Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՉԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՉԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-24729 դեկտեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-247)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 դեկտեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 247 | «ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՉԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՅՆՔԱՆՈՎ, ՈՐՔԱՆՈՎ ՉԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԵՐՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի այնքանով, որքանով չի կարգավորում ՀՀ Նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերն ըստ էության լուծելու կարգը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը ՊԱՐԶԵՑ.

1. 2020 թվականի փետրվարի 28-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել ՀՀ վարչական դատարանի դիմումը, որով ներկայացվել է թիվ ՎԴ/12319/05/18 վարչական գործով «Վարչական գործի վարույթը կասեցնելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան դիմելու մասին» 2020 թվականի փետրվարի 26-ի որոշումները: ՀՀ վարչական դատարանն իր դիմումով խնդրել է որոշել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի այնքանով, որքանով չի կարգավորում Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերն ըստ էության լուծելու կարգը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը: «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ Օրենք) «Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծման կարգը» վերտառությամբ 27-րդ հոդվածը սահմանում է. «1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դիմումն անձը ներկայացնում է անձամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի։ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն, իսկ օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության համապատասխան դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ։ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ ներկայացված դիմումները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն։

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացություններն ուղարկվում են Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով։

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություններն ստանալուց հետո Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը դրանք քննարկում է հանձնաժողովի ղեկավարի կողմից հրավիրվող նիստերում։ Քննարկման արդյունքում կազմվում են ամփոփ եզրակացություններ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմած եզրակացությունների հետ մեկամսյա ժամկետում ներկայացվում Հայաստանի Հանրապետության վարչապետին։

4. Հայաստանի Հանրապետության վարչապետը Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից եզրակացություններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու կամ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու մասին առաջարկություն կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը: Սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված բացառիկ դեպքերում Հայաստանի Հանրապետության վարչապետը կարող է անձին քաղաքացիություն շնորհելու մասին առաջարկությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին առանց Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովից եզրակացություն ստանալու:

5. Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծմանն ուղղված Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը ընդունվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 139-րդ հոդվածով սահմանված կարգով:

6. Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Օրենքի վիճարկվող դրույթը վերոնշյալ խմբագրությամբ շարադրվել է 06.12.17թ. ՀՕ-251-Ն օրենքով:

2. Վկայակոչելով Սահմանադրական դատարանի օրենսդրական բացի հաղթահարման վերաբերյալ 05.02.2010թ. ՍԴՈ-864 և 14.09.2010թ. ՍԴՈ-914 որոշումները, դիմողը կարծում է, որ Օրենքի 27-րդ հոդվածը, այնքանով, որքանով չի կարգավորում Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերն ըստ էության լուծելու կարգը, ուղղակիորեն հանգեցնում է անձի արդար դատաքննության իրավունքի խաթարմանը: Դիմողը նշում է, որ առկա իրավակարգավորումների պայմաններում Հանրապետության նախագահը չունի իրավասություն, ըստ էության քննելու քաղաքացիության դադարեցման վերաբերյալ հարցերը և սահմանափակված է ՀՀ վարչապետի կողմից ներկայացված առաջարկությամբ, ուստի, ամեն դեպքում անձը չի կարող պարտավորեցման հայցով դատարանից ակնկալել պարտավորեցնել վարչական մարմնին ընդունելու բարենպաստ վարչական ակտ, քանզի Հանրապետության նախագահի կողմից ՀՀ վարչապետի առաջարկության բովանդակությանը հակասող հրամանագրի ընդունման իրավասության բացակայության պայմաններում դատարանն իրավունք չունի պարտավորեցնելու Հանրապետության նախագահին կատարելու իր իրավասության շրջանակներից դուրս գործողություն: Դիմողը նշում է նաև, որ անձն ունի Սահմանադրությամբ երաշխավորված անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի քննության իրավունք, ու եթե անգամ անձը ձևականորեն ունի պարտավորեցման հայցով դատարան դիմելու իրավունք, քանի որ հայցատեսակին ներկայացվող պահանջները պահպանում է, ապա զրկվում է դատարանի կողմից արդարացի քննության իրավունքից և, փաստորեն, իրավունքի պաշտպանության եղանակը կրում է ձևական բնույթ: Դիմողն արձանագրում է, որ անձն իրապես ունի Հանրապետության նախագահի հրամանագրի իրավաչափության վիճարկման իրավունք, սակայն վիճարկման արդյունքում հաստատվում է ակտի իրավաչափությունը կամ ոչ իրավաչափությունը, մինչդեռ անգամ ոչ իրավաչափության հաստատման դեպքում անձը զրկվում է քաղաքացիությունը դադարեցնելու իրավունքից և փաստացի դատական պաշտպանություն հայցելով չի վերականգնվում խախտված իրավունքը: Վերոգրյալի հաշվառմամբ, դիմողը խնդրում է Օրենքի 27-րդ հոդվածը այնքանով, որքանով չի կարգավորում Հանրապետության նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերն ըստ էության լուծելու կարգը, ճանաչել Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին հակասող:

3. Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պարտավորեցման հայցի էությանը, ինչպես նաև վկայակոչելով Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ և օրենքներով, պատասխանողը նշում է, որ պարտավորեցման հայցի շրջանակներում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը որոշելու համար անհրաժեշտ է այն հարցի պարզումը, թե արդյոք վարչական մարմինը, գործելով Սահմանադրության կամ օրենքով հստակ ամրագրված իր իրավասությունների շրջանակներում, լիազորված էր ընդունելու դատական կարգով հայցվող բարենպաստ վարչական ակտ, թե` ոչ: Վերլուծելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման և դադարեցման կարգին, պատասխանողը նշում է, որ այն բաղկացած է միմյանց հաջորդող որոշակի գործողություններից, այն է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումի ներկայացում, դրա կապակցությամբ ՀՀ ոստիկանության կողմից համապատասխան եզրակացության կազմում և ուղարկում Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով, վերջինիս կողմից տվյալ եզրակացության քննարկում և դրա հետ միասին քննարկման արդյունքում կազմված ամփոփ եզրակացության ներկայացում ՀՀ վարչապետին, որից հետո մեկամսյա ժամկետում, ՀՀ վարչապետը Հանրապետության նախագահին ներկայացնում է քաղաքացիության վերաբերյալ դիմում ներկայացրած անձին քաղաքացիություն շնորհելու կամ դադարեցնելու կամ քաղաքացիության շնորհումը կամ դադարեցումը մերժելու մասին առաջարկություն կցելով Հանրապետության նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը: Անդրադառնալով Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասին, պատասխանողը գտնում է, որ նման պարագայում օրենսդրին մնում էր միայն օրենքով կանոնակարգել ՀՀ քաղաքացիություն շնորհելու և ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը լուծելիս Հանրապետության նախագահի լիազորությունների իրագործումը: Հետևաբար, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերն ըստ էության լուծելու կարգ կարող էր նախատեսված լինել միայն Հանրապետության նախագահին Սահմանադրությամբ այդպիսի լիազորություն տրված լինելու պարագայում:

4. Ուսումնասիրելով դիմումը և պատասխանող կողմի գրավոր բացատրությունը Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ հիմնավորմամբ. Սահմանադրության 134-րդ հոդվածի համաձայն Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը: Վերոգրյալ սահմանադրական նորմից բխում է, որ Հանրապետության նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը լուծելու նպատակով օրենսդիրը սահմանելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքերը և կարգը, իսկ վերջինիս շրջանակներում օրենսդիրը Հանրապետության նախագահին օժտելու է համապատասխան լիազորություններով: Մինչդեռ, Սահմանադրության 134-րդ հոդվածի իրացման շրջանակները որոշակիորեն սահմանափակված են այն հիմքով, որ, նախ Սահմանադրության 123-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով Հանրապետության նախագահի լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ, երկրորդ Սահմանադրության 139-րդ հոդվածով սահմանադիրն արդեն իսկ սահմանել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու կարգի որոշակի տարրեր և այդ շրջանակներում Հանրապետության նախագահի լիազորությունները: Մասնավորապես Սահմանադրության 139-րդ հոդվածի համաձայն. «1. Իր լիազորություններն իրականացնելիս Հանրապետության նախագահն ընդունում է հրամանագրեր և կարգադրություններ:

2. Հանրապետության նախագահը Սահմանադրության 131-137-րդ հոդվածներով, 155-րդ հոդվածի 3-րդ մասով, 166-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան:

3. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով»: Վերոգրյալ վերլուծությունից հետևում է, որ քննարկվող դեպքում չի կարող խոսք լինել օրենսդրական բացի մասին, քանի որ դիմողի բարձրացրած հարցը հստակ կարգավորված է Սահմանադրությամբ: Օրենսդիրն ի իրացումն Սահմանադրության 134-րդ հոդվածով իրեն վերապահված իրավասության, ընդամենը կարող է սահմանել քաղաքացիության դադարեցման կարգի այնպիսի տարրեր, որոնք չեն հակասի Սահմանադրության 139-րդ հոդվածով սահմանված կարգին և կփոխլրացնեն այն: Ինչ վերաբերում է դիմողի մտահոգությանը կապված քաղաքացիության դադարեցումը մերժելու վերաբերյալ Հանրապետության նախագահի ակտը կոնկրետ հայցատեսակի սահմաններում Վարչական դատարանում վիճարկելու և դրա արդյունքում խախտված իրավունքների վերականգնմանը հասնելու օրենսդրական հնարավորություններին, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ այդ հարցը գտնվում է դատական մարմինների իրավասության տիրույթում, որոնք համապատասխան իրավակիրառ պրակտիկայի ձևավորմամբ պետք է հասնեն տվյալ հարցով արդարադատության իրականացմանը: Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ՀՀ վարչական դատարանի դիմումի հիման վրա «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի այնքանով, որքանով չի կարգավորում ՀՀ Նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերն ըստ էության լուծելու կարգը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

29 դեկտեմբերի 2020 թվականի

ՍԴԱՈ-247

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 դեկտեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-247
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել