ՎԱՍԱԿ ԳԱԶԱՆՃՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-42)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 սեպտեմբերի 2023թ. ՍԴԴԿՈ - 42 | ՎԱՍԱԿ ԳԱԶԱՆՃՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 20 սեպտեմբերի 2023թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Հ. Հովակիմյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ա. Թունյանի
Քննության առնելով Վասակ Գազանճյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Վասակ Գազանճյանը (այսուհետ Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի օգոստոսի 25-ին) խնդրելով. «(...) Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված դատական պաշտպանության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, նույն հոդվածի 4-րդ մասը, 376-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը և 400-րդ հոդվածի 1-ին մասը թիվ ԵԴ/1241/01/22 քրեական գործով տրված այն փաստացի մեկնաբանության շրջանակներում, որ այն դեպքում, երբ մինչև մեղադրյալի կալանքի օրինականության դեմ ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի քննությունը և դրա կապակցությամբ որոշում կայացնելը մեղադրյալն ազատվում է կալանքից, ապա Վճռաբեկ դատարանը, քրեադատավարական օրենքի էական խախտմամբ դրսևորված մեղադրյալի իրավունքի խախտման փաստը ճանաչելով հանդերձ, չպետք է բեկանի ստորադաս դատարանի դատական ակտը, քանի որ ստորադաս դատարանի դատական ակտի բեկանումը չի վերականգնի մինչև իրավունքի խախտումն առկա իրավիճակը այն պատճառաբանությամբ, որ Վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահին մեղադրյալն այլևս անազատության մեջ չի գտնվում: (...) Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված դատական պաշտպանության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասը թիվ ԵԴ/1241/01/22 քրեական գործով տրված այն փաստացի մեկնաբանության շրջանակներում, որ մեղադրյալի կալանքի երկարաձգման մասին որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ դատական ակտի դեմ ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի հիման վրա բողոքարկվող դատական ակտի ենթադրյալ բացասական հետևանքները վերացնելու համար անհրաժեշտ հնարավոր ամենասեղմ ժամկետը կարող է լինել ավելին, քան մեղադրյալի կալանքի վերջնաժամկետն է»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/1241/01/22 քրեական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի «(…) 362-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, նույն հոդվածի 4-րդ մասի, 376-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի և 400-րդ հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծությունից հետևում է, որ Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունն ապահովելու համար, նկատի ունենալով նաև 2019թ. մայիսի 7-ի ՍԴՈ-1459 որոշմամբ Սահմանադրական դատարանի արտահայտած վերոհիշյալ սահմանադրաիրավական դիրքորոշումները 2022թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում որևէ իրավիճակ, երբ դատավարական որևէ սկզբունքի խախտմամբ դրսևորված քրեադատավարական օրենքի էական խախտում հայտնաբերելիս ու արձանագրելիս, իսկ դատական ակտի անվերապահ բեկանման հիմք հանդիսացող դատավարական որևէ սկզբունքի խախտմամբ դրսևորված քրեադատավարական օրենքի էական խախտում հայտնաբերելիս (անկախ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքում վկայակոչված ու փաստարկված լինելուց), Վճռաբեկ դատարանը պարտադիր կերպով չբեկանի ստորադաս դատարանի դատական ակտը և չվերացնի անձի հիմնարար որևէ իրավունքի խախտման հետ կապված ստորադաս դատարանի թույլ տված դատական սխալը»: Դիմողը գտնում է, որ «(…) այն դեպքում, երբ կալանքի կիրառման կամ կալանքի ժամկետի երկարաձգման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումն անփոփոխ թողնելու մասին վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը, թեև արձանագրում է ստորադաս դատարանների թույլ տված մեղադրյալի հիմնարար իրավունքի խախտումը, սակայն չի բեկանում ստորադաս դատարանի դատական ակտը չվերացնելով հիշյալ խախտումը, ապա մեղադրյալի համար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասով և 120-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված երաշխիքները չեն գործում, այն է մեղադրյալը ձեռք չի բերում կալանքից ազատվածի կարգավիճակ և, ըստ այդմ, առանց նոր հանգամանքի առկայության նույն քրեական գործով կրկին չկալանավորվելու երաշխիք»: Ըստ Դիմողի «(…) Սահմանադրության 61-րդ հոդվածով հռչակված դատական պաշտպանության իրավունքը խախտում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասը թիվ ԵԴ/1241/01/22 քրեական գործով նշված հոդվածին տրված այն փաստացի մեկնաբանության կամ բովանդակության շրջանակներում, որ մեղադրյալի կալանքի երկարաձգման մասին որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ դատական ակտի դեմ ներկայացված հատուկ վերանայման վճռաբեկ բողոքի հիման վրա բողոքարկվող դատական ակտի ենթադրյալ բացասական հետևանքները վերացնելու համար անհրաժեշտ հնարավոր ամենասեղմ ժամկետը կարող է լինել ավելին, քան մեղադրյալի կալանքի վերջնաժամկետն է»: Դիմողը փաստում է, որ «Թիվ ԵԴ/1241/01/22 քրեական գործով Սահմանադրության 61-րդ հոդվածին առերևույթ հակասող մեկնաբանությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, նույն հոդվածի 4-րդ մասի, 376-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, 399-րդ հոդվածի 1-ին մասի և 400-րդ հոդվածի 1-ին մասի կիրառումը հանգեցրել է Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորվող դիմող Վասակ Գազանճյանի դատական պաշտպանության իրավունքի խախտմանը այնքանով, որքանով հիշյալ փաստացի մեկնաբանությունների արդյունքում մեղադրյալ Վասակ Գազանճյանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված կալանքից ազատվածի կարգավիճակ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված երաշխիք առանց նոր հանգամանքի նույն քրեական գործով կրկին չկալանավորվելու վերաբերյալ, ձեռք չի բերել»:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ (…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, 362-րդ հոդվածի 4-րդ մասին, 376-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետին, 399-րդ հոդվածի 1-ին մասին և 400-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ ըստ Դիմողի թեև 2023թ. մարտի 24-ի թիվ ԵԴ/1241/01/22 որոշմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, նույն հոդվածի 4-րդ մասը, 376-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը, 399-րդ հոդվածի 1-ին մասը և 400-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխան մեկնաբանություններով չեն վկայակոչվել ու կիրառվել, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանի կողմից հենց վերոհիշյալ նորմերի փաստացի կիրառումն է, որ դիմող Վասակ Գազանճյանի համար առաջացրել է իրավական հետևանքներ, այն է թիվ ԵԴ/1241/01/22 քրեական գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, նույն հոդվածի 4-րդ մասի, 376-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի, 399-րդ հոդվածի 1-ին մասի և 400-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրության 61-րդ հոդվածին առերևույթ հակասող մեկնաբանության արդյունքում դիմող Վասակ Գազանճյանը զրկվել է Սահմանադրության 61-րդ հոդվածով նախատեսված դատական պաշտպանության իրավունքն արդյունավետ իրացնելու իրավունքից այնքանով, որքանով ստորադաս դատարանների դատական ակտերը չբեկանելու, ստորադաս դատարանների կողմից թույլ տրված դատական սխալը չվերացնելու և իր նկատմամբ երկարաձգված կալանքի իրավաչափության վերաբերյալ որոշումը կալանքի վերջնաժամկետից հետո կայացված լինելու փաստերը մեղադրյալ Վասակ Գազանճյանին զրկել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի հիմքով կալանքից ազատվածի կարգավիճակ ձեռք բերելուց և, ըստ այդմ, առանց նոր հանգամանքի առկայության նույն քրեական գործով կրկին չկալանավորվելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով նախատեսված երաշխիքից»: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ/1241/01/22 քրեական գործով Վճռաբեկ դատարանի կողմից 2023 թվականի մարտի 24-ին կայացված դատական ակտի բովանդակությանը: Մասնավորապես, Դիմողը վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն վերաբերում են Վճռաբեկ դատարանի կայացրած դատական ակտի իրավաչափությանը, որի ստուգումը Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չէ: Հետևաբար Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման դիմումում առաջադրված հարցի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Վասակ Գազանճյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Հ. Հովակիմյան
Անդամներ Վ. Գրիգորյան
Ա. Թունյան
20 սեպտեմբերի 2023 թվականի
ՍԴԴԿՈ-42
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 սեպտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-42
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
