Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1014 մարտի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-10)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 մարտի 2025թ. ՍԴԴԿՈ - 10 | ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 14 մարտի 2025 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի

Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի,

Հ. Հովակիմյանի

Քննության առնելով Անդրանիկ Մանուկյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Անդրանիկ Մանուկյանի (այսուհետ նաև` Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Առնոլդ Վարդանյան) դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2025 թվականի փետրվարի 17-ին, որով Դիմողը խնդրել է.

«(…) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ համակարգային կապի մեջ 361-րդ հոդվածի 1-ին մասի հետ, ու իրավակիրառ պրակտիկայում դրանց դատարանների կողմից տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին հակասող և անվավեր, այնքանով որքանով որ, ի հակադրումն դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, Դիմող Անդրանիկ Մանուկյանը զրկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունիսի 17-ի որոշումը վիճարկելու դատարանի մատչելիության և իրավական պաշտպանություն հայցելու իրավունքներից, որով սկզբնական հայցվոր Հմայակ Հարությունյանը փոխարինվել էր «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի նախագահ Լևոն Օրդուխանյանով:

(…) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածը, 397-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածը, 40-րդ հոդվածն ու իրավակիրառ պրակտիկայում դատարանների կողմից դրանց տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասով, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 75-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին և երաշխիքներին հակասող և անվավեր, այնքանով որքանով որ, ի հակադրումն դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, Դիմող Անդրանիկ Մանուկյանը զրկվել է իր սեփականության իրավունքից, քանի որ դատարանները ցեսիայի պայմանագրի հիման վրա ընդունելի են համարել դատավարական իրավահաջորդությամբ սեփականության ձեռքբերման վաղեմության իրավունքի փոխանցումը և սկզբնական Հայցվոր Հմայակ Հարությունյանին փոխարինել են Պատասխանող Լևոն Օրդուխանյանով, այն դեպքում, երբ Հայցվոր Հմայակ Հարությունյանը դատարան դիմելիս չի ունեցել որևէ իրավունք պահանջվող գույքի նկատմամբ և օրենքով նախատեսված չի եղել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի փոխանցման հնարավորություն:

(…) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 187-րդ հոդվածն ու իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 75-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին հակասող և անվավեր, այնքանով որքանով որ, ի հակադրումն դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, Դիմող Անդրանիկ Մանուկյանը զրկվել է իր սեփականության իրավունքից, քանի որ դատարանների կողմից ձեռքբերման վաղեմության ուժով «օրենքով սահմանված դեպքերի» խախտմամբ Դիմող Անդրանիկ Մանուկյանի գույքի նկատմամբ ճանաչվել է Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքն այն դեպքում, երբ Լևոն Օրդուխանյանը երբևէ չի բնակվել կամ հաշվառվել նշված տարածքում, ավելին՝ սեփականության իրավունքի ճանաչման պահին՝ պահանջվող գույքը եղել է քանդված՝ Լևոն Օրդուխանյանի բիզնես ծրագրի իրականացման նպատակով:

(…) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածն ու իրավակիրառ պրակտիկայում Վճռաբեկ դատարանի կողմից դրան տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին, 171-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմաններին հակասող և անվավեր այնքանով որքանով որ, ի հակադրումն դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 2024 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ մերժել է Դիմող Անդրանիկ Մանուկյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել ա) այն մասով, որով արձանագրվել է, որ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկները հիմնավորված են, բ) այն մասով, որով Դիմողը փաստացի հիմնավորել է, որ ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը հակասում են միևնույն հարցի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած մեկ այլ՝ թիվ ԵԴ/8745/02/18 գործով դատարանի արտահայտված իրավական դիրքորոշումներին»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշել է, որ սույն անհատական դիմումով վիճարկվող իրավադրույթները, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը հանգեցրել են իր՝ դատարանի մատչելիության, դատական պաշտպանության, արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու, վարույթի արդարացիության ապահովման և սեփականության պաշտպանության՝ Սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով երաշխավորված իրավունքների խախտման:

Անդրադառնալով վիճարկվող դրույթներից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, 361-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությանը՝ Դիմողը խնդրում է որոշել, թե արդյոք վերոհիշյալ իրավադրույթները, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը համապատասխանում են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված իրավունքներին, 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին այնքանով, որքանով, ի հակադրումն դրանց վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, նա զրկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2020 թվականի հունիսի 17-ին կայացված այն որոշումը վիճարկելու իրավունքից, որով սկզբնական հայցվոր Հմայակ Հարությունյանը փոխարինվել է «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի նախագահ Լևոն Օրդուխանյանով:

Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածը, 397-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34 և 40-րդ հոդվածները, հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը, չեն համապատասխանում Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 75, 80 և 81-րդ հոդվածներին այնքանով, որքանով ի հակադրումն դրանց վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների՝ ինքը զրկվել է իր սեփականության իրավունքից, քանի որ դատարանները պահանջի իրավունքի զիջման (ցեսիայի) պայմանագրի հիման վրա ընդունելի են համարել դատավարական իրավահաջորդությամբ սեփականության ձեռքբերման վաղեմության իրավունքի փոխանցումը և սկզբնական հայցվոր Հմայակ Հարությունյանին փոխարինել են պատասխանող Լևոն Օրդուխանյանով այն դեպքում, երբ սկզբնական հայցվոր Հմայակ Հարությունյանը դատարան դիմելիս չի ունեցել որևէ իրավունք պահանջվող գույքի նկատմամբ, ինչպես նաև օրենքով նախատեսված չի եղել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի փոխանցման հնարավորություն:

Դիմողը բարձրացնում է նաև հետևյալ բովանդակությամբ հարցադրում. «...Արդյո՞ք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 187-րդ հոդվածն ու իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 75-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին, այնքանով որքանով որ, ի հակադրումն դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, Դիմողը զրկվել է իր սեփականության իրավունքից, քանի որ դատարանների կողմից ձեռքբերման վաղեմության ուժով «օրենքով սահմանված դեպքերի» խախտմամբ Դիմող Անդրանիկ Մանուկյանի գույքի նկատմամբ ճանաչվել է Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքն այն դեպքում, երբ Լևոն Օրդուխանյանը երբևէ չի բնակվել կամ հաշվառվել նշված տարածքում, ավելին՝ սեփականության իրավունքի ճանաչման պահին՝ պահանջվող գույքը եղել է քանդված՝ Լևոն Օրդուխանյանի բիզնես ծրագրի իրականացման նպատակով»:

Միաժամանակ Դիմողը, անդրադառնալով վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածին, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությանը, գտնում է, որ վիճարկվող տվյալ դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը) չի համապատասխանում Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78, 79, 80, 81-րդ հոդվածներին, ինչպես նաև 171-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմաններին, քանի որ, ի հակադրումն դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից 2024 թվականի օգոստոսի 21-ին կայացված որոշմամբ մերժվել է իր վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելն ինչպես այն մասով, որով արձանագրվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկների հիմնավորված լինելը, այնպես էլ այն մասով, որով Դիմողը փաստացի հիմնավորել է ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերի հակասությունը միևնույն փաստաթղթի և միևնույն հարցի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած մեկ այլ՝ թիվ ԵԴ/8745/02/18 գործով դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ՝

1) դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

2) Դիմողն իրավասու է տվյալ հարցերով դիմելու Սահմանադրական դատարան, այն է՝ ա) Դիմողը հանդիսացել է դատարանում դատավարության մասնակից, բ) Դիմողի նկատմամբ դատարանի կողմից կիրառվել են վիճարկվող դրույթները, գ) Դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթները (բարձրացված հարցերի համատեքստում) կիրառվել են դատարանի վերջնական ակտով, դ) Դիմողը (բարձրացված հարցերի համատեքստում) սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Անդրանիկ Մանուկյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 187-րդ հոդվածի, 345-րդ հոդվածի, 397-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ, 40-րդ հոդվածների, 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 361-րդ հոդվածի 1-ին մասի, 394-րդ հոդվածի ու դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող՝ Դ. Խաչատուրյան

Անդամներ՝ Ե. Խունդկարյան

Հ. Հովակիմյան

14 մարտի 2025 թվականի

ՍԴԴԿՈ-10

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 մարտի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-10
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել