Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՇՈՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՇՈՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-3231 հոկտեմբերի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-32)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 31 հոկտեմբերի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 32 | ԱՇՈՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ԱՅԼՈՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

31 հոկտեմբերի 2016թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Պետրոսյանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Ա. Թունյանի

Ուսումնասիրելով Աշոտ Քոչարյանի և այլոց անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Աշոտ Քոչարյանը, Ռաֆաել Առաքելյանը, Ռուբեն Աթոյանը, Արա Կիլիկյանը, Ամալիա Օհան- յանը, Կարինե Բաբայանը, Անժելա Գրիգորյանը, Լյուդմիլա Առաքելյանը, Գագիկ Գրի- գորյանը, Ալբերտ Մովսիսյանը, Սվետլանա Բրուտյանը, Զոյա Մալխասյանը, Ալբերտ Սաֆարյանը, Սուրեն Հովհաննիսյանը, Սամվել Ադամյանը, Ծովինար Գալստյանը, Հաղթանակ Շահումյանը, Գևորգ Գալստյանը, Արմեն Զաքարյանը, Սվետլանա Զաքարյանը, Արման Մաթևոսյանը դիմել են ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «Որոշել ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի (հետայսու` նաև ՎԴՕ) 193- րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 54-րդ հոդվածի 1-ին մասով, 73-րդ հոդվածի 3- րդ մասով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հատուկ վարույթների բաժնի 26-րդ գլխով «Հասարակության և պետության կարիքների համար

սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերի անվավերության պահանջի դատական ընթացակարգի բացակայությունը և «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված դրույթների ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 5-րդ, 10-րդ, 28-րդ, 29-րդ, 60-րդ, 61(1)-րդ, 63(1)-րդ, 75, 78-րդ, 79-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»: Դիմողները նշում են, որ բացառիկ գերակա հանրային շահը դադարում է գոյություն ունենալուց այն յոթ տարվա ընթացքում չիրացնելու փաստի ուժով, և, հետևաբար, այդ պահից է առաջանում դատարան դիմելու շահագրգիռ անձի իրավունքը: Դիմողները գտնում են, որ ՀՀ կառավարության 20.11.2008թ. թիվ 1405-Ն որոշմամբ իրենց սեփականության (տնօրինման) տիրապետման տակ գտնվող տարածքների մասով բացառիկ գերակա հանրային շահի առկայության հարցը վիճարկելու իրավունք են ձեռք բերել սկսած այն պահից, երբ լրացել է ՀՀ կառավարության 25.01.2007թ. թիվ 108-Ն որոշմամբ նրանց գույքի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու պահից յոթ տարին և չի սկսվել օտարման նպատակի իրագործումը, սակայն վիճարկվող իրավակարգավորումները կամ դրանց բացակայությունը չեն ապահովում նման իրավունքի իրականացումը, որով և հակասում են ՀՀ Սահմանադրությանը: Դիմողների կարծիքով` վիճարկվող իրավադրույթները և իրավակարգավորումների բացերը հակասում են ՀՀ Սահմանադրության 28-րդ և 29-րդ հոդվածներին, քանի որ առաջացնում են խտրականություն դիմողների նկատմամբ վերջիններիս կողմից վիճարկված ՀՀ կառավարության որոշումներով օտարվող օբյեկտների ձեռք բերող ճանաչված իրավաբանական անձանց համեմատ: ՀՀ կառավարության որոշումների արդյունքում դիմողների սեփականությունը ձեռք բերելու իրավունք ստացած կազմակերպությունը հայտնվում է իրավական առավել բարենպաստ դրության մեջ, քան դիմողները, այն պարզ պատճառով, որ հիշյալ կազմակերպության (կազմակերպությունների) ձեռքբերողի իրավունքները ժամանակային առումով երկարաձգվում են, իսկ դիմողների շահերի իրավական արդյունավետ պաշտպանության համար նախատեսված ժամկետները ոչ:

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի, այդ թվում` դատական ակտերի, նախնական ուսումնասիրության արդյունքներից, գտնում ենք, որ դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մասնակի ընդունման` հետևյալ պատճառաբանությամբ.

1) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի և «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի առնչությամբ.

դիմողների կողմից վիճարկվող իրավադրույթները նրանց նկատմամբ չեն կիրառվել:

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»։

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը, նշված սահմանադրական դրույթին և դրա հիմքում ընկած սահմանադրական կոնկրետ վերահսկողության տրամաբանությանը համահունչ, սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները, այդ թվում օրենքի դրույթի կիրառման պայմանը։

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և «Սահմանա- դրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով` «օրենքի դրույթի կիրառում» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը Սահմանադրական դատարանը բացահայտել է իր 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ, մասնավորապես, արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը. «... ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60- րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել»

բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»:

Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման «...«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»,

2) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 3-րդ մասի առնչությամբ.

խնդրո առարկա անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 և 28-րդ հոդվածներով նախատեսված են իրավասու սուբյեկտների կողմից Սահմանադրական դատարան հասցեագրված դիմումներին ներկայացվող ընդհանուր պահանջները, դիմումին կցվող նյութերի շրջանակը, իսկ անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման է նույն օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայն որի` դիմումը պետք է պարունակի նաև Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը 24.11.2009թ. ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի հիշյալ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող դրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Խնդրո առարկա դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ վիճարկվող իրավադրույթի մասով առկա չեն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին համահունչ իրավաբանորեն ձևակերպված հիմնավորումներ, ինչպես նաև դիմողները չեն հիմնավորել իրենց սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող իրավադրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը,

3) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ «Հատուկ վարույթներ» բաժնի 26-րդ գլխի առնչությամբ.

խնդրո առարկա անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ «Հատուկ վարույթներ» բաժնի 26-րդ գլխի ենթադրյալ հակասահմանադրականությունը դիմողները փորձում են հիմնավորել ենթադրյալ օրենսդրական բացի լույսի ներքո: Օրենսդրական բացը` որպես իրավունքի բացի տարատեսակ, իրավական կարգավորման ոլորտում գտնվող փաստական հանգամանքների նկատմամբ կոնկրետ նորմատիվ պատվիրանի բացակայությունն է: ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ, անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասությունների հարաբերակցությանը, ամրագրել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է: Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք: Զարգացնելով իր վերոնշյալ իրավական դիրքորոշումները` սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ գտել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը: Հակառակ պարագայում, իրավակարգավորման բացի սահմանադրականության հարցը ենթակա չէ սահմանադրական դատարանի քննությանը:

Խնդրո առարկա գործի շրջանակներում օրենսդրական բացի վերաբերյալ դիմողների փաստարկները հանգում են նրան, որ`«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն նյութական իրավունքը, որի հիման վրա շահագրգիռ անձինք կարող են պահանջել բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշման անվավերություն, սակայն այդ իրավունքի կիրառումն ապահովող դատավարական ընթացակարգերը բացակայում են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հատուկ վարույթների բաժնի 26-րդ` նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը կարգավորող գլխից, որով կարգավորվում են նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու ընթացակարգերը դրանց ընդունման կապակցությամբ և անդրադարձ չի կատարվում դրանց ընդունումից հետո օրենքով նախատեսված համապատասխան պայմանների հետևանքով դրանց անվավերության հարցերի քննարկման ընթացակարգերին: ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում գտնում ենք, որ խնդրո առարկա գլխի առնչությամբ դիմողների բարձրացրած հարցը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, և նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է,

4) ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի առնչությամբ.

դիմողները պահպանել են ՀՀ սահմանադրական դատարան դիմելու`«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, այն է`

• դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին.

• դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան.

• դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում.

• դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում.

• դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Քննության առարկա անհատական դիմումով ներկայացվել է պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդություն:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31, 32 և 69-րդ հոդվածներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. Աշոտ Քոչարյանի և այլոց անհատական դիմումով գործի քննության ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի, 73-րդ հոդվածի 3-րդ մասի, 5-րդ «Հատուկ վարույթներ» բաժնի 26-րդ գլխի և «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի մասերով մերժել:

2. «Աշոտ Քոչարյանի և այլոց դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

4. Բավարարել Աշոտ Քոչարյանի և այլոց անհատական դիմումով ներկայացված` պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը:

Նախագահող

Անդամներ

31 հոկտեմբերի 2016 թվականի

ՍԴԴԿՈ/1-32

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 հոկտեմբերի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-32
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել