«ՋԱԼԱԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 261-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 276-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 355-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 359-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 365-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 367-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2–4-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 381-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 2-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ, 383-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-29)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 3 մարտի 2026թ. ՍԴԱՈ - 29 | «ՋԱԼԱԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 261-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 276-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 355-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 359-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 365-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 367-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2–4-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 381-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 2-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ, 383-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 87-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 550-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՀՀ ՔՐ
Ամբողջ Տեքստ
«ՋԱԼԱԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 261-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 276-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 355-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 359-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 365-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 367-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2–4-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 381-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ 1-ԻՆ ԿԵՏԻ, 2-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԻ, 383-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 87-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ, 550-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 356-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5 ԵՎ 6-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 376-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՆԵՐԱՌՅԱԼ՝ ՏՎՅԱԼ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ (...) ԺԱՄԱՆԱԿ» ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1586-Ն ՈՐՈՇՄԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋ ՏԱՐԱԾՔ» ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ՝ ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԸՆՏՐՎԱԾ ԿԱԼԱՆՔԸ ԿԱՄ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒՆ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ԾԱՆՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ, ՎԻՃԱԿՆԵՐ) ԿՈՂՄՆՈՐՈՇԻՉ ՑԱՆԿԻ՝ «ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՎԵՐՏԱՌՈՒԹՅԱՄԲ V ԳԼԽԻ 20-ՐԴ ԿԵՏԻ 1-ԻՆ ԵՆԹԱԿԵՏԻ, ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 871-Ն ՀՐԱՄԱՆԻ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ՝ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ (ՀԴ-014-2013) I60 ԴԱՍԻՉՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ «ՆԵՐԱՌՅԱԼ» ԵԶՐՈՒՅԹԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳՐՔԻ 31, 39, 73 ԵՎ 78-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԱՐՏԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՄԱՍԻ 36-ՐԴ ԿԵՏԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Ջալալ Հարությունյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասի, 276-րդ հոդվածի, 355-րդ հոդվածի 3-րդ մասի, 359-րդ հոդվածի 1-ին մասի, 365-րդ հոդվածի, 367-րդ հոդվածի 2-4-րդ մասերի, 381-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 4-րդ կետի և 3-րդ մասի, 383-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասի, 550-րդ հոդվածի, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5 և 6-րդ մասերի, 376-րդ հոդվածի, ներառյալ՝ տվյալ հոդվածի 3-րդ մասով սահմանված «ռազմական դրության (...) ժամանակ» ձևակերպման, ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման 1-ին կետով սահմանված «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածք» ձևակերպման, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման հավելվածի համաձայն հաստատված՝ Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկի՝ «Նյարդային համակարգի հիվանդություններ» վերտառությամբ V գլխի 20-րդ կետի 1-ին ենթակետի, ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանի հավելվածի համաձայն հաստատված՝ Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի (ՀԴ-014-2013) I60 դասիչով սահմանված «ներառյալ» եզրույթի, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 31, 39, 73 և 78-րդ հոդվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական կանոնադրության 1-ին մասի 36-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2026 թվականի հունվարի 22-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Ջալալ Հարությունյանի (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Արտակ Ղազարյան, Արսեն Սարդարյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«ՔրԴՕ-ի 261-րդ հոդվածի 1-ին մասին հաղորդած այն մեկնաբանությունը, այնքանով, որքանով ՀՀ «դատարանի դատական տարածք» եզրույթին դատարանների կողմից հաղորդվել է լայն և ինքնավար (ավտոնոմ) սահմանադրության նախաբանի էությանը հակասող այնպիսի հակասահմանադրական մեկնաբանություն, որի արդյունքում ՀՀ «դատական տարածքում» է ներառվել միջազգայնորեն «ՀՀ տարածք» չհանդիսացող «ԼՂ տարածքը», որպես հետևանք՝ ԼՂ-ում կատարված ենթադրյալ հանցանքի վերաբերյալ վարույթը դիտարկվել է իբրև «ՀՀ դատական տարածքում կատարված հանցանքի վարույթ», ճանաչել Սահմանադրության նախաբանին, Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքին և Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքին հակասող և անվավեր։
2003թ․ ՔրՕր-ի 376-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված «ռազմական դրության (...) ժամանակ» դրույթը ՝ իրավակիրառ պրակտիկայի կողմից դրան տրված այն ինքնավար (ավտոնոմ) մեկնաբանությամբ, որով «ԼՂ տարածքը» ներառվել է «ՀՀ տարածքում», ըստ այդմ՝ ՀՀ տարածքում հայտարարված ռազմական դրությունը դիտարկվել նաև ԼՂ տարածքում գործող, ճանաչել Սահմանադրության նախաբանին և Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքին հակասող և անվավեր։
ՔրԴՕ 381-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 2-րդ մասի 4-րդ կետը, 3-րդ մասը, ՔրԴՕ 383-րդ հոդվածի 3-րդ մասը (և/կամ դրանց տրված մեկնաբանությունը) այնքանով, որքանով անգամ այն պարագայում, երբ վճռաբեկ բողոքում բարձրացված անձի արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրի՝ իր գործի «օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից» քննության առերևույթ խախտման մանրամասնումը, բողոքում հստակ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի համապատասխան որոշումը մատնանշելը, դրանից մեջբերումներ կատարելը, համեմատական վերլուծություն իրականացնելը, ընդդատությունը սխալ որոշող նորմին Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանության և ստորադաս դատարանների կողմից նույն նորմին հաղորդված մեկնաբանության հակասությունը ի ցույց դնելը դիտարկվում է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու անհրաժեշտ բայց ոչ բավարար պայման՝ ճանաչել Վճռաբեկ դատարանի մատչելիության և անձի արդյունավետ դատական պաշտպանության Սահմանադրության 61-րդ հոդվածով նախատեսված իրավունքին հակասող և անվավեր։
2003թ ՔրՕր-ի 376-րդ, 356-րդ հոդվածի 5-րդ մասում ամրագրված նորմերը (և/կամ դրանց տրված մեկնաբանությունը) այնքանով, որքանով դրանցով չի բացառվում ոչ ՀՀ քաղաքացիներին (հանրային ծառայության իրավունք չունեցողներին), իբրև այդ հանցանքի սուբյեկտ դիտարկելը, ճանաչել Սահմանադրության 72-րդ հոդվածին և 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքին հակասող և անվավեր։
ՀՀ գործող քրեական օրենսգրքի ՔրՕր-ի 550-րդ մասի «հանցավոր համարվող արարքի շրջանակը ընդլայնող» նորմին դատարանի հաղորդած այն մեկնաբանությունը, որով արարքը կատարելու պահին հանցավոր չհամարված «անբարեխղճության» հետևանքը իբրև «հանցավոր մեկնաբանելով» «նոր քրեական օրենքի» հետադարձ կիրառություն է տրվել ճանաչել Սահմանադրության 72-րդ հոդվածին և 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքին հակասող և անվավեր։
2003թ․ ՔրՕր-ի 376-րդ դրույթը իր համակարգային կապի մեջ ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի 31-րդ հոդվածը, 39-րդ հոդվածը, 73-րդ հոդվածը, 78-րդ հոդվածները, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրության 1-ին մասի 36-րդ հոդվածի հետ (և/կամ դրանց տրված մեկնաբանությունը) այնքանով, որքանով դրանք ունենում են անսահման «հետևանքահեն լցվող» բովանդակություն, ճանաչել Սահմանադրությամբ 72-րդ և 79-րդ հոդվածներին և 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքին հակասող և անվավեր։
ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասը՝ դրա հետ համակարգային կապի մեջ գտնվող ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման Հավելվածի կողմնորոշիչ ցանկի «V. Նյարդային համակարգի հիվանդություններ» վերտառությամբ 20-րդ կետի 1-ին ենթակետը, ինչպես նաև դրա հետ համակարգային փոխկապակցված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանի հավելվածով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ ՀԴ-014-2013-ի I60 դասիչի՝ «ներառյալ» եզրույթը (և/կամ դրանց տրված մեկնաբանությունը) այնքանով որքանով, չի բացառում ազատազրկման ձևով պատժի կիրառումը այն դեպքերում, երբ դրա կատարումը (ընդհանրապես կամ տվյալ պահին) անձին ենթարկում է անհամաչափ ֆիզիկական և/կամ հոգեկան վտանգի և ըստ այդմ չի կանխում անձի «հոգեֆիզիկական կազմաքանդումը», ճանաչել Սահմանադրության 23-րդ, 24-րդ, 25-րդ, 26-րդ և 71-րդ հոդվածներին, ինչպես նաև Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքին հակասող և անվավեր։
ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասին՝ դրա հետ համակարգային կապի մեջ գտնվող ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման Հավելվածի կողմնորոշիչ ցանկի «V. Նյարդային համակարգի հիվանդություններ» վերտառությամբ 20-րդ կետի 1-ին ենթակետին, ինչպես նաև դրա հետ համակարգային փոխկապակցված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանի հավելվածով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգիչ ՀԴ-014-2013-ի I60 դասիչի՝ «ներառյալ» եզրույթին հաղորդած այն նեղ մեկնաբանությունը, որով արդարադատության առանցքային բաղադրատարր հանդիսացող (պատժի տեսակի, չափի, դրա կիրառման-չկիրառման, հետաձգման և այլն) հարցերից մեկի պատշաճ քննարկմամբ լուծումը դուրս է բերվել արդարադատության առարկայի շրջանակից հետագայում դրա (այդ հարցերի) քրեական արդարադատության ավարտից հետո քննարկման առարկա դառնալու հնարավորությամբ, ճանաչել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված հիմնական իրավունքներին հակասող և անվավեր։
ՔրԴՕ-ի 365-րդ հոդվածին հաղորդած այն մեկնաբանություն այնքանով, որքանով թույլ է տալիս (չի բացառում) առաջին ատյանի դատարանի կողմից միջնորդությունը անհիմն և չպատճառաբանված մերժումն արձանագրելու դեպքում, վերաքննիչ դատարանը չվերականգնել խախտված դատավարական իրավունքը՝ համապատասխան միջնորդությունը բավարարելու միջոցով, ճանաչել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված հիմնական իրավունքներին հակասող և անվավեր։
ՔրԴՕ 359-րդ հոդվածի 1-ին մասը և ՔրԴՕ 367-րդ հոդվածի 2–4-րդ մասերը՝ ՔրԴՕ 276-րդ հոդվածի հետ համակարգային կապի մեջ (և/կամ դրանց տրված մեկնաբանությունը), այնքանով, որքանով թույլ են տալիս (և չեն բացառում) վերաքննիչ դատարանի «նոր փաստական հանգամանք հաստատելու» լիազորության շրջանակում նաև փոխել մեղադրանքի հիմքը՝ մեղադրյալին վերագրվող փաստական հանգամանքները և/կամ դրանց նկարագրությունը, ճանաչել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված հիմնական իրավունքներին հակասող և անվավեր։
ՔրԴՕ 355-րդ հոդվածի 3-րդ մասը, ՔրԴՕ 383-րդ հոդվածի 1-ին հետ համակարգային կապի մեջ (և/կամ դրանց տրված մեկնաբանությունը) այնքանով, որքանով անձի կողմից մեկ անգամ արդեն իսկ վճռաբեկ բողոք ներկայացնելու պայմաններում բողոքարկման ժամկետների ընթացքում նույն դատական ակտի դեմ նոր հիմքով ներկայացված ցանկացած նոր բողոք օրենքի ուժով վեր է ածում «հավելյալ» բողոքի և այդպիսով բացառում նոր հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքի նկատմամբ ՔրԴՕ 383-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վերադարձի և շտկման կառուցակարգի կիրառումը՝ թույլ տալով, որ այդ նոր բողոքի շտկելի բովանդակային թերությունը տեխնիկապես «կլանվի» առաջինի՝ այլ հիմքով ներկայացված բողոքի պատճառաբանություններով և փաստերով, ինչի հետևանքով անձը զրկվում է իր նոր իրավական պահանջի (բողոքի) մասով Վճռաբեկ դատարանին իրական հասանելիությունից ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված դատարանի մատչելիության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ՍԴ1/0158/01/23 քրեական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը, անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցին, գտնում է, որ Հայաստանի Հանրապետության «դատարանի դատական տարածք» եզրույթին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրվել է լայն և ինքնավար (ավտոնոմ) հակասահմանադրական այնպիսի մեկնաբանություն, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության «դատական տարածքում» է ներառվել միջազգայնորեն «ՀՀ տարածք» չհանդիսացող «ԼՂ տարածքը», որպես հետևանք՝ Լեռնային Ղարաբաղում կատարված ենթադրյալ հանցանքի վերաբերյալ վարույթը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դիտարկել է իբրև «ՀՀ դատական տարածքում կատարված հանցանքի վարույթ»՝ խախտելով իր՝ Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված՝ արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր՝ «օրենքի հիման վրա ստեղծված դատարանի» կողմից իր գործի քննության իրավունքը։
Այս առումով Դիմողը նաև նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածին տրված վերոնշյալ հակասահմանադրական մեկնաբանության հետևանքով ինքը «ոչ իրավասու», այսինքն՝ «օրենքի հիման վրա չստեղծված» դատարանի կողմից դատապարտվել և ներկայում կրում է ազատազրկման ձևով պատիժ, հետևաբար՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ խախտվել է նաև իր՝ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ անձնական ազատության հիմնական իրավունքը:
Դիմողը, անդրադառնալով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Քրեական նախկին օրենսգիրք) 376-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված «ռազմական դրության (…) ժամանակ» ձևակերպման, ինչպես նաև ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման (այսուհետ՝ Ռազմական դրություն հայտարարելու մասին որոշում) 1-ին կետով սահմանված «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածք» ձևակերպման (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցին, գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայում տվյալ ձևակերպումներին տրված մեկնաբանությամբ Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս գտնվող «ԼՂ տարածքը» ներառվել է «ՀՀ տարածքում», որպես հետևանք՝ իրեն մեղսագրվող արարքը դիտարկվել է իբրև ռազմական դրության իրավական ռեժիմի գործողության ժամանակատարածքային սահմաններում կատարված։ Ըստ Դիմողի՝ նման պայմաններում խախտվել է իր՝ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված՝ անձնական ազատության հիմնական իրավունքը, քանի որ ինքը Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել է ազատազրկման հենց այդ հանցանքի որակյալ տեսակը կատարելու համար։
Անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 4-րդ կետի, 3-րդ մասի, ինչպես նաև 383-րդ հոդվածի 3-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցին՝ Դիմողը նշում է, որ տվյալ դրույթներին իրավակիրառ պրակտիկայում հաղորդվել է այնպիսի հակասահմանադրական մեկնաբանություն, որով Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցում իրեն վերապահել է «անսահմանափակ հայեցողություն»՝ խաթարելով Վճռաբեկ դատարանի մատչելիության և անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը (Սահմանադրության 61-րդ հոդված)՝ վճռաբեկ բողոքարկումը դարձնելով անձի համար ընդհանրապես ոչ կանխատեսելի, իսկ խախտված իրավունքների պաշտպանության տեսանկյունից՝ անարդյունավետ միջոց։
Այս առումով Դիմողը գտնում է, որ 2025 թվականի հունիսից հուլիսն ընկած ժամանակահատվածից սկսած Վճռաբեկ դատարանի քրեական պալատի կողմից թիվ UԴ3/0114/01/22, թիվ ՍԴ3/0107/01/25, թիվ ՍԴ3/0057/01/25 քրեական գործերով կայացված որոշումներով տարածքային ընդդատությունը կանոնակարգող նորմերին տրված (նոր ձևավորված) և շարունակաբար մեկնաբանություններով ամրապնդվող իրավական դիրքորոշումների պայմաններում Վճռաբեկ դատարանը, չկաշկանդվելով իր իսկ ձևավորած իրավական դիրքորոշումներով (վճռաբեկ բողոքը վարույթ չընդունելով), իր սահմանադրական գործառույթի՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառություն ապահովողից (Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) վերածվել է անորոշությունների աղբյուրի՝ որևէ հետևողականություն չցուցաբերելով իր իսկ կողմից ձևավորված նոր իրավական դիրքորոշումներով առաջնորդվելու հարցում՝ այդպիսով վտանգելով իրավական որոշակիությունը (Սահմանադրության 79-րդ հոդված) և իրավական անվտանգությունը։
Դիմողը, անդրադառնալով Քրեական նախկին օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մասի և 376-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցին, նշում է, որ ՀՀ դատարանների կողմից տվյալ նորմերն իր նկատմամբ կիրառվել են Սահմանադրության 72-րդ հոդվածով ամրագրված սկզբունքը խախտող այնպիսի մեկնաբանությամբ, որով, իրավակիրառ պրակտիկայում այդ նորմերի՝ տևական ժամանակ ձևավորված և հետևողականորեն զարգացված մեկնաբանության ընդհանուր, կանխատեսելի գծից դուրս գալով, դրանց հաղորդվել է ինքնուրույն, խնդրո առարկա հանցանքի էության հետ անհամատեղելի մի նոր բովանդակություն՝ հանգեցնելով նշված հանցանքի սուբյեկտ չհանդիսացող ոչ ՀՀ քաղաքացիներին (հանրային ծառայության իրավունք չունեցողներին) իբրև այդ հանցանքի սուբյեկտ դիտարկելուն՝ օրենսդրի կողմից հանցավոր ճանաչված արարքի շրջանակի ընդլայնմամբ` խախտելով իր՝ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված՝ անձնական ազատության իրավունքը։
Դիմողը, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցին, նշում է, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքում տեղ է գտել հանցավոր համարվող արարքի որոշակի ընդլայնում, քանի որ Քրեական նախկին օրենսգրքի 376-րդ հոդվածով հանցավոր էր համարվում «ծառայության նկատմամբ (...) անփույթ վերաբերմունքը» միայն, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածով սահմանվել է այդպիսի վերաբերմունքի (որը պատճառ է եղել պարտականության չկատարման (ոչ պատշաճ կատարման)) մի նոր ձև՝ «անբարեխիղճ վերաբերմունքը», և տվյալ հասկացությունները նույնական չեն, քանի որ օրենսդիրը դրանք զուգահեռաբար է օգտագործել՝ առանձնացնելով «կամ» շաղկապով։ Ըստ Դիմողի՝ ՀՀ դատարանները հանցավոր համարվող արարքի շրջանակը քննարկած մասով ընդլայնող նորմին հաղորդել են հետադարձ ուժ ունենալու մեկնաբանություն և հանցավոր են համարել արարքը կատարելու պահին ոչ հանցավոր համարվող՝ «ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով պարտականությունների չկատարումը (ոչ պատշաճ կատարումը)»։
Այս համատեքստում Դիմողը գտնում է, որ «(...) թեկուզև դատարանը այստեղ օգտագործել է «և» շաղկապը, այդուհանդերձ արարքի կատարումը «անբարեխղճության» հետևանքը ևս որպես «հանցավոր մեկնաբանելով» դատարանները թույլ են տվել Սահմանադրության 72-րդ հոդվածի 1-ին նախադասության ուժով «նոր քրեական օրենքի» հետադարձ կիրառություն՝ այդպիսով խախտելով Դիմողի անձնական ազատության իրավունքը (Սահմանադրության 27-րդ հոդված)»:
Անդրադառնալով Քրեական նախկին օրենսգրքի 356-րդ հոդվածի 5 և 6-րդ մասերի, 376-րդ հոդվածի, ինչպես նաև վերջինիս հետ համակարգային կապի մեջ գտնվող՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի (այսուհետ՝ Կանոնագիրք) 31, 39, 73 և 78-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական կանոնադրության (այսուհետ՝ Մարտական կանոնադրություն) 1-ին մասի 36-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցին՝ Դիմողը նշում է, որ ինքն ազատազրկման է դատապարտվել և ներկայում պատիժ է կրում Քրեական նախկին օրենսգրքի 376-րդ հոդվածով սահմանված արարքի կատարման համար, որի կապակցությամբ հարկ է փաստել, որ ՀՀ դատարանների կողմից նշված նորմին և դրա ծավալի մեջ բովանդակային առումով ներառված Կանոնագրքի 31, 39, 73 և 78-րդ հոդվածներին, Մարտական կանոնադրության 1-ին մասի 36-րդ կետին, ինչպես նաև Քրեական նախկին օրենսգրքի 376-րդ հոդվածի հետ փոխկապակցված՝ նույն օրենսգրքի 356-րդ հոդվածի 5 և 6-րդ մասերին տրվել է այնպիսի անկանխատեսելի հակասահմանադրական մեկնաբանություն, որը դուրս է նշված նորմերի՝ հայկական իրավական համակարգում ձևավորված ընդհանուր մեկնաբանությունների գծից, տվյալ նորմերի բառիմաստի հնարավոր սահմաններից, ինչպես նաև հակադրվում է այդ նորմերի էությանը և նպատակին: Այս առումով Դիմողը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկայում, առանց որևէ նորմատիվ հիմքի, անկանխատեսելի մեկնաբանությամբ ընդլայնվել է հանցավոր համարվող արարքի շրջանակը (այդ թվում՝ հանցակազմի կոնկրետ տարրեր վերացնելով)՝ թույլ տալով Սահմանադրության 72 և 79-րդ հոդվածներով սահմանված սկզբունքների, ինչպես նաև, հաշվի առնելով իր ազատազրկման դատապարտված լինելու հանգամանքը, Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված՝ անձնական ազատության իրավունքի խախտում:
Դիմողը, անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելվածի համաձայն հաստատված՝ Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկի՝ «Նյարդային համակարգի հիվանդություններ» վերտառությամբ V գլխի 20-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) հավելվածի համաձայն հաստատված՝ Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի (ՀԴ-014-2013) I60 դասիչով սահմանված «ներառյալ» եզրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցին, նշում է, որ իրավակիրառ պրակտիկայում դրանց տրվել է հակասահմանադրական մեկնաբանություն, մասնավորապես` թե՛ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ իրեն ազատազրկման դատապարտելով, թե՛ Վերաքննիչ քրեական դատարանը՝ տվյալ դատական ակտն անփոփոխ թողնելով, և թե՛ Վճռաբեկ դատարանը՝ նույն հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելով (այդպիսով համաձայնելով ստորադաս դատարանների կողմից տրված մեկնաբանություններին և հաստատելով դրանց իրավաչափությունը), իր նկատմամբ վերոնշյալ դրույթները կիրառել են նեղ մեկնաբանությամբ՝ հակառակ պարագայում անհնար կլիներ ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ պետության պատժելու իրավունքի տվյալ պահին իրագործումը և անձին ազատազրկման դատապարտումը։ Այս առումով Դիմողը գտնում է, որ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից դատական ակտում կիրառված մեկնաբանությունը հիմնված է Հրամանի հավելվածի համաձայն հաստատված՝ Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի (ՀԴ-014-2013) I60 դասիչով սահմանված «ներառյալ» եզրույթի բառացի, սակայն նորմատիվ-համակարգային իմաստին հակասող ընկալման վրա, որի արդյունքում տվյալ եզրույթը «(...) վերափոխվել է պարտադիր պայման սահմանող, այլ ոչ թե ընդհանուր դասի ներսում մասնավոր դեպք մատնանշող տարրի»։ Դիմողի պնդմամբ՝ նման մեկնաբանությունը չի բխում ո՛չ հիվանդությունների վիճակագրական դասակարգչի կառուցվածքից, ո՛չ դրա կիրառման տրամաբանությունից՝ հանգեցնելով դատական մեկնաբանության միջոցով նորմատիվ ակտի բովանդակության փաստացի վերաձևակերպման:
Քննարկվող համատեքստում Դիմողը գտնում է, որ Վերաքննիչ քրեական դատարանի այն եզրահանգումը, ըստ որի՝ ենթաոստայնային արյունազեղումը կարող է համապատասխանել I60 դասիչին միայն այն դեպքում, երբ առկա է նաև գլխուղեղի անոթների անևրիզմայի պատռվածք, փաստացի փոխում է դասակարգչի նորմատիվ բովանդակության ծավալը՝ օրինակային թվարկումը վերածելով պարտադիր նախապայմանի։ Ըստ Դիմողի՝ Վերաքննիչ քրեական դատարանի կողմից «ներառյալ» եզրույթի նման մեկնաբանությունը՝ որպես պարտադիր և սահմանափակող պայման, հանգեցնում է դասակարգչի կառուցվածքի ներսում առկա մեկ այլ հիմնարար տարրի՝ «բացառությամբ» եզրույթի ամբողջական իմաստազրկմանը։ Մասնավորապես՝ Դիմողի պնդմամբ՝ նման մեկնաբանությամբ առաջնորդվելու դեպքում դասակարգչում հետագա «բացառությամբ» եզրույթով ձևակերպումների կիրառումը դառնում է ոչ միայն ավելորդ, այլև տրամաբանորեն անհիմն։ Ըստ Դիմողի՝ նշվածը հանգեցնում է ՀՀ դատարանների կողմից օրենսդրի կամքի վերաձևակերպման և փաստացի՝ պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկի սահմանադրաիրավական իմաստով անթույլատրելի նեղացման:
Արդյունքում՝ այս առումով Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված նման մեկնաբանությունը հակասում է «պատժի կրման պիտանիության» դոկտրինին և խախտում Սահմանադրության 23, 24, 25, 26 և 71-րդ հոդվածները, ինչպես նաև, ելնելով այն հանգամանքից, որ միայն վերաբերելի իրավակարգավորումներին տրված այդպիսի հակասահմանադրական մեկնաբանության արդյունքում է հնարավոր դարձել իրեն ազատազրկման դատապարտել, նման մեկնաբանությամբ խախտվել է իր՝ Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված՝ անձնական ազատության իրավունքը:
ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասի, Որոշման հավելվածի համաձայն հաստատված՝ Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկի՝ «Նյարդային համակարգի հիվանդություններ» վերտառությամբ V գլխի 20-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև Հրամանի հավելվածի համաձայն հաստատված՝ Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի (ՀԴ-014-2013) I60 դասիչով սահմանված «ներառյալ» եզրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցի առնչությամբ Դիմողը նաև նշում է, որ թե՛ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, թե՛ Վերաքննիչ քրեական դատարանը խնդրո առարկա իրավակարգավորումներին հաղորդած նեղ մեկնաբանությունը փորձել են հիմնավորել նաև այն պարզաբանմամբ, որ իբրև հետագայում՝ պատժի կատարման ընթացքում, անձը զրկված չէ համապատասխան փորձաքննություն հայցելու և որպես հետևանք՝ պատժի կրումից ազատվելու (պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդության հաստատման դեպքում) հնարավորությունից:
Այս առումով Դիմողը գտնում է, որ ՀՀ դատարանների՝ վիճարկվող իրավակարգավորումներին հաղորդած նման մեկնաբանությունը, որով վերջիններիս կողմից լուծվելիք և արդարադատության առանցքային բաղադրատարր հանդիսացող հարցերից (պատժի տեսակի, չափի, դրա կիրառման կամ չկիրառման, հետաձգման և այլն) մեկի պատշաճ քննությամբ լուծումն ըստ էության և փաստացի հետաձգվում է այն հիմնավորմամբ, որ «(...) պատժի կատարումից հետո հնարավոր կլինի այդ հարցերը՝ քրեական արդարադատության ավարտից հետո քննարկման առարկա դարձնել, ոչ այլ ինչ է, քան արդարադատության բուն էության խաթարում»։ Դիմողի պնդմամբ՝ դատարանները՝ իբրև անձի հիմնական իրավունքների առանցքային պաշտպաններ, պետք է կանխեն իրավունքի հնարավոր խախտումը, այլ ոչ թե սպասեն, որ դատապարտյալի վիճակն ազատազրկման պայմաններում վատթարանա, որից հետո միայն գործի անցնեն, այսինքն՝ դատարանները պետք է լինեն ոչ թե ռեակտիվ, այլ՝ պրոակտիվ։ Արդյունքում՝ քննարկվող համատեքստում Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող իրավակարգավորումներին իրավակիրառ պրակտիկայում տրված հակասահմանադրական մեկնաբանությամբ խախտվել են իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:
Անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցին՝ Դիմողը նշում է, որ Վերաքննիչ քրեական դատարանը տվյալ նորմին հաղորդել է այնպիսի մեկնաբանություն, որով մեղադրյալը փաստացի զրկվել է համապատասխան իրավակարգավորմամբ երաշխավորված՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից: Մասնավորապես՝ ըստ Դիմողի՝ Վերաքննիչ քրեական դատարանը, մի կողմից` արձանագրել է, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը մերժվել է սխալ պատճառաբանությամբ, մյուս կողմից՝ եկել է այն եզրահանգման, որ այդ հանգամանքն ինքնին բավարար չէ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը բավարարելու համար։ Դիմողի պնդմամբ՝ Վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածին հաղորդել է այնպիսի մեկնաբանություն, ըստ որի՝ նույնիսկ այն դեպքում, երբ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից միջնորդությունն անհիմն և չպատճառաբանված է մերժվել, Վերաքննիչ քրեական դատարանը պարտավոր չէ փորձաքննություն նշանակելու միջոցով վերականգնել խախտված դատավարական իրավունքը։ Այս առումով Դիմողը գտնում է, որ նման մեկնաբանությունը դատավարական նորմի բովանդակությունը փաստացի լցնում է անսահմանափակ «դատական հայեցողությամբ», կտրում դրա նպատակային նշանակությունից՝ անձի արդար դատաքննության երաշխիք լինելուց, և վերածում է ոչ արդյունավետ երաշխիքի՝ խախտելով Սահմանադրության 63-րդ հոդվածով սահմանված հիմնական իրավունքը։
Դիմողը, անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 276-րդ հոդվածի, 359-րդ հոդվածի 1-ին մասի և 367-րդ հոդվածի 2-4-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցին, նշում է, որ տվյալ դրույթներն այնքանով, որքանով թույլ են տալիս (և չեն բացառում) վերաքննիչ դատարանի «նոր փաստական հանգամանք հաստատելու» լիազորության շրջանակում նաև փոխել մեղադրանքի հիմքը՝ մեղադրյալին վերագրվող փաստական հանգամանքները և (կամ) դրանց նկարագրությունը, հակասում են Սահմանադրության 63 և 67-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքներին։ Դիմողի պնդմամբ՝ նման կարգավորումը հնարավորություն է տալիս մեղադրանքի հիմքի էական փոփոխությունը ձևակերպել անմիջապես վարույթը եզրափակող դատական ակտով՝ այն դարձնելով մեղադրյալի համար անկանխատեսելի և վերջինիս զրկելով փոփոխված փաստական հիմքից պաշտպանվելու և արդյունավետ հակազդելու որևէ իրական հնարավորությունից։ Միաժամանակ, ըստ Դիմողի՝ այդպիսի «փաստական հիմքի վերաձևակերպումը» վերաքննիչ դատարանին դուրս է բերում արդարադատության գործառույթի սահմաններից և փաստացի նրան ներգրավում է մեղադրանքի գործառույթի իրականացման մեջ՝ խաթարելով քրեական դատավարությանը բնորոշ գործառույթների բաժանման սկզբունքը, որն ինքնին անհամատեղելի է մրցակցային դատավարության և «զենքերի հավասարության» սահմանադրական երաշխիքների հետ։
Այս առումով Դիմողը գտնում է, որ Վերաքննիչ քրեական դատարանը, դուրս գալով իր լիազորությունների շրջանակից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով և 367-րդ հոդվածում «մեղադրանքի հիմքի՝ փաստական հանգամանքների և դրանց նկարագրի փոփոխության» արգելքի ուղիղ բացակայությունից մեկնաբանությամբ բխեցնելով մեղադրանքի հիմքի փոփոխության (վերաձևակերպման) հնարավորությունը, փոփոխել է մեղադրանքի փաստական նկարագիրը, այսինքն՝ նշված նորմերը մեկնաբանել և կիրառել է` խախտելով Սահմանադրության 63 և 67-րդ հոդվածներով երաշխավորված հիմնական իրավունքները՝ իրեն զրկելով այդ փաստական հանգամանքներից և տրված նկարագրից պաշտպանվելու որևէ իրական հնարավորությունից։
Միաժամանակ, Դիմողը, անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի 3-րդ մասի և 383-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցին, նշում է, որ տվյալ դրույթները (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը) այնքանով, որքանով դրանցով, անձի կողմից մեկ անգամ արդեն իսկ վճռաբեկ բողոք ներկայացված լինելու պայմաններում, բողոքարկման ժամկետների ընթացքում նույն դատական ակտի դեմ նոր հիմքով ներկայացված ցանկացած նոր բողոք օրենքի ուժով վերածվում է «հավելյալ» բողոքի՝ բացառելով նոր հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքի նկատմամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ վերադարձի և շտկման կառուցակարգի կիրառումը և թույլ տալով, որ այդ նոր բողոքի շտկելի բովանդակային թերությունը տեխնիկապես «կլանվի» առաջինի՝ այլ հիմքով ներկայացված բողոքի պատճառաբանություններով և փաստերով, ինչի հետևանքով անձը զրկվում է իր նոր իրավական պահանջի (բողոքի) մասով Վճռաբեկ դատարանին իրական հասանելիությունից, հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված՝ դատարանի մատչելիության և արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
3.1. Դիմողի կողմից վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասի, 276-րդ հոդվածի, 359-րդ հոդվածի 1-ին մասի, 367-րդ հոդվածի 2-4-րդ մասերի, ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի, Քրեական նախկին օրենսգրքի 356-րդ հոդվածի 5 և 6-րդ մասերի, 376-րդ հոդվածի, ներառյալ՝ տվյալ հոդվածի 3-րդ մասով սահմանված «ռազմական դրության (...) ժամանակ» ձևակերպման, Ռազմական դրություն հայտարարելու մասին որոշման 1-ին կետով սահմանված «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածք» ձևակերպման, Կանոնագրքի 31, 39, 73 և 78-րդ հոդվածների, ինչպես նաև Մարտական կանոնադրության 1-ին մասի 36-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»:
Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է նաև դիրքորոշում առ այն, որ «(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար՝ նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: (…) Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված՝ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում: (...)»:
Քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է (առկա է եղել) որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա վերջինս չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները: Այս իրավական պահանջի նպատակն այն է, որ կոնկրետ անձի հիմնական իրավունքներին վերաբերող հարցին բոլոր իրավասու դատարաններն իրենց լիազորությունների շրջանակներում անդրադառնան, որից հետո միայն Սահմանադրական դատարանը, ունենալով նաև տվյալ հարցի վերաբերյալ իրավասու բոլոր դատական ատյանների կողմից ձևավորված իրավակիրառ պրակտիկայում կիրառված նորմերի մեկնաբանությունները, անհատական դիմումի շրջանակներում անդրադառնա այդ հարցին և գտնի հանրային իշխանության բոլոր մարմինների ու պաշտոնատար անձանց համար պարտադիր լուծումներ:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված կարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.
տվյալ անհատական դիմումի և թիվ ՍԴ1/0158/01/23 քրեական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը քննարկվող համատեքստում չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու սահմանադրական պահանջը:
Այսպես` ի սկզբանե անդրադառնալով Դիմողի կողմից սույն անհատական դիմումով բարձրացվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության հարցին, Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ այս առումով Դիմողի կողմից Սահմանադրական դատարանի առջև բարձրացվող սահմանադրաիրավական վեճը հանգում է հետևյալին.
«(...) առկա է սահմանադրաիրավական վեճ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (...) 261-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանության սահմանադրականության շուրջ, որի արդյունքում ՀՀ «դատարանի դատական տարածք» եզրույթին հաղորդվել է լայն և ինքնավար (ավտոնոմ) մեկնաբանություն՝ ՀՀ «դատական տարածքի» մեջ ներառելով միջազգայնորեն «ՀՀ տարածք» չհանդիսացող «Լեռնային Ղարաբաղի տարածքը», և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում կատարված ենթադրյալ հանցանքի վերաբերյալ վարույթը դիտարկվել է որպես «ՀՀ դատական տարածքում կատարված հանցանքի վարույթ», ինչի հետևանքով առաջացել է նշված մեկնաբանության և ՀՀ Սահմանադրության նախաբանի էության, ինչպես նաև Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի, մասնավորապես՝ «օրենքի հիման վրա ստեղծված դատարանի» կողմից գործի քննության սահմանադրական պահանջի և Սահմանադրության 27-րդ հոդվածով երաշխավորված անձնական ազատության իրավունքի հետ համատեղելիության վերաբերյալ սահմանադրաիրավական վեճ» (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի)։
Այսինքն՝ Դիմողի կողմից Սահմանադրական դատարանի առջև բարձրացվել է վերաբերելի իրավակարգավորմանն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ Հայաստանի Հանրապետության «դատական տարածքի» մեջ «Լեռնային Ղարաբաղի տարածքը» ներառելու, «Լեռնային Ղարաբաղում կատարված ենթադրյալ հանցանքի վերաբերյալ վարույթը» որպես «ՀՀ դատական տարածքում կատարված հանցանքի վարույթ» դիտարկելու սահմանադրականության հարցը:
Մինչդեռ թիվ ՍԴ1/0158/01/23 քրեական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ տվյալ քրեական գործի շրջանակներում Դիմողի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ «Տարածքային ընդդատությունը» վերտառությամբ 261-րդ հոդվածի 1-ին մասին անդրադարձ է կատարվել միայն վերջինիս վճռաբեկ բողոքում և Վճռաբեկ դատարանի կողմից դրա հիման վրա 2025 թվականի սեպտեմբերի 26-ին կայացված՝ «Վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ, սակայն այլ՝ Դիմողի կողմից սույն անհատական դիմումով Սահմանադրական դատարանի առջև բարձրացվող համատեքստից տարբերվող խոսքաշարում: Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշմամբ արձանագրվել է հետևյալը.
«(...) Ի հիմնավորումն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վերոնշյալ պայմանների առկայության՝ բողոքի հեղինակը նշել է, որ խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածի պահանջը, որը հանգեցրել է Ջ. Հարությունյանի՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով, ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ամրագրված արդար դատաքննության իրավունքի խախտման։
Բողոքաբերը փաստարկել է, որ Ջ. Հարությունյանի վերաբերյալ գործն Առաջին ատյանի դատարանում քննվել է ընդդատության կանոնների առերևույթ խախտմամբ, իսկ այդ հիմքով վերաքննիչ բողոք չի ներկայացվել, քանի որ պաշտպանական կողմն այդ փուլում տեղյակ չի եղել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ վարույթի ընդդատության հարցը լուծելու մասին, Գոռ Իշխանյանի և Նվեր Մարտիրոսյանի գործով 2025 թվականի հունիսի 16-ի թիվ ՍԴ3/0114/01/22 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին, և սխալմամբ կարծել է, որ օրենքով գործը ենթակա է քննության Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։
Բողոք բերած անձի պնդմամբ՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի վերոնշյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին։
Վերոգրյալ հիմնավորումներով, բողոքաբերը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 7-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2025 թվականի հունիսի 18-ի որոշումը և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի)։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանի խնդրո առարկա որոշմամբ կատարված վերոնշյալ արձանագրումից բխում է, որ քննարկվող համատեքստում Դիմողի վճռաբեկ բողոքի առանցքը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի կողմից մեկ այլ՝ թիվ ՍԴ3/0114/01/22 քրեական գործով 2025 թվականի հունիսի 16-ին կայացված՝ «Վարույթի ընդդատության հարցը լուծելու մասին» որոշումն է, որի վկայակոչմամբ Դիմողը գտել է, որ բողոքարկվող դատական ակտը հակասում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի տվյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին։ Այս առումով Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արձանագրել, որ վերոնշյալ՝ թիվ ՍԴ3/0114/01/22 քրեական գործով կայացրած որոշմամբ Վճռաբեկ դատարանի քրեական պալատն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
«(...) Սույն վարույթով բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր է արդյո՞ք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի հետևությունն այն մասին, որ թիվ ՍԴ3/0114/01/22 քրեական վարույթն ընդդատյա է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
(...)
(...) հարկ է արձանագրել, որ թեև մինչդատական վարույթի ընթացքում հնարավոր է եղել պարզել Գ. Իշխանյանին և Ն. Մարտիրոսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքների կատարման վայրը, սակայն մեղադրանքի քննությունը տվյալ տարածքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում անհնարին է։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանի քրեական պալատը գտնում է, որ սույն վարույթի տարածքային ընդդատությունը որոշելիս պետք է հիմք ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումը, համաձայն որի՝ մեղադրանքը պետք է քննի այն դատարանը, որի դատական տարածքում է գտնվում մինչդատական վարույթն իրականացրած նախաքննության մարմնի նստավայրը։ Սույն վարույթով մինչդատական վարույթն իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, որի նստավայրը գտնվում է Երևան քաղաքում:
Միաժամանակ, հաշվի առնելով վարույթին ներգրավված մեծաթիվ մասնավոր մասնակիցների և վկաների բնակության վայրերը, Վճռաբեկ դատարանի քրեական պալատը գտնում է, որ սույն վարույթի քննությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում բխում է նաև արդարադատության շահից» (ընդգծումները՝ Սահմանադրական դատարանի):
Այսպիսով, Վճռաբեկ դատարանի քրեական պալատը տվյալ քրեական գործի շրջանակներում, ըստ էության, քննել է այն հարցը, թե խնդրո առարկա քրեական վարույթն ընդդատյա է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՞ն, թե՞ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
Իր բովանդակային ամբողջության մեջ թիվ ՍԴ1/0158/01/23 քրեական գործով Վճռաբեկ դատարանի կողմից կայացված համապատասխան որոշման հաշվառմամբ՝ հենց վերը վկայակոչված միևնույն իրավական հարցադրման (քրեական վարույթն ընդդատյա է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՞ն, թե՞ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին) համատեքստում Դիմողի կողմից վճռաբեկ բողոք ներկայացնելու մասին է վկայում նաև վերը վկայակոչված այն հանգամանքը, որ թիվ ՍԴ1/0158/01/23 քրեական գործով կայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ տվյալ քրեական գործով ներկայացրած իր համապատասխան վճռաբեկ բողոքի առանցքում Դիմողը քննարկվող համատեքստում դրել է բողոքարկվող դատական ակտի՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ թիվ ՍԴ3/0114/01/22 քրեական գործով կայացրած որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումներին հակասելու վերաբերյալ պնդումը՝ Վճռաբեկ դատարանին խնդրելով վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության:
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը թիվ ՍԴ1/0158/01/23 քրեական գործով կայացրած՝ «Վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ արձանագրել է. «Համեմատական վերլուծության ենթարկելով բողոքարկվող դատական ակտում և Վճռաբեկ դատարանի քրեական պալատի՝ վարույթի ընդդատության հարցը լուծելու մասին Գոռ Իշխանյանի և Նվեր Մարտիրոսյանի գործով 2025 թվականի հունիսի 16-ի թիվ ՍԴ3/0114/01/22 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքարկվող դատական ակտը չի հակասում նշված որոշմանը» (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի)։
Ամփոփելով՝ այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ և՛ Դիմողին առնչվող՝ թիվ ՍԴ1/0158/01/23 քրեական գործով Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումը, և՛ Դիմողի կողմից վկայակոչված ու քննարկվող համատեքստում իր վճռաբեկ բողոքի առանցքում դրված՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի կողմից թիվ ՍԴ3/0114/01/22 քրեական գործով կայացված որոշումը վերաբերում են համապատասխան քրեական վարույթների՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՞ն, թե՞ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա լինելու հարցին:
Ինչ վերաբերում է Դիմողի կողմից իր անհատական դիմումով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության առնչությամբ բարձրացված հարցին առ այն, որ «(...) ՀՀ «դատարանի դատական տարածք» եզրույթին հաղորդվել է լայն և ինքնավար (ավտոնոմ) մեկնաբանություն՝ ՀՀ «դատական տարածքի» մեջ ներառելով միջազգայնորեն «ՀՀ տարածք» չհանդիսացող «Լեռնային Ղարաբաղի տարածքը», և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում կատարված ենթադրյալ հանցանքի վերաբերյալ վարույթը դիտարկվել է որպես «ՀՀ դատական տարածքում կատարված հանցանքի վարույթ», (...)», ապա Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել, որ սույն անհատական դիմումի և թիվ ՍԴ1/0158/01/23 քրեական գործով կայացված դատական ակտերի համադրված ուսումնասիրությունը վկայում է, որ տվյալ հարցը Դիմողի կողմից որևէ կերպ չի բարձրացվել և վիճարկվել ՀՀ եռաստիճան դատական համակարգում իր գործի քննության, այդ թվում՝ վճռաբեկության կարգով բողոքարկման ընթացքում:
Հետևաբար՝ Դիմողն այս առումով չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելու սահմանադրական պահանջը:
Դիմողի կողմից քննարկվող համատեքստում Սահմանադրական դատարանի առջև բարձրացված մյուս հարցերի առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն անհատական դիմումի և թիվ ՍԴ1/0158/01/23 քրեական գործով կայացված դատական ակտերի համադրված ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած տվյալ հարցերը ևս միևնույն համատեքստում որևէ կերպ չի բարձրացրել ՀՀ եռաստիճան դատական համակարգում համապատասխան քրեական գործի քննության ընթացքում:
Այսպես, սույն անհատական դիմումի և թիվ ՍԴ1/0158/01/23 քրեական գործով կայացված դատական ակտերի համադրված ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Քրեական նախկին օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված «ռազմական դրության (...) ժամանակ» ձևակերպման, Ռազմական դրություն հայտարարելու մասին որոշման 1-ին կետով սահմանված «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածք» ձևակերպման (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության վիճարկման համատեքստում անհատական դիմումով բարձրացված հարցը որևէ կերպ Դիմողի կողմից չի բարձրացվել և քննության առարկա չի դարձվել Վճռաբեկ դատարանում:
Սույն անհատական դիմումի և թիվ ՍԴ1/0158/01/23 քրեական գործով կայացված դատական ակտերի համադրված ուսումնասիրությունը նաև վկայում է, որ Դիմողի կողմից չի բարձրացվել և Վճռաբեկ դատարանի կողմից քննության առարկա չի դարձվել նաև Դիմողի կողմից Սահմանադրական դատարանի առջև Քրեական նախկին օրենսգրքի 356-րդ հոդվածի 5 և 6-րդ մասերի, 376-րդ հոդվածի, Կանոնագրքի 31, 39, 73 և 78-րդ հոդվածների և Մարտական կանոնադրության 1-ին մասի 36-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության վիճարկման համատեքստում բարձրացված հարցը:
Ավելին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 276-րդ հոդվածի, 359-րդ հոդվածի 1-ին մասի, 367-րդ հոդվածի 2-4-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության վիճարկման համատեքստում Դիմողի կողմից բարձրացված հարցի կապակցությամբ ևս, հիմնվելով սույն անհատական դիմումի և թիվ ՍԴ1/0158/01/23 քրեական գործով կայացված դատական ակտերի համադրված ուսումնասիրության վրա, Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ դրանք չեն բարձրացվել Դիմողի կողմից և քննության առարկա չեն դարձվել Վճռաբեկ դատարանում:
Բացի դրանից, կրկին հիմնվելով սույն անհատական դիմումի և թիվ ՍԴ1/0158/01/23 քրեական գործով կայացված դատական ակտերի համադրված ուսումնասիրության վրա` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն անհատական դիմումով Դիմողի կողմից Քրեական նախկին օրենսգրքի 356-րդ հոդվածի 5-րդ մասի և 376-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության վիճարկման համատեքստում բարձրացված հարցը, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության վիճարկման համատեքստում բարձրացված հարցն առհասարակ չեն բարձրացվել Դիմողի կողմից խնդրո առարկա քրեական գործի քննության ողջ ընթացքում և քննության առարկա չեն դարձվել ՀՀ եռաստիճան դատական համակարգի կողմից:
Վերոշարադրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 2022 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-120 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ սահմանադրական արդարադատություն հայցելու անձի իրավունքը, ինչպես նաև օրենսդրությամբ դրա իրացման նպատակով նախատեսված ընթացակարգային կարգավորումներն ինքնանպատակ չեն, ուստիև հայեցողաբար մեկնաբանվել չեն կարող: Նշված կարգավորումները միտված են դիմողի կողմից նախքան Սահմանադրական դատարան դիմելու իրավունքն իրացնելն իր ենթադրյալ խախտված իրավունքների և ազատությունների վերականգնման համար օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելուն։
Մինչդեռ Դիմողը Սահմանադրական դատարանի առջև բարձրացված՝ վերը վկայակոչված դրույթներին առնչվող հարցերի կապակցությամբ, ունենալով դրանք իր անհատական դիմումով ներկայացված համատեքստում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով եռաստիճան դատական համակարգում բարձրացնելու և դատական քննության առարկա դարձնելու իրական հնարավորություն, չի օգտվել տվյալ իրավական հնարավորությունից, դրանով իսկ չի իրացրել իր ենթադրյալ խախտված իրավունքների և (կամ) ազատությունների վերականգնման համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր հնարավորությունները սպառելու պահանջը:
Վերոշարադրյալի լույսի ներքո, հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը քննարկվող համատեքստում չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, հետևաբար՝ սույն պարագայում բացակայում է Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան պայմանը: Ուստի՝ Դիմողն այս առումով Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ:
Արդյունքում՝ հիմք ընդունելով Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2 և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասի, 276-րդ հոդվածի, 359-րդ հոդվածի 1-ին մասի, 367-րդ հոդվածի 2-4-րդ մասերի, ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի, Քրեական նախկին օրենսգրքի 356-րդ հոդվածի 5 և 6-րդ մասերի, 376-րդ հոդվածի, ներառյալ՝ տվյալ հոդվածի 3-րդ մասով սահմանված «ռազմական դրության (...) ժամանակ» ձևակերպման, Ռազմական դրություն հայտարարելու մասին որոշման 1-ին կետով սահմանված «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածք» ձևակերպման, Կանոնագրքի 31, 39, 73 և 78-րդ հոդվածների, ինչպես նաև Մարտական կանոնադրության 1-ին մասի 36-րդ կետի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) մասով, Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ Դիմողի՝ դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու, Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու հիմքերով:
3.2. Դիմողի կողմից վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի 3-րդ մասի, 365-րդ հոդվածի, 381-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 4-րդ կետի, 3-րդ մասի, 383-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասի, Որոշման հավելվածի համաձայն հաստատված՝ Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկի՝ «Նյարդային համակարգի հիվանդություններ» վերտառությամբ V գլխի 20-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև Հրամանի հավելվածի համաձայն հաստատված՝ Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի (ՀԴ-014-2013) I60 դասիչով սահմանված «ներառյալ» եզրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) կապակցությամբ Սահմանադրական դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
ինչպես արդեն վերը վկայակոչվել է, Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է. «(…) Բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի կամ դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատման հարցեր:
Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի՝ խնդրո առարկա վիճարկվող դրույթների առնչությամբ ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից այս առումով բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի 3-րդ մասի, 365-րդ հոդվածի, 381-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 4-րդ կետի, 3-րդ մասի, 383-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասի, Որոշման հավելվածի համաձայն հաստատված՝ Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկի՝ «Նյարդային համակարգի հիվանդություններ» վերտառությամբ V գլխի 20-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև Հրամանի հավելվածի համաձայն հաստատված՝ Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի (ՀԴ-014-2013) I60 դասիչով սահմանված «ներառյալ» եզրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց:
Այսպես` Դիմողն իր անհատական դիմումով Սահմանադրական դատարանի առջև քննարկվող դրույթների համատեքստում բարձրացրած հարցերի վերաբերյալ, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ «(...) Վերաքննիչ դատարանը, մի կողմից արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը մերժվել է սխալ պատճառաբանությամբ, մյուս կողմից եկել է այն եզրահանգման, որ այդ հանգամանքը ինքնին բավարար չէ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը բավարարելու համար։
Այդպիսով, Վերաքննիչ դատարանը ՔրԴՕ-ի 365-րդ հոդվածին հաղորդել է այնպիսի մեկնաբանություն, ըստ որի՝ նույնիսկ այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանի կողմից միջնորդությունը անհիմն և չպատճառաբանված է մերժվել, վերաքննիչ դատարանը պարտավոր չէ վերականգնել խախտված դատավարական իրավունքը՝ փորձաքննություն նշանակելու միջոցով» (ընդգծումները՝ Դիմողի):
Դիմողը նշել է. «(...) Վճռաբեկ դատարանը, ՔրԴՕ 381-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին, 2-րդ մասի 4-րդ կետին, ՔրԴՕ 383-րդ հոդվածի 3-րդ մասին հաղորդել է այնպիսի մեկնաբանություն, ըստ որի՝ Վճռաբեկ բողոքում Դիմողի արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրի՝ իր գործի (վարույթի) քննությունը «օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից» իրականացվելու տարրի առերևույթ խախտումը ներկայացվելու, բողոքում հստակորեն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումը մատնանշելու, դրա տարբեր հատվածներից մեջբերումներ արվելու, համեմատական վերլուծություն կատարելու, ընդդատությունը սխալ որոշող նորմին Վճռաբեկ դատարանի տվյալ որոշմամբ տված մեկնաբանության և առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (վերաքննիչ դատարանի) նորմին հաղորդած մեկնաբանություն հակասությունը ի ցույց դրվելն անգամ բավարար չէ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցում։ Այդպիսով՝ արդյունքում Վճռաբեկ դատարանի նշյալ նորմերին հաղորդել է այնպիսի մեկնաբանություն, որ վճռաբեկ բողոքով անձի՝ իր իրավունքների դատական պաշտպանությունը դառնում է անկանխատեսելի և անարդյունավետ, քանի որ այդ հաղորդած մեկնաբանությամբ Վճռաբեկ դատարանի դատական ակտի մեջբերումը, կոնկրետ գործի փաստական հանգամանքների հետ համադրությունը, դրանց (այդ թվում՝ փաստական հանգամանքների) նմանության արձանագրումը, դատարանների կողմից կիրառված նորմին Վճռաբեկ դատարանի հաղորդած մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ կիրառած լինելու վերլուծությունը վճռաբեկ բողոքի վարույթի ընդունելիության անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմանն է դիտարկվում։ (...)» (ընդգծումները՝ Դիմողի):
Դիմողը նաև ներկայացրել է հետևյալ բովանդակությամբ դիրքորոշում. «Եթե այդ բողոքը դիտարկվեր որպես նոր և ինքնուրույն վճռաբեկ բողոք, այն պետք է վերադարձվեր ՔրԴՕ 383-րդ հոդվածի 1-ին մասի կարգով՝ հնարավորություն տալով այդ թերությունը վերացնելու և Վճռաբեկ դատարանին իրական հասանելիություն ապահովելու։
Սակայն ՔրԴՕ 355-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման հետևանքով այդ նույն շտկելի թերությունը դարձել է «անտեսանելի», քանի որ առաջին՝ առողջական հիմքով ներկայացված վճռաբեկ բողոքը պարունակում էր ՔրԴՕ 355-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով պահանջվող տվյալները, և երկու բողոքները օրենքի ուժով դիտարկվել են որպես մեկ ամբողջություն։
Հենց այս հակասահմանադրական օրենսդրական դրույթները (ՔրԴՕ 355-րդ հոդվածի 3-րդ մասի և 383-րդ հոդվածի) միմյանց հետ համակարգային կապի մեջ և այս մեկնաբանությամբ կիրառվել են նաև Վճռաբեկ դատարանի 26.09.2025թ. թիվ ՍԴ1/0158/01/23 գործով որոշմամբ, որով Ջալալ Հարությունյանի կողմից ներկայացված երկու վճռաբեկ բողոքները՝ առաջինը՝ առողջական հիմքով (նյութական նորմի սխալ կիրառում) և երկրորդը՝ սեպտեմբերի 9-ին ներկայացվածը՝ նոր հիմքով (քրեադատավարական օրենքի էական խախտում), դիտարկվել են մեկ ամբողջության մեջ՝ երկրորդը դիտարկվել է առաջինի «հավելում»՝ բացառելով սեպտեմբերի 9-ի նոր բողոքի նկատմամբ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքն ապահովող ՔրԴՕ 383-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վերադարձի և շտկման մեխանիզմի կիրառումը։ Դրանով Վճռաբեկ դատարանը գործնականում կիրառել է նշված հակասահմանադրական նորմերը հենց այն հակասահմանադրական բովանդակությամբ (մեկնաբանությամբ), ըստ որի երկրորդ, նոր հիմքով ներկայացված բողոքի բովանդակային թերությունը «կլանվում» է առաջին բողոքի այլ հիմքով ներկայացված պատճառաբանություններով, ինչի հետևանքով անձը զրկվում է բողոքի շտկելի թերության վերադարձման կառուցակարգի գործադրմամբ ապահովող իր նոր բողոքի մասով դատարանի իրական մատչելիությունից» (ընդգծումները՝ Դիմողի):
Միաժամանակ, Դիմողը ներկայացրել է պնդումներ առ այն, որ «Վերաքննիչ դատարանի դատական ակտում կիրառված մեկնաբանությունը հիմնված է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանի հավելվածով հաստատված հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի (դասիչի) ՀԴ-014-2013-ի I60՝ «ներառյալ» եզրույթի բառացի, սակայն նորմատիվ-համակարգային իմաստին հակասող ընկալման վրա, որի արդյունքում տվյալ եզրույթը վերափոխվել է պարտադիր պայման սահմանող, այլ ոչ թե ընդհանուր դասի ներսում մասնավոր դեպք մատնանշող տարրի։ (...):
(...)
(...) դատարանի մոտեցումը ոչ միայն հակասում է «ներառյալ» եզրույթի հաստատուն գործածությանը դասակարգչում, այլ նաև ստեղծում է նորմատիվ ներքին հակասություն, որն անթույլատրելի է հատկապես այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է մարդու կյանքի և առողջության վրա անմիջական ազդեցություն ունեցող իրավական հետևանքներին։
(...)
(...) դատարանների՝ նորմին հաղորդած նման մեկնաբանությունը, որով իրենց կողմից լուծվելիք և արդարադատության առանցքային բաղադրատարր հանդիսացող (պատժի տեսակի, չափի, դրա կիրառման-չկիրառման, հետաձգման և այլն) հարցերից մեկի պատշաճ քննարկմամբ լուծումը ըստ էության և փաստացիորեն հետաձգվում է այն հիմնավորմամբ, թե պատժի կատարումից հետո հնարավոր կլինի այդ հարցերը՝ քրեական արդարադատության ավարտից հետո քննարկման առարկա դարձնել, ոչ այլ ինչ է, քան արդարադատության բուն էության խաթարում։ Դատարանները իբրև անձի հիմնական իրավունքների առանցքային պաշտպաններ պետք է իրենք կանխեն իրավունքի հնարավոր խախտումը, այլ ոչ թե սպասեն, որ դատապարտյալի վիճակը ազատազրկման պայմաններում վատթարանա, որից հետո նոր միայն գործի անցնեն, այսինքն՝ պետք է լինեն ոչ թե ռեակտիվ, այլ՝ պռոակտիվ» (ընդգծումները՝ Դիմողի):
Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև Դիմողի կողմից քննարկվող համատեքստում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ՍԴ1/0158/01/23 քրեական գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության հետ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի 3-րդ մասի, 365-րդ հոդվածի, 381-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 4-րդ կետի, 3-րդ մասի, 383-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասի, Որոշման հավելվածի համաձայն հաստատված՝ Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկի՝ «Նյարդային համակարգի հիվանդություններ» վերտառությամբ V գլխի 20-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև Հրամանի հավելվածի համաձայն հաստատված՝ Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի (ՀԴ-014-2013) I60 դասիչով սահմանված «ներառյալ» եզրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են խնդրո առարկա քրեական գործի շրջանակներում ՀՀ դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:
Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից խնդրո առարկա համատեքստում բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ՍԴ1/0158/01/23 քրեական գործի շրջանակներում ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջը՝ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի 3-րդ մասի, 365-րդ հոդվածի, 381-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 4-րդ կետի, 3-րդ մասի, 383-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասի, Որոշման հավելվածի համաձայն հաստատված՝ Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկի՝ «Նյարդային համակարգի հիվանդություններ» վերտառությամբ V գլխի 20-րդ կետի 1-ին ենթակետի, ինչպես նաև Հրամանի հավելվածի համաձայն հաստատված՝ Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի (ՀԴ-014-2013) I60 դասիչով սահմանված «ներառյալ» եզրույթի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) մասով, Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ դիմումում առաջադրված հարցերի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«Ջալալ Հարությունյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասի, 276-րդ հոդվածի, 355-րդ հոդվածի 3-րդ մասի, 359-րդ հոդվածի 1-ին մասի, 365-րդ հոդվածի, 367-րդ հոդվածի 2–4-րդ մասերի, 381-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 2-րդ մասի 4-րդ կետի և 3-րդ մասի, 383-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ մասի, 550-րդ հոդվածի, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և 2022 թվականի հուլիսի 1-ին ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի 5 և 6-րդ մասերի, 376-րդ հոդվածի, ներառյալ՝ տվյալ հոդվածի 3-րդ մասով սահմանված «ռազմական դրության (...) ժամանակ» ձևակերպման, ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշման 1-ին կետով սահմանված «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածք» ձևակերպման, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշման հավելվածի համաձայն հաստատված՝ Որպես խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների (խանգարումներ, վիճակներ) կողմնորոշիչ ցանկի՝ «Նյարդային համակարգի հիվանդություններ» վերտառությամբ V գլխի 20-րդ կետի 1-ին ենթակետի, ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 871-Ն հրամանի հավելվածի համաձայն հաստատված՝ Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական դասակարգչի (ՀԴ-014-2013) I60 դասիչով սահմանված «ներառյալ» եզրույթի, «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 31, 39, 73 և 78-րդ հոդվածների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական կանոնադրության 1-ին մասի 36-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
3 մարտի 2026 թվականի
ՍԴԱՈ-29
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 3 մարտի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-29
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
