Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱԼԵՔՍԱՆԴՐ ՏԵՐ-ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՏԵՐ-ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5514 հուլիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-55)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 14 հուլիսի 2026թ. ՍԴԴԿՈ - 55 | ԱԼԵՔՍԱՆԴՐ ՏԵՐ-ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 14 հուլիսի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը՝

Նախագահությամբ՝ Դ. Խաչատուրյանի

Անդամակցությամբ՝ Ե. Խունդկարյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Արթուր Գրիգորյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հունիսի 30-ին, որով Դիմողը խնդրել է.

«2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածը և 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածին և 72-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

2. Ներկայացնելով թիվ ԵԴ/0258/01/19 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նախկին Քրեական օրենսգիրք) 179-րդ և 214-րդ հոդվածների միջև կոլիզիայի առկայության պայմաններում Դիմողին մեղսագրված արարքն անբարենպաստ քրեական նորմով որակելու, մեղավոր ճանաչելու և դատապարտելու հետևանքով խախտվել է Սահմանադրության 72-րդ հոդվածով, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածով երաշխավորված՝ առանց օրենքի չմեղադրվելու, չդատապարտվելու և չպատժվելու մեղադրյալի իրավունքը (nullum crimen, nulla poena sine lege):

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները չեն համապատասխանում Սահմանադրության 79-րդ հոդվածով երաշխավորված՝ իրավական որոշակիության սկզբունքին, քանի որ դրանք առերևույթ չեն բավարարում կանխատեսելիության պահանջը: Մասնավորապես, ըստ Դիմողի՝ իր դատապարտման հիմքում ընկած արարքը հավասարապես կարող էր և պետք է որակվեր նախկին Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով (2021 թվականի մայիսի 5-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական գործող օրենսգրքի (այսուհետ՝ Քրեական գործող օրենսգիրք) 277-րդ հոդվածով):

Դիմողը, վկայակոչելով Ս.Ռ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, Կոկկինակիսն ընդդեմ Հունաստանի և Ս.Վ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության գործերով կայացված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները, գտնում է, որ միայն օրենքով կարող են սահմանվել հանցանքը և դրա համար նախատեսվող պատիժը: Դիմողը միաժամանակ նշում է, որ քրեական օրենքը չպետք է տարածական մեկնաբանության ենթարկվի ի վնաս մեղադրյալի:

Ըստ Դիմողի՝ անձը համապատասխան դրույթի տառացի ընկալումից և, անհրաժեշտության դեպքում, դրա կապակցությամբ դատարանների տված մեկնաբանությունից պետք է հասկանա, թե որ գործողությունների և անգործության համար է քրեական պատասխանատվություն նախատեսվում, և ինչ պատիժ կնշանակվի այդ գործողությունների կատարման և/կամ անգործության համար:

Արդյունքում՝ հաշվի առնելով Սահմանադրության 81-րդ հոդվածի պահանջը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքն այն մասին, որ որևէ նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի բավարարում իրավական որոշակիության հիմնարար սկզբունքի պահանջները, Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները պետք է ճանաչվեն Սահմանադրությանը հակասող և անվավեր:

3. Ելնելով դիմումի և թիվ ԵԴ/0258/01/19 քրեական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ ներքոնշյալ հիմքով և պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։

Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որով սահմանված են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:

Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր:

Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Դիմողի կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.

գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով նախկին Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի և Քրեական գործող օրենսգրքի 256-րդ հոդվածի համապատասխանությունը Սահմանադրության 3 և 72-րդ հոդվածներին, ըստ էության, բարձրացնում է նշյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:

Մասնավորապես, սույն գործով դատարանները գտել են, որ արարքի՝ Քրեական օրենսգրքով տրված նկարագրությունը համապատասխանում է նույն արարքի՝ նախկին Քրեական օրենսգրքով սահմանված քրեաիրավական նկարագրությանը, ինչի կապակցությամբ Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն արտահայտելով արարքի որակման հետ, նշում է, որ անձի «դատապարտման հիմքում ընկած արարքը կարող էր և պետք է որակվեր ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 214-րդ հոդվածով»։

Փաստորեն, Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԵԴ/0258/01/19 քրեական գործով դատարանների կողմից ոչ իր օգտին կայացված դատական ակտերի բովանդակության առնչությամբ՝ չներկայացնելով վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության վերաբերյալ հիմնավոր փաստարկներ, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են դատարանների գործողությունների (կայացված դատական ակտերի) իրավաչափությանը:

Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի բարձրացրած հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԵԴ/0258/01/19 քրեական գործով դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:

Հետևաբար՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ դիմումում առաջադրված հարցի Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Նախագահող՝ Դ. Խաչատուրյան

Անդամներ՝ Ե. Խունդկարյան

Է. Շաթիրյան

14 հուլիսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-55

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
14 հուլիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-55
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել