ՀԱԿՈԲ ՌԱՖԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 ապրիլի 2012թ. ՍԴԴԿՈ/1 - 11 | ՀԱԿՈԲ ՌԱՖԻԿԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ
ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
25 ապրիլի 2012թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Ա. Պետրոսյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Վ. Պողոսյանի
Ուսումնասիրելով քաղաքացի Հակոբ Ռաֆիկի Հակոբյանի
անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը 18.04.2012թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3-րդ, 6- րդ, 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող ճանաչել 2007թ. դեկտեմբերի 10-ի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150 հոդ. 1-ին մասի դրույթները»։ Դիմողը մանրամասն շարադրելով պատգամավորի թեկնածուի գրանցման հետ կապված վեճի փաստական հանգամանքները, նաև նշում է, որ վիճարկվող նորմը հակասահմանադրական է, քանի որ սահմանափակվում է իր իրավունքների դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը, զրկում ՀՀ մյուս դատական ատյաններում իր իրավունքների պաշտպանության հնարավորությունից։ Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից, գտնում ենք, որ դիմումի հիման վրա գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ սահմանադրական դատարանը վեճի առարկա հարցի վերաբերյալ իր մի շարք որոշումներում արդեն իսկ արտահայտել է հստակ իրավական դիրքորոշում առաջին ատյանի դատարանների կողմից օրենքով նախատեսված առանձին դեպքերում վերջնական դատական ակտ ընդունելու իրավաչափության վերաբերյալ։ Մասնավորապես, 2008 թվականի սեպտեմբերի 9-ի ՍԴՈ-758 որոշման մեջ շեշտել է, որ «ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 6-րդ կետի համաձայն անհատական դիմումի շրջանակներում սահմանադրական դատարանում կարող են վիճարկվել դատարանի վերջնական ակտով կիրառված օրենքի դրույթները։ Որպես վերջնական դատական ակտ առանձին դեպքերում կարող են հանդես գալ տարբեր ատյանի առաջին ատյանի, վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի դատական ակտերը»։
2006 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-664 որոշման մեջ սահմանադրական դատարանն իրավաչափ է համարել նաև այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետությունում, ի տարբերություն շատ երկրների, ընտրական իրավունքի դատական պաշտպանությունն իրականացվում է ինչպես ընդհանուր իրավասության դատարանների, այնպես էլ սահմանադրական դատարանի կողմից։ Ընդ որում, եթե Սահմանադրությամբ սահմանադրական դատարանին է իրավասություն վերապահված լուծել Հանրապետության Նախագահի և պատգամավորների ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը, ապա ընդհանուր իրավասության դատարանները, մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգրքի 14, 17.1., 18, 20, 25, 26, 40, 75, 79, 102, 108 հոդվածներով նախատեսված դեպքերում, քննության են առնում ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղ գտած, ինչպես նաև ընտրական օրենսգրքի 139 հոդվածով նախատեսված բոլոր տիպի ընտրախախտումները, և դրանց վերաբերյալ ընդունում են վերջնական որոշում»։
Սահմանադրական դատարանը սույն հարցի վերաբերյալ առավել ամբողջական իրավական դիրքորոշում է արտահայտել 2007 թվականի մայիսի 8-ի ՍԴՈ-700 որոշման մեջ, որի 5-րդ կետում, մասնավորապես, արձանագրել է, որ «... դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխի դրույթները կարգավորում են ընտրություններին, հանրաքվեներին մասնակցող քաղաքացիների և կուսակցությունների (կուսակցությունների միավորումների) ընտրական իրավունքների պաշտպանության և տեղական հանրաքվեի արդյունքների հետ կապված վեճերի վերաբերյալ դիմումների քննության վարույթը։ Նկատի ունենալով, որ ընտրությունները ժամկետային գործընթաց են, օրենսդիրը սահմանել է այդ բնույթի դիմումների քննության հնարավոր կրճատ ժամկետներ։ Մասնավորապես, օրենսգրքի 154 հոդվածը դատարանին պարտավորեցնում է ընտրական վեճերի վերաբերյալ գործերը քննության առնել դիմումն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան ընտրությունների օրը, իսկ ընտրությունների օրն ստացված դիմումը անհապաղ։ Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24 գլխի 155 հոդվածն ամրագրում է, որ ընտրական իրավունքի պաշտպանության վեճերով դատարանի վճիռը վերջնական է, ենթակա չէ բողոքարկման և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Օրենքի այս պահանջը նպատակ է հետապնդում վերացնել ընտրական իրավունքի խախտումները մինչև ընտրությունների ավարտը, այլապես խախտված իրավունքի վերականգնման վերաբերյալ դատարանի վճիռը կկորցնի իր իմաստը դիմողը չի կարող մասնակցել ընտրություններին, ընտրել կամ ընտրվել։ Հենց այս առանձնահատկությունը նկատի առնելով է, որ օրենսդիրն օրենսգրքի վիճարկվող գլուխը զետեղել է «Առանձին տեսակի գործերով վարույթների
առանձնահատկությունները» բաժնի «Հատուկ հայցային վարույթներ» ենթաբաժնում։ ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի 1-ին մասը յուրաքանչյուր անձի ընձեռում է իր խախտված իրավունքները վերականգնելու համար դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող գլխի կանոնները, սահմանելով նման բնույթի գործերի քննության սեղմ ժամկետներ և բացառելով վճռի բողոքարկումը, դատարանին հնարավորություն են տալիս ողջամիտ ժամկետում վերականգնել յուրաքանչյուր քաղաքացու, կուսակցության (կուսակցությունների միավորումների) ընտրական խախտված իրավունքները»։
Սահմանադրական դատարանի սույն իրավական դիրքորոշումներն առավել քան կիրառելի են նաև օրենսդրական ներկա զարգացումների պայմաններում։ 2007 թվականի նոյեմբերի 28-ին ընդունված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածով սահմանվեց, որ թեկնածուների ու կուսակցությունների ընտրական ցուցակները, ցուցակներում ընդգրկված թեկնածուներին գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական ակտերի իրավաչափությունը վիճարկելու մասին գործերն ըստ էության քննում և լուծում է վարչական դատարանը կոլեգիալ 5 դատավորի կազմով։ Նույն կարգով են քննվում նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ բնույթ ունեցող որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը։ Ընդ որում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ հոդվածի համաձայն ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
Բացի դրանից, ՀՀ ընտրական օրենսգրքի 118-րդ հոդվածը սահմանում է, որ «Պատգամավորի թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է վիճարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում»։ Իսկ նույն օրենսգրքի 46-րդ հոդվածի համաձայն թեկնածուի, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի, ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին դիմում կարող է ներկայացվել մինչև քվեարկության օրը։
Կոլեգիալ, տվյալ դեպքում 5 դատավորի կազմով, վերջնական որոշման կայացումը հատկապես ժամկետային սահմանափակում ունեցող գործերով, բնորոշ է մասնագիտացված դատարաններին և նման կարգի առկայության իրավաչափությունը ներդաշնակ է սահմանադրական դատարանի նախորդ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին։ Ի դեպ, վերջնական են նաև սահմանադրական դատարանի որոշումները։
Նկատի պետք է ունենալ նաև, որ միջազգային արդարադատական պրակտիկայում նույնպես դատավարական նման ընթացակարգերն իրավաչափ են համարվում։ Եվրախորհրդի նախարարների կոմիտեն, մասնավորապես, 1995թ. փետրվարի 7-ի R (95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածում, որպես կանոն, շեշտելով ստորադաս դատարանի դատական ակտի բողոքարկման հնարավորության անհրաժեշտությունը, միաժամանակ նկատի է առել, որ «եթե նպատակահարմար է համարվում նախատեսել շեղում նշված սկզբունքից, ապա այդ շեղումը պետք է հիմնվի օրենքի վրա և պետք է համապատասխանի արդարության ընդհանուր սկզբունքներին»։ Իր հերթին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետևողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան Պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ... (մասնավորապես Poitrimol v. France, գանգատ թիվ 14032/88, 1993թ. նոյեմբերի 23-ի վճիռ, պարբ. 13-15, Staroszczyk v. Poland, գանգատ թիվ 59519/00, 2007թ. մարտի 22-ի վճիռ, պարբ.125)։ Այս հանգամանքն իր արտացոլումն է գտել նաև ՀՀ սահմանադրական դատարանի 2008 թվականի նոյեմբերի 25-ի ՍԴՈ-780 որոշման մեջ։
Բացի վերոշարադրյալից, դիմողը հիմնականում ներկայացնում է գործի փաստական հանգամանքները և շեշտը դնում է դատարանի կողմից դրանց գնահատման իրավաչափության վրա։ Իսկ դատական ակտի իրավաչափության գնահատման լիազորություն սահմանադրական դատարանը չունի։
Խնդրո առարկա անհատական դիմումը նաև ակնհայտ անհիմն է։ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27-րդ և 28-րդ հոդվածներով նախատեսված են իրավասու սուբյեկտների կողմից սահմանադրական դատարան հասցեագրված դիմումներին ներկայացվող ընդհանուր պահանջները, դիմումին կցվող նյութերի շրջանակը, իսկ անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման է նույն օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայն որի դիմումը պետք է պարունակի նաև Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը 24.11.2009թ. ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, որի համաձայն վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի հիշյալ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի որևէ հատկանիշով։ Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել։ Խնդրո առարկա դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին համահունչ իրավաբանորեն ձևակերպված հստակ հիմնավորում։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացի Հակոբ Ռաֆիկի Հակոբյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
25 ապրիլի 2012 թվականի
ՍԴԴԿՈ/1-11
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 ապրիլի, 2012 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-11
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
