«ՀՐԱՉԻԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 418-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-81)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 մայիսի 2025թ. ՍԴԱՈ - 81 | «ՀՐԱՉԻԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 418-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՀՐԱՉԻԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 418-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԿԵՏԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հրաչիկ Հախնազարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2025 թվականի ապրիլի 21-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հրաչիկ Հախնազարյանի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Գարիկ Հախնազարյան) դիմումը, որով վերջինս խնդրել է.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61 և 63, ու 75, 79, 80, 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը:
Եվ/կամ
ՀՀ Սահմանադրության 61 և 63, 75, 79, 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել հակասող և անվավեր՝ այնքանով, որքանով այն չի ապահովվում նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորություն այն դեպքում, երբ քրեական գործի շրջանակներում հաստատվել է հանցագործության փաստի առկայությունը, իսկ եթե Բարձր Դատարանը կգա եզրահանգման, որ ՀՀ վճռաբեկ դատարանը իր լիազորությունների շրջանակում չի կարող նման լայն մեկնաբանություն տալ նորմին և նման մեկնաբանություն տալու արդյունքում կստանձնի օրենսդրի լիազորություններ՝ այդ կերպ խախտելով իշխանության ճյուղերի միջև առկա սահմանադրական հավասարակշռումը, ապա արձանագրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի պահանջներին հակասող և անվավեր՝ այնքանով, որքանով օրենսդիրը չի նախատեսել վարույթ իրականացնող մարմնի կողմից հաստատված հանցագործության փաստի առկայությունը, որպես նոր երևան եկած հանգամանք»:
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/29347/02/19 քաղաքացիական գործի, ինչպես նաև թիվ ԵԴ/0065/01/22 քրեական գործի դատավարական նախապատմությունները՝ Դիմողը նշում է, որ սույն դիմումով վիճարկում է թիվ ԵԴ/29347/02/19 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 2024 թվականի հուլիսի 25-ին կայացված որոշմամբ, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշմամբ անմիջականորեն վկայակոչված և իր նկատմամբ փաստացի կիրառված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը, համաձայն որի՝ «Ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու հարցը քննության առնելու մասին» որոշումը չի կարող հավասարեցվել վերջնական մեղադրական դատավճռի հետ, և նշված որոշումը չի կարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով համարվել որպես նոր երևան եկած հանգամանք:
Դիմողը գտնում է, որ «դատավճիռ» եզրույթն անհրաժեշտ է մեկնաբանել առավել լայն՝ որպես եզրափակիչ դատական ակտ, որով հաստատվում է անձի մեղավորությունը, քանի որ այլ մեկնաբանության արդյունքում փաստացի ստացվում է մի իրավիճակ, երբ խախտվել են անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքները, սակայն դրանք ենթակա չեն վերականգնման միայն այն պատճառով, որ առկա չէ դատավճիռ: Ըստ Դիմողի՝ նշվածը չի բխում իրավական պետության հիմնարար սկզբունքներից: Հավելելով՝ Դիմողը նշում է, որ քրեական գործը դատավճռով ավարտելու իրավական հնարավորությունը դուրս է մասնավոր անձի իրավասության տիրույթից և գտնվում է վարույթն իրականացնող մարմնի և դատարանի լիազորությունների սահմաններում, քանի որ գործն օրենքով սահմանված կարգով նախաքննություն իրականացնող մարմնի կողմից դատարան փոխանցելու և այն դատարանի կողմից քննելու պայմաններում կարող է կայացվել դատավճիռ: Ընդ որում, ըստ Դիմողի, այն պարագայում, երբ օրենքով նախատեսված դեպքերում (վաղեմության ժամկետի ավարտ, հանցանքի ապաքրեականացում և այլն) չի կայացվում դատավճիռ, սակայն քրեական գործի շրջանակներում ընդունված որոշումներով ապացուցվում է մեղսագրվող արարքը, անձը չի կարող զրկվել ոչ իրավաչափ գործողությունների (հանցագործության) հետևանքով իր իրավունքների պաշտպանության և վերականգնման հնարավորությունից:
Դիմողի պնդմամբ՝ Վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին տրված նեղ մեկնաբանության պայմաններում ստացվում է, որ հանցագործության փաստի առկայությունը որոշմամբ կամ դատական այլ ակտով հաստատվելը դեռևս ոչինչ չի նշանակում, քանի որ վարույթի արդյունքում կայացված վերջնական ակտը «դատավճիռ» եզրույթի ներքո չի դիտարկվում, չնայած, ինչպես և դատավճիռը, այն բովանդակային առումով ևս պարունակում է հիմնավորված փաստեր անձի մեղավորության հաստատման վերաբերյալ, նշվածն էլ այն դեպքում, երբ քրեական գործի շրջանակներում հաստատվել է գրավոր ապացույցի կեղծված լինելը, հանցագործության համար մեղադրվող անձն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, և միայն վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով է քրեական գործի վարույթը կարճվել:
Ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթներին տրված նեղ, Սահմանադրությունից չբխող մեկնաբանության պայմաններում ստացվում է, որ անձը կարող է զրկվել ինչպես իր սահմանադրական իրավունքները պաշտպանելու և վերականգնելու իրավունքից, այնպես էլ իր սեփականության իրավունքից, քանի որ վիճարկվող նորմում նշված է «դատավճիռ» եզրույթը:
Դիմողը գտնում է, որ «(...) քրեադատավարական գործիքակազմի գործադրման միջոցով ձեռք է բերվել կոնկրետ անձի կողմից նոր երևան եկած հանգամանք վկայակոչող արարքը կատարելու վերաբերյալ ապացույց»: Դիմողի պնդմամբ՝ այն, որ քրեադատավարական օրենսդրությունը կոնկրետ հիմքերի առկայության դեպքում պահանջում է կայացնել քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում և բացառում է դատավճիռ կայացնելու իրավական հնարավորությունը, չպետք է հիմք հանդիսանա իր խախտված իրավունքի վերականգնումը մերժելու համար, քանի որ ինքը կրում է օրենքով չնախատեսված և իր վարքագծով չպայմանավորված չափազանց ծանր բեռ: Հետևաբար, ըստ Դիմողի, Վճռաբեկ դատարանի կողմից քննարկվող նորմի նման նեղ մեկնաբանումը հակասում է արդար դատաքննության իրավունքին և իրավական որոշակիության սկզբունքին:
Դիմողը նաև նշում է, որ սույն պարագայում առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված իրավական բացի սահմանադրականության հարց: Ըստ Դիմողի՝ տվյալ իրավական բացը հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ, ինչպես նաև 75, 79 և 80-րդ հոդվածներին:
Միաժամանակ, Դիմողն իր անհատական դիմումին կից ներկայացրել է իրեն պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդություն՝ հաշվի առնելով, որ 2020 թվականի հունվարի 15-ին դատարանի կողմից կայացված վճռի հիման վրա տրվել է կատարողական թերթ, և արգելանք է դրվել սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի վրա, ինչի հետևանքով ինքը չի կարող վճարել պետական տուրքի գումարը:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքերով և պատճառաբանություններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի
1-ին մասի 1-ին կետի մասով
3.1. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում:
Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով որոշում է օրենքների (…) համապատասխանությունը Սահմանադրությանը:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն անհատական դիմումով բարձրացված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի մայիսի 20-ի ՍԴՈ-1782 որոշումը, որով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով կայացված եզրափակիչ դատավարական ակտերը հիմք են նոր երևան եկած հանգամանքի ուժով դատական ակտերը վերանայելու համար։
Մասնավորապես՝ հիշատակված որոշման 54-55-րդ կետերում Սահմանադրական դատարանը նշել է. «54. Սահմանադրական դատարանը հարկ է համարում նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ վիճարկվող դրույթն անձի՝ դատական պաշտպանության իրավունքի իրականացման միակ կառուցակարգային հնարավորությունն է, որի արգելափակման պարագայում անձը, ըստ էության, զրկվում է իր հայցած դատական պաշտպանության հնարավորությունից, ինչն անհամատեղելի է արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի հետ, որի լիարժեք իրականացման համար անհրաժեշտ է ոչ միայն համապատասխան կազմակերպաիրավական միջոցների ձևական-իրավական առկայությունը, այլ նաև իրավակիրառ հարթությունում դրանց սահմանադրաիրավական առաքելությանը համահունչ ընկալումը, մեկնաբանումն ու կիրառումը։
55. Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատավարական կառուցակարգերին չպետք է տրվի այնպիսի ձևապաշտական մեկնաբանություն, որը կխաթարի արդարադատության իրականացումը. իրավակիրառ մարմնի կողմից նորմի պատշաճ իմաստավորման պարագայում է հնարավոր ապահովել նորմով հետապնդվող սահմանադրական նպատակների անխափան իրացումն ու արդյունավետ դատական պաշտպանության իրական հասանելիությունը»:
Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է նաև հետևյալ դիրքորոշումը. «58. Սահմանադրական դատարանը գտնում է, որ, դատավճռից բացի, քրեական վարույթի ընթացքում կայացվող այլ եզրափակիչ դատավարական ակտերով հաստատվող փաստերին նոր երևան եկած հանգամանքի կարգավիճակ տալը թույլ է տալիս վերսկսել քաղաքացիական վարույթը և դրա շրջանակներում կայացնել հիմնավորված և պատճառաբանված դատական ակտեր։ Ի տարբերություն դատավճռի, սակայն, որով հաստատված փաստական հանգամանքները նախադատելի են քաղաքացիական գործ քննող դատարանի համար և չեն ենթարկվում հետագա ապացուցման, դատավճռից բացի, քրեական վարույթի ընթացքում կայացվող այլ եզրափակիչ ակտերով հաստատվող փաստերը քննվում են քաղաքացիական գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ միասին։ Սահմանադրական դատարանի այս դիրքորոշումն ընդամենը չի զրկում դատարանին այդ հնարավորությունից՝ շահագրգիռ կողմի համար ապահովելով ոչ միայն քրեական վարույթի ընթացքում կայացվող այլ եզրափակիչ ակտերով հաստատվող փաստերը, այլ նաև հենց նման ակտերի կայացման փաստը որպես ապացույց դիտարկելը՝ գործով հիմնավորված և պատճառաբանված ակտ կայացնելու համար»:
Այսինքն՝ Դիմողի կողմից բարձրացված հարցը հանգում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ Սահմանադրությանը համապատասխանության ստուգմանն այնքանով, որքանով վիճարկվող դրույթներով (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի հետևանքով) չի ապահովվում նոր երևան եկած հանգամանքի հիմքով դատական ակտի՝ ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, այնպես էլ նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա վերանայման հնարավորություն այն պայմաններում, երբ գրավոր կամ իրեղեն ապացույցի կեղծված լինելը հաստատվել է ոչ թե դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով, այլ վարույթն իրականացնող մարմնի մեղադրական եզրակացությամբ, որն ուղարկվել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, և տվյալ դատարանի կողմից քրեական գործն ընդունվել է վարույթ, նշանակվել է դատական քննություն, սակայն նույն դատարանի կողմից հետագայում կայացվել է քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշում՝ ոչ արդարացնող՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, որի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1782 որոշումը:
Վերոշարադրյալից բխում է, որ սույն դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի մայիսի 20-ի ՍԴՈ-1782 որոշումը, ինչը Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուժով անհատական դիմումով գործի քննությունը մերժելու հիմք է, ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի մասով, Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման առկայության հիմքով:
Միաժամանակ Սահմանադրական դատարանը հարկ է համարում ընդգծել, որ 2022 թվականի մարտի 29-ի ՍԴՈ-1645 որոշմամբ Սահմանադրական դատարանը Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասը Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել այն մասով, որ չի նախատեսում այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի՝ նոր հանգամանքի հիմքով վերանայում, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը։
Այս առումով, Սահմանադրական դատարանը նկատում է, որ Դիմողը զրկված չէ օրենսդրական մյուս պայմանները բավարարելու պարագայում օրենքով սահմանված կարգով հայցել նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով իր նկատմամբ կայացված դատական ակտի վերանայում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի
1-ին մասի 2-րդ կետի մասով
3.2. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրության վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը հիշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Սահմանադրական դատարանը փաստում է, որ անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի/ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և այդ հիմնական իրավունքի/ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:
Դիմողի կողմից բարձրացված՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի սահմանադրականության հարցի առնչությամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի/ազատության խախտման փաստը, հետևաբար՝ վիճարկվող դրույթի և իր համապատասխան իրավունքի/ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը:
Դիմողը սահմանափակվել է իր հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների սոսկ վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթի և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ հաշվի առնելով սույն կոնկրետ գործի հանգամանքները և առանձնահատկությունները:
Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության՝ հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը, որոշակիության սկզբունքը, ինչպես նաև հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիությունը և հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան սահմանող՝ 75, 79, 80 և 81-րդ հոդվածների բովանդակությունից բխում է, որ դրանք ինքնուրույնաբար չեն կարող դառնալ քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի/ազատության սահմանափակման լույսի ներքո:
Հետևաբար՝ սույն անհատական դիմումի շրջանակում Դիմողի կողմից վիճարկվող համապատասխան դրույթի՝ իր որևէ հիմնական իրավունքի/ազատության խախտման հանգեցնելը չհիմնավորելը բացառում է վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի քննարկումը Սահմանադրության նաև 75, 79, 80 և 81-րդ հոդվածներին համապատասխանության համատեքստում:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի մասով, Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Բավարարել Հրաչիկ Հախնազարյանի` սույն գործով պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը:
2. «Հրաչիկ Հախնազարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
27 մայիսի 2025 թվականի
ՍԴԱՈ-81
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 մայիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-81
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
