Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 165-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1.1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 165-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1.1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-12612 հուլիսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-126)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 12 հուլիսի 2022թ. ՍԴԱՈ - 126 | «ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 165-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1.1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 165-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1.1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Ռուբեն Վարդազարյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1.1-ին մասի և 51-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2022 թվականի հունիսի 3-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ռուբեն Վարդազարյանի (այսուհետ դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է. «(…) Որոշել ՀՀ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1.1-րդ մասի, ինչպես նաև 51-րդ հոդվածի Սահմանադրության 164-րդ և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:

2. Դիմողը նշում է, որ Սահմանադրության 164-րդ հոդվածով սահմանված երաշխիքների նպատակը և տրամաբանությունը, ինչպես նաև համապատասխան մարմինների գործառույթների վերլուծությունը հանգում են նրան, որ դատավորի և դատարանի անկախության երաշխավորմանն ուղղված որոշումները, ներառյալ անձեռնմխելիության առկայությունը հաստատելը կամ հերքելը, անձեռնմխելիությունից զրկելը կամ չզրկելը Բարձրագույն դատական խորհրդի սահմանադրական լիազորությունն է, և բոլոր դեպքերում հենց այդ մարմինը պետք է որոշի նախատեսվող քրեական հետապնդումը վերաբերու՞մ է դատավորի պաշտոնական լիազորություններին, թե՞ ոչ: Դիմողի դիտարկմամբ ցանկացած այլ մարմնի Բարձրագույն դատական խորհրդի լիազորություններ վերագրելը խախտում է իշխանությունների տարանջատման և սահմանադրական մարմինների հատուկ լիազորությունների առանձնացման սկզբունքները և հակասում է Սահմանադրական դատարանի 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշմամբ արտահայտված համապատասխան դիրքորոշմանը: Արդյունքում դիմողը եզրահանգում է. «(…) սահմանադրական իրավական մեկնաբանության համաձայն դատավորների անձեռնմխելիության առկայության (այսինքն հետապնդման դատավորի լիազորությունների կապակցությամբ լինել-չլինելու) և դրա հաղթահարման հարցերը կարող է և պետք է որոշի բացառապես դատական իշխանության և դատավորի անկախության երաշխավորման հատուկ սահմանադրական գործառույթ/առաքելություն ունեցող մարմին Բարձրագույն դատական խորհուրդը»: Ըստ դիմողի` դատավորի ընթացակարգային անձեռնմխելիության ինստիտուտը կարող է առհասարակ իմաստազրկվել հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատավորի մասնագիտական գործունեությունը կարող է ճնշվել նրա «մասնագիտական գործունեության հետ չփոխկապակցված» քրեական գործերի միջոցով: Ավելին, դիմողը գտնում է, որ հակառակ մեկնաբանության պարագայում մեղսագրվող արարքի դատավորի լիազորությունների հետ կապված լինելու կամ չլինելու հարցը, փաստորեն, միանձնյա որոշում է Գլխավոր դատախազը, իսկ Սահմանադրությամբ նախատեսված իրավական կառուցակարգերը չպահպանելու պարագայում վարույթի հետագա փուլերում «մրցակցություն» առաջ է գալիս Վճռաբեկ դատարանի (կամ դատական այլ ատյանի) և Բարձրագույն դատական խորհրդի միջև: Նկարագրվածը, ըստ դիմողի, կհանգեցնի դատավորի ընթացակարգային անձեռնմխելիության ձևականացման և դրա գործնական կիրառելիության անհնարինության: Դիմողի պնդմամբ` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1.1-ին մասը (առնվազն պրակտիկայում տրված մեկնաբանությամբ) Գլխավոր դատախազին է իրավունք վերապահում որոշելու դատավորի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ հանդիսանալը, ինչն էլ հակասում է Սահմանադրության 164-րդ հոդվածին (դիմողի հիմնավորմամբ ինչով պայմանավորված խախտվել են իր Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները): Դիմողի գնահատմամբ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածն այնքանով, որքանով Բարձրագույն դատական խորհրդին չի վերապահում իրավունք որոշելու դատավորի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը վերջինիս լիազորությունների կապակցությամբ է, թե ոչ, հակասում է Սահմանադրության 164-րդ հոդվածին, ինչով պայմանավորված խախտվում են դիմողի Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված իրավունքները: Դիմողի կարծիքով` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի կարգավորումն այնքանով, որքանով չի նախատեսում քրեական հետապնդման դատավորի լիազորությունների իրականացման կապակցությամբ լինել-չլինելու հարցը բացառապես Բարձրագույն դատական խորհրդի կողմից որոշման ենթակա լինելու կանոնակարգում, խախտում է Սահմանադրության 164-րդ հոդվածը հանգեցնելով նաև դիմողի Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման (օրենքով ստեղծված դատարանի կողմից գործի քննության երաշխիք, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունք, արդյունավետ դատական պաշտպանության երաշխիք և այլն): «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1.1-ին մասի վերաբերյալ դիմողը նշում է, որ այնքանով, որքանով Գլխավոր դատախազին իրավունք է վերապահում որոշելու դատավորի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ոչ իր լիազորությունների կապակցությամբ հանդիսանալու բնույթը, հակասում է Սահմանադրության 164-րդ հոդվածին: Դիմողը եզրահանգում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1.1-ին մասով և 51-րդ հոդվածի 2-րդ մասով օգտագործված «լիազորությունների կապակցությամբ» հասկացությանն իրավակիրառ պրակտիկայում տրված նեղ մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 164-րդ հոդվածին և 79-րդ հոդվածին:

3. Ուսումնասիրելով ներկայացված դիմումը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքեր, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. 3.1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում, իսկ 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ներկայացված դիմումով վիճարկվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի և 165-րդ հոդվածի 1.1-ին մասի սահմանադրականությունը, որոնցով կարգավորվում են դատավորի կարգավիճակի, մասնավորապես դատավորի անձեռնմխելիության հետ կապված հարաբերությունները, դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու ընթացակարգային հարցերը: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանով նախատեսվում են արդարադատության և որպես դատարան օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար պատասխանատվության, բացառությամբ հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշների առկայության դեպքերի, բացառման սկզբունքը, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կարգը, դատավորին իր լիազորությունների կապակցությամբ ազատությունից զրկելու կարգը։ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերոնշյալ կարգավորումը բխում է Սահմանադրության 164-րդ հոդվածից և մանրամասնում է Սահմանադրության վերոնշյալ նորմով դատավորի կարգավիճակի հետ կապված որոշակի հարցեր։ Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը և տվյալ գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը: Սահմանադրական դատարանը փաստում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածով, որի 1.1-ին մասի սահմանադրականությունը ևս վիճարկվում է դիմողի կողմից, կարգավորվում են դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ դատավորի լիազորությունների կասեցման հետ կապված հարաբերությունները: Վիճարկվող իրավակարգավորման համաձայն դատավորի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում Գլխավոր դատախազն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդին։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերոնշյալ նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիմողի կողմից ներկայացվել են հիմնավորումներ, որոնք առավելապես հանգում են այդ նորմերի Սահմանադրության 164-րդ և 79-րդ հոդվածներին հակասությանը: Մասնավորապես, ըստ դիմողի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1.1-ին մասն այնքանով, որքանով Գլխավոր դատախազին վերապահվում է իրավունք որոշելու դատավորի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ հանդիսանալու բնույթը, և նույն օրենսգրքի 51-րդ հոդվածն այնքանով, որքանով Բարձրագույն դատական խորհրդին չի վերապահում իրավունք որոշելու դատավորի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման բնույթը, հակասում են Սահմանադրության 164-րդ հոդվածին: Սահմանադիրը իբրև հիմնարար արժեք ճանաչելով մարդու սահմանադրական արդարադատության իրավունքը, ուրվագծել է անհատական սահմանադրական գանգատարկման միջոցով մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորմանն ուղղված կառուցակարգերի շրջանակն ու բովանդակությունը Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում ամրագրելով դատական սահմանադրական պաշտպանության իրավունքը կյանքի կոչելու սահմանադրաիրավական հիմքերն ու եղանակները: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը հռչակում է, որ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական արդարադատության առանցքային ուղղություններից է անձի սահմանադրական իրավունքների պաշտպանության համալիրի գործունակության երաշխավորումը, որի շրջանակներում իր ուրույն դերակատարությունն ունի անձի անհատական դիմում ներկայացնելու Սահմանադրությամբ երաշխավորված գործիքը: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի վերլուծությունից կարելի է մակաբերել, որ անձը, ի թիվս այլնի, սահմանադրական արդարադատության կարող է դիմել բացառապես այն պարագայում, երբ վերջինիս կողմից վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի/դրույթների հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման: Վերոգրյալից բխում է սահմանադրաիրավական պահանջն առ այն, որ անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Վերոհիշյալ սահմանադրաիրավական կարգավորումներն իրենց արտացոլումն են գտել նաև Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում։ Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև։ Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր։ Դիմողի կողմից ներկայացված հիմնավորումների ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրահանգելու, որ վերջինիս կողմից չի պահպանվել Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին առաջադրվող հիմնավորվածության պահանջը: Մասնավորապես, սույն անհատական դիմումով չի հիմնավորվել, թե դիմողի սահմանադրական ո՞ր հիմնական իրավունքներն են խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների հնարավոր խախտման փաստի միջև, ինչը Սահմանադրական դատարանի կողմից իրականացվող կոնկրետ վերահսկողության դեպքում պարտադիր պահանջ է։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի կողմից ներկայացված հիմնավորումներն առավելապես վերաբերելի են վիճարկվող նորմերի Սահմանադրության 164-րդ և 79-րդ հոդվածներին ենթադրյալ հակասությանը, որպիսիք վերոշարադրյալ սահմանադրաիրավական կարգավորումների ուժով անհատական սահմանադրական գանգատարկման առարկա չեն կարող հանդիսանալ: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմողը նշում է, որ վիճարկվող նորմերի Սահմանադրության 164-րդ և 79-րդ հոդվածներին հակասությունը հանգեցնում է իր Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված իրավունքների խախտման, մինչդեռ սահմանադրաիրավական հիշատակված կարգավորումները պահանջում են, որ յուրաքանչյուր դեպքում Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս սահմանադրական արդարադատություն հայցող սուբյեկտը հիմնավորի վիճարկվող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության արդյունքում Սահմանադրության 2-րդ գլխով ամրագրված իր իրավունքների խախտման/սահմանափակման անմիջական պատճառահետևանքային կապը, այլ ոչ թե Սահմանադրության այլ գլուխներում ամրագրված նորմերի ենթադրյալ հակասության արդյունքում դրանց ենթադրյալ խախտումը, ինչը ձևախեղում է կոնկրետ սահմանադրական վերահսկողության բուն էությունը: Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում շեշտել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ներկայացվող հիմնավորվածության պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթների և ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի վերաբերյալ բավարար հիմնավորումներ։ Ուստի պայմանավորված այն հանգամանքով, որ վերոնշյալ պահանջները սույն դիմումում պահպանված չեն, դիմումը, հիշատակված հիմնավորումներով պայմանավորված, Սահմանադրական դատարանի գնահատմամբ ակնհայտ անհիմն է, որպիսի պայմաններում գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման ակնհայտ անհիմն լինելու հիմքով: 3.2. Անդրադառնալով դիմողի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1.1-ին մասի և 51-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ ներկայացված այն հիմնավորմանը, ըստ որի` այդ նորմերով օգտագործված «լիազորությունների կապակցությամբ» հասկացությանն իրավակիրառ պրակտիկայում տված նեղ մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 164-րդ հոդվածին և 79-րդ հոդվածին, ապա դրանց ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս եզրահանգել, որ դիմողի կողմից, ըստ էության, բարձրացվում են վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտի/վերաքննիչ քրեական դատարանի գործողությունների իրավաչափության հարցեր: Մասնավորապես, դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները հանգում են նրան, որ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում վերջինիս կողմից իր լիազորությունների իրականացման կապակցությամբ, մինչդեռ իրավակիրառ պրակտիկայում «լիազորությունների կապակցությամբ» հասկացությանը տրվել է նեղ մեկնաբանություն այն ձևակերպմամբ, որ Ռուբեն Վարդազարյանին մեղսագրվող արարքները ոչ միայն որևէ աղերս չունեն որպես Բարձրագույն դատական խորհրդի նախագահ, ինչպես նաև որպես դատավոր նրա լիազորությունների հետ, այլև հակասում են դրանց: Դիմումով ներկայացված հիմնավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ դրանով չեն ներկայացվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1.1-ին մասի և 51-րդ հոդվածի 2-րդ մասի հակասահմանադրականության կամ այդ նորմին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության հակասահմանադրականության վերաբերյալ հիմնավորումներ. փոխարենը` դիմումով ներկայացված հիմնավորումները հանգում են թիվ ԵԴ/0308/11/21 գործով վերաքննիչ քրեական դատարանի 2021 թվականի օգոստոսի 9-ի որոշման օրինականության, վերաքննիչ քրեական դատարանի գործողությունների իրավաչափության վիճարկմանը: Մասնավորապես, դիմողը սույն դիմումով, ըստ էության բարձրացնում է այն հարցը, թե իրավաչա՞փ է վերաքննիչ դատարանի կողմից վերոնշյալ որոշմամբ արտահայտած այն դիրքորոշումը, որ Ռուբեն Վարդազարյանին մեղսագրվող արարքը կապված չէ վերջինիս կողմից իր լիազորությունների իրականացման հետ, հետևաբար վերջինիս նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն իր լիազորությունների իրականացման կապակցությամբ չէ և կարող է հարուցվել առանց Բարձրագույն դատական խորհրդի համաձայնության։ Մինչդեռ Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ այսպիսի հարցերի գնահատումը Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակներից դուրս է: Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Վերոգրյալից բխում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1.1-ին մասի և 51-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ, ձևականորեն բարձրացնելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, դիմողը, ըստ էության, բարձրացնում է վերաքննիչ քրեական դատարանի որոշման օրինականության/ դատարանի գործողությունների իրավաչափության հարցեր, իսկ այդպիսի դիմումները, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: 3.3. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, կրկնելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 8-րդ մասի դրույթները, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Թիվ ԵԴ/0308/11/21 դատական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին թույլ է տալիս հանգել հետևության, որ դիմողի կողմից վիճարկվող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1.1-ին մասը չի կիրառվել դիմողի նկատմամբ սույն գործով կայացված դատական ակտերով, ինչը Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների դեպքում պարտադիր պայման է: Տվյալ դեպքում դիմողի կողմից սույն անհատական դիմումով բարձրացվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1.1-ին մասի սահմանադրականության հարց: Վերոնշյալ նորմի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանով կարգավորվում են դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ դատավորի լիազորությունների կասեցման հետ կապված հարաբերությունները, իսկ դիմողի կողմից վիճարկվող դրույթը սահմանում է դատավորի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու դեպքում այդ մասին Բարձրագույն դատական խորհրդին տեղեկացնելու վերաբերյալ Գլխավոր դատախազին ուղղված պահանջը: Այսինքն յուրաքանչյուր դեպքում, երբ դատավորի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ոչ իր լիազորությունների կապակցությամբ է, Գլխավոր դատախազն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Բարձրագույն դատական խորհրդին: Հենց այս դրույթով ղեկավարվելով Գլխավոր դատախազը 2021 թվականի ապրիլի 14-ի գրությամբ տեղեկացրել է Բարձրագույն դատական խորհրդին Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին: Սահմանադրական դատարանը փաստում է, որ վերոնշյալ դրույթը դիմողի նկատմամբ չի կիրառվել սույն գործով կայացված դատական ակտերով, հետևաբար դիմողն այս հարցով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար իրավասու սուբյեկտ չէ: Վերահաստատելով 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումը, ըստ որի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1.1-ին մասով դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով և 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Ռուբեն Վարդազարյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1.1-ին մասի և 51-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

12 հուլիսի 2022 թվականի

ՍԴԱՈ-126

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 հուլիսի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-126
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել