«ՎԱՂԻՆԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 277-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-198)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 28 սեպտեմբերի 2021թ. ՍԴԱՈ - 198 | «ՎԱՂԻՆԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 277-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՎԱՂԻՆԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 277-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վաղինակ Մնացականյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2021 թվականի ապրիլի 8-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վաղինակ Մնացականյանի դիմումը, որով դիմողը խնդրել է. «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ և 277-րդ հոդվածները, իրավակիրառ պրակտիկայում տրված այնպիսի մեկնաբանությամբ, որ գույքը ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու վերաբերյալ պահանջը հանդիսանում է վինդիկացիոն հայց, իսկ բնակարանից վտարելու պահանջը նեգատոր հայց, ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր»: Սահմանադրական դատարանի դատական կազմի 2021 թվականի ապրիլի 23-ի ՍԴԴԿՈ-28 որոշմամբ, Վաղինակ Մնացականյանի անհատական դիմումով գործի քննությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 274-րդ հոդվածի մասով, մերժվել է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոհիշյալ հոդվածը դիմողի նկատմամբ չի կիրառվել:
2. Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 277-րդ հոդվածը հակասում է Սահմանադրության 1-ին, 79-րդ և 81-րդ հոդվածներին հետևյալ պատճառաբանությամբ. սույն գործով առկա դատական ակտերում ներկայացված վերլուծություններին համապատասխան չտիրապետող սեփականատիրոջ բնակարանից վտարելու պահանջն ընդդեմ սեփականատեր չհանդիսացող անձի, հանդիսանում է նեգատոր հայց և, հետևապես, այդ պահանջի նկատմամբ հայցային վաղեմություն չի կիրառվում: Ըստ դիմողի դատական ակտերի հիմքում ընկած է այն մոտեցումը, համաձայն որի բնակարանից վտարելու պահանջը և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու հայցապահանջներն իրենց բնույթով և էությամբ տարբեր են, և գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու հայցապահանջը կարող է մերժվել, սակայն նույն հայցադիմումի մեջ ներառվող և միևնույն փաստական և իրավական հիմքերն ունեցող բնակարանից վտարելու պահանջը կարող է բավարարվել: Վերոգրյալի հաշվառմամբ դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 277-րդ հոդվածին տրվել են հակասական մեկնաբանություններ, որոնց համատեքստում իրավունքի սուբյեկտը չի կարող կանխատեսել իր գործողությունների հնարավոր հետևանքները և դրան համապատասխան դրսևորել համաչափ վարքագիծ: Բացի դրանից, նման մեկնաբանությամբ վիճարկվող նորմը կիրառելու պարագայում, ըստ դիմողի, կանխատեսելի չէ նաև իրավակիրառ մարմինների վարքագիծը, քանի որ նույնանման պահանջների դեպքում դրսևորվում են տարբեր մոտեցումներ և պահանջները դասակարգվում են տարբեր կերպ: Ամփոփելով իր դիրքորոշումները դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 277-րդ հոդվածը, իրավակիրառ պրակտիկայում տրված այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու վերաբերյալ պահանջը հանդիսանում է վինդիկացիոն հայց, իսկ բնակարանից վտարելու պահանջը նեգատոր հայց, հակասում է Սահմանադրությանը:
3. Պատասխանողը, ներկայացնելով վինդիկացիոն և նեգատոր հայցերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի մի շարք իրավական դիրքորոշումներ, գտնում է, որ վինդիկացիոն և նեգատոր հայցերի տարբերակման հարցը քննարկելիս պետք է պարզել, թե արդյոք սեփականատիրոջ իրավունքի խախտումը կապված է նրան իր գույքի տիրապետումից զրկելու հետ, թե` ոչ: Ըստ պատասխանողի, եթե գույքի սեփականատերը զրկված է իր գույքը տիրապետելու հնարավորությունից, ապա ի հայտ է գալիս վինդիկացիոն հայցը, որի վրա տարածվում է հայցային վաղեմությունը, իսկ եթե գույքի սեփականատերը զրկված չէ գույքը տիրապետելու հնարավորությունից, ապա ի հայտ է գալիս նեգատոր հայցը, որի վրա չի տարածվում հայցային վաղեմությունը: Ընդ որում, հղում կատարելով Վճռաբեկ դատարանի համապատասխան իրավական դիրքորոշմանը, պատասխանողն արձանագրում է, որ վինդիկացիոն և նեգատոր հայցերի հարուցումը ոչ միայն չեն բացառում միմյանց, այլ որոշ դեպքերում, կարող են զուգորդվել փոխլրացնելով միմյանց: Պատասխանողը գտնում է, որ դիմողն Օրենսգրքի համապատասխան նորմը վիճարկում է ոչ թե այդ նորմի և Սահմանադրության միջև ենթադրյալ հակասության համատեքստում, այլ վիճարկվող նորմին դատարանների կողմից տրված մեկնաբանության շրջանակներում, և Սահմանադրական դատարանին խնդրում է նշված հիմքով կարճել գործի վարույթը: Այդ կապակցությամբ պատասխանողը հղում է կատարում Սահմանադրական դատարանի 03.03.2020թ. ՍԴԱՈ-49 աշխատակարգային որոշման հետևյալ հատվածին. «Սույն գործով վիճարկվող դրույթների սահմանադրականության վերաբերյալ դիմումով ներկայացված հիմնավորումներն առնչվում են սովորական օրենքի վիճարկվող դրույթի մեկնաբանությանը հենց այդ օրենքի, այլ ոչ թե Սահմանադրության մակարդակում, ուստի նման մեկնաբանության դեպքում Սահմանադրական դատարանը փաստացի կվերածվի կոնկրետ գործի փաստական և իրավական հանգամանքները գնահատող դատարանի, իսկ այդպիսի իրավասություն, Սահմանադրության համաձայն, Սահմանադրական դատարանը չունի»:
4. Ուսումնասիրելով դիմումը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով առկա են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով ամրագրված գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմքեր, որպիսի պայմաններում սույն գործի քննությունը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանն իր 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ դիմումը չի բավարարում հիմնավորված լինելու պահանջը նաև այն դեպքում, երբ դիմողի հիմնավորումները կապված են ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի հետ, այլ վերաբերում են պարզապես այդ օրինադրույթի կիրառման իրավաչափության հարցին: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց …, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»: Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործով ներկայացված դիմումին և բարձրացված իրավական խնդրին Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի համար ենթադրյալ բացասական հետևանքներ է առաջացրել այն հանգամանքը, որ կոնկրետ գործով դատարանը կիրառել է Օրենսգրքի 277-րդ հոդվածը, որի վրա չի տարածվում հայցային վաղեմություն, և արդյունքում կայացրել է հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ: Դիմողի ներկայացրած դիրքորոշումներից հետևում է, որ ընդհանուր իրավասության դատարանում քննված հայցապահանջը գլխավորապես հանգում էր համապատասխան հարցի լուծումն Օրենսգրքի 274-րդ հոդվածի շրջանակներում իրականացնելուն, որպիսի պայմաններում ներկայացված հայցը չէր կարող բավարարվել, իսկ դիմողի համար բացասական իրավական հետևանքներ չէին առաջանա: Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը, ըստ էության, բարձրացնում է իրավական նորմի կիրառման իրավաչափության հարց, ինչն իր լուծումը պետք է ստանար օրենքի միատեսակ կիրառման գործառույթի իրականացման շրջանակներում: Ուստի Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումը ենթակա է կարճման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքերով, այն է դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն «Սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ` անհատական դիմում) կարող է ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը»: Նույն հոդվածի 5-րդ մասով սահմանվում է. «Անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը»: Սահմանադրական դատարանն իր 2020 թվականի նոյեմբերի 23-ի ՍԴԱՈ-213 աշխատակարգային որոշմամբ անդրադառնալով անհատական դիմումներին ներկայացվող պահանջներին արտահայտել է դիրքորոշում առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Միաժամանակ, դիմողը պետք է նաև պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականության արդյունքում իր ո՞ր սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը։ Այս պահանջները չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է»: Դիտարկելով սույն գործով դիմումը վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողը չի հիմնավորել, թե Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված իր որ իրավունքն է խախտվել վիճարկվող նորմի կիրառման արդյունքում, հետևաբար նաև վիճարկվող նորմի և իր իրավունքների ենթադրյալ խախտման միջև պատճառահետևանքային կապը, որպիսի պայմաններում ներկայացված դիմումն ակնհայտ անհիմն է: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Վաղինակ Մնացականյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 277-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
28 սեպտեմբերի 2021 թվականի
ՍԴԱՈ-198
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 28 սեպտեմբերի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-198
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
