Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-1513 հունիսի, 2012 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-15)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 13 հունիսի 2012թ. ՍԴԴԿՈ/1 - 15 | ԱՐԹՈՒՐ ՍԱՔՈՒՆՑԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ

ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

13 հունիսի 2012թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ Ա. Պետրոսյանի

Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի

Վ. Պողոսյանի

Ուսումնասիրելով քաղաքացի Արթուր Սաքունցի

անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Արթուր Սաքունցը 2012 թվականի մայիսի 25-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4-րդ, 30-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել 2011 թվականի մայիսի 26-ին ընդունված ընտրական օրենսգրքի 57-րդ, 90-րդ, 124-րդ և 164-րդ հոդվածները (այնքանով, որքանով չեն նախատեսում քվեաթերթիկում «Բոլորին դեմ եմ» տողի առկայությունը)»։

Դիմողը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածը նախատեսել է բոլոր ընտրողների համար ընտրություններին հավասար հիմունքներով մասնակցելու հնարավորություն։ Սակայն վիճարկվող նորմերի առկայությունը խոչընդոտում է ընտրություններին մասնակցել այն ընտրազանգվածին, որը դեմ է առաջադրված բոլոր թեկնածուներին։ Ըստ դիմողի հիշյալ ընտրազանգվածն ուղղակի կորցնում է իր ընտրական իրավունքը, քանի որ հնարավորություն չունի դեմ արտահայտվելու բոլոր թեկնածուներին, նրան ուղղակի մնում է քվեաթերթիկի վրա խաչ քաշելու միջոցով արտահայտել իր կամքը, որը հետագայում անվավեր է ճանաչվում և որով խախտվում են ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված հավասարության և ուղղակի ընտրության սկզբունքները։

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից, գտնում ենք, որ դիմումի հիման վրա գործի քննությունը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

1. ՀՀ ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 5-10-րդ մասերի դրույթները, կարծում ենք, չեն կիրառվել դիմողի նկատմամբ։

ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքին է վերապահել սահմանադրական դատարան դիմելու կարգի սահմանումը։ Հիշյալ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները։ Ի թիվս այլ պայմանների, սահմանվել է, որ դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է վիճարկվող օրենքի դրույթը։

ՀՀ սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «...«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»։

2. Դիմողը ՀՀ ընտրական օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասերի դրույթների հակասահմանադրականությունը փորձում է հիմնավորել ենթադրյալ օրենսդրական բացը մատնանշելով, ինչը տվյալ դեպքում չի կարող հանդիսանալ սահմանադրական դատարանում գործի քննության առարկա։

Օրենսդրական բացը, որպես իրավունքի բացի տարատեսակ, իրավական կարգավորման ոլորտում գտնվող փաստական հանգամանքների նկատմամբ կոնկրետ նորմատիվ պատվիրանի բացակայությունն է։ ՀՀ սահմանադրական դատարանն իր 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ, անդրադառնալով իրավունքի բացը հաղթահարելու հարցում օրենսդիր մարմնի և սահմանադրական դատարանի իրավասություններին և վերջիններս դիտարկելով իշխանությունների տարանջատման սկզբունքի համատեքստում, ամրագրել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է։ Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք։ Զարգացնելով իր հիշյալ իրավական դիրքորոշումները սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, կամ երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։

3. ՀՀ ընտրական օրենսգրքի 90-րդ և 164-րդ հոդվածների դրույթների մասով, կարծում ենք, որ եթե անգամ դրանք հիշատակված լինեին դիմումին կից ներկայացված ՀՀ վարչական դատարանի 2012 թվականի մայիսի 4-ի որոշման մեջ, միևնույն է, հնարավոր չէր դրանք դիտարկել «վիճարկվող դրույթի կիրառում» եզրույթի ներքո, քանի որ սահմանադրական դատավարության մեջ «վիճարկվող դրույթի կիրառում» եզրույթը ենթադրում է դիմողի նկատմամբ վերջինիս կիրառման հետևանքով անմիջական իրավական հետևանքների առաջացման անհրաժեշտություն։ Այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր իրավական դիրքորոշումներն է արտահայտել 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ առ այն, որ «...«կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ»։

Բացի դրանից, վերոհիշյալ հոդվածների դրույթների

հակասահմանադրականությունը վիճարկելով դիմողն ավելի շատ հետապնդել է վերացական վերահսկողությանը բնորոշ նպատակներ։ Այսպես, սահմանադրական կոնկրետ վերահսկողության նպատակն է ապահովել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ դրանք խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական նորմի կիրառման արդյունքում։ Մինչդեռ վերացական վերահսկողությունը ենթադրում է, որ նորմատիվ ակտի սահմանադրականության հարցը կարող է օրենքով նախատեսված իրավասու անձի կողմից բարձրացվել անկախ որևէ կոնկրետ գործի քննությունից: Այստեղ գլխավոր շեշտադրումը կատարվում է կանխարգելիչ բնույթ ունեցող միջոցառումների վրա, երբ դեռևս խախտված չեն մարդու սահմանադրական իրավունքները, բայց առկա է դրանց խախտման պոտենցիալ վտանգ։ Հետևաբար, այս համատեքստում ևս, կարծում ենք, որ դիմողը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։

4. ՀՀ ընտրական օրենսգրքի 124-րդ հոդվածի դրույթների մասով, կարծում ենք, դիմումն ակնհայտ անհիմն է և բարձրացնում է կիրառման իրավաչափության հարց։ Այսպես.

Դիմողը, վիճարկելով վերոհիշյալ դրույթների սահմանադրականությունը, որևէ կերպ չի անդրադարձել դրանց սահմանադրաիրավական բովանդակությանը, չի ներկայացրել որևէ իրավական հիմնավորում դրա հակասահմանադրականության վերաբերյալ։ Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի

Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Ավելին, ՀՀ սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69- րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, որի համաձայն վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի հիշյալ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի որևէ հատկանիշով։ Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել։ Խնդրո առարկա դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չեն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին համահունչ իրավաբանորեն ձևակերպված հիմնավորումներ։

Բացի դրանից, դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության և կիրառման արդյունքում ընդունված դատական ակտի օրինականության հարց։ Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշման «...բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։

5. Անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նաև պետական տուրքի վճարման հարցին։

Դիմողը որպես պետական տուրքի վճարման անդորրագիր ՀՀ սահմանադրական դատարան է ներկայացրել «ՀՔԱ Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի կողմից քսան հազար դրամ վճարելու վերաբերյալ 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 6490 վճարման հանձնարարագիրը։ Մինչդեռ, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածով սահմանված կարգով, դիմողը պարտավոր էր սահմանադրական դատարան ներկայացնել բազային պետական տուրքի հնգապատիկի չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ անդորրագիր կամ միջնորդություն պետական տուրքի վճարումից ազատելու մասին։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Արթուր Սաքունցի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

13 հունիսի 2012 թվականի

ՍԴԴԿՈ/1-15

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
13 հունիսի, 2012 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-15
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել