«ԷՔՍՊՐԵՍ ԿՐԵԴԻՏ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-24)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 հոկտեմբերի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 24 | «ԷՔՍՊՐԵՍ ԿՐԵԴԻՏ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
ՈՐՈՇՈՒՄԸ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
26 հոկտեմբերի 2017թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը Նախագահությամբ` Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի
Ա. Խաչատրյանի
Ուսումնասիրելով «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲ ընկերությունը 12.10.2017թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3, 43-րդ հոդվածները իրավակիրառ պրակտիկայում նորմերին տրված մեկնաբանությամբ առ այն, որ համապարտ պատասխանատվություն կրող երաշխավորին հնարավոր չէ առանձին սնանկության վարույթի շրջանակներում սնանկ ճանաչել, ՀՀ
Սահմանադրության 63-րդ հոդվածի պահանջներին հակասող և անվավեր»:
2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. 11.04.2011թ. «Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲ ընկերության և քաղաքացու (այսուհետ վարկառու) միջև կնքվել է վարկային թիվ 73/11ՀՎ պայմանագիրը, որով դիմողը վարկառուին տրամադրել է 130.000 ԱՄՆ դոլար հիփոթեքային վարկ 60 ամիս մարման ժամկետով մինչև 11.04.2016թ. ներառյալ: Ի ապահովումն վարկային պայմանագրի կնքվել է նաև երաշխավորության պայմանագիր: Վարկառուի կողմից վարկային պայմանագրի գործողության ընթացքում պարբերաբար թույլ են տրվել մարման ժամանակացույցի կետանցեր, ինչի հետևանքով վարկառուի և երաշխավորի պարտավորության չափը 29.03.2016թ. դրությամբ կազմել է 49.538.49 ԱՄՆ դոլար: Ընկերությունը Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել դիմում երաշխավորին սնանկ ճանաչելու պահանջով, որը մերժվել է տվյալ դատարանի 02.05.2016թ. վճռով: Սույն վճռով Դատարանն արձանագրել է, որ «… երաշխավորության իրավահարաբերություններում հանդես են գալիս երեք անձինք` պարտատերը, պարտապանը և երաշխավորը: Թեև երաշխավորը տվյալ դեպքում համապարտ պատասխանատվություն է կրում պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար, այնուամենայնիվ, երաշխավորը տվյալ պարագայում պարտապանը չէ…: … Դիմումատուն դատարան չի ներկայացրել ապացույց առ այն, որ իրական պարտապանն «անվճարունակ է», այն դեպքում, երբ նրա պարտավորություններն ապահովված են ոչ միայն երաշխավորությամբ, այլ նաև գրավով, որի իրացման հնարավորությունը նախատեսված է վարկային պայմանագրով…»: 03.08.2016թ. ներկայացվել է վերաքննիչ բողոք նշված վճռի դեմ, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է 03.02.2017թ. որոշմամբ և Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը թողել օրինական ուժի մեջ: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման դեմ 03.03.2017թ. ներկայացվել է վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանը 12.04.2017թ. որոշմամբ մերժել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը:
3. Դիմողի` վիճարկվող դրույթների ենթադրյալ
հակասահմանադրականության վերաբերյալ փաստարկները հանգում են հետևյալին: Ըստ դիմողի երաշխավորության ինստիտուտի կարգավորման վերաբերյալ նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ պայմանագրով կամ օրենքով կարող է նախատեսված լինել երաշխավորի թե՛ համապարտ, թե՛ սուբսիդիար պատասխանատվություն, ընդ որում երաշխավորը հիմնական պարտապանի հետ համատեղ կրում է համապարտ պատասխանատվություն, եթե սուբսիդիար պատասխանատվություն նախատեսված չէ:
Դիմողը գտնում է, որ կախված այն հանգամանքից, թե երաշխավորի համար սուբսիդիար, թե համապարտ պատասխանատվություն է նախատեսված, «իրավական կարգավորումները պետք է տրվեն պատասխանատվության բնույթին համահունչ»: Դիմողի կարծիքով` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի ամբողջական վերլուծությունը ցույց է տալիս, որ սնանկության վարույթում որպես պարտապան հանդես է գալիս բառացապես սնանկ ճանաչված անձը, հետևաբար` որևէ այլ անձի, այդ թվում` երաշխավորի հանդեպ պահանջատերերը պահանջ ներկայացնել չեն կարող:
Ըստ դիմողի` առկա է իրավական կարգավորման բաց, քանի որ մի դեպքում` դատական ատյանների դիրքորոշմամբ երաշխավորին առանձին սնանկության վարույթում հնարավոր չէ սնանկ ճանաչել, իսկ մյուս կողմից` «Սնանկության մասին» ՀՀ օրենքը չի կարգավորում հիմնական պարտապանի սնանկության վարույթում երաշխավորի գույքն իրացման ենթակա գույքի կազմում ընդգրկելու և իրացնելու հետ կապված հարաբերությունները:
4. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով, Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ գործի քննության ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:
Դիմողը խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը
վիճարկելիս ըստ էության բարձրացնում է օրենսդրական բացի խնդիր: Օրենսդրական բացն իրավական կարգավորման ոլորտում գտնվող փաստական հանգամանքների նկատմամբ կոնկրետ նորմատիվ պատվիրանի բացակայությունն է: ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը` նշել է, որ «բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք»: Զարգացնելով իր վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ «օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը»: ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողի փաստարկներն առ այն, որ «...առկա է իրավական կարգավորման բաց, քանի որ մի դեպքում` դատական ատյանների դիրքորոշմամբ երաշխավորին առանձին սնանկության վարույթում հնարավոր չէ սնանկ ճանաչել, իսկ մյուս կողմից` «Սնանկության մասին» ՀՀ օրենքը չի կարգավորում հիմնական պարտապանի սնանկության վարույթում երաշխավորի գույքը իրացման ենթակա գույքի կազմում ընդգրկելու և իրացնելու հետ կապված հարաբերությունները...», ակնհայտ անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ:
Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը չի ներկայացրել հիմնավորումներ առ այն, թե ինչու պետք է վիճարկվող նորմերով նախատեսված լինի երաշխավորին սնանկ ճանաչելու հնարավորությունը, ինչպես նաև` թե այդպիսի իրավակարգավորման բացակայությունն իր որ սահմանադրական իրավունքն է սահմանափակում կամ որն է այդպիսի իրավակարգավորման բացակայության և իր կոնկրետ սահմանադրական իրավունքի խախտման միջև պատճառահետևանքային կապը: Անձը դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս պետք է առաջնորդվի դատական պաշտպանության տվյալ ձևի համար օրենսդրությամբ սահմանված կանոններով: Ստեղծված իրավիճակում, երբ դիմողի պարտավորություններն ապահովված են եղել ոչ միայն երաշխավորությամբ, այլ նաև գրավով, որի իրացման հնարավորությունը նախատեսված է եղել վարկային պայմանագրով, ունենալով անմիջապես պարտապանի դեմ օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցների հնարավորություն դիմողը չի օգտվել դրանցից` բարձրացնելով երաշխավորին սնանկ ճանաչելու ինստիտուտի բացի հարց:
ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ խնդրո առարկա գործի շրջանակներում բացակայում են ՀՀ սահմանադրական դատարանի կողմից օրենսդրական բացը քննության առնելու համար սահմանված չափորոշիչները, դիմողի կողմից բարձրացված օրենսդրական բացն իր բնույթով այնպիսին չէ, որ խոչընդոտի դիմողի` ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով ամրագրված իրավունքի իրացմանը:
Բացի դրանից, վերոշարադրյալի համատեքստում դիմողը չի սպառել դատական պաշտպանության միջոցները: Սահմանադրական կոնկրետ
վերահսկողության պարագայում կարևորվում է այն հանգամանքը, որ անձի սահմանադրական իրավունքը խախտված լինի դատական ակտերում կիրառված, անձի համար իրավական հետևանքներ առաջացրած իրավական նորմով, պայմանով, որ անձը սպառած լինի խախտված իրավունքը վերականգնելու համար օրենսդրությամբ նախատեսված դատական պաշտպանության բոլոր միջոցները: Խնդրո առարկա գործի պարագայում անձը չի սպառել դատական պաշտպանության համապատասխան միջոցները` պաշտպանության միջոցներ չձեռնարկելով գործով որպես հիմնական պարտապան հանդես եկող անձի դեմ:
ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածով նախատեսված է Սահմանադրական դատարան դիմելու ընդհանուր կարգը: Այդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները: Ըստ այդ պայմանների` ՀՀ սահմանադրական դատարան դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը
որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,
որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ,
որի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,
որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված վերոհիշյալ որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական
դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«Էքսպրես Կրեդիտ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՓԲԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
26 հոկտեմբերի 2017 թվականի
ՍԴԴԿՈ/2-24
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 հոկտեմբերի, 2017 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-24
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
