Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ԱՌԳՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ԱՌԳՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-22820 հոկտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-228)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 20 հոկտեմբերի 2026թ. ՍԴԱՈ - 228 | ««ԱՌԳՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

««ԱՌԳՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 46-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««ԱՌԳՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. «ԱՌԳՈ-ՖԱՐՄ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Դիմող) դիմումը (ներկայացուցիչ՝ փաստաբան Հայկ Սահակյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի սեպտեմբերի 14-ին (դիմումն ուղարկվել է համապատասխանեցման սեպտեմբերի 15-ին և վերստին ներկայացվել է սեպտեմբերի 22-ին), որով Դիմողը խնդրել է.

«1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ նախադասությունը` «Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ», իրավակիրառ պրակտիկայում դրան տրված այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ օրենքով ՀՀ կառավարությանը ուղղակիորեն պատվիրակված նորմաստեղծ լիազորության իրացման արդյունքում, օրենքով որոշված վարչաիրավական ընթացակարգի սահմաններում ընդունված և ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին չհակասող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված հատուկ առավելագույն ժամկետը, սույն գործով` ՀՀ կառավարության 28.02.2019 թվականի թիվ 202-Ն որոշման հավելված թիվ 1-ի 25-րդ կետով սահմանված` 6 աշխատանքային օրվա ժամկետը, չի համարվում նույն դրույթի իմաստով «օրենքով սահմանված» հատուկ ժամկետ և ենթակա չէ կիրառման բացառապես այն պատճառով, որ դրա թվային տևողությունն անմիջականորեն ամրագրված չէ օրենքի տեքստում, ճանաչել ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի առաջին մասի, 60-րդ հոդվածի առաջին և երրորդ մասերի, 61-րդ հոդվածի առաջին մասի, 74-րդ, 75-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր` դրանք ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի երկրորդ մասի և 6-րդ հոդվածի առաջին ու երկրորդ մասերի հետ համակարգային ամբողջության մեջ դիտարկելու պայմաններում:

2. Այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը գտնի, որ վիճարկվող դրույթը կարող է պահպանվել սահմանադրաիրավական կարգավորման համակարգում, ապա խնդրում ենք այն ճանաչել ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող` Սահմանադրական դատարանի այն մեկնաբանությամբ, համաձայն որի` օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասում գործածված «օրենքով կարող են սահմանվել» ձևակերպումը չի բացառում օրենքով ՀՀ կառավարությանն ուղղակիորեն պատվիրակված և օրենքով որոշված վարչական ընթացակարգի սահմաններում ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված հատուկ առավելագույն ժամկետի կիրառելիությունն ու պարտադիրությունը, եթե այդ ժամկետը գտնվում է լիազորող նորմով որոշված կարգավորման առարկայի և ծավալի սահմաններում ու չի հակասում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին, և միաժամանակ արձանագրել, որ վիճարկվող դրույթը դիմողի նկատմամբ կիրառվել է հիշյալ սահմանադրամետ մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի տասներորդ մասով նախատեսված իրավական հետևանքներով»:

2. Դիմողը, ներկայացնելով թիվ ՎԴ/13257/05/24 վարչական գործի դատավարական նախապատմությունը, մասնավորապես, նշում է, որ դրա շրջանակներում վիճարկվող դրույթին տրված մեկնաբանության համաձայն՝ օրենքով Կառավարությանն ուղղակիորեն պատվիրակված նորմաստեղծ լիազորության իրացման արդյունքում ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված ժամկետը չի համարվում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքով սահմանված» հատուկ ժամկետ:

Ըստ Դիմողի՝ վիճարկվող դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության համաձայն՝ տվյալ դրույթով սահմանված՝ «օրենքով» եզրույթը ներառում է բացառապես օրենքի տեքստում անմիջականորեն ամրագրված ժամկետները և չի տարածվում այն դեպքերի վրա, երբ օրենսդիրը համապատասխան վարչական ընթացակարգի ամբողջական կարգավորումն ուղղակիորեն պատվիրակել է Կառավարությանը, իսկ Կառավարությունն այդ լիազորության իրացման արդյունքում ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանել է հատուկ ժամկետ:

Դիմողի պնդմամբ՝ վերոնշյալ մեկնաբանությունը սույն վարչական գործով իր համար առաջացրել է այնպիսի իրավական հետևանք, որով «Դեղերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պատվիրակման հիման վրա ընդունված` Կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի թիվ 202-Ն որոշման N 1 հավելվածի համաձայն սահմանված կարգով ամրագրված՝ 6 աշխատանքային օրվա ժամկետը ճանաչվել է ոչ կիրառելի, իսկ վարչական մարմնի գործողությունների իրավաչափությունը գնահատվել է ընդհանուր՝ 30-օրյա ժամկետի հիման վրա: Մինչդեռ, ըստ Դիմողի, վարչական ակտն ընդունվել է 6 աշխատանքային օրվա ժամկետի ավարտից հետո, և վարույթը երկարաձգելու մասին որևէ որոշում չի կայացվել: Հետևաբար՝ բարձրացվող սահմանադրաիրավական հարցն այն է, թե արդյո՞ք «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը իրավակիրառ պրակտիկայում կարող է մեկնաբանվել այնպես, որ օրենքով ուղղակիորեն պատվիրակված նորմաստեղծ լիազորության շրջանակում սահմանված պարտադիր ժամկետը զրկվի հատուկ ժամկետի իրավական նշանակությունից՝ դրանով իսկ վարչական մարմնին հնարավորություն ընձեռելով ղեկավարվել առավել երկար ընդհանուր ժամկետով:

Դիմողը նշում է, որ չի նույնացնում օրենքը և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը և չի պնդում, որ Կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի թիվ 202-Ն որոշումն ունի օրենքի իրավաբանական ուժ, այլ վիճարկում է այլ հարց՝ արդյո՞ք «օրենքով սահմանված» հասկացության բացառապես ձևական ընկալումը կարող է ամբողջությամբ չեզոքացնել այն ժամկետի իրավական նշանակությունը, որը սահմանվել է օրենքով նախատեսված և ուղղակիորեն պատվիրակված ամբողջական վարչաիրավական ընթացակարգի շրջանակում:

Դիմողը գտնում է, որ համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը միջամտել է իր՝ Սահմանադրության 59 և 60-րդ հոդվածներով երաշխավորված՝ տնտեսական գործունեության ազատությանն ու սեփականության իրավունքին, ինչպես նաև խաթարել է Սահմանադրության 61, 75 և 79-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքների՝ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու սահմանադրաիրավական պահանջը, ինչպես նաև որոշակիության սկզբունքը:

Ըստ Դիմողի՝ ժամկետը տվյալ իրավահարաբերությունում սոսկ վարչական մարմնի ներքին աշխատանքի կազմակերպման միջոց չէ: Այն վարչական վարույթի մասնակցի համար կանխատեսելի որոշում ստանալու և իր իրավունքներն արդյունավետ իրացնելու ընթացակարգային երաշխիք է, ուստի՝ տվյալ ժամկետի իրավական նշանակության բացառումը սահմանափակում է ոչ միայն իր տնտեսական գործունեության ազատությունը, այլև այդ գործունեության պաշտպանության համար օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգային կառուցակարգի արդյունավետությունը:

Դիմողի պնդմամբ՝ «Խնդիրը սրվում է այն հանգամանքով, որ նույն իրավադրույթների վերաբերյալ դատական պրակտիկայում ձևավորվել են հակադիր մոտեցումներ: Մի շարք դատական ակտերով թիվ 202-Ն որոշմամբ նախատեսված 6 աշխատանքային օրվա ժամկետը ճանաչվել է օրենքով պատվիրակված և կիրառելի հատուկ ժամկետ, մինչդեռ այլ դատական ակտերով, այդ թվում՝ դիմողի գործով, կիրառելի է համարվել բացառապես 30-օրյա ժամկետը: Նման պայմաններում տնտեսվարողը չի կարող ողջամտորեն կանխատեսել ո՛չ վարչական մարմնի համար պարտադիր վերջնաժամկետը, ո՛չ էլ դրա խախտման դատավարական հետևանքը»:

Դիմողը գտնում է, որ համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը ենթակա է գնահատման ոչ թե «օրենք» և «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ» հասկացությունների պարզ լեզվաբանական հակադրման, այլ Սահմանադրությամբ թույլատրված օրենսդրական պատվիրակման, իրավական նորմերի աստիճանակարգության, իրավական որոշակիության և հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ ընթացակարգային երաշխիքների համատեքստում: Դիմողի պնդմամբ՝ հակառակ մոտեցումը խնդրո առարկա սահմանադրաիրավական հարցը կվերածի եզրույթի ձևական մեկնաբանության՝ անտեսելով այդ մեկնաբանության իրական ազդեցությունն իր իրավական վիճակի վրա:

Ըստ Դիմողի՝ «Իրավակիրառ մարմնի խնդիրը ոչ թե «օրենքով» բառը մեխանիկորեն «օրենսդրությամբ» բառով փոխարինելն է, այլ միևնույն իրավակարգավորման մաս կազմող նորմերը համադրելն ու դրանցից յուրաքանչյուրին իրական գործողություն ապահովելը:

Այնինչ, վիճարկվող մեկնաբանությամբ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի պատվիրակող նորմը և դրա հիման վրա ընդունված թիվ 202-Ն որոշման ժամկետային կարգավորումները չեն ներդաշնակեցվել օրենքի 46-րդ հոդվածի հետ, այլ վերջիններիս իրավական նշանակությունն ամբողջությամբ չեզոքացվել է»:

Դիմողը նշում է, որ պատվիրակված նորմաստեղծ գործունեությունը ոչ թե օրենքից դուրս գործող բացառություն է, այլ Սահմանադրությամբ ուղղակիորեն ճանաչված իրավակարգավորման եղանակ: Դիմողը գտնում է, որ «Դեղերի մասին» օրենքով որոշվել է դրա կարգավորման առարկան՝ դեղերի ներմուծումը, դրա հասցեատերերի՝ ներմուծման իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը, իրավասու վարչական մարմինը, ներմուծման հավաստագրի անհրաժեշտությունը, փորձագիտական եզրակացության նշանակությունը և Կառավարությանը վերապահված լիազորությունը՝ սահմանել հավաստագրի տրամադրման և փորձաքննության կարգերը: Հետևաբար՝ ըստ Դիմողի՝ Կառավարությանը չի տրվել անորոշ բնագավառում ինքնուրույն սկզբնական կարգավորում ստեղծելու լիազորություն, այլ վերջինիս պատվիրակվել է մանրամասնել օրենքով արդեն իսկ ուրվագծված վարչական ընթացակարգը:

Դիմողը գտնում է, որ խնդրո առարկա վեցօրյա ժամկետի խախտումն իրավական հետևանքից զրկելը հակասում է նորմատիվ ակտի պարտադիրության կանխավարկածին, քանի որ մասնավոր անձից ակնկալվում է ենթաօրենսդրական բոլոր պարտադիր պահանջների պահպանում, մինչդեռ նույն ակտով վարչական մարմնի համար սահմանված ժամկետը կարող է անտեսվել՝ առանց այդ ակտի գործողությունը դադարեցնելու կամ դրա իրավաչափությունը համարժեք պատճառաբանությամբ հերքելու: Հանրային մարմնի և մասնավոր անձի համար նորմատիվ ակտի այդպիսի ընտրովի պարտադիրությունը համատեղելի չէ իրավական պետության և իրավական որոշակիության սկզբունքների հետ:

Ըստ Դիմողի՝ համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության ստուգումն անհրաժեշտ է ոչ թե դատական ակտերի օրինականությունը վերանայելու, այլ դատական պաշտպանության ենթակա իրավունքի ծավալը հստակեցնելու համար: Մասնավորապես, եթե համապատասխան օրինադրույթը թույլ է տալիս գործող պատվիրակված վերջնաժամկետի խախտումը ճանաչել իրավական հետևանքից զուրկ, ապա անձը զրկվում է նման խախտման դեմ արդյունավետ դատական պաշտպանության հնարավորությունից: Դիմողը պնդմամբ՝ հենց այս նորմատիվ հետևանքն է անհամատեղելի Սահմանադրության 61 և 75-րդ հոդվածներով ամրագրված համապատասխան հիմնական իրավունքի և սահմանադրաիրավական պահանջի հետ:

Դիմողը գտնում է, որ եթե «օրենքով սահմանված հատուկ ժամկետ» ձևակերպումը մեկնաբանվի այնպես, որ նույնիսկ համապատասխան պայմանների առկայության դեպքում բացառվի պատվիրակված ժամկետի խախտման ցանկացած իրավական նշանակություն, ապա համապատասխան օրինադրույթը՝ նույն մեկնաբանությամբ, անհամատեղելի է Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 75 և 79-րդ հոդվածների հետ՝ Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի և 6-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերի հետ համակարգային միասնության մեջ: Դիմողը եզրահանգում է, որ համապատասխան օրինադրույթը կարող է պահպանել սահմանադրական բովանդակություն միայն այն պայմանով, որ այն չի բացառում օրենքով ուղղակիորեն պատվիրակված և օրենքով որոշված ընթացակարգի սահմաններում ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտով սահմանված հատուկ ժամկետի կիրառելիությունն ու պարտադիրությունը:

3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմ(եր)ի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է հիշյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Այսպես՝ Դիմողը նշել է. «Ստորադաս նորմատիվ ակտի չկիրառումը կարող է իրավաչափ լինել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմին դրա իրական հակասության դեպքում, սակայն սույն դեպքում դատարանները չեն բացահայտել, թե հանրային իշխանության համար 6 աշխատանքային օրվա առավելագույն ժամկետ սահմանելն ի՞նչ կերպ է հակասում օրենքով նախատեսված 30-օրյա ընդհանուր առավելագույն ժամկետին: Ավելի կարճ ժամկետը չի գերազանցում 30-օրյա վերին սահմանը, համահունչ է վարչական մարմնի արագ գործելու պարտականությանը և սահմանվել է հենց ոլորտային օրենքի իրականացման համար: Հետևաբար առկա է ոչ թե բովանդակային հակասություն, այլ փոխլրացնող կարգավորում»:

Դիմողը նաև նշել է. «(...) հայցի առանցքային հիմքերից մեկն այն էր, որ վարչական ակտն ընդունվել է թիվ 202-Ն որոշմամբ նախատեսված առավելագույն ժամկետի խախտմամբ: Ինչպես վարչական, այնպես էլ Վերաքննիչ դատարանը, սակայն, այդ խախտման առկայությունն ու հետևանքները չեն գնահատել կիրառելի հատուկ ժամկետի լույսի ներքո՝ պատճառաբանելով, որ ժամկետը սահմանող ակտն օրենք չէ:

Այս մոտեցմամբ դատարանը չի լուծել այն հարցը, թե օրենքով պատվիրակված և գործող նորմատիվ ակտով վարչական մարմնի համար սահմանված պարտականությունն ի՞նչ դատական պաշտպանության պետք է արժանանա:

Սույն դիմումով չենք պնդում, թե դատարանը կաշկանդված է յուրաքանչյուր ենթաօրենսդրական նորմով և իրավասու չէ գնահատելու դրա համապատասխանությունն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող ակտին, սակայն այդ գնահատումը պետք է լինի բովանդակային և պատճառաբանված: Միայն այն փաստը, որ ժամկետը ամրագրված է ենթաօրենսդրական ակտում, բավարար չէ եզրակացնելու, որ այն հակասում է օրենքի 46-րդ հոդվածին, առավել ևս երբ ոլորտային օրենքն ուղղակիորեն պատվիրակել է համապատասխան ընթացակարգի սահմանումը՝ ՀՀ կառավարության միջոցով:

Դատական պաշտպանության թերությունը չի վերացվել նաև վճռաբեկ վարույթի փուլում: Դիմողը ներկայացրել է հակասական դատական ակտերը, ձևակերպել է երկու հստակ իրավական հարց և ցույց տվել խնդրի նշանակությունը այլ՝ պատվիրակված կարգավորմամբ իրականացվող վարչական վարույթների համար: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը միայն արձանագրել է, որ օրենքի 46-րդ հոդվածը զարգացնելու անհրաժեշտությունը բացակայում է՝ չներկայացնելով հակասությունը հաղթահարող որևէ չափանիշ: Նման որակի դատական վերահսկողության արդյունքում դիմողը չի ստացել իր ընթացակարգային իրավունքի խախտման վերաբերյալ արդյունավետ և միատեսակ իրավական գնահատական»:

Հաշվի առնելով Դիմողի վերոնշյալ, ինչպես նաև սույն անհատական դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՎԴ/13257/05/24 վարչական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող դրույթի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների գործողությունների/կայացրած դատական ակտերի իրավաչափությանը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, սահմանադրականության գնահատում, այլ դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Հետևաբար՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

««ԱՌԳՈ-ՖԱՐՄ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՓՈԽՆԱԽԱԳԱՀ Է. ՇԱԹԻՐՅԱՆ

20 հոկտեմբերի 2026 թվականի

ՍԴԱՈ-228

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 հոկտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-228
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել