ՍՈՒՍԱՆՆԱ ԽՈՏԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-46)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 հուլիսի 2021թ. ՍԴԴԿՈ - 46 | ՍՈՒՍԱՆՆԱ ԽՈՏԻԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 27 հուլիսի 2021 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Վ. Գրիգորյանի
Անդամակցությամբ Ե. Խունդկարյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով Սուսաննա Խոտիկյանի անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Սուսաննա Խոտիկյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հուլիսի 7-ին) խնդրելով. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությունը, որի կիրառման պարագայում հայցվորի համար օբյեկտիվ պատճառով դատավարության մասնակցի հայրանվան անհայտ լինելը կարող է հանգեցնել անձի դատական պաշտպանության իրավունքի իրացման անհաղթահարելի խոչընդոտի, ճանաչել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:
2. Ներկայացված դիմումով դիմողը պնդում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի այսուհետ Օրենսգիրք 64-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նորմը իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությամբ հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին: Դիմողը մասնավորապես նշում է, որ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԼԴ1/0379/02/21 քաղաքացիական գործով 2021 թվականի մարտի 25-ին կայացրած որոշմամբ դիմողի հայցադիմումը վերադարձվել է գործով երրորդ անձանց հայրանունները նշված չլինելու պատճառաբանությամբ: Մինչդեռ, ըստ դիմողի, իր կողմից ձեռնարկվել էին գործին մասնակցող անձանց շրջանակը պարզելուն ուղղված ողջամիտ գործողություններ, ինչի արդյունքում իրավասու պետական մարմնի կողմից տրամադրվել էին այդ անձանց միայն անունները և ազգանունները առանց հայրանունների: Դիմողը նշում է, որ օբյեկտիվ պատճառներով չէր տիրապետում տվյալ տեղեկատվությանը, որպիսի հանգամանքը, դիմողի կարծիքով, չի կարող օգտագործվել որպես Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով հայցվորին վերապահված իրավունքի իրացման խոչընդոտ: Դիմողի կարծիքով Օրենսգրքի 64-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին իրավակիրառական պրակտիկայում տրված մեկնաբանությունը գործնականում հանգեցնում է մի իրավիճակի, երբ հայցվորի համար գործին մասնակցող երրորդ անձանց հայրանունները պարզելու օբյեկտիվ անհնարինությունը հանգեցնում է Օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով վերապահված իրավունքի իրացման անհնարինության, ինչն իր հերթին հանգեցնում է Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով ամրագրված սահմանադրական իրավունքների, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Հռոմում ստորագրված կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված հիմնական իրավունքների խախտման: Դիմողը կարծում է, որ հայցվորը պետք է հնարավորություն ունենա դատարան ներկայացնել հայցադիմում իրեն օբյեկտիվորեն հասանելի տեղեկությունների հիման վրա, որպեսզի գործի հետագա դատավարական գործողություններով, այդ թվում ապացույց պահանջելու վերաբերյալ դատարանին միջնորդություն ներկայացնելով, ձեռք բերի և դատարանին ներկայացնի նաև այնպիսի անհրաժեշտ տեղեկություններ և ապացույցներ, որոնք հայցադիմում ներկայացնելու պահին հասանելի չեն հայցվոր կողմի համար:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողի նկատմամբ չի կիրառվել նրա կողմից վիճարկվող իրավական նորմը, որն էլ բավարար պատճառ է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժվի հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ դիմողի գործով 2021 թվականի մարտի 25-ին և մայիսի 18-ին թիվ ԼԴ1/0379/02/21 գործով կայացված ընդհանուր իրավասության դատարանի և վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումները վերաբերում են, համապատասխանաբար, դիմողի ներկայացրած հայցադիմումը վերադարձնելուն և հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման օրինականությանը։ Դրանցում դատարանների կողմից դիմողի սույն դիմումում վիճարկվող իրավադրույթների (Օրենսգրքի 64-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի) բովանդակությունը վկայակոչվել է Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված «գործին մասնակցող այլ անձի անուն (անվանում)» եզրի մեկնաբանման նպատակով, որպես օժանդակ փաստարկ։ Փոխարենը, դիմողի Սահմանադրական դատարան ներկայացրած դիրքորոշումները հիմնված են դատարան դիմելու իրավունքի ենթադրյալ սահմափակման իմաստով իր հայցադիմումը վերադարձնելու մասին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման և դրա օրինականության վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշմամբ վիճարկվող իրավական նորմի Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին և 63-րդ հոդվածի 1-ին հոդվածներին ենթադրյալ հակասության վրա։ Սահմանադրական դատարանի դատական կազմը, հիմնվելով Սահմանադրական դատարանի կողմից «...իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի ...» հասկացության իրավական բովանդակության վերաբերյալ Սահմանադրական դատարանի կողմից նախկինում արտահայտված դիրքորոշման վրա (ՍԴՈ-747, կետ 5), գտնում է, որ պարունակվող Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված «կիրառված» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման դեպքին: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ: Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»: Հավի առնելով այն, որ դիմողի վկայակոչած դրույթը (Օրենսգրքի 64-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի) և դրա մեկնաբանությունը դատարանների կողմից ունեցել է ընդամենը ծանուցողական բնույթ դիմողի նկատմամբ մեկ այլ դրույթի (Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի) մեկնաբանման և կիրառման համար, ապա Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով դիմողի նկատմամբ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը չի կիրառվել։
4. Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական (այդ թվում սահմանադրական-դատական) պաշտպանության իրավունքը, ինչպես նաև դրա իրացման օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները, ինքնանպատակ չեն և հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, քանզի դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված) գործընթացներ, ինչը պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով և պարտականություններով։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական նշյալ նորմի հիման վրա «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով մանրամասնվում և կանոնակարգվում են անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական և օրենսդրական պահանջները: Դրանց սահմանումն ինքնանպատակ չէ և միտված է Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացման ապահովմանը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, հենվելով վերոնշյալ սահմանադրական նորմի վրա, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան, մասնավորապես
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը.
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները.
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ հիմքի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած յուրաքանչյուր ոք Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 69-րդ հոդվածի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Սուսաննա Խոտիկյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Վ. Գրիգորյան
Անդամներ Ե. Խունդկարյան
Ա. Վաղարշյան
27 հուլիսի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-46
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 հուլիսի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-46
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
