Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 52-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 52-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-22416 նոյեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-224)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 նոյեմբերի 2021թ. ՍԴԱՈ - 224 | «ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 52-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 52-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. 2021 թվականի օգոստոսի 19-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ Դիմող) դիմումը, որով թիվ ՇԴ/0082/01/19 քրեական գործով ներկայացված «Քրեական գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելու համար ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և քրեական գործի վարույթը կասեցնելու մասին» 2021 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ Դիմողը խնդրել է (որոշել է). «Թիվ ՇԴ/0082/01/19 քրեական գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի դրույթների սահմանադրականությունը որոշելու համար դիմել ՀՀ սահմանադրական դատարան»: Դիմողի պնդմամբ համայնքի ղեկավարի նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու ձևով պատիժ նշանակելու առումով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը որևէ բացառություն կամ վերապահում չի նախատեսում: Ըստ Դիմողի «… ՀՀ քրեական օրենսգրքով, պատժի կատարման անհնարինությամբ պայմանավորված, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ձևով պատիժ նշանակելու առումով նախատեսված են վերապահումներ, սակայն դրանք վերաբերելի չեն գործող համայնքի ղեկավարի նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելուն: Մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի 3.1 մասը սահմանում է, որ եթե որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված է որպես պարտադիր լրացուցիչ պատիժ, սակայն տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու ձևով տվյալ պատժի կատարումը հնարավոր չէ հանցանք կատարած անձի` տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու կամ այդ իրավունքից զրկված լինելու պատճառով, ապա պարտադիր լրացուցիչ պատիժը չի նշանակվում»: Դիմողը նշում է, որ համայնքի ղեկավարի նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմիններում բոլոր պաշտոնները զբաղեցնելու իրավունքից զրկելու ձևով նշանակված պատժի կատարումն իրագործելու համար անհրաժեշտ է, որ վաղաժամկետ դադարեցվեն համայնքի ղեկավարի լիազորությունները, մինչդեռ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու ձևով պատժի դատապարտվելը «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ներառված չէ համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերում: Դիմողը գտնում է, որ համայնքի ղեկավարի նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու ձևով պատիժ նշանակելու իրավակարգավորումների, մասնավորապես Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի միջև առկա է, ըստ Դիմողի, հակասականություն, որպիսի պայմաններում այդ դրույթները համայնքի ղեկավարի համար հստակ, կանխատեսելի չեն դարձնում նրա նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու ձևով պատժով սահմանափակումների ծավալը, այն է կանխատեսելի չէ, թե արդյո՞ք համայնքի ղեկավարի նկատմամբ տեղական ինքնակառավարման մարմիններում որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելու ձևով պատիժ նշանակելու դեպքում նրա լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել: Հետևաբար Դիմողի գնահատմամբ առկա է իրավական անորոշություն, որով խախտվում է համայնքի ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձի Սահմանադրության 48-րդ հոդվածով նախատեսված ընտրվելու սահմանադրական իրավունքը: Վերոգրյալի հաշվառմամբ Դիմողը գտնում է. «… ՀՀ քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի դրույթներն առերևույթ հակասում են ՀՀ Սահմանադրության 48-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին»:

3. Ուսումնասիրելով դիմումը և դրան կից նյութերը Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտությունը պայմանավորել է իրավական ենթադրյալ անորոշության առկայությամբ, որը, ըստ Դիմողի, հետևանք է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով ամրագրված իրավակարգավորումների միջև առկա ենթադրյալ հակասության։ 3.1. Հաշվի առնելով, որ Դիմողի Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունն իրացվել է որպես դատարանի կողմից կիրառման ենթակա նորմի Սահմանադրության 79-րդ հոդվածով նախատեսված իրավական որոշակիության պահանջներին համապատասխանության վերաբերյալ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» հիմքով, ուստի Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում սույն դիմումի ընդունելիության հարցի լուծման նպատակով վկայակոչել մարդու և քաղաքացու հիմնական սահմանադրական իրավունքների և ազատությունների սահմանափակման դեպքում «օրենքին» առաջադրվող իրավական որոշակիության վերաբերյալ նախկինում արտահայտված դիրքորոշումները։ Մասնավորապես. 3.2. «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն։ Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում։ Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը» (13.05.2008թ. ՍԴՈ-753, 9-րդ կետ): 3.3. «ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի» (03.05.2016թ. ՍԴՈ-1270, 7-րդ կետ): 3.4. Իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ դիրքորոշումներն ամրագրված են Սահմանադրական դատարանի մի շարք, մասնավորապես, ՍԴՈ-630, ՍԴՈ-753, ՍԴՈ-1270 որոշումներում, « … որոնցից բխում է, որ Սահմանադրական դատարանն իրավական որոշակիության սկզբունքը դիտարկում է որպես ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության և հատկապես վերջինիս կարևորագույն հատկանիշներից` իրավունքի գերակայության գլխավոր պահանջներից մեկը, և հիշյալ սահմանադրաիրավական սկզբունքի գործողությունը տարածվում է բոլոր օրենքների վրա` անկախ այն հանգամանքից, թե վերջիններս ունեն հիմնական իրավունք սահմանափակող, թե հիմնական իրավունքի իրացումը կարգավորող բնույթ» (14.03.2017թ. ՍԴՈ-1357, 5-րդ կետ):

4. Վերահաստատելով իրավական որոշակիության մասին նախկինում իր արտահայտած դիրքորոշումները Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն դիմումը ներկայացված է դատարանի կողմից, հարկ է համարում վկայակոչել նաև Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական վերահսկողության այս տեսակի սուբյեկտների դիմումներին վերաբերելի իր այն դիրքորոշումները, համաձայն որոնց 4.1. «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով» (03.05.2016թ. ՍԴՈ-1270, 7-րդ կետ): 4.2. «Որոշակիության սկզբունքի համատեքստում հարցը քննարկելիս պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ իրավական նորմերը, որպես ընդհանուր-վերացական կարգավորումներ, միշտ որոշակի մեկնաբանությունների կարիք ունեն, և գրեթե անհնար է իրավական միարժեք նորմերով հստակ կարգավորել հասարակական կյանքի բոլոր բազմաբնույթ հարաբերությունները» (23.09.2021թ. ՍԴՈ-1610, 4.1.2-րդ կետ):

5. Սահմանադրական դատարանը դատարանների կողմից ներկայացվող դիմումների ընդունելիության չափանիշները մեկնաբանելու վերաբերյալ իր դիրքորոշումներում զարգացրել և հստակեցրել է Սահմանադրության 169-րդ հոդվածով նախատեսված դատարանի լիազորության իրականացման անհրաժեշտ պայմանները, մասնավորապես դատարանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումի հիմնավորումների մասով նշելով. «(...) դատարանները համապատասխան դիմումներում պետք է ներկայացնեն ոչ միայն վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց հիմնավորումները, այլ նաև պետք է հիմնավորեն, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով: Այլ կերպ, եթե վիճարկվող դրույթը դատարանի կողմից չի կիրառվելու կամ այլևս ենթակա չէ կիրառման, կամ այդպիսի կիրառումը կրելու է ձևական բնույթ, ապա Սահմանադրական դատարանի գործն ըստ էության լուծող որոշմամբ վիճարկվող դրույթի վերաբերյալ արտահայտած ցանկացած գնահատական որևէ նշանակություն չի ունենալու կոնկրետ գործի լուծման համար (...): Այդ պարագայում դատարանի դիմումը ենթադրելու է ոչ թե կոնկրետ, այլ վերացական սահմանադրական վերահսկողություն: Այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով» (05.08.2021թ. ՍԴԱՈ-176, 3-րդ կետ)։

6. Սահմանադրական դատարանը, վերահաստատելով իրավական որոշակիության սահմանադրական բովանդակության առնչությամբ նախկինում արտահայտած դիրքորոշումները, անհրաժեշտ է համարում սույն դիմումի ընդունելիության հարցի շրջանակում անդրադառնալ դատարանի դիմումի ընդունելիության պայմաններին հաշվի առնելով սահմանադրական հիմնական իրավունքների պաշտպանության համար առանցքային կարևորություն ունեցող իրավական որոշակիության սկզբունքի ապահովման հարցում դատարանների ունեցած առանձնահատուկ դերը, ընդգծելով այդ հիմքով դատարանների դիմումի ընդունելիության հարցի շրջանակներում իրավական անորոշության հաղթահարման համար դատական իշխանությանը հասու իրավական նորմերի դատական մեկնաբանության միջոցի կարևորությունը։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական նորմերում ընդհանրական ձևակերպումների պատճառով հստակության բացարձակության անհնարինության դեպքերում իրավական որոշակիության սահմանադրական հրամայականն իրագործելու արդյունավետ միջոցը դատարանների կողմից իրենց լիազորությունների շրջանակում իրավական նորմերի դատական մեկնաբանման միջոցով նորմի անհրաժեշտ որոշակիության ապահովումն է։ Ըստ այդմ իրավական անորոշության հիմքով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելիս Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» առկայությունը դատարանի կողմից հիմնավորված կարող է լինել, եթե դատարանի կողմից, ի թիվս դիմումին ներկայացվող այլ պայմանների, բավարար հիմնավորումներ են ներկայացվել առ այն, որ Սահմանադրական դատարանի ստուգմանն առաջադրվող նորմերի անորոշությունն անհնար է հաղթահարել դատարանի կողմից իր լիազորությունների գործադրմամբ իրավական նորմի բավարար հստակությունն ապահովող սպառիչ դատական մեկնաբանություն տալով։ Այսինքն Սահմանադրական դատարան դիմող դատարանը պարտավոր է հիմնավորել, թե իր կողմից վիճարկվող իրավական նորմերի հստակության վերաբերյալ կասկածները փարատելու ուղղությամբ ինչպե՞ս է փորձել մեկնաբանել վիճարկվող իրավական նորմերը, և վիճարկվող նորմերի իր կողմից մեկնաբանման մեթոդաբանական ողջ գործիքակազմի կիրառմամբ դրանք ի՞նչ վերջնական իրավական բովանդակություն են ստացել հիմնավորելով այդ բովանդակության անհամապատասխանությունը Սահմանադրությանը։ Միայն նման հիմնավորումների առկայությամբ է դատարանն իրավասու դիմել Սահմանադրական դատարան իրավական անորոշությամբ պայմանավորված «հիմնավոր կասկածի» հիմքով։

7. Սահմանադրական դատարանի այս դիրքորոշման հիմքում ընկած է այն նկատառումը, որ բոլոր այն դեպքերում, երբ Սահմանադրական դատարան դիմող դատարանի իրավասության տիրույթում է գտնվում իր կողմից վիճարկվող իրավական նորմերի հստակության վերաբերյալ կասկածները փարատելու հնարավորությունը, որպեսզի վիճարկվող իրավական նորմի դատական մեկնաբանությամբ հանդերձ այն վերջնական իրավական բովանդակությամբ լինի Սահմանադրության 79-րդ հոդվածի իմաստով «բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ», ապա Սահմանադրական դատարանի և եռաստիճան դատական համակարգի դատարանների իրավասությունների կրկնօրինակման բացառման, եռաստիճան դատական համակարգի դատարանների կողմից դատական մեկնաբանություններով իրավունքի զարգացումը խթանելու, սահմանադրական իրավունքների և ազատությունների կրողների և հասցեատերերի իրավունքների պաշտպանության արդյունավետության ապահովման նպատակով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունը դատարանի մոտ ծագում է միայն իր բարձրացրած խնդրի իր լիազորությունների սահմաններում դատական մեկնաբանությամբ լուծման անհնարինության դեպքում։ Այլապես դատարանն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան։

8. Անդրադառնալով վերը նշված չափորոշիչների լույսի ներքո Դիմողի բարձրացրած հարցադրումներին Սահմանադրական դատարանը, առանց անդրադառնալու վիճարկվող իրավական նորմերի որոշակիության վերաբերյալ Դիմողի բարձրացրած փաստարկների վերաբերելիությանը և բավարարությանը, արձանագրում է, որ Դիմողի կողմից հիմնավորում չի ներկայացվել առ այն, թե որքանո՞վ է անհնար եղել վիճարկվող նորմերի որոշակիության վերաբերյալ կասկածը դատական մեկնաբանությամբ փարատելը, որի պատճառով դիմել է Սահմանադրական դատարանի կողմից վիճարկվող նորմերի սահմանադրականության ստուգման միջոցին։ Հետևաբար Դիմող դատարանի դատական մեկնաբանության միջոցով իրավական անորոշության վերաբերյալ կասկածը փարատելու անհնարինության մասին հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, ուստի սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմա-նադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով քանի որ Դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան։

9. Դիմումի ուսումնասիրությամբ Սահմանադրական դատարանը նկատում է նաև, որ Դիմողը վիճարկվող նորմերի սահմանադրականության ստուգման անհրաժեշտությունը պայմանավորել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումների ենթադրյալ հակասությամբ։ Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանադրի կողմից սահմանված են Սահմանադրությամբ, որի 168-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված է, ի թիվս այլոց, նաև օրենքների Սահմանադրությանը համապատասխանության ստուգման Սահմանադրական դատարանի լիազորությունը։ Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատության իրականացման շրջանակներում սույն լիազորության իրականացմամբ գործի քննության նախապայմանը սահմանադրաիրավական վեճի առկայությունն է, որի առանցքը, մասնավորապես դատարանի կողմից ներկայացված դիմումներով, վիճարկվող ակտի սահմանադրականության վերաբերյալ «հիմնավոր կասկածն» է։ Մինչդեռ Դիմողի կողմից բարձրացված խնդիրը դիմումում ներկայացված հիմնավորումների շրջանակում չունի սահմանադրաիրավական վեճի բովանդակություն և վերաբերում է բացառապես օրենքների նորմերի միջև ենթադրյալ հակադրությանը, որի հարուցած խնդրի լուծումը դատարանի իրավասության շրջանակում է, հետևաբար դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից: Այսինքն սույն դիմումի ընդունելիության առնչությամբ առկա է նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքը, քանի որ դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին:

10. Ելնելով դիմումի ուսումնասիրության արդյունքներից` Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքերը դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին և դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Հետևաբար, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը, 71-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 52-րդ հոդվածի և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

16 նոյեմբերի 2021 թվականի

ՍԴԱՈ-224

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 նոյեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-224
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել