ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-78)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 օգոստոսի 2026թ. ՍԴԴԿՈ - 78 | ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 26 օգոստոսի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը՝
Նախագահությամբ՝ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ՝ Է. Շաթիրյանի
Ս․Սաֆարյանի
Քննության առնելով Կենտրոնական բանկի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Կենտրոնական բանկը (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ Արմեն Բաբաջանյան, Թագուհի Աֆաջանյան, Ֆենյա Աղաբեկյան), դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի օգոստոսի 6-ին), խնդրել է հետևյալը.
«Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 79-րդ հոդվածով սահմանված իրավական որոշակիության սկզբունքին հակասող ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված այն մեկնաբանման համատեքստում, ըստ որի՝ ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետի ընթացքը դատավարության հանրային-իշխանական լիազորություններով օժտված կողմի համար սկսվում է ոչ թե ժամկետի սկիզբն ազդարարող ամսաթվի հաջորդ ոչ աշխատանքային օրվանից, այլ հաջորդ աշխատանքային օրվանից։
Կամ
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 79-րդ հոդվածով սահմանված իրավական որոշակիության սկզբունքին հակասող ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասում առկա օրենսդրական բացն այնքանով, որքանով այն չի նախատեսում իրավակարգավորում ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետի ընթացքի սկիզբը ոչ աշխա-տանքային օր լինելու դեպքում այդ ժամկետի ավարտման օրը դրան հաջորդող աշխատանքային օր նախատեսելու դեպքում»:
2. Ներկայացնելով թիվ ՎԴ/7063/05/22 վարչական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ այն դեպքերում, երբ դատավարական ժամկետի վերջին օրն օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օր է, համապատասխան ժամկետի ավարտման օրը դրան հաջորդող աշխատանքային օրն է, մինչդեռ նման կարգավորում նախատեսված չէ դատավարական ժամկետի հաշվարկն սկսելու կանոններում, որն անհավասար իրավիճակ է ստեղծում: Ըստ Դիմողի՝ նշվածից բխում է, որ ամիսներով հաշվարկվող ժամկետների ընթացքը հաշվարկելու կանոններում առկա է օրենսդրական բաց, մասնավորապես՝ այն չի կարգավորում հաջորդ օրը «ոչ աշխատանքային» լինելու դեպքում հաշվարկը սկսելու ընդհանուր կանոն, մինչդեռ պետական մարմիններում կամ այն կազմակերպություններում, որտեղ աշխատանքն ընթանում է միայն աշխատանքային օրերին, տրամաբանական և իրավաչափ չէ հաշվարկի ընթացքը սկսել հաջորդ «ոչ աշխատանքային» օրվանից, ուստի՝ թեև Վարչական դատավարության օրենսգիրքը գործածում է «հաջորդ օր» տերմինը, միևնույն է, դրանով հստակ սահմանված չէ այն վերաբերում է «աշխատանքային», թե՞ «ոչ աշխատանքային» օրերին:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող՝ Վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված այնպիսի մեկնաբանությունը, որի պայմաններում ժամկետի ընթացքն սկսվում է դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող օրացուցային օրից՝ անկախ դրա աշխատանքային կամ ոչ աշխատանքային լինելու հանգամանքից, չի բխում Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից:
Դիմողը պնդում է, որ դատավարական ժամկետի հաշվարկման առնչությամբ օրենսդրի և իրավակիրառի կողմից ձևավորված նման մոտեցումը հավելյալ խոչընդոտ է ստեղծում արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի հասանելիության համար, որն իր հերթին արգելափակում է Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության հիմնական իրավունքի կենսագործումը, քանի որ, ըստ էության, դատական պաշտպանություն հայցելու առաջնային փուլում վերջինս զրկվել է իր իրավունքների իրավական ապահովման բոլոր երաշխիքներից: Ընդ որում՝ Դիմողի պնդմամբ՝ նշվածն առավել էական է Կենտրոնական բանկի իրավական կարգավիճակի առանձնահատկությունների համատեքստում:
Ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը) չի համապատասխանում նաև Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված՝ իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ նույնանման իրավիճակներին հաղորդում է տարբեր և իրարամերժ իրավական նշանակություններ, չի ապահովում դատավարական ժամկետների հաշվարկման կանոնների ներքին միասնա-կանությունն ու հետևողականությունը, իրավունքի կրողի համար խաթարում է դատավա-րական ժամկետի իրական և պատշաճ սկզբի համանման կանխատեսելիությունը, ինչպես նաև հանգեցնում է արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների իրացման անկանխատեսելի և անհամաչափ սահմանափակման:
Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ Վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության համատեքստում, հակասում է Սահմանադրության 2-րդ գլխով ամրագրված՝ 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերով երաշխավորված՝ համապատասխանաբար արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին, ինչպես նաև 79-րդ հոդվածով սահմանված՝ իրավական որոշակիության սկզբունքին: Ընդ որում, Դիմողը նշում է, որ Վարչական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորման համատեքստում նույն օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասը հակասում է Սահմանադրության վերոնշյալ հոդվածներին այնքանով, որքանով ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետի ընթացքի սկիզբ է համարվում ոչ թե ժամկետի սկիզբն ազդարարող ամսաթվին հաջորդող աշխատանքային օրը, այլ դրան հաջորդող օրացուցային օրը, որպիսի պարագայում ինքը զրկվել է իր դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրորեն ամրագրված իրավունք-ներից։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին, ինչպես նաև եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրության՝ «Սահմանադրական դատարան դիմելը» վերտառությամբ 169-րդ հոդվածը հռչակում է.
«1. Սահմանադրական դատարան կարող են դիմել՝
1) Ազգային ժողովը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված դեպքերում, Սահմանադրության 168-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված դեպքում՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, իսկ Սահմանադրության 168-րդ հոդվածի 10-րդ կետով սահմանված դեպքում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ.
2) պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը՝ Սահմանա-դրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով սահմանված դեպքերում.
3) Ազգային ժողովի խմբակցությունը` հանրաքվեի և Հանրապետության նախա-գահի ընտրության արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.
4) Հանրապետության նախագահը՝ Սահմանադրության 129-րդ հոդվածի 1-ին մասով, 139-րդ հոդվածի 2-րդ մասով, 150-րդ հոդվածով, ինչպես նաև 168-րդ հոդվածի 1-ին և 4-րդ կետերով սահմանված դեպքերում.
5) Կառավարությունը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին, 4-րդ, 8-րդ և 12-րդ կետերով սահմանված դեպքերում.
6) Բարձրագույն դատական խորհուրդը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում.
7) տեղական ինքնակառավարման մարմինները՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված` իրենց սահմանադրական իրավունքները խախտող նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով, ինչպես նաև Սահմանադրության 168-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքերում.
8) յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը.
9) գլխավոր դատախազը՝ դատախազության կողմից իրականացվող կոնկրետ վարույթին առնչվող նորմատիվ իրավական ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով, ինչպես նաև Սահմանադրության 168-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված դեպքում.
10) Մարդու իրավունքների պաշտպանը՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի՝ Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով.
11) Ազգային ժողովի ընտրությանը մասնակցած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները՝ Ազգային ժողովի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.
12) Հանրապետության նախագահի թեկնածուները՝ Հանրապետության նախա-գահի ընտրության արդյունքով ընդունված որոշումների հետ կապված վեճերով.
13) Սահմանադրական դատարանի առնվազն երեք դատավոր` Սահմանադրության 168-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված դեպքում:
2. Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով: Քաղաքացիական նախաձեռնության կարգով հանրաքվեի դրվող օրենքի նախագծի հարցով Սահմանադրական դատարան է դիմում քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցիչը:
3. Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Կառավարությունը:
4. Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:
5. Սահմանադրության 168-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված դեպքում Սահմա-նադրական դատարան դիմում է Ազգային ժողովի խորհուրդը:
(...)»:
Սահմանադրական վերահսկողության հիմնարար առաքելությունը, ի թիվս այլնի, մարմնավորվում է Սահմանադրության գերակայությունն ու կայունությունն ապահովելու, իշխանությունների տարանջատման սահմանադրական հավասարակշռությունը պահպա-նելու, մարդու և քաղաքացու՝ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը երաշխավորելու միջոցով: Հիշատակված սահմա-նադրաիրավական արժեքները կենսագործելու նպատակով Սահմանադիրն ամրագրել է ինչպես սահմանադրական արդարադատություն իրականացնող բացառիկ մարմնի կազմավորման և գործունեության կարգը, լիազորությունների շրջանակը, այնպես էլ մի շարք սուբյեկտների օժտել է սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքով՝ հստակ նախանշելով սույն իրավունքի իրացման՝ Սահմանադրությամբ ամրագրված դեպքերը։
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն գործով սահմանադրական արդարադատություն է հայցել Կենտրոնական բանկը, որը թիվ ՎԴ/7063/05/22 վարչական գործի (ըստ հայցի «ՏՈՆՏՈՆ» Ինվեստիցիոն ՍՊԸ-ի ընդդեմ Կենտրոնական բանկի` 2022 թվականի սեպտեմբերի 20-ի՝ ««ՏՈՆՏՈՆ» Ինվեստիցիոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվու-թյան միջոցներ կիրառելու վերաբերյալ» թիվ 1/46ԾՕՀ-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին) շրջանակներում հանդես է եկել պատասխանողի դատավարական կարգավիճակով:
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրու-թյան 169-րդ հոդվածով Կենտրոնական բանկը՝ որպես Սահմանադրական դատարան դիմող սուբյեկտ, նախատեսված չէ: Միաժամանակ, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը Սահմանադրական դատարան համա-պատասխան դիմում է ներկայացրել՝ իբրև նման իրավունքի իրացման սահմա-նադրաիրավական հիմք դիտարկելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը՝ յուրաքանչյուրի՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքի իրացման համատեքստում, այլ խոսքով՝ Դիմողը խնդրո առարկա դիմումը ներկայացրել է իբրև անհատական դիմում՝ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով սահմանված կարգով քննության առարկա դարձնելու նպատակով:
Վերոգրյալի առնչությամբ Սահմանադրական դատարանի դատական կազմն անհրաժեշտ է համարում նախ անդրադառնալ Կենտրոնական բանկի իրավական կարգավիճակի բովանդակության խնդրին՝ վերջինիս անհատական դիմում ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտի կարգավիճակի առկայության համատեքստում:
Այսպես՝ «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ազգային բանկը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է: Հայաստանի Հանրապետու-թյան կենտրոնական բանկը պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ է, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է: Կենտրոնական բանկը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համա-պատասխան:
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ օրենսդիրը Կենտրոնական բանկին շնորհել է առանձնահատուկ հանրային-իրավական, այն է՝ պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձի կարգավիճակ, որի միակ հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է:
Ընդ որում՝ խնդրո առարկա թիվ ՎԴ/7063/05/22 վարչական գործի ուսումնասիրու-թյունը վկայում է, որ տվյալ գործով Դիմողը՝ որպես պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ, իր հանրային-իրավական գործունեության շրջանակներում է ներգրավված եղել որպես պատասխանող: Մասնավորապես՝ խնդրո առարկա վարչական գործի շրջանակներում հայցվոր՝ «ՏՈՆՏՈՆ» Ինվեստիցիոն ՍՊԸ-ն հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ Կենտրոնական բանկի՝ 2022 թվականի սեպտեմբերի 20-ի՝ ««ՏՈՆՏՈՆ» Ինվեստիցիոն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու վերաբերյալ» թիվ 1/46ԾՕՀ-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Տվյալ որոշման շրջանակներում Դիմողը՝ որպես հանրային իշխանական լիազորություններով օժտված իրավաբանական անձ, որոշակի խախտումների համար հայցվորի նկատմամբ կիրառել է պատասխանատվության միջոցներ, մասնավորապես՝ տուգանք՝ 2.000.000 ՀՀ դրամ գումարի չափով, ինչպես նաև նախազգուշացում՝ հետագայում նման խախտումները բացառելու հանձնարարականով: Այսինքն՝ թիվ ՎԴ/7063/05/22 վարչական գործի շրջանակներում վիճարկվող վերոնշյալ որոշումը Կենտրոնական բանկի կողմից կայացվել է իր հանրային իշխանական լիազորությունների իրացման շրջանակներում, հետևաբար՝ խնդրո առարկա դեպքում Կենտրոնական բանկը՝ որպես հանրային իրավական կարգավիճակ ունեցող և պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձ, Սահմանադրական դատարան է դիմել իր կողմից հանրային գործառույթներ իրականացնելու համատեքստում ծագած հարցի կապակցությամբ:
Այս համատեքստում Սահմանադրական դատարանի դատական կազմն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանադիրն իրավունք է շնորհել յուրաքանչյուրին՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, վիճարկել այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրաիրավական սույն կարգավորումն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածում, որի շրջանակներում օրենսդիրը հստակեցրել է սույն իրավակարգավորման բովանդակությունը՝ սահմանելով, որ սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ` անհատական դիմում) կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը՝ կոնկրետ գործով, Սահմանա-դրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտման համատեքստում:
Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի սահմանադրաիրավական իմաստով «յուրաքանչյուր ոք» հասկացության ներքո համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիտարկելիս Սահմանադիրը նկատի չի ունեցել հանրային իրավական կարգավիճակ ունեցող սուբյեկտների՝ հանրային գործառույթներ իրականացնելու համատեքստում ծագող հարցերի՝ Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնելու իրավունքը՝ հաշվի առնելով, որ այս կապակցությամբ Սահմանադիրը յուրաքանչյուրի սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունքը պայմանավորել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտմամբ՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նման պայմաններում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով:
Բացի վերոնշյալից, Սահմանադրական դատարանի դատական կազմը, հաշվի առնելով նաև Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը։ Մասնավորապես՝ գործի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Այսպես՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՎԴ/7063/05/22 վարչական գործով Վճռաբեկ դատարանի կողմից կայացված դատական ակտի բովանդակությանը։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ Վարչական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա վարչական գործով Վճռաբեկ դատարանի գործողությունների (կայացրած դատական ակտի) իրավաչափությանը, մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի կողմից՝ դատավարական ժամկետի հոսքի սկզբնակետը որոշելու հարցին:
Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ խնդրո առարկա վարչական գործի շրջա-նակներում Վճռաբեկ դատարանի կայացրած դատական ակտի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման նաև Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Կենտրոնական բանկի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ե. Խունդկարյան
Անդամներ՝
Է. Շաթիրյան
Ս. Սաֆարյան
26 օգոստոսի 2026 թվականի
ՍԴԴԿՈ- 78
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 օգոստոսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-78
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
