Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-7329 հոկտեմբերի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-73)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 հոկտեմբերի 2021թ. ՍԴԴԿՈ - 73 | ԱՇՈՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 29 հոկտեմբերի 2021թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը

Նախագահությամբ Է. Շաթիրյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով Աշոտ Պողոսյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Աշոտ Պողոսյանը (ներկայացուցիչ` Տ. Ղազարյան) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հոկտեմբերի 19-ին) խնդրելով. «ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ և 396-րդ հոդվածներն այնքանով, որքանով չեն նախատեսում վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի սպառիչ ցանկը և սահմանափակում են հայցադիմումը վերադարձնելու վերաբերյալ որոշման վճռաբեկության կարգով բողոքարկման իրավունքը, ճանաչել ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ և 79-րդ հոդվածներին հակասող»:

2. Դիմողի կարծիքով քաղաքացիական դատավարությունում վերաքննիչ դատարանի վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի շրջանակը չի սահմանվել Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված որոշակիության սկզբունքին համապատասխան: Դիմողը նշում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ոչ´ 388-րդ և ոչ´ էլ 396-րդ հոդվածները չեն նախատեսում այն միջանկյալ դատական ակտերի սպառիչ ցանկը, որոնք ենթակա են վճռաբեկության կարգով բողոքարկման: Դիմողը գտնում է, որ « (...) եթե Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածը հնարավորություն է տալիս որոշակի պատկերացում կազմել վերաքննության կարգով բողոքարկման ենթակա առաջին ատյանի դատարանի որոշումների շրջանակի մասին, ապա վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերի նման ցանկ (մեկ հոդվածով սահմանված) Օրենսգրքում առկա չէ: Արդյունքում, պարզ չի դառնում, թե որն է նման տարբերակում դնելու հիմքը և ակնհայտ է, որ խախտվում է իրավական որոշակիության սկզբունքը, քանի որ հստակ չէ, թե որ միջանկյալ դատական ակտերն են վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա: (...)

Եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումը միջանկյալ դատական ակտ է, ապա վճռաբեկության կարգով բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի լույսի ներքո այդ որոշման բողոքարկման իրավունքի սահմանափակումն արդարացված չէ, չունի օբյեկտիվ հիմք, ուղղակիորեն խախտում է անձի դատական պաշտպանության իրավունքն ու իր բաղադրատարրերը»: Ըստ դիմողի այն պայմաններում, երբ առկա չէ հայցադիմումը վերադարձնելու վերաբերյալ որոշման վճռաբեկության կարգով բողոքարկման հնարավորություն, իսկ վերաքննիչ դատարանը թույլ է տալիս մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, ստացվում է, որ Վճռաբեկ դատարանի իր սահմանադրական առաքելությունն իրականացնելու հնարավորությունը սահմանափակվում է. արդյունքում սահմանափակվում է նաև դատարանի մատչելիության իրավունքը:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված նյութերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29-րդ հոդվածի պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ հիմքերով և պատճառաբանություններով. 3.1. Օրենքների, վերջիններիս դրույթների Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը Սահմանադրական դատարանն, ի թիվս այլնի, իրականացնում է ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացրած դիմումների (անհատական դիմումներ) հիման վրա համաձայն Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի։ Անհատական դիմումների ընդունելիության հարցերը լուծելիս Սահմանադրական դատարանը ղեկավարվում է Օրենքի 29 և 69-րդ հոդվածներով, որոնցով նախատեսված համապատասխան պայմաններից թեկուզ և մեկի բացակայությունը բացառում է անհատական դիմումով գործի քննության ընդունումը։ Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սույն դիմումին կից ներկայացված վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշման պատճենի, ինչպես նաև «datalex» դատական տեղեկատվական համակարգում թիվ ԱՐԱԴ/1550/02/21 քաղաքացիական գործին վերաբերող տեղեկատվության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ և 396-րդ հոդվածները դիմողի նկատմամբ չեն կիրառվել: Վերոնշյալի առնչությամբ Սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: 3.2. Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ հոդվածի 1-ին մասը, 396-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը Սահմանադրական դատարանի 2021 թվականի հունվարի 27-ի ՍԴՈ-1573 որոշմամբ ճանաչվել են Սահմանադրությանը համապատասխանող, այսինքն հիշյալ նորմերի մասով առկա է Սահմանադրական դատարանի որոշում, որում, մասնավորապես, նշված է. «(...) օրենսդիրը բավարար հստակությամբ սահմանել է, թե վերաքննիչ դատարանի միջանկյալ ո՛ր դատական ակտերը կարող են բողոքարկվել վճռաբեկության կարգով, ուստի անձը ողջամիտ սահմաններում ի վիճակի է կանխատեսել իր վարքագծի հետևանքները և հնարավորություն ունի իր վարքագիծը ներդաշնակեցնել սահմանված պահանջներին: Նման պայմաններում Օրենսգրքի քննարկվող դրույթներն իրավական որոշակիության առումով սահմանադրականության խնդիր չեն հարուցում։ (...)

Վերադաս դատարանների կողմից գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման հարցի վերաբերյալ առանցքային նշանակություն ունեցող դիրքորոշումներ են արտահայտվել Սահմանադրական դատարանի 2019 թվականի մայիսի 7-ի ՍԴՈ-1459 որոշման մեջ, որում, մասնավորապես, Սահմանադրական դատարանը, համադրելով Վճռաբեկ դատարանի գործառույթների վերաբերյալ սահմանադրական կարգավորումը վերաքննիչ դատարանների գործառույթն ամրագրող Սահմանադրության 172-րդ հոդվածի հետ, համաձայն որի վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են, արձանագրել է.

1) վերընթաց վերանայման սահմանափակման սկզբունքն ածանցվում է Սահմանադրության հիշյալ պահանջներից համակցված Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի հետ, և ենթադրում է վերանայման ծավալի սահմանափակում առաջին ատյանի դատարաններից մինչև Վճռաբեկ դատարան «որքան ավելի բարձր է դատական ատյանը, այնքան ավելի սահմանափակ է վերանայման ծավալը» կանոնի համաձայն,

2) ըստ էության դատական ակտերի վերանայումը վերադաս դատարանների հիմնական գործառույթն է արդարադատության էությունը, իսկ նրանց այլ լիազորությունների շրջանակն օրենսդրի կողմից` Սահմանադրությամբ կանխորոշված դեպքերից բացի, կարող է էլ ավելի սահմանափակվել ելնելով արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր ապահովելու անհրաժեշտությունից, …: Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ օրենքով թույլատրվելու դեպքում գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վիճարկումը վճռաբեկ ատյանում պետք է լինի բացառություն, այլ ոչ թե կանոն այնպես, ինչպես վերաքննիչ ատյանում չեն կարող վիճարկվել առաջին ատյանի դատարանի բոլոր միջանկյալ դատական ակտերը: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Սահմանադրությունը չի պահանջում, որ քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանի կայացրած բոլոր միջանկյալ դատական ակտերն անվերապահորեն ենթակա լինեն բողոքարկման վերաքննության կարգով, այն չի ենթադրում նաև քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանի կայացրած բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կողմից կայացված բոլոր որոշումների բողոքարկման հնարավորություն վճռաբեկության կարգով: (…)

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի գործառույթներն արդյունավետորեն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով օրենսդիրը քննարկվող դատական ակտի դեպքում սահմանափակել է Վճռաբեկ դատարանի մատչելիությունը նկատի ունենալով, որ առանձին միջանկյալ հարցերի քննությունը կարող է նաև անհարկի ծանրաբեռնել Վճռաբեկ դատարանը և խոչընդոտել ողջամիտ ժամկետում բուն արդարադատության իրականացումը, ինչը կարող է հակասության մեջ մտնել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հիմնական իրավունքի հետ: (...)

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի 155-րդ, 371-րդ, 380-րդ (5-րդ մաս), 383-րդ և 384-րդ հոդվածներում նշված որոշումներն ունեն ընդհանուր հատկանիշ, որով տարբերվում են հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշումից. դրանք վերաքննիչ դատարանի կողմից չեն կայացվում առաջին ատյանի դատարանի միջանկյալ որոշման դեմ բերված բողոքի քննության արդյունքով, ինչով էլ պայմանավորված օրենսդիրն անհրաժեշտ է համարել անձանց համար սահմանել այդ որոշումները առնվազն մեկ ատյանում (տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանում) բողոքարկելու հնարավորություն։ Հետևաբար, քննարկվող դատական ակտերը վճռաբեկության կարգով բողոքարկելու հնարավորություն նախատեսելու հարցում օրենսդրի կողմից նույնական մոտեցում չդրսևորելը խնդրահարույց չէ։ Հաշվի առնելով վերոգրյալը Սահմանադրական դատարանն օրենսդրի կողմից ընտրված այն լուծումը, համաձայն որի առկա է քաղաքացիական գործով առաջին ատյանի դատարանի կողմից հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն, սակայն նախատեսված չէ այդ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելու հնարավորություն, սահմանադրականության առումով ինքնին խնդրահարույց չի համարում։ Ասվածը չի վերաբերում այդ դատական ակտը նոր հանգամանքներով վերանայելու վճռաբեկ բողոք ներկայացնելուն, որին վերաբերում են ստորև շարադրված դիրքորոշումները»: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 3-րդ կետերով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Աշոտ Պողոսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Է. Շաթիրյան

Անդամներ Վ. Գրիգորյան

Ա. Վաղարշյան

29 հոկտեմբերի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-73

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 հոկտեմբերի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-73
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել