձևով կիրառված խափանման միջոցը «ցմահ» ենթակա է կիրառման, քանի դեռ անձը հոգեկան և ֆիզիկական տառապանքի պատճառմամբ արգելանքի չի վերցվել, նյութական ռեսուրսներ ծախսելով իրեն չեն արտահանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ անկախ այն հանգամանքից, որ այդ ամենը կարող էր տեղի չունենալ, և անձը չարտահանձնվեր, քանի որ կարող են առկա լինել քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել դատարանին անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը կայացնելիս և քաղաքակիրթ պայմաններում կարող էին քննարկման առարկա դարձվել դատարանի կողմից՝ դրանց լույսի ներքո վերանայելով նախկինում կայացված կալանավորման որոշման օրինականությունը։

Դիմողը գտնում է, որ անձի՝ ՀՀ իրավազորության ներքո գտնվելը որևէ նշանակություն չունի իր նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի որոշման օրինականությունը վիճարկելու և դրա վերանայման պահանջ ներկայացնելու իրավունքը երաշխավորելու համար։ Հակառակ մեկնաբանությունը, ըստ Դիմողի, խիստ ձևական է, excessive formalism-ի արդյունք է, այն չի կարող լինել ողջամիտ և ունենալ գոյության իրավունք, քանի որ անձին զրկում է իր անձնական ազատության իրավունքի սահմանափակման հետ փոխկապակցված նվազագույն իրավունքներն իրացնելու հնարավորությունից։

Հավելելով՝ Դիմողը պնդում է` որպես ՀՀ դատարանների կողմից ձևավորված հակասահմանադրական իրավակիրառ պրակտիկայի շարունակություն` վերադաս դատարանները նաև զրկում են անձանց՝ իրենց նկատմամբ կիրառված կալանավորումը վերանայելու հնարավորությունը սահմանափակելու վերաբերյալ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման օրինականությունը վերադաս դատական ատյաններում բողոքարկելու, այդ թվում՝ արդյունավետ դատական պաշտպանություն հայցելու իրավունքից։

Դիմողը նշում է, որ ինչպես քննիչի կողմից ներկայացված միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումն է հատուկ վերանայման կարգով բողոքարկման ենթակա, այնպես էլ մեղադրյալի, նրա պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված միջնորդության հիման վրա վարույթի հարուցումը մերժելու մասին որոշումը։ Նման մեկնաբանությունը, ըստ Դիմողի, ուղղակիորեն բխում է դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքի էությունից. հակառակ պայմաններում, առանց որևէ օբյեկտիվ հիմքի և իրավաչափ նպատակի վկայակոչման, տարբերակված մոտեցում է դրսևորվում քննիչի և պաշտպանի միջև, իսկ շահագրգիռ անձը զրկվում է իր դատական պաշտպանության իրավունքն արդյունավետորեն իրացնելու և այդ իրավունքի կամայական խախտման դեմ պայքարելու միջոցից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին տրված հակասահմանադրական մեկնաբանության արդյունքում։

Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթների հիման վրա ՀՀ դատարանների կողմից ձևավորված հակասահմանադրական մեկնաբանությունների պայմաններում ստացվում է, որ բացառապես այն պատճառով, որ անձի նկատմամբ հետախուզման մեջ գտնվելու հիմքով մեկ անգամ կիրառվում է կալանավորման ձևով խափանման միջոց, դրա օրինականությունը որևէ դեպքում այլևս ենթակա չէ վերանայման, իսկ այդպիսի վերանայման միջնորդություն ներկայացնելու դեպքում դրա մերժումը ենթակա չէ բողոքարկման վերադաս դատական ատյաններում՝ այդ կերպ կալանավորման վերաբերյալ որոշմանն արհեստականորեն հաղորդելով անբողոքարկելի վերջնական դատական ակտի հատկանիշներ։

Ըստ Դիմողի՝ ՀՀ դատարանների կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 4-րդ մասին տրված հակասահմանադրական մեկնաբանության պայմաններում ստացվում է, որ հետախուզման մեջ գտնվելու հիմքով կալանավորման վերաբերյալ միջնորդության քննության վերաբերյալ երբևէ պատշաճ ծանուցում չստացած անձը կալանավորման վերաբերյալ դատարանի որոշմանը հասանելիություն ստանալուց և դրա պատճառաբանություններին ծանոթանալուց հետո ևս զրկված է դրա օրինականության վիճարկման շրջանակներում հօգուտ իր պաշտպանության բերվող այնպիսի նոր՝ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքներ և ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, որոնք նույնիսկ կարող են հանգեցնել քրեական հետապնդման դադարեցման և անհայտ են եղել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարելիս։ Նման մոտեցումը, Դիմողի պնդմամբ, ոչ միայն խիստ ձևական է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 4-րդ մասի համատեքստում, այլ նաև անհնար է դարձնում անձի՝ արդյունավետ դատական պաշտպանություն հայցելու սահմանադրական իրավունքը՝ վերջինիս առհասարակ զրկելով հօգուտ իր պաշտպանության նոր փաստեր ներկայացնելու և քննարկման առարկա դարձնելու հնարավորությունից։

Դիմողը գտնում է, որ ՀՀ դատարանների կողմից որդեգրված մոտեցման արդյունքում աղճատվել է նաև օրենսդրի կամքը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի ուժով կալանքի վերանայման հնարավորության նախատեսման առումով։ Մասնավորապես՝ ըստ Դիմողի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի 2-րդ մասը՝ կալանքը վերացնելու վերաբերյալ միջնորդության հիման վրա վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու հարցի լուծման շրջանակներում, չի պահանջում մեղադրյալի՝ ՀՀ իրավազորության ներքո կալանավորված լինելու և դրանից հետո նոր միայն միջնորդություն ներկայացնելու պահանջ։ Հավելելով՝ Դիմողը պնդում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից տրված նման մեկնաբանության պայմաններում, որին փաստացի համամիտ են եղել նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը և ՀՀ Վճռաբեկ դատարանը, անձի վրա դրվել է օրենքով չնախատեսված պարտականություն, և անհիմն կերպով սահմանափակվել են վերջինիս՝ անձնական ազատության և դատարանի մատչելիության իրավունքները։

Արդյունքում Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 359-րդ հոդվածի 4-րդ մասը, 389-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 391-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետը և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունները չեն համապատասխանում Սահմանադրության 26-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին և նույն հոդվածի 5-րդ մասին, 29-րդ հոդվածին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին այնքանով, որքանով ի հակադրումն Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների՝ անձի նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու պայմաններում հետախուզման մեջ գտնվելու հիմքով դատարանի կողմից կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելը դիտարկվում է որպես վերջնական որոշում, որի օրինականությունը որևէ ընթացակարգով ենթակա չէ վիճարկման՝ նույնիսկ քրեական հետապնդումը բացառող նոր փաստական հանգամանքների և ապացույցների ներկայացման դեպքում, քանի դեռ անձը ֆիզիկական և հոգեկան տառապանքի պատճառմամբ արգելանքի չի վերցվել և արտահանձնվել Հայաստանի Հանրապետությանը։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Միաժամանակ Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։

Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և իր համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է.

անհատական դիմումի շրջանակում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (դրույթները, սույն պարագայում նաև՝ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը) հանգեցրել է (են) Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:

Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 359-րդ հոդվածի 4-րդ մասի, 389-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև 391-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 26, 27, 29, 61, 63, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին համապատասխանությունը, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 26, 27, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման փաստը, հետևաբար՝ վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) և համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։

Փոխարենը Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 26, 27, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ:

Անդրադառնալով Դիմողի վկայակոչած՝ Սահմանադրության 29, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին՝ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:

Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 359-րդ հոդվածի 4-րդ մասի, 389-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև 391-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 26, 27, 61 և 63-րդ հոդվածներին, հետևաբար և՝ Սահմանադրության 29, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին:

Այսինքն՝ սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից մերժելու հիմք է:

Ուստի՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Էլլին Տոլստովի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 289-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 359-րդ հոդվածի 4-րդ մասի, 389-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև 391-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

25 օգոստոսի 2026 թվականի

ՍԴԱՈ-189

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 օգոստոսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-189
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել