Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՄԱՐԱՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 365-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 10-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՄԱՐԱՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 365-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 10-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-2725 փետրվարի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-27)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 25 փետրվարի 2025թ. ՍԴԱՈ - 27 | «ՄԱՐԱՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 365-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 10-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՄԱՐԱՏ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 38-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 365-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 10-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Մարատ Մանուկյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի և 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2025 թվականի հունվարի 30-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Մարատ Մանուկյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Միքայել Դանիելյան և Հասմիկ Հակոբյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«(...)

(...) Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի և 38-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ և/կամ այլ հոդվածներին»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/51131/02/21 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը և անդրադառնալով վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետին՝ Դիմողը նշում է, որ տվյալ դրույթը հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին, քանի որ, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների արդյունավետ իրացման տեսանկյունից, գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների և պարտականությունների վրա դատական ակտի ազդեցության ողջամիտ հավանականությունը (հնարավորությունը) ինքնին պետք է բավարար լինի տվյալ դատական ակտի անվերապահ բեկանման համար: Մինչդեռ Դիմողը պնդում է, որ վիճարկվող դրույթի բովանդակությունից և իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունից հետևում է, որ դատական ակտը բեկանվում է, եթե արդեն իսկ ունի փաստացի ազդեցություն գործին մասնակից չդարձված անձի իրավունքների և պարտականությունների վրա:

Ըստ Դիմողի՝ այն դեպքում, երբ վիճարկվող դրույթի համաձայն՝ դատական ակտի բեկանման հիմք է միայն գործին մասնակից չդարձված անձի իրավունքների և պարտականությունների վրա արդեն փաստացի առկա ազդեցությունը, ապա գործին մասնակից չդարձված անձը զրկվում է դատական ակտով իր համար ապագայում ողջամտորեն հնարավոր իրավական հետևանքները կանխելու, սեփական իրավունքների և պարտականությունների վրա առանց իր մասնակցության քննված գործով կայացված դատական ակտի հնարավոր ազդեցությունը բացառելու հնարավորությունից, որպիսի պայմաններում խաթարվում է վերջինիս արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների ողջ էությունը, քանի որ նման տարբերակումը չունի որևէ ողջամիտ և օբյեկտիվ հիմք:

Դիմողը գտնում է, որ «(...) օրենսդրի կողմից գործին մասնակից չդարձված անձին իր իրավունքների ու պարտականությունների վրա ազդող դատական ակտը բողոքարկելու եռամսյա ժամկետը դատական ակտի մասին իմանալու կամ դրա հնարավորությունն ունենալու պահից սահմանելն առավել ցայտուն է ընդգծում կարևորությունն ու անհրաժեշտությունը՝ այն բանի, որ դատական ակտը պարտադիր բեկանման ենթակա պետք է լինի նաև այն դեպքում, երբ առկա է անձի իրավունքների և պարտականությունների վրա ազդելու ողջամիտ հավանականություն (հնարավորություն, ռիսկ), քանզի հակառակ պարագայում՝ օրենսդիրը պետք է այդ ժամկետը կապեր համապատասխան ազդեցության ի հայտ գալու կամ այդ ազդեցության մասին իմանալու պահի հետ»։

Վիճարկվող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետը համեմատելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան կարգավորումներ նախատեսող 152-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հետ՝ Դիմողը պնդում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերաբերելի կարգավորումը համապատասխանում է Սահմանադրությանը, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող դրույթը, առանց օբյեկտիվ պատճառների ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համեմատելի դրույթից տարբերվելով, հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին՝ քաղաքացիական դատավարությունում գործին մասնակից չդարձված անձանց արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների իրացումն անհնարին դարձնելով այն պայմաններում, երբ վարչական դատավարությունում գործին մասնակից չդարձված անձանց այդ հիմնական իրավունքների իրացումն ապահովված է։ Մասնավորապես՝ Դիմողը նշում է, որ վարչական դատավարությունում բոլոր այն դեպքերում, երբ վարչական գործով կայացված դատական ակտն ուղղակիորեն շոշափում է գործին մասնակից չդարձած անձի իրավունքները, անկախ փաստացի ազդեցություն ունենալու կամ չունենալու, պարտականություններ առաջացրած լինելու կամ չլինելու, ռեալ բացասական հետևանքների առկայության կամ բացակայության հանգամանքներից, միևնույն է, դատական ակտը ենթակա է անվերապահ բեկանման, մինչդեռ, քաղաքացիական գործով կայացված դատական ակտով, անկախ գործին մասնակից չդարձած անձի իրավունքները շոշափված լինելու հանգամանքից, վիճարկվող դրույթի համատեքստում էական և առաջնային է ռեալ հետևանքներ առաջացած լինելու հանգամանքը, որը, սակայն, ոչ միշտ է տեղի ունենում դատական ակտի կայացման պահին:

Արդյունքում Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետն այնքանով, որքանով որպես դատական ակտի պարտադիր բեկանման հիմք չի նախատեսում դատական ակտի՝ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների և պարտականությունների վրա ազդելու ողջամիտ հնարավորությունը (հավանականությունը), հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին՝ չապահովելով իրավունքների լիարժեք և արդյունավետ պաշտպանություն և գործի արդարացի քննություն։

Անդրադառնալով վիճարկվող՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասին՝ Դիմողը գտնում է, որ անձը պետք է հնարավորություն ունենա գործի քննությանը մասնակցել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ցանկացած դեպքում, երբ վճիռը կարող է ազդել վերջինիս իրավունքների կամ պարտականությունների վրա՝ անկախ այդ իրավունքների և (կամ) պարտականությունների մյուս կողմում գտնվող սուբյեկտի՝ գործով կողմ հանդիսանալու և այլ հանգամանքներից։

Դիմողը նշում է, որ, ի տարբերություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի, ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը երրորդ անձանց՝ դատական ակտով շոշափվելիք իրավունքները չի կապում դատավարության մասնակիցների, կողմերի կամ որևէ այլ անձանց իրավունքների կամ պարտականությունների հետ, և միայն այդ իրավունքների շոշափումն ինքնին անձին դատավարության մեջ որպես երրորդ անձ ներգրավելու հիմք է։

Արդյունքում՝ Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասը հակասում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին «(…) այնքանով, որքանով վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձի կարգավիճակի ստացումը սահմանափակում է բացառապես այն դեպքերով, երբ կայացվելիք դատական ակտը կարող է ազդել բացառապես այդ գործով կողմերից որևէ մեկի հանդեպ անձի իրավունքների և պարտականությունների վրա կամ հանգեցնել այդպիսի իրավունքների և պարտականությունների ծագմանը՝ մյուս բոլոր դեպքերում, ներառյալ նաև՝ մյուս բոլոր անձանց դեպքերում անձին զրկելով գործին այդ կարգավիճակով մասնակցելու, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներն իրացնելու հնարավորությունից»։

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքերով և պատճառաբանություններով.

3.1. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

Սահմանադրական դատարանը հիշյալ աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է. «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումի հիմնավորված լինելու պահանջը չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի/ազատության՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ վիճարկվող օրինադրույթի և այդ հիմնական իրավունքի/ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի հուլիսի 12-ի ՍԴԱՈ-126 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(...) անձը պետք է անհատական դիմումի շրջանակներում ուղղակիորեն մատնանշի և հիմնավորի վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կոնկրետ դրույթի և Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող իր հիմնական իրավունքի և/կամ ազատության ենթադրյալ հակասության անմիջական պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականությունը պետք է ուղղակիորեն հանգեցնի Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման: Այս առնչությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ Սահմանադրության 2-րդ գլխում բովանդակվող սահմանադրաիրավական սկզբունքներին վիճարկվող իրավանորմերի հակասությունը սահմանադրաիրավական իմաստով չի կարող անհատական գանգատարկման առարկա դառնալ, եթե վերջնարդյունքում չի հանգեցնում անձի՝ Սահմանադրության 2-րդ գլխով նախատեսված հիմնական իրավունքի և/կամ ազատության խախտման/սահմանափակման»:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բավարար հիմնավորումներ չի ներկայացրել իր՝ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների խախտման, հետևաբար՝ դրանց ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ: Մասնավորապես՝ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում վիճարկում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և 38-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին՝ առանց ներկայացնելու բավարար հիմնավորումներ իր՝ Սահմանադրության վերոնշյալ հոդվածներով ամրագրված հիմնական իրավունքների խախտման, հետևաբար՝ դրանց ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայության վերաբերյալ։ Դիմողը սահմանափակվել է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի)՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին հակասելու վերաբերյալ պնդումների սոսկ վկայակոչմամբ:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:

3.2. Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:

Այս համատեքստում, հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և 38-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողն իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ/51131/02/21 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակությանը: Մասնավորապես՝ Դիմողը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ վիճարկվող 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և 38-րդ հոդվածի 1-ին մասի հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են թիվ ԵԴ/51131/02/21 քաղաքացիական գործով ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող օրինադրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ/51131/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Ուստի՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման նաև դիմումում առաջադրված հարցերի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին, 2 և 5-րդ մասերով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Մարատ Մանուկյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի և 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

25 փետրվարի 2025 թվականի

ՍԴԱՈ-27

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
25 փետրվարի, 2025 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-27
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել