Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԿԱՐԻՆԵ ԼԱԼԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԿԱՐԻՆԵ ԼԱԼԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5824 հոկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-58)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 24 հոկտեմբերի 2022թ. ՍԴԴԿՈ - 58 | ԿԱՐԻՆԵ ԼԱԼԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 24 հոկտեմբերի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Վ. Գրիգորյանի

Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի

Ե. Խունդկարյանի

Քննության առնելով Կարինե Լալազարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Կարինե Լալազարյանը (ներկայացուցիչ փաստաբան Մարտիկ Մարտիրոսյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հոկտեմբերի 3-ին) խնդրելով. «Որոշել ՀՀ քրեական օրենսգրքի (ՀՕ-528-Ն, ընդունված 18.08.2003 թ., ուժը կորցրել է 01.07.2022 թ.) 75-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (ՀՕ-248-Ն, ընդունված 01.07.1998 թ.) 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 28, 29, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, 66, 72, 78 և 79-րդ հոդվածներին համապատասխանությունը»: Դիմողը նշում է, որ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրեն մեղադրանք է առաջադրվել մի շարք հանցագործություններ կատարելու համար, որոնց համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են: Դիմողը հայտնում է, որ վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է գրավոր միջնորդություն առաջարկելով դրանում նշված արարքների մասով դադարեցնել իր նկատմամբ քրեական հետապնդումը վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: Նշում է, որ 2020 թվականի սեպտեմբերի 3-ի որոշմամբ միջնորդությունը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ նրան մեղսագրվում են հանցավոր արարքներ, որոնցից յուրաքանչյուր հաջորդն ընդհատել է նախորդի վաղեմության ժամկետը: Դիմողը հայտնում է, որ վարույթն իրականացնող մարմնի հիշյալ որոշման դեմ բողոք է ներկայացրել Շիրակի մարզի դատախազին, որը 2020 թվականի հոկտեմբերի 5-ի բողոքը քննության առնելու մասին որոշմամբ մերժվել է: Ըստ դիմողի դատախազը մերժումը պատճառաբանել է նրանով, որ մեղադրյալին վերագրվող հանցագործությունները քննվում են նույն վարույթում, և որ վերջինս ամեն տարի կատարել է հանցավոր արարքներ, որոնցից յուրաքանչյուրն ընդհատել է նախորդի վաղեմության ժամկետները: Դիմողը նշում է, որ հիշյալ որոշումները բողոքարկել է դատական կարգով: Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2021 թվականի հունիսի 29-ի որոշմամբ մերժել է ներկայացված բողոքը արձանագրելով, որ նախաքննական մարմինը գործել է օրենքին համապատասխան, թույլ չի տվել նյութական կամ դատավարական օրենսդրության պահանջների խախտում: Նշվում է, որ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ քրեական դատարան, որը 2021 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը արձանագրելով, որ վարույթ իրականացնող մարմնի և դատախազության պատճառաբանությունները համապատասխանում են Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներին, և առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: Վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանը մերժել է 2022 թվականի մարտի 29-ի որոշմամբ: Դիմողը նշում է, որ Սահմանադրության 72-րդ հոդվածով ամրագրված է հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքը։ Վկայակոչելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները դիմողը գտնում է, որ եթե հանցագործությունը կատարելու պահին սահմանված է որոշակի ժամկետ, որի ավարտից հետո անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ապա այդ ժամկետի ավարտից հետո անձին քրեական պատասխանատվության ենթարկելը կհանգեցնի Սահմանադրության 72-րդ հոդվածով ամրագրված սկզբունքի խախտման։ Դիմողը ներկայացրել է տարբեր դատարանների ակտեր այդ թվում Վճռաբեկ դատարանի որոշումներ, և նշել, որ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների ընդհատման հարցի շուրջ ձևավորվել են տարբեր մոտեցումներ: Ըստ դիմողի եթե անձին վերագրվող մի քանի հանցագործություններից յուրաքանչյուրով քննությունն իրականացվում է տարբեր վարույթների շրջանակում, ապա որևէ վարույթով քրեական հետապնդումը վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, դադարեցնելուն խոչընդոտ չկա, և վաղեմության ժամկետն ընդհատված չի համարվում, քանի որ մինչև մյուս վարույթներով կայացված դատավճիռների օրինական ուժի մեջ մտնելն անձը համարվում է անմեղ։ Դիմողի պնդմամբ այն դեպքում արդեն, եթե անձին մեղսագրվող մի քանի արարքների կատարման փաստերը քննվում են մեկ վարույթում, վարույթի ընթացքում վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը չի դադարեցվում, քննարկվում է վաղեմության ժամկետի ընդհատման հարցը։ Ըստ դիմողի ստացվում է, որ տարբեր վարույթներում քննվող գործերով անձը կարող է օգտվել իր իրավունքից և պատասխանատվությունից ազատվել, իսկ միևնույն վարույթի շրջանակներում չի կարող օգտվել իր իրավունքից և չազատվել պատասխանատվությունից, ինչով խախտվում է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը, քանզի անձի իրավունքի իրացումը պայմանավորվում է այն հանգամանքով, թե արդյոք նրա գործը քննվում է մեկ, թե մի քանի վարույթներում։ Դիմողը գտնում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սխալ են կիրառվում։

Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և դրան կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դիմողի գործով 2021 թվականի հունիսի 29-ին կայացված թիվ ՇԴ/0038/11/20 որոշմամբ արձանագրվել է հետևյալը. «(…) ներկայումս Կ. Լալազարյանի վերաբերյալ քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ըստ էության քննության առնելու համար, իսկ Վճռաբեկ դատարանի ձևավորած կայուն նախադեպային իրավունքի համաձայն այն դեպքում, երբ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը լրանում է գործի դատական քննության փուլում, այդ հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ընթացակարգի իրականացման պարտականությունը կրում է դատարանը (…), որպիսի պայմաններում (...), երբ քրեական գործը գտնվում է Դատարանի վարույթում, հիշյալ վեճի լուծման և վաղեմության ժամկետը լրանալու վերաբերյալ որոշում կայացնելու լիազորությունը պատկանում է քրեական գործն ըստ էության քննող դատարանին և ո՛չ քննիչի որոշումը, և ո՛չ էլ Դատարանի սույն որոշումը չեն կարող խոչընդոտ հանդիսանալ գործն ըստ էության քննող Դատարանի համար վաղեմության ժամկետներն անցած լինելու դեպքում կայացնելու օրենքով նախատեսված համապատասխան որոշում»: 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն դատարանը, հայտնաբերելով քրեական հետապնդումը բացառող հանգամանքներ, լուծում է ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը: 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն քրեական վարույթն իրականացնող մարմինը դատարանն է մեղադրական եզրակացությունը դատախազից ստանալու պահից մինչև քրեական վարույթի ավարտը, ինչպես նաև դատական երաշխիքների վարույթներով: Նույն օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե առկա է Քրեական օրենսգրքով նախատեսված քրեական պատասխանատվությունը բացառող որևէ հանգամանք (բացառությամբ անմեղսունակության): Տվյալ դեպքում Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը վերաբերում է վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դիմողին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցի քննարկմանը մինչդատական վարույթի շրջանակում: Միաժամանակ, վաղեմության ժամկետն անցնելու հիմքով դիմողին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը ենթակա է քննարկման նաև դատարանի կողմից դատական քննության փուլում, որի շրջանակում կայացված դատական ակտն էլ դիմողի կողմից կարող է բողոքարկվել վերադաս դատական ատյաններ: Նման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողի գործով վաղեմության ժամկետն անցնելու հիմքով վերջինիս քրեական պատասխանատվությունից ազատելու հարցի մասով դատական պաշտպանության ոչ բոլոր ատյաններն են սպառված: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և նույն հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 69-րդ հոդվածի 1-ին, 5-րդ և 6-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Կարինե Լալազարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Վ. Գրիգորյան

Անդամներ Ա. Խաչատրյան

Ե. Խունդկարյան

24 հոկտեմբերի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-58

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հոկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-58
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել