«ՏՐԱՆՍԻՄՊԵՔՍ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 14 հունվարի 2025թ. ՍԴԴԿՈ - 2 | «ՏՐԱՆՍԻՄՊԵՔՍ» ՍՊԸ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 14 հունվարի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի
Անդամակցությամբ՝ Է. Շաթիրյանի
Դ. Խաչատուրյանի
Քննության առնելով «ՏՐԱՆՍԻՄՊԵՔՍ» ՍՊԸ անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ՏՐԱՆՍԻՄՊԵՔՍ» ՍՊԸ (այսուհետ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ փաստաբան Արմինե Ավետիսյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հունվարի 3-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 11, 61, 63, 71 հոդվածներով սահմանված պահանջներին հակասող և անվավեր»։
2. Ներկայացնելով թիվ ԵԴ/22182/02/21 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ինքը՝ որպես փոխադրող, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձ, պատասխանատվություն է կրում բեռի կամ ուղեբեռի կորստի համար, եթե չի ապացուցում, որ բեռի կամ ուղեբեռի կորուստը, պակասորդը, վնասվածքը տեղի են ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը չէր կարող կանխել, և որոնք վերացնելը իրենից կախված չէր:
Դիմողի պնդմամբ՝ նկատի ունենալով, որ ինքը նաև ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտ է, իր կողմից ստանձնած պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում ինքը ենթակա չի լինի պատասխանատվության միայն այն դեպքում, եթե ապացուցի, որ պատշաճ կատարումն անհնար է եղել անհաղթահարելի ուժի, այսինքն` տվյալ պայմաններում արտակարգ և անկանխելի հանգամանքների հետևանքով, որը սույն դեպքում առկա չէ:
Դիմողը գտնում է, որ իր մասնակցությամբ թիվ ԵԴ/22182/02/21 քաղաքացիական գործի շրջանակներում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը և Վճռաբեկ դատարանը ձևավորել են սխալ պրակտիկա ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտների՝ քաղաքացիաիրավական իմաստով մեղավորության վերաբերյալ։
Դիմողը նշում է, որ «(…) հաշվի առնելով ձևավորված բացասական դատական պրակտիկան, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իրավական որոշակիության և բացառապես օրենքով հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը սահմանելու սկզբունքների խախտման արդյունքում, խախտվում են Ապահովագրական ընկերություններին վստահած անձանց և կազմակերպությունների՝ ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածներով տրված հիմնական իրավունքներն ու ազատությունները»:
Ըստ Դիմողի՝ «(…) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածով սահմանված՝ պարտապանի կողմից պարտավորությունների մեղավորությամբ չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հանգամանքը քննարկելիս ՀՀ դատարանները դուրս են գալիս նույն օրենսգրքով տրված սահմաններից և մեղքի հարցի քննարկումը հաճախ տեղափոխում են քրեաիրավական դաշտ։ Ուստի՝ 417–րդ հոդվածով սահմանված «մեղքի առկայության դեպքում» հասկացությունը չի համապատասխանում հստակության, կանխատեսելիության և մատչելիության սկզբունքներին»:
Դիմողը նշում է, որ տնտեսվարող սուբյեկտը վիճարկվող իրավադրույթների վերլուծության արդյունքում չի կարող իրավաչափորեն կանխատեսել ստեղծված իրադրության հնարավոր հետևանքները և կառավարել դրանք: Հավելելով Դիմողը պնդում է, որ տնտեսվարող սուբյեկտի համար հստակ և մատչելի չէ, թե ո՞ր դեպքերում կարող են սահմանափակվել վերջինիս իրավունքները, և ինչպե՞ս նա կարող է կանխել նման իրավիճակի առաջացումը:
Դիմողը կարծում է, որ «(…) անձի իրավունքների արդյունավետ իրականացման չափանիշները, կառուցակարգերը և ընթացակարգերը սահմանված չեն օրենքով, ինչը հանգեցնում է ապահովագրողների կողմից կամայական և չհիմնավորված գործողությունների, իսկ թերի դատական պրակտիկայի հետևանքով, դատարանների կողմից չի ապահովվում անձի հիմնական իրավունքների և ազատությունների՝ որպես անմիջականորեն գործող իրավունքի պաշտպանության պարտականության պատշաճ իրականացումը, որն իր հերթին բացառում է արդար դատաքննության իրավունքի իրացման ապահովումը»:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
(…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերոնշյալ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և տվյալ հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Դիմողը վկայակոչել է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասությունը Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար սեփականության, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքներին, սակայն բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել իր՝ տվյալ հոդվածներով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի խախտման փաստը, հետևաբար և՝ վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) և համապատասխան հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը։ Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածներին հակասելու վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ:
Անդրադառնալով Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 71, 75 և 79-րդ հոդվածներին՝ Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է նաև, որ տվյալ հոդվածների բովանդակությունից բխում է, որ կոնկրետ վերահսկողության պարագայում դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո:
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 11-րդ հոդվածն ամրագրված է Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխում: Մինչդեռ կոնկրետ վերահսկողության պարագայում նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է հիմնավորել, որ վիճարկվող դրույթը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման:
Ամփոփելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«ՏՐԱՆՍԻՄՊԵՔՍ» ՍՊԸ անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Հ. Հովակիմյան
Անդամներ՝ Է. Շաթիրյան
Դ. Խաչատուրյան
14 հունվարի 2025 թվականի
ՍԴԴԿՈ–2
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 14 հունվարի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-2
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
