ԱՐՄԵՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 10 հունվարի 2024թ. ՍԴԴԿՈ - 2 | ԱՐՄԵՆ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 10 հունվարի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ Ս. Սաֆարյանի
Հ. Թովմասյանի
Քննության առնելով Արմեն Աթանեսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արմեն Աթանեսյանի (այսուհետ Դիմող) դիմումը (ներկայացուցիչ Ա․ Մուսայելյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի դեկտեմբերի 27-ին, որով Դիմողը խնդրել է. «1․ Պարզել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ, 48-րդ հոդվածի 1-ին մասի, 48-րդ հոդվածի 5-րդ կետի, 52-րդ հոդվածի 1-ին մասի, 55-րդ հոդվածի, 55-րդ հոդվածի 1-ին մասի, 55-րդ հոդվածի 3-րդ մասի, 93-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 95-րդ հոդվածի 2-րդ մասի ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 79-րդ հոդվածին համապատասխանության հարցը և ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչել այն մեկնաբանությամբ, որ դատավարության մասնակցի ներկայացուցիչ փաստաբանին ուղարկված ծանուցումը կարող է դիտարկվել որպես պատշաճ ծանուցում այն պայմաններում, երբ գործում առկա չէ տվյալ գործին մասնակցող անձի կողմից տրված բնօրինակ լիազորագիր, այլ առկա է մեկ այլ գործի նյութերից գործին մասնակցող մյուս անձի կողմից ներկայացված լիազորագրի պատճեն և գործին մասնակցող անձը որևէ եղանակով չի հայտնել դատարանին ներկայացուցչի միջոցով հանդես գալու մասին։ 2․ Պարզել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 79-րդ հոդվածին համապատասխանության հարցը և ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչել այն մեկնաբանությամբ, որ դատավարության մասնակցի գործի քննությանը ծանուցված չլինելը վերաքննության փուլում չի կարող դիտարկվել որպես նոր ապացույցի ներկայացումից զրկված լինելու հիմնավորում։ 3․ Պարզել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 79-րդ հոդվածին և ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչել այն մեկնաբանությամբ, որ փոխառության պայմանագրով փոխառուի ցանկացած պարտատեր կարող է հանդիսանալ որպես շահագրգիռ կողմ փոխառության պայմանագիրը դատական կարգով վիճարկելու պահանջով։
4. Պարզել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի դրույթների ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 79-րդ հոդվածին համապատասխանելու հարցը և ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչել այն մեկնաբանությամբ, որ փոխառության պայմանագրի կնքված լինելու և փոխառության գումարը հանձնված լինելու վերաբերյալ բավարար ապացույց չի կարող համարվել փոխառության պայմանագիրը այն պայմաններում, երբ այն բովանդակում է հստակ տեղեկություն պայմանագրի կնքման պահին փոխառության գումարի տրամադրման մասին, իսկ փոխատուն ընդունում է փոխառության գումարը իր կողմից ստացված լինելու փաստը»։
2. Դիմողը, մասնավորապես, նշում է. «(…) Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանություն տալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ, 48-րդ հոդվածի 1-ին մասի, 48-րդ հոդվածի 5-րդ կետի, 52-րդ հոդվածի 1-ին մասի, 55-րդ հոդվածի, 55-րդ հոդվածի 1-ին մասի, 55-րդ հոդվածի 3-րդ մասին և հաշվի չառնելով տվյալ իրավակարգավորումների բխող վերլուծությունները, արձանագրել է Արմեն Աթանեսյանի պատշաճ ծանուցված լինելու հանգամանքը այն պայմաններում, երբ Դատավարության մասնակից Արմեն Աթանեսյանի կողմից որևէ լիազորագիր գործով չի ներկայացվել,
Արմեն Աթանեսյանը գործով չի հայտնել իր կամահայտնությունը, որ ցանկանում է հանդես գալ լիազորված ներկայացուցչի միջոցով, Արմեն Աթանեսյանը պետք է իրազեկված լիներ դատավարության առկայության մասին և իրազեկված լինելու պայմաններում լիազորեր ներկայացուցչին հանդես գալու իր անունից, (…)
Հետևաբար Վերաքննիչ դատարանը պարտավոր էր փաստել, որ տվյալ գործում առկա չէ լիազորագիր, ծանուցումներն ուղարկվել են ոչ թե տվյալ գործով ներկայացուցչին, այլ գործով դատավարության մասնակցին ներկայացնելու լիազորություն ունեցող անձին»։ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի առնչությամբ Դիմողը, մասնավորապես, նշում է. «(…) ոչ իրավաչափորեն եզրահանգելով Արմեն Աթանեսյանի պատշաճ ծանուցված լինելու մասին Վերաքննիչ դատարանը անդրադառնալով Դատարանի կողմից գործի ըստ էության քննության շրջանակներում նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ Արմեն Աթանեսյանի կողմից դրամարկղային մուտքի օրդերի անդորրագրի հիման վրա գումարը «ԻՄՊԵՐԻԱԼ ՊԱԼԱՍ ՀՈԹԵԼ» ՍՊԸ-ին հանձնված լինելու հետ, արձանագրել է, որ նշված հարցերի վերաբերյալ բողոք բերողը Դատարանում գործի քննության ժամանակ բողոքում արտահայտած նշված դիրքորոշումը չի հայտնել, այդ թվում ծանուցված լինելով գործի քննության մասին, որևէ դիրքորոշում չի հայտնել, և Դատարանն իր նախաձեռնությամբ սույն դեպքում այդ հարցին անդրադառնալ չէր կարող։ Հետևաբար Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Վերաքննիչ դատարանն իրավասու կլիներ անդրադառնալ վերը նշված հարցերին այն դեպքում, երբ սույն գործով պատասխանողը Դատարանում գործի քննության ընթացքում դիրքորոշում ներկայացներ նշվածի վերաբերյալ։ (…)
Գտնում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի մեկնաբանությունը Վերաքննիչ դատարանը պետք է բխեցներ ՀՀ քաղաքացիական դատավարության վերոնշյալ իրավակարգավորումներից և հանգեր այն եզրահանգման, որ Արմեն Աթանեսյանը, պատշաճ ծանուցված չլինելով գործի քննության և դատական նիստերի վերաբերյալ, զրկված է եղել փոխառության պայմանագրի կնքված լինելու հիմնավորումներից և դրան ուղղված ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից, ուստի առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված բացառությունը վերաքննության փուլում նոր ապացույց ներկայացնելու վերաբերյալ»։ Դիմողը գտնում է նաև, որ իրավակիրառ պրակտիկայում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 3-րդ մասին տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 79-րդ հոդվածին։ Դիմողը, մասնավորապես, նշում է. «(…) ստացվում է, որ գործարքի կողմ հանդիսացող փոխառուի բոլոր պարտատերերը հանդիսանում են շահագրգիռ անձինք վիճարկելու իրենց պարտապանի կողմից կնքված մյուս բոլոր գործարքները, այդ թվում այլ անձանցից վերցրած փոխառությունները, ինչը խախտում է քաղաքացիական իրավահարաբերությունների կայունությունը և որոշակիությունը։ Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն «Արարատբանկ» ԲԲԸ-ի իրավունքներին կարող էր առնչվել պարտապանին սնանկ ճանաչելու վճիռը, այլ ոչ թե վճռի հիմքում ընկած գործարքը և հենց դրանով պայմանավորված պարտապանին սնանկ ճանաչելու հարցը լուծելիս մյուս պարտատերերը որևէ մասնակցություն չեն ունենում դատավարական տվյալ գործընթացին, ինչից ակնհայտ է, որ պարտապանին սնանկ ճանաչելու հիմքում ընկած գործարքին մյուս պարտատերերը չեն կարող շահագրգիռ կողմ հանդիսանալ»։ Դիմողի պնդմամբ թիվ ԵԴ/8529/02/20 քաղաքացիական գործի շրջանակներում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածին տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 60 և 79-րդ հոդվածներին։ Դիմողը նշում է. «(…) ի հավաստումն փոխառության պայմանագրի կնքման պարտադիր չէ ներկայացնելու փոխատուի կողմից փոխառուին որոշակի դրամական գումար կամ որոշակի քանակի գույք տալը հավաստող այլ փաստաթուղթ և «կարող է» դիսպոզիտիվ ձևակերպումը չի կարող դատարանի կողմից կիրառվել նման իմպերատիվ մեկնաբանությամբ։ (…)
Գտնում ենք, որ փոխառության պայմանագիրն է հենց այն ապացույցը, որը հավաստում է փոխառության իրավահարաբերության առկայությունը, քանի որ այն բովանդակում է տեղեկություն պայմանագրի կնքման պահին փոխառության գումարի տրամադրման մասին։ Իսկ տվյալ ապացույցից բացի էական է նաև փոխառուի դիրքորոշումը և տվյալ փաստի ընդունումը։ Իսկ փոխառության գումարի տրամադրման վերաբերյալ դրամարկղային փաստաթղթի անհրաժեշտությունը կառաջանար այն դեպքում, երբ փոխառության պայմանագիրը չպարունակեր տեղեկություն գումարը տրամադրվելու վերաբերյալ»։
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և կից ներկայացված նյութերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանություններով. 3․1․ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 3-րդ մասի և 877-րդ հոդվածի վերաբերյալ
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Այն սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է անհատական դիմումներին ներկայացվող հիմնավորվածության պահանջը. ըստ այդմ` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այդ պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է ներկայացնի բավարար հիմնավորումներ, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթ(ներ)ի ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Նշված պահանջին համապատասխան Դիմողը պետք է դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր։ Սույն դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերոնշյալ պահանջները պահպանված չեն: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 3-րդ մասի և 877-րդ հոդվածի իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին: Դիմողը բավարար հիմնավորումներ չի ներկայացրել վիճարկվող դրույթների իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, և Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածով երաշխավորված իր հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ։ Դիմողը սահմանափակվել է վիճարկվող դրույթների իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին հակասելու վերաբերյալ պնդման վկայակոչմամբ։ Դիմողի կողմից բարձրացված վիճարկվող դրույթի իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, ենթադրյալ հակասահմանադրականության հարցի առնչությամբ Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված որոշակիության սկզբունքի համատեքստում, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Սահմանադրության 79-րդ հոդվածով ամրագրված որոշակիության սկզբունքը կոնկրետ վերահսկողության պայմաններում կարող է քննարկման առարկա դառնալ միայն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության սահմանափակման լույսի ներքո, այլ ոչ ինքնուրույն, առանձին վերցված: Վերոնշյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով չի հիմնավորվում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 3-րդ մասի և 877-րդ հոդվածի հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունները, հակասությունը Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով ամրագրված իրավունքներին, հետևաբար նաև Սահմանադրության 79-րդ հոդվածին: Ուստի հիմք ընդունելով Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը վիճարկվող վերոնշյալ դրույթների մասով, ենթակա է մերժման դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով։ 3․2․ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի, 48-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, 52-րդ հոդվածի 1-ին մասի, 55-րդ հոդվածի, ներառյալ դրա 1-ին և 3-րդ մասերի, 93-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 95-րդ հոդվածի 2-րդ մասի, 379-րդ հոդվածի 5-րդ մասի վերաբերյալ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Ընդ որում, սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի/վերջինիս դրույթ(ներ)ի սահմանադրականության գնահատման հարցեր: Սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունների սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է համապատասխան դրույթների կիրառման իրավաչափության հարց: Մասնավորապես Դիմողը ներկայացրել է դիրքորոշում առ այն, որ (…) Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանություն տալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ, 48-րդ հոդվածի 1-ին մասի, 48-րդ հոդվածի 5-րդ կետի, 52-րդ հոդվածի 1-ին մասի, 55-րդ հոդվածի, 55-րդ հոդվածի 1-ին մասի, 55-րդ հոդվածի 3-րդ մասին և հաշվի չառնելով տվյալ իրավակարգավորումների բխող վերլուծությունները, արձանագրել է Արմեն Աթանեսյանի պատշաճ ծանուցված լինելու հանգամանքը (…): (…)
Հետևաբար Վերաքննիչ դատարանը պարտավոր էր փաստել, որ տվյալ գործում առկա չէ լիազորագիր, ծանուցումներն ուղարկվել են ոչ թե տվյալ գործով ներկայացուցչին, այլ գործով դատավարության մասնակցին ներկայացնելու լիազորություն ունեցող անձին»։ Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման մեջ նշված է. «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Վերոնշյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ Դիմողը վիճարկվող վերոնշյալ դրույթների հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունները, հակասահմանադրականության վերաբերյալ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացրել, իսկ որպես փաստարկ ներկայացված դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ եռաստիճան դատական համակարգի դատարանների գործողությունների (դատական ակտերի) իրավաչափությանը, որի ստուգումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից: Ուստի սույն անհատական դիմումով գործի քննությունը վիճարկվող վերոնշյալ դրույթների մասով, ենթակա է մերժման Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արմեն Աթանեսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Է. Շաթիրյան
Անդամներ Ս. Սաֆարյան
Հ. Թովմասյան
10 հունվարի 2024 թվականի
ՍԴԴԿՈ-2
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 հունվարի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-2
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
