Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄԻՀՐԱՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄԻՀՐԱՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1516 մարտի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-15)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 մարտի 2021թ. ՍԴԴԿՈ - 15 | ՄԻՀՐԱՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 16 մարտի 2021 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով Միհրան Մարուքյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Միհրան Մարուքյանը 2021 թվականի փետրվարի 24-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով.

«…Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածում նշված «իրավական պետության» սկզբունքին, 29-րդ հոդվածին, 57-րդ հոդվածի 2-րդ կետին, 79-րդ հոդվածին և 82-րդ հոդվածին հակասող և անվավեր»:

2. Դիմողի կարծիքով Աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետը հակասում է Սահմանադրության 29-րդ հոդվածին, 57-րդ հոդվածի 2-րդ մասին, 79-րդ հոդվածին, 82-րդ հոդվածին, ինչպես նաև չի համապատասխանում Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված «իրավական պետության» սկզբունքին: Վիճարկվող նորմի Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված «իրավական պետության» սկզբունքին հակասությունը դիմողը հիմնավորում է նրանով, որ վիճարկվող նորմի «գործատուի կողմից առաջարկվող պաշտոնում կամ աշխատանքում անձի մասնագիտական ունակությունների գնահատման հիման վրա» իրավական ձևակերպումը չի համապատասխանում իրավական որոշակիության պահանջին: Ըստ դիմողի անձի մասնագիտական ունակությունների գնահատումը կարգավորվում է Աշխատանքային օրենսգրքի 91 և 92-րդ հոդվածներով, որոնք վերաբերում են փորձաշրջանին և տևում են 3 ամիս, այլ ոչ թե 1 ամիս (ըստ դիմողի աշխատանքային պայմանագիրը 1 ամսով կնքելու հնարավորությունը գործատուին տալիս է վիճարկվող նորմը): Դիմողը գտնում է, որ «գործատուի կողմից առաջարկվող պաշտոնում կամ աշխատանքում անձի մասնագիտական ունակությունների գնահատման հիման վրա» իրավական ձևակերպումը քողարկում է նույն նորմի մյուս երկու պայմանները տարիքային կենսաթոշակի իրավունք ունենալը և վաթսուներեք տարին լրացած լինելը կամ տարիքային կենսաթոշակի իրավունք ունենալը և վաթսունհինգ տարին լրացած լինելը: Դիմողը գտնում է նաև, որ օրենսդիրը վիճարկվող նորմում գիտելիքների ստուգման պայմանը նախատեսել է մարդու տարիքով կամ սոցիալական վիճակով պայմանավորված խտրականություն սահմանելու նպատակով: Վիճարկվող նորմի Սահմանադրության 29-րդ հոդվածին հակասությունը դիմողը հիմնավորում է նրանով, որ տվյալ դեպքում խտրականությունը պայմանավորված է աշխատողի տարիքով և կենսաթոշակառու լինելու հանգամանքով, ինչը թույլ է տալիս տարբերակված մոտեցում ցուցաբերել այն անձի նկատմամբ, որն ունի նման իրավական կարգավիճակ և աշխատանքային հարաբերություններ է սկսում գործատուի հետ: Ըստ դիմողի օբյեկտիվորեն արդարացված չէ բարձր 63 և 65 տարեկան, և ավելի ցածր տարիք ունեցող աշխատողների միջև տարբերակված մոտեցում ցուցաբերելը, ինչը չի հետապնդում իրավաչափ նպատակ: Վիճարկվող նորմի Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասին հակասությունը դիմողը հիմնավորում է նրանով, որ վիճարկվող նորմը, ի համեմատ առավել ցածր տարիքային խմբի աշխատողների, ավելի բարձր տարիքային խմբի աշխատողներին թույլ չի տալիս աշխատանքից ազատվելու դեպքում օգտվել պաշտպանության սահմանադրորեն երաշխավորված իրավունքից: Վիճարկվող նորմի Սահմանադրության 82-րդ հոդվածին հակասությունը դիմողը հիմնավորում է նրանով, որ վիճարկվող նորմը տարբերակված մոտեցում է ցուցաբերում բարձր 63 և 65 տարեկան, և ավելի ցածր տարիք ունեցող աշխատողների միջև: Վիճարկվող նորմի Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասության վերաբերյալ դիմողը որևէ հիմնավորում չի ներկայացնում:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված «իրավական պետության» սկզբունքի առնչությամբ դիմողի հիմնավորումների մասով Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողը չի ներկայացրել վիճարկվող նորմի և Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված «իրավական պետության» սկզբունքի խախտման միջև պատճառահետևանքային կապը: Դիմողի այն փաստարկը, որ օրենսդիրը վիճարկվող նորմում գիտելիքների ստուգման պայմանը նախատեսել է մարդու տարիքով կամ սոցիալական վիճակով պայմանավորված խտրականություն սահմանելու նպատակով, բավարար չէ հիմնավորելու վիճարկվող նորմի գործողության արդյունքում Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված «իրավական պետության» սկզբունքի ենթադրյալ խախտումը: Ինչ վերաբերում է իրավական անորոշության վերաբերյալ դիմողի ներկայացրած փաստարկներին, ապա Աշխատանքային օրենսգրքի 120-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ աշխատողի մասնագիտական ունակությունների համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին կամ կատարվող աշխատանքին գնահատում է գործատուն: Այլ խնդիր է, թե գործատուն ինչպես է այն գնահատում. գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ գործատուն որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի մասին դիմողին հասցեագրած ծանուցագրում նշել է ոչ թե այն հանգամանքը, որ դիմողի մասնագիտական ունակությունները չեն համապատասխանում զբաղեցրած պաշտոնին կամ կատարվող աշխատանքին, այլ այն, որ պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գործատուն չի ցանկանում կատարել պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգում: Սահմանադրության 29-րդ հոդվածի առնչությամբ դիմողի հիմնավորումների մասով հարկ է նշել, որ դիմողը թեպետ վկայակոչել է խտրականության արգելման սկզբունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումները, սակայն դրանք ներկայացրել է սեփական ընկալման տեսանկյունից: Խտրականության արգելման սկզբունքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք վերաբերում են այնպիսի տարբերակված մոտեցմանը, որը ցուցաբերվել է համադրելի իրավիճակում, նույն իրավիճակում գտնվող, նույն իրավական կարգավիճակն ունեցող անձանց նկատմամբ: Այլ կլիներ խնդիրը, եթե վիճարկվող նորմը տարբերակված մոտեցում ցուցաբերեր տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող և վաթսուներեք տարին լրացած կամ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող և վաթսունհինգ տարին լրացած անձանց շրջանակում, ինչը տվյալ դեպքում առկա չէ: Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասի առնչությամբ դիմողի հիմնավորումների մասով Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ դիմողը վիճարկվող նորմի Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասին հակասությունը հիմնավորում է նրանով, որ վիճարկվող նորմը, որպես համեմատություն առավել ցածր տարիքային խմբի աշխատողների ավելի բարձր տարիքային խմբի աշխատողներին թույլ չի տալիս աշխատանքից ազատվելու դեպքում օգտվել պաշտպանության սահմանադրորեն երաշխավորված իրավունքից: Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունն այս դեպքում ևս դիմողը ներկայացրել է սեփական ընկալման տեսանկյունից: Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասը պաշտպանություն տրամադրում է աշխատանքից անհիմն ազատված աշխատողներին, ինչը դիմողի գործով առկա չէ, քանի որ օրենքով նախատեսված ժամկետի լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի դադարումն տրամաբանորեն չի կարող դիտարկվել որպես աշխատանքից անհիմն ազատում: Սահմանադրության 82-րդ հոդվածի առնչությամբ դիմողը չի ներկայացրել վիճարկվող նորմի և իր առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի սահմանադրական իրավունքի խախտման միջև պատճառահետևանքային կապը: Դիմողը վիճարկվող նորմի Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասության վերաբերյալ որևէ հիմնավորում չի ներկայացրել: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով` Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Միհրան Մարուքյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա. Թունյան

Անդամներ Ա. Վաղարշյան

Է. Շաթիրյան

16 մարտի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-15

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 մարտի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-15
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել