Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 121-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ և 316-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 121-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ և 316-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-14624 նոյեմբերի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-146)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 24 նոյեմբերի 2023թ. ՍԴԱՈ - 146 | «ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 121-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ և 316-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 121-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ և 316-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2023 թվականի հոկտեմբերի 26-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Արուսյակ Ալեքսանյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«(…) Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված անձնական ազատության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասը՝ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով տրված այն մեկնաբանության կամ այն բովանդակության շրջանակներում, որ մեղադրյալն առանց նոր հանգամանքների, նույն մեղադրանքով կրկին կարող է կալանավորվել, եթե թեկուզ լրացել է կալանքի ժամկետը, և չի ստացվել այն երկարաձգելու մասին դատարանի որոշումը, սակայն մինչև կալանքի ժամկետը լրանալը դատարանը սկսել է մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունը:

(…) Սահմանադրության 27-րդ հոդվածով հռչակված անձնական ազատության իրավունքին հակասող ու անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասը՝ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով տրված այն մեկնաբանության կամ այն բովանդակության շրջանակներում, որ անկախ այն հանգամանքից, որ մինչդատական վարույթում մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքը վերացել է՝ ժամկետն ավարտվելու ուժով, մեղադրյալի նկատմամբ նախնական դատալսումների ընթացքում կարող է կիրառվել կալանք, եթե թեկուզ լրացել է կալանքի ժամկետը, և չի ստացվել այն երկարաձգելու մասին դատարանի որոշումը, սակայն մինչև կալանքի ժամկետը լրանալը դատարանը սկսել է մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունը»:

2. Ներկայացնելով թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը Դիմողը նշում է, որ բոլոր այն դեպքերում, երբ լրացել է մեղադրյալի կալանքի ժամկետը, և առկա չէ դատարանի որոշում՝ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին, ապա օրենքի ուժով մեղադրյալը ձեռք է բերում կալանքից ազատվածի կարգավիճակ, և տվյալ փաստն էլ խոչընդոտում է անձի՝ նույն մեղադրանքով կրկին ազատությունից զրկվելուն՝ կալանավորվելուն, եթե առկա չեն այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չեն եղել կալանքից անձի ազատվելու պահին:

Դիմողը գտնում է, որ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասին դատարանների կողմից տրված այն մեկնաբանությունը, համաձայն որի՝ «(…) մեղադրյալն առանց նոր հանգամանքների, նույն մեղադրանքով կրկին կարող է կալանավորվել, եթե թեկուզ լրացել է կալանքի ժամկետը, և չի ստացվել այն երկարաձգելու մասին դատարանի որոշումը, սակայն մինչև կալանքի ժամկետը լրանալը դատարանը սկսել է մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունը», հակասում է Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված՝ անձի անձնական ազատության հիմնարար իրավունքի բովանդակությանը: Մասնավորապես, ըստ Դիմողի, թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասին դատարանների կողմից տրված վերոհիշյալ մեկնաբանությունը, առանց դատավարական օրենքով նախատեսված համապատասխան հիմքի և կարգի գոյության, թույլատրելի է համարում անտեսել մեղադրյալի կալանքի ժամկետը լրանալու փաստը, և, առանց նոր հանգամանքների՝ նույն մեղադրանքով անձի նկատմամբ կրկին կալանք կիրառել՝ առանց հաշվի առնելու, որ նման պայմաններում կրկին չկալանավորվելու դատավարական երաշխիքի գործողության համար դատավարական օրենքը նախատեսում է բացառապես մեկ պայման, այն է՝ անձը պետք է ազատված լինի կալանքից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածով նախատեսված ցանկացած հիմքով:

Դիմողը փաստում է, որ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասը դատարանների կողմից կիրառվել է այն մեկնաբանությամբ, որ անկախ այն հանգամանքից, որ մինչդատական քրեական վարույթում մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածով նախատեսված ցանկացած, այդ թվում՝ ժամկետը լրանալու հիմքով, վերացել է, նախնական դատալսումների ընթացքում դատարանը մեղադրյալի նկատմամբ կալանք կարող է կիրառել, եթե նույնիսկ լրացել է կալանքի ժամկետը, և չի ստացվել այն երկարաձգելու մասին դատարանի որոշումը, սակայն մինչև կալանքի ժամկետը լրանալը դատարանը սկսել է մեղադրյալի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու հարցի քննությունը:

Հավելելով՝ Դիմողը նշում է, որ տվյալ քրեական գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասը դատարանների կողմից կիրառվել է ավելի լայն մեկնաբանությամբ, քան, ինքնին, տվյալ դատավարական նորմի կարգավորումն է այն մասին, որ նախնական դատալսումների ընթացքում դատարանը մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց, այդ թվում՝ կալանք կարող է կիրառել այն դեպքում, երբ մինչդատական վարույթում մեղադրյալի նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառված չի եղել:

Ամփոփելով՝ Դիմողը փաստում է, որ խնդրո առարկա քրեական գործով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասին դատարանների կողմից տրված մեկնաբանությունը հակասում է (անհամատեղելի է) Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված՝ անձնական ազատության իրավունքին այնքանով, որքանով նման մեկնաբանությունը թույլ է տալիս նախնական դատալսումների ընթացքում դատարանի կողմից մեղադրյալի նկատմամբ կիրառել կալանք՝ օրենքով նման լիազորության կամ հիմքի բացակայության պայմաններում:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «Ակնհայտ անհիմն են նաև այն դիմումները, երբ նույն դիմողը միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» վիճարկում է այն նույն դրույթի սահմանադրականությունը, որի հիման վրա գործի քննության ընդունումը մերժվել կամ արդեն իսկ ընդունվել է քննության սահմանադրական դատարանի կողմից»:

Վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը արտահայտել է իրավական դիրքորոշում նաև առ այն, որ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը չի ենթադրում անձի՝ իր հայեցողությամբ ցանկացած միջոցի կամ ընթացակարգի ընտրության հնարավորություն: Այդ միջոցներն ու ընթացակարգերը, սահմանված լինելով օրենքներով, իրավաբանական նշանակություն ունեցող համապատասխան դեպքերի, փաստերի առկայության պարագայում նախատեսում են անձի խախտված իրավունքների դատական կարգով պաշտպանության կոնկրետ ձևեր ու եղանակներ։

Վերահաստատելով նշված որոշմամբ արտահայտված դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանում դատական պաշտպանության իրավունքն անձն իրացնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով վերապահված իր իրավունքի շրջանակներում՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով՝ ելնելով նաև Սահմանադրական դատարանում գործերի քննության և լուծման առանձնահատկություններից։ Միաժամանակ, դատական պաշտպանության իրավունքը և դրա իրացման՝ օրենքով նախատեսված ընթացակարգային կանոնները հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող, որովհետև դրանց իրացումը ենթադրում է կոնկրետ իրավական (Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված) գործընթացներ և պայմանավորված է դրանց մասնակից սուբյեկտների փոխադարձ իրավունքներով ու պարտականություններով։

Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները և Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է հետևյալը.

Դիմողի կողմից միևնույն՝ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին, 121-րդ հոդվածի 1-ին մասին և 316-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ անհատական դիմում է մուտքագրվել Սահմանադրական դատարան նաև 2023 թվականի մայիսի 23-ին:

Սահմանադրական դատարանը 2023 թվականի հունիսի 13-ի ՍԴԱՈ-66 աշխատակարգային որոշմամբ «Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա՝ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 121-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել է քննության:

2023 թվականի հոկտեմբերի 3-ի ՍԴԱՈ-114 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը վերոգրյալ գործի վարույթը մասամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի մասով կարճել է՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

2023 թվականի հոկտեմբերի 26-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Դիմողի սույն անհատական դիմումը, որով վերջինս կրկին վիճարկում է թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործի շրջանակներում իր նկատմամբ կիրառված՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասին և 316-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը:

Ավելին, տվյալ պարագայում Դիմողը միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» է վիճարկել վերոնշյալ դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, որոնք վերջինս ներկայացրել է նաև 2023 թվականի մայիսի 23-ին Սահմանադրական դատարան մուտքագրված անհատական դիմումով:

Ինչպես արդեն վերը վկայակոչվել է, Սահմանադրական դատարանը, 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ անդրադառնալով Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներով գործերի քննության մերժման հիմքերին, մասնավորապես՝ ակնհայտ անհիմն դիմումներին, արձանագրել է, որ ակնհայտ անհիմն են այն դիմումները, երբ նույն դիմողը միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» վիճարկում է այն նույն դրույթի սահմանադրականությունը, որի հիման վրա գործի քննության ընդունումը մերժվել է Սահմանադրական դատարանի կողմից:

Վերոգրյալից բխում է, որ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը, այդ թվում՝ Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու իրավունքը, չի ենթադրում միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» նույն դատական գործի շրջանակներում կիրառված նույն դրույթի սահմանադրականության վիճարկման վերաբերյալ բազմաթիվ դիմումների ներկայացման հնարավորություն այն պարագայում, երբ դրա քննության վերաբերյալ արդեն իսկ առկա է Սահմանադրական դատարանի դատական կազմի կամ աշխատակարգային որոշում։

Անդրադառնալով Դիմողի կողմից սույն անհատական դիմումում ներկայացված հետևյալ դիրքորոշմանը. «(...) այն դեպքերում, երբ Սահմանադրական դատարանը, արձանագրելով, որ անհատական դիմումը հղումներ է պարունակում սահմանադրականությունը վիճարկվող դրույթին, մեխանիկորեն նշված փաստը գնահատում է՝ որպես գործի քննության ընդունումը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք, ապա Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի ուժով անձի կողմից ներկայացված անհատական դիմումը քննության ընդունելու հարցը, փաստորեն, գնահատվում է ոչ թե անհատական դիմումի հիմնավորվածության, այլ անհատական դիմումը քննության ընդունելու նպատակահարմարության տեսանկյունից՝ այնքանով, որքանով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ կարող է մերժվել «անպատեհ» ներկայացված կամ «քննությունը նպատակահարմար չհամարվող» ցանկացած անհատական դիմում»՝ հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարանի՝ ինչպես ըստ էության, այնպես էլ աշխատակարգային և դատական կազմի կողմից ընդունված որոշումները վերջնական են և ենթակա չեն բողոքարկման: Սահմանադրական դատարանի կայացրած որոշումների անբողոքարկելի լինելը հստակ արձանագրված է Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասով, համաձայն որի՝ Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները վերջնական են և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

Այսպիսով, Դիմողը սույն դիմումով միևնույն «հիմնավորումներով» և «փաստարկներով» վիճարկում է միևնույն՝ թիվ ՀԿԴ/0002/01/23 քրեական գործի շրջանակներում կիրառված այն նույն դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, որոնց սահմանադրականությունը վիճարկել էր նաև իր՝ 2023 թվականի մայիսի 23-ին Սահմանադրական դատարան մուտքագրված անհատական դիմումով: Ավելին, նշված անհատական դիմումի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի՝ գործի վարույթը մասամբ՝ հենց սույն անհատական դիմումով վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի մասով, կարճելու մասին 2023 թվականի հոկտեմբերի 3-ի ՍԴԱՈ-114 աշխատակարգային որոշումը:

Հետևաբար՝ Դիմողի՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը մերժելու հիմք է:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Արուսյակ Ալեքսանյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի և 316-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

24 նոյեմբերի 2023 թվականի

ՍԴԱՈ-146

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 նոյեմբերի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-146
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել