Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 99-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 116-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 99-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 116-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-424 հունվարի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-4)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 24 հունվարի 2023թ. ՍԴԱՈ - 4 | «ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 99-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 116-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 99-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 116-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ

ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ

ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99- րդ հոդվածի 4-րդ մասի և 116-րդ հոդվածի 6-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Արման Բաբաջանյանի (այսուհետ` Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հոկտեմբերի 25-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է որոշել.

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մասը և 116- րդ հոդվածի 6-րդ մասը, հիշյալ հոդվածներով նախատեսված իրավադրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և/կամ խնդրո առարկա օրենսդրության բացերի ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»: Սահմանադրական դատարանը 2022 թվականի նոյեմբերի 22-ի ՍԴԱՈ-187 աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունել «Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մասի և 116-րդ հոդվածի 6-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ նաև Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին: Օրենսգրքի «Դատավարական փաստաթղթերն ուղարկելու (հանձնելու) կարգը: Փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը: Դատավարության մասնակիցների կողմից փաստաթղթերը դատարան ներկայացնելու կարգը» վերտառությամբ 99-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է.

«4. Դատավարության մասնակիցները և այլ անձինք սույն օրենսգրքով նախատեսված գրավոր փաստաթղթերը (հայցադիմում, դիմում, բողոք, հայցադիմումի պատասխան, միջնորդություն և այլն) կարող են դատարան ներկայացնել առձեռն, էլեկտրոնային եղանակով կամ փոստով»։

Օրենսգրքի «Դատավարական ժամկետների ավարտը» վերտառությամբ 116-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է.

«6. Դատավարական ժամկետը համարվում է պահպանված, եթե հայցադիմումը, դիմումը, հայցադիմումի պատասխանը, բողոքը, այլ փաստաթղթերը կամ դրամական միջոցները համապատասխանաբար հանձնվել են փոստ, փոխանցվել կամ ներկայացվել են համապատասխան մարմին կամ դրանք ընդունելու լիազորություն ունեցող անձին մինչև դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը 24.00-ն»։

Օրենսգրքի վիճարկվող դրույթները չեն փոփոխվել և (կամ) լրացվել:

2. Գործի դատավարական նախապատմությունը

2.1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, պարզեցված վարույթի կարգով քննելով թիվ ԵԴ/0093/02/20 քաղաքացիական գործը` ըստ հայցի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության, Իշխան Վաչիկի Սաղաթելյանի և այլոց` ընդդեմ Արման Շամիրի Բաբաջանյանի վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և փոխհատուցում վճարելու, զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների մասին, 2021 թվականի հուլիսի 16-ին վճռել է հայցը բավարարել:

2.2. Թիվ ԵԴ/0093/02/20 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հուլիսի 16-ի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Դիմողը կրկին վերաքննիչ բողոք է ներկայացրել, որի կապակցությամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 3-ին որոշել է թիվ ԵԴ/0093/02/20 քաղաքացիական գործով դատարանի 16.07.2021 թվականի վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը արձանագրել է.

«(…) հաշվի առնելով Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 12.10.2021 թվականի որոշումը բողոքաբերի ներկայացուցչի կողմից 01.11.2021 թվականին ստանալու փաստը, որը ընդունում է նաև բողոքաբերի ներկայացուցիչը կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում ներառված միջնորդությամբ կրկին բողոք ներկայացնելու վերջնաժամկետը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի և 371-րդ հոդվածի 5-րդ մասի կանոններով 2021 թվականի նոյեմբերի 22-ն էր»։

2.3. Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը բողոքարկվել է վճռաբեկության կարգով: Վճռաբեկ դատարանը 2022 թվականի ապրիլի 20-ին որոշել է թիվ ԵԴ/0093/02/20 քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Արման Բաբաջանյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել:

3. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ/0093/02/20 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, վկայակոչելով Սահմանադրության և Օրենսգրքի վերաբերելի դրույթները, պնդում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մասի վերաբերյալ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից տրված մեկնաբանության համաձայն` դատարանի հայեցողությունը սահմանափակված չէ որևէ որոշակի և կանխատեսելի չափանիշներով, ուստի այն հանգեցնում է Սահմանադրությամբ երաշխավորված իր իրավունքների խախտմանը: Դիմողը գտնում է, որ իր նկատմամբ կիրառված Օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մասը և 116-րդ հոդվածի 6-րդ մասն այնքանով, որքանով չեն պարունակում հստակեցում, թե կոնկրետ որո՞նք են այն չափանիշները և/կամ փաստերը, որոնց հիման վրա պետք է որոշվի բողոքն առձե՞ռն է ներկայացվել, թե՞ փոստային ծառայության միջոցով, հակասում են Սահմանադրությանը:

Վերոգրյալի համատեքստում Դիմողը խնդրում է. «(...) որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի խնդրո առարկա դրույթների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մասը և 116-րդ հոդվածի 6-րդ մասը, հիշյալ հոդվածներով նախատեսված իրավադրույթների իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և/կամ խնդրո առարկա օրենսդրության բացերի ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 61-րդ, 63-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81- րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:

4. Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ Պատասխանող), վկայակոչելով Սահմանադրության 1, 3, 61 և 63-րդ հոդվածները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական դիրքորոշումները, ներկայացնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող նորմերի բովանդակությունը, «Փոստային կապի մասին» օրենքի 11-րդ հոդվածով ամրագրված իրավակարգավորումը, նշում է, որ օրենսդիրը հստակ սահմանել է փոստային կապի գործունեության լիցենզիա ստանալու կարգը, և բոլոր այն ընկերությունները, որոնք լիցենզավորվել են «Փոստային կապի մասին» օրենքով սահմանված կարգով, իրավունք ունեն մատուցել փոստային կապի ծառայություններ, իսկ վերջիններիս միջոցով դատավարական փաստաթղթերն ուղարկելը կհամարվի փոստով ուղարկված: Նման պայմաններում, Պատասխանողի գնահատմամբ, Դիմողի դատարանի մատչելիության սահմանադրական իրավունքը որևէ կերպ չի սահմանափակվել: Պատասխանողը նկատում է, որ Դիմողը վիճարկվող դրույթների

հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ ներկայացված փաստերն առավելապես վերաբերում են Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման/գործողությունների իրավաչափությանը: Պատասխանողի դիտարկմամբ Դիմողը փաստացի բարձրացնում է նորմատիվ իրավական ակտի համապատասխան դրույթի կիրառման իրավաչափության հարց փորձելով այն ներկայացնել վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության լույսի ներքո:

Պատասխանողը նշում է. «Դիմողի այն պնդումը, ըստ որի Վերաքննիչ քաղաքացիական դատարանն ըստ էության անհարկի սահմանափակել է վերջինիս դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ մաս հանդիսացող դատական ակտը բողոքարկելու իրավունքը, և որ դատարանն է իրավասու որոշելու, թե որ դեպքում է դատարան դիմող անձն այն ներկայացրել փոստի միջոցով, և որ դեպքում է ներկայացվել առձեռն, վկայում է այն մասին, որ վերջինս բարձրացնում է կիրառման իրավաչափության հարց, ինչը չի կարող լինել նորմի հակասահմանադրականության խնդիր»:

Ամբողջացնելով իր դիրքորոշումները Պատասխանողը խնդրում է. «Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մասի և 116-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթների և/կամ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով ընդունել որոշում վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»:

5. Ուսումնասիրելով դիմումը[1], Պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1- ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։

Ուսումնասիրելով թիվ ԵԴ/0093/02/20 քաղաքացիական գործով կայացված դատական ակտերը և Օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև 116-րդ հոդվածի 6-րդ մասի վերաբերյալ Դիմողի ներկայացրած դիրքորոշումները Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը, ձևականորեն բարձրացնելով Օրենսգրքի համապատասխան դրույթների սահմանադրականության հարց, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց, որպիսին չի կարող Սահմանադրական դատարանում քննության առարկա հանդիսանալ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը թիվ ԵԴ/0093/02/20 քաղաքացիական գործով 2021 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ մերժել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հուլիսի 16-ի վճռի դեմ Դիմողի վերաքննիչ բողոքի ընդունումը արձանագրելով. «(...)կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի գրասենյակ է մուտքագրվել 23.11.2021 թվականին: Ընդ որում հարկ է հատուկ նշել նաև, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է մի ծրարով, որի վրա առկա է երկու ուղղանկյունաձև դրոշմակնիք, որոնցից մեկը, չնայած ծածկված է սպիտակ ծածկանյութով (մարկեր), այնուամենայնիվ նրա վրա տեսանելի է 23.11.2021 ամսաթիվը, իսկ մյուս ուղղանկյուն դրոշմակնիքը ««ՏՐԱՆՍԻՄՊԵՔՍ» ՍՊԸ» անվանումով է և 22.11.2021 թվականի ամսաթվով է: Համացանցային որոնման արդյունքում ՀՀ-ում գործող պաշտոնական աղբյուրներից հնարավոր չեղավ պարզել, թե նշված իրավաբանական անձի գործունեությունը առհասարակ ինչ առնչություն ունի վերաքննիչ բողոքը Վերաքննիչ դատարանի գրասենյակ 23․11․2021 թվականին մուտքագրվելու փաստի հետ, առավել ևս, որ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքէջի

(https://www.petekamutner.am/DefaultTs.aspx?sid=ts) ՀՀ հարկ վճարողների փնտրման համակարգի տվյալներով տվյալ իրավաբանական անձի (ՀՎՀՀ 00051849) գործունեության տեսակը նշված է H49.41.4, որը նույն կայքի տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի տվյալների համարվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի միջպետական բեռնափոխադրումներ» գործունեություն։ Վերաքննիչ բողոքով ևս բողոքաբերը չի ներկայացրել որևէ հիմնավորում, թե ինչ առնչություն ունի նշված կազմակերպությունը վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու գործընթացում»:

Այսինքն` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը սույն գործով կայացրել է Դիմողի համար անբարենպաստ ելքով դատական ակտ հանգելով այն եզրակացության, որ վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար նախատեսված դատավարական ժամկետները պահպանված չեն:

Վճռաբեկ դատարանը 2022 թվականի ապրիլի 20-ին որոշել է թիվ ԵԴ/0093/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.12.2021 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել: Վճռաբեկ դատարանն արձանագրել է. «Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկները մասամբ հիմնավորված համարելով հանդերձ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, քանի որ այդ խախտումները Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չեն հանգեցրել արդարադատության բուն էության խաթարմանը»:

Դիմողը նշում է. «ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ կրկին ներկայացված բողոքը դատարան ներկայացնելու նպատակով փոստային ծառայության է հանձնվել սահմանված ժամկետում (…): (…) Վերաքննիչ դատարանը զուտ ձևական առումներով է սահմանափակել անձի իրավունքը:

(…) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը սեփական «հետազոտությունն է» կատարել պարզելու «Տրանսիմպեքս» ՍՊԸ-ի գործունեությունը, սակայն լիարժեք չի բացահայտել այն և դրանից բխող բացասական հետևանքները դրել է Արման Բաբաջանյանի վրա: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն ըստ էության անհարկի սահմանափակել է վերջինիս դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ մաս հանդիսացող դատական ակտը բողոքարկելու իրավունքը»:

Վերոնշյալը հիմք է տալիս եզրակացնելու, որ Դիմողի կողմից որպես փաստարկ ներկայացվող կարծիքներն առավելապես վերաբերում են դատարանի գործողությունների/դատական ակտի իրավաչափությանը, մասնավորապես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի: Այսինքն` ձևականորեն վիճարկելով օրենքի համապատասխան դրույթների սահմանադրականությունը` Դիմողը, ըստ էության, բարձրացնում է այդ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իրավակարգավորումները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ մասի և 116-րդ հոդվածի 6-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

24 հունվարի 2023 թվականի

ՍԴԱՈ-4

-----------------------

[1] Դիմողը խնդրագրում խնդրել է նաև. «(…) որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի խնդրո առարկա դրույթների (…) ՀՀ Սահմանադրության (…) համապատասխանության հարցը», սակայն թե´ դիմումի անվանաթերթում, թե´ նկարագրական մասում որևէ անդրադարձ չի կատարվում հիշյալ դրույթին, ուստի` Սահմանադրական դատարանը չի անդրադառնա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-ին հոդվածին:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հունվարի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-4
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել