Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-24429 դեկտեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-244)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 դեկտեմբերի 2020թ. ՍԴԱՈ - 244 | «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ-Ի ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ԵՎ 10-ՐԴ ՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը ՊԱՐԶԵՑ.

1. «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն 2020թ. հուլիսի 9-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումով խնդրել է. «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդ-վածի 9-րդ և 10-րդ մասերը այնքանով որքանով դատական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ չեն ապահովում այդ իրավունքը արդեն իսկ իրացրած ապահովված պարտատիրոջ սեփականության և արդար դատաքննության իրավունքի պաշտպանությունը` ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 60-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 4-րդ մասին, 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:

2. Դիմողի նկատմամբ կիրառվելու պահին գործել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող 43-րդ հոդվածը 17.06.16թ. /ՀՕ-105-Ն/ խմբագրությամբ:

3. Դիմողն արձանագրելով սնանկության գործով երկու իրարամերժ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի առկայության փաստը, որոնցից մեկով դատա-րանը թույլատրել է գրավադրված գույքը որպես սեփականություն հանձնել պար-տատեր «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲ ընկերությանը, իսկ մյուսով` դատարանը երրորդ անձի միջնորդության հիման վրա որոշել է նույն գույքով «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի պահանջի ապահովումը դադարեցնելու վերաբերյալ, գտնում է, որ դրա պատճառը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի իրավական անորոշությունն է: Դիմողի գնահատմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի իրավական անորոշությունը դրսևորվում է նրանում, որ դրանցից յուրաքանչյուրի իրացումը պետք է բացառի մյուսի գոյությունը, ինչն օրենսդրի կողմից չի սահմանվել: Ըստ դիմողի նշված իրավական անորոշությունը պատճառ է հանդիսացել նաև իրավակիրառ պրակտիկայում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերին տրված այնպիսի մեկնաբանության համար, որը հանգեցրել է իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև նյութական միջոց ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքի իրավունքների խախտման:

4. Պատասխանող կողմն առարկելով դիմողի փաստարկների դեմ, նշում է, որ օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթը շարադրել է բավարար հստակությամբ: Ըստ պատասխանողի «Վերջինիս համակարգային ուսումնասիրությունը, այլ իրավական ակտերի դրույթների հետ համադրումն ու մեկ ամբողջության մեջ դիտարկումն էլ ավելի է հստակեցնում Օրենսդրի նպատակը: Մասնավորապես` «Սնանկության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասն ուսումնասիրելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի հետ նույն համատեքստում` արձանագրում ենք հետևյալը, որ այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից: Նշվածից ստացվում է, որ քանի դեռ նշված գործարքից ծագող իրավունքները չեն ենթարկվել պետական գրանցման, երրորդ անձ գրավատուն իրավունք ունի դադարեցնել գրավի առարկան պարտատիրոջն ի սեփականություն հանձնելու գործընթացը համապատասխան գումարները սնանկության հաշվին վճարելու պայմանով: Ուստի քանի դեռ գործարքը կնքված չէ և դրանից ծագող իրավունքները չեն ենթարկվել պետական գրանցման, ի սեփականություն ստանալու գործողությունները, այդ թվում` դատարանի որոշումը չեն կարող վկայակոչվել որպես ավարտված իրավաբանական փաստ և դրվել երրորդ անձ գրավատուի` իր գույքով պահանջի ապահովումը դադարեցնելու որոշման մերժման հիմքում»: Ի հավաստումն օրենսդրի կողմից վիճարկվող դրույթներում վերը հիշատակված նպատակների առկայության, այդ նպատակներն արագ, արդյունավետ և թափանցիկ կերպով իրացնելու նպատակով` օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 12.12.2019թ. ՀՕ-294-Ն օրենքով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող 43-րդ հոդվածը լրացվել է հետևյալ բովանդակությամբ 10.1-րդ մասով. «10.1. Պարտատիրոջ և երրորդ անձ գրավատուի կողմից համապատասխանաբար սույն հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով սահմանված իրավունքներից օգտվելու ցանկություն հայտնելու դեպքում առաջնահերթությունը տրվում է երրորդ անձ գրավատուին»: Պատասխանողը, ըստ էության գտնում է, որ դիմողը բավարարված չլինելով դատարանի կոմից կայացված որոշումից, ձևական առումով է դիմել Սահմանադրական դատարան, ինչն ըստ նրա` անթույլատրելի է: Ելնելով վերոգրյալից պատասխանողը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթները համապատասխանում են ինչպես ՀՀ Սահմանադրությամբ, այնպես էլ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված անձի արդար դատաքննության իրավունքին, և հակասության մեջ չեն գտնվում ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի, 61 և 63-րդ հոդվածների 1-ին մասերի հետ:

5. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունն ու վերլուծությունը, ինչպես նաև դիմողի նկատմամբ կայացված դատական ակտերի հիմքում դրված պատճառաբանությունների ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ դիմումն ակնհայտ անհիմն է և սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են. ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Միաժամանակ, նույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը 1) գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»: Այնուհետև, նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը սահմանում է. «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում»: Իսկ նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, ...»: Սահմանադրական դատարանի 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 որոշման համաձայն, Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս, ըստ ձևի ներկայացվող պահանջների կատարման հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե անձի սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ է ակնկալվում սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում: Մասնավորապես, նշված որոշման համաձայն «... դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր ...: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:

6. Քննարկվող դեպքում դիմողը պնդում է, որ իրավական անորոշության հետևանքով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հանգեցրել է իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև նյութական միջոց ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքի իրավունքների խախտման: Վիճարկվող օրենքի` «Ապահովված պահանջները և դրանց բավարարումը» վերտառությամբ 43-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերը համապատասխանաբար սահմանում են. «9. Եթե ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից, ապա պարտատերերի ցանկում ընդգրկված պարտատերն իրավունք ունի իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալու գրավի առարկան` փոխհատուցելով այդ գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը` գրավի առարկայի արժեքի հինգ տոկոսի չափով: Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ պահանջի չափը չի նվազեցվում գույքի պահպանման և փոխանցման ծախսերի և կառավարչի վարձատրության համար վճարված գումարի չափով:

10. Եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքով, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը` սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով`

1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը.

2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով»: Ըստ էության, խնդրո առարկա իրավակարգավորումներով օրենսդիրը «Սնանկության մասին» ՀՀ օրենքով գրավադրված գույքի առնչությամբ գրավատուին և գրավառուին վերապահել է իրենց իրավունքների և օրինական շահերի իրացման և պաշտպանության հնարավորություններ, որոնց շրջանակներում, մի կողմից գրավառուն իրավունք ունի դիմելու դատարան գրավի առարկան որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալու պահանջով, մյուս կողմից գրավադրված գույքի սեփականատեր երրորդ անձն իրավունք ունի դիմելու դատարան իր գույքով պահանջի ապահովումը դադարեցնելու պահանջով և սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ օրենքով սահմանված գումարը փոխանցելու պայմանով: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի այն պնդումը, որ վիճարկվող դրույթներով խախտվում է իր Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքը, մասնավորապես` նյութական միջոց ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիքն անհիմն է: Քաղաքացիական օրենսգրքի վերաբերելի դրույթների ուսումնասիրությունից բխում է, որ գրավը հանդիսանում է գրավառուի նկատմամբ գրավատուի պարտավորությունների կատարման, այլ կերպ ասած վարկի/ փոխառության վերադարձելիության երաշխիք: Գույքը գրավով ծանրաբեռնելու դեպքում գույքի սեփականատեր շարունակում է մնալ գրավատուն: Վարկատուի, տվյալ դեպքում` դիմողի որպես պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ, օրինական ակնկալիքը նախ և առաջ երրորդ անձի գույքով ապահովված պարտավորության կատարման, այն է գումարի վերադարձն է, ինչն ըստ էության ապահովվում է վիճարկվող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով և, ինչը որ կոնկրետ գործով տեղի է ունեցել, այլ ոչ թե այդ պարտավորության ապահովման համար գրավադրված գույքն ինքնին: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անձի Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքը կարող է ենթադրաբար խախտվել, իսկ դիմողը իր նկատմամբ կիրառված իրավանորմերով տվյալ իրավունքի խախտման հանգամանքը վիճարկել Սահմանադրական դատարանում, միայն այն դեպքում, եթե ինքն է այդ իրավունքի /տվյալ դեպքում վիճելի գույքի գրավադրված բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը/ սուբյեկտը /իրավատերը/ կամ նրա մոտ առկա է այդ գույքը ձեռք բերելու լեգիտիմ ակնկալիք: Մինչդեռ, գործի հանգամանքներից ակներև է, որ դիմողը հանդիսանում է անշարժ գույքի գրավով ապահովված դրամական միջոցներով արտահայտված պարտավորության պարտատերը, որի կատարման ապահովմանն էլ ուղղված է վիճարկվող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասի դրույթները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննության առնելով ՄԻԵԿ արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքի ենթադրյալ խախտման հարցն արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Դատարանը նշում է, որ ՄԻԵԿ մեկնաբանությունները հետևողականորեն զարգացրել են այն դիրքորոշումը, որը ՄԻԵԿ արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «գույք» հասկացությունը վերաբերում է միայն «առկա գույքին» կամ այնպիսի միջոցներին, ինչպիսիք են դիմողների այնպիսի պահանջները, որոնք ունեն իրագործման կամ իրականացման «իրավաչափ ակնկալիք» (տե՛ս օրինակ, Pressos Compania Naviera S.A. and Others, կետ 31, and Ouzounis and Others v. Greece, 18/04/2002թ., կետ 24, Gratzinger And Gratzingerova v. The Czech Republic, 10/07/2002թ.)»։ Տվյալ գործով իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ դատարաններն նույնպես առաջնորդվել են վերոհիշյալ տրամաբանությամբ: Մասնավորապես ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր 14.10.2019թ. ՍԴ2/0034/0416 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի «Դիմումը ներկայացնելու, գումարը վճարելու պահին ինքը /գրավատու երրորդ անձը/ եղել է անշարժ գույքի սեփականատեր, հետևաբար սեփականության իրավունքի պաշտպանությանն ու պահպանությանն ուղղված «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված պահանջի ապահովումը (նույնն է գրավը) դադարեցնելու իր իրավունքն առկա է: Գրավը նշված հիմքով դադարեցնելու արդյունքում չի խախտվում նաև բանկի որպես գրավով ապահովված պարտատիրոջ իրավունքը»: Դիմողի կողմից դիմումում բարձրացված ենթադրյալ իրավական անորոշության առկայության և դրա արդյունքում իր դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտումների հիմնավորումները բխում են նրա սեփականության իրավունքի ենթադրյալ խախտման հանգամանքից: Դիմողի փաստարկների ուսումնասիրությունը վկայում է, այն մասին, որ վերջինս չի ներկայացրել բավարար հիմնավորումներ իր Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման և վիճարկվող դրույթի կամ դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ: Ավելին, դիմողն առերևույթ բարձրացնելով օրենքի դրույթների սահմանադրականության հարց ըստ էության բարձրացնում է դատարանների կողմից իրենց իրավասությունների իրականացման և դրա արդյունքում դատարանների գործողությունների ու կայացրած դատական ակտերի իրավաչափության հարց, որպիսին Սահմանադրական դատարանի քննության ենթակա չէ: Արդյունքում, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակում ներկայացված անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, իսկ գործի վարույթը ենթակա է կարճման: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 69-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

29 դեկտեմբերի 2020 թվականի

ՍԴԱՈ-244

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 դեկտեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-244
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել