ԱՆՆԱ ԴԱՆԻԲԵԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 31 հունվարի 2025թ. ՍԴԴԿՈ - 8 | ԱՆՆԱ ԴԱՆԻԲԵԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 31 հունվարի 2025 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի
Անդամակցությամբ՝ Վ. Գրիգորյանի
Դ. Խաչատուրյանի
Քննության առնելով Աննա Դանիբեկյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Աննա Դանիբեկյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հունվարի 20-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումով խնդրել է.
«Սույն դիմումը բավարարել.
1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը և/կամ այդ նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը և/կամ օրենսդրական բացը ճանաչել Սահմանադրության 28-րդ, 29-րդ, 31-րդ, 49-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և/կամ այդ նորմին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը և/կամ օրենսդրական բացը ճանաչել Սահմանադրության 31-րդ, 49-րդ, 61-րդ, 63-րդ և 173-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
3. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 153-րդ հոդվածի 3-րդ մասը և/կամ այդ նորմին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը և/կամ օրենսդրական բացը ճանաչել Սահմանադրության 31-րդ, 49-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Դիմողը նշում է, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից իր նկատմամբ կիրառված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը, 146-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և 153-րդ հոդվածի 3-րդ մասը, հաշվի առնելով նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից դրանց տրված մեկնաբանությունը և (կամ) դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացը, չարդարացված միջամտություն են գործում իր՝ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասով, 49-րդ հոդվածով, 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված հիմնական իրավունքներին:
Ըստ Դիմողի՝ «(…) Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում ամրագրված էական կարգապահական խախտման հասկացությունները չեն համապատասխանում օրենքի կանխատեսելիության չափանիշին և ոչ բավարար որոշակիության պատճառով հնարավորություն չեն ընձեռում հստակ սահմանազատել վերոնշյալ «էական» կարգապահական խախտումները նույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված այլ կարգապահական խախտումներից՝ իրավակիրառողին վերապահելով չափազանց լայն հայեցողության ազատություն այդ եզրույթները մեկնաբանելիս և կիրառելիս»:
Անդրադառնալով Օրենսգրքի 142-րդ հոդվածով նախատեսված՝ «հասարակ» և «էական» կարգապահական խախտումների սահմանազատման հիմք հանդիսացող հանգամանքներին՝ Դիմողը գտնում է, որ վերոնշյալ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետում որպես այդպիսին դիտվում է կարգապահական խախտման հետևանքը, մինչդեռ գործնականում նշված հետևանքներն անխուսափելիորեն ուղեկցում են նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ հանդիսացող ցանկացած խախտումը: Ըստ Դիմողի՝ դժվար է պատկերացնել, թե ինչպես նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ որևէ խախտում կարող է չհանգեցնել դատավարության մասնակիցների արդար դատաքննության իրավունքի խախտմանը կամ չհեղինակազրկել դատական իշխանությունը: Դիմողի պնդմամբ՝ այդպիսի խախտման ակնհայտ և կոպիտ բնույթն ինքնին պարունակում է նշված հետևանքների առաջացման անխուսափելիությունը:
Դիմողը նշում է, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավոր Վահե Միսակյանի վերաբերյալ կայացված որոշմամբ վերջինիս վերագրվել է «տուժողի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքի» խախտում, ինչպես նաև «դատական իշխանու թյունը հեղինակազրկելը»: Այսինքն՝ Դիմողի պնդմամբ՝ որպես «հասարակ» որակված կարգապահական խախտման պարագայում ուղղակիորեն արձանագրվել են «էական» կարգապահական խախտման հատկանիշներ հանդիսացող՝ Օրենսգրքի 142-րդ հոդ վածի 6-րդ մասի 1-ին կետում նկարագրված հետևանքները, այլ կերպ՝ բոլոր այն հանգամանքները, որոնք տվյալ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 6-րդ մասի 1-ին կետով նախատեսված կարգապահական խախտումների տարբերակման հիմք են: Միևնույն ժամանակ, ըստ Դիմողի՝ իր գործով Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ արձանագրված նույն հանգամանքները (գործի ողջամիտ ժամկետում քննության իրավունքի խախտումը և դատական իշխանության հեղինակազրկումը) հանդիսացել են կարգապահական խախտումը «էական» որակելու և ամենախիստ կարգապահական տույժ կիրառելու հիմք:
Դիմողի պնդմամբ՝ «(…) Խորհրդի աշխատակազմի պատրաստած և իր պաշտոնական հաշիվներում հրապարակված տեսանյութն արհեստականորեն հարմարեցվել է Դատական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, որով որպես կարգապահական վարույթ հարուցելու առիթ նախատեսված է մամուլում հրապարակված նյութը: Միաժամանակ ուշագրավ է, որ այդպիսի առիթների ցանկում ներառված չէ պետական իշխանության մարմնի պաշտոնական աղբյուրում հրապարակված նյութը, ինչից հետևում է, որ կարգապահական վարույթ հարուցելու օրինական առիթ առկա չի եղել։ Այդ իսկ պատճառով, հետագա կարգապահական վարույթին իրավաչափ տեսք հաղորդելու նպատակով տեսանյութի սկզբնաղբյուրը քողարկվել է մամուլում կատարված վերահրապարակմամբ»:
Դիմողը գտնում է, որ «(…) Դատական օրենսգրքի 146-րդ հոդվածում առկա է օրենսդրական բաց, որը դրսևորվում է նրանում, որ տվյալ նորմը չի պարունակում որևէ դրույթ, որով հնարավոր կլիներ արգելափակել նշված հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի այնպիսի տարածական մեկնաբանությունը, որի արդյունքում դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթների սպառիչ ցանկում չընդգրկված որևէ աղբյուրից (օրինակ՝ պետական իշխանության մարմնի, այդ թվում՝ հենց Խորհրդի պաշտոնական կայքից) ստացված տեղեկատվությունը՝ վերահրապարակված լինելով մամուլում, կարող է դիտարկվել վերոնշյալ իրավադրույթի տիրույթում՝ արհեստականորեն ընդլայնելով հիշյալ առիթների շրջանակը: Ուշագրավ է նաև, որ Դատական օրենսգրքի 146-րդ հոդվածի օրենսդրական ձևակերպումը չի բացառում նաև այնպիսի իրավիճակ, երբ կարգապահական խախտման վերաբերյալ լիազոր մարմնին հաղորդում ներկայացնող մարմնի դերում կարող է հանդես գալ հենց Խորհուրդը»:
Դիմողը գտնում է նաև, որ Օրենսգրքի 153-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է ընդհանուր կանոնից բացառություն, և տվյալ դրույթի վերլուծությունից բխում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նիստին դատավորի չներկայանալու դեպքում պետք է քննարկման առարկա դարձվեն նրա բացակայության պատճառներին, դրանց հարգելի կամ անհարգելի լինելուն առնչվող հարցերը: Դիմողն այս առումով ընդգծում է, որ «(…) դատավորի բացակայությամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը քննելու Խորհրդի լիազորությունը հայեցողական է, ինչը ենթադրում է, որ նույնիսկ դատավորի բացակայությունն անհարգելի ճանաչելու դեպքում այդ հանգամանքն արձանագրելուց հետո պետք է քննարկման առարկա դարձվի դատավորի բացակայությամբ դատական նիստը շարունակելու նպատակահարմարության հարցը՝ հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները»:
Ըստ Դիմողի՝ «(…) Խորհուրդը մեկնաբանել է Դատական օրենսգրքի 153-րդ հոդվածի 3-րդ մասը այնպես, որ դատական նիստի մասին ծանուցված դատավորի բացակայությունը մեխանիկորեն հանգեցնում է դատական նիստը վերջինիս բացակայությամբ շարունակելուն՝ անկախ դատավորի բացակայության պատճառներից և այլ հանգամանքներից, որպիսի մեկնաբանությունը, չեզոքացնելով կարգապահական վարույթի մրցակցությունը, հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին»:
3. Ելնելով դիմումի և դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև` Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ հիմքով և պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Սահմանադրական դատարանն իր՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման, այլ՝ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի (դրույթների) սահմանադրականության գնահատման հարցեր:
Հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել են այնպիսի հարցեր, որոնք ենթակա չեն Սահմանադրական դատարանի քննությանը, մասնավորապես, սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 146-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 153-րդ հոդվածի 3-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունների, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարցեր:
Այսպես, ըստ Դիմողի՝ «(…) Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում ամրագրված էական կարգապահական խախտման հասկացությունները չեն համապատասխանում օրենքի կանխատեսելիության չափանիշին և ոչ բավարար որոշակիության պատճառով հնարավորություն չեն ընձեռում հստակ սահմանազատել վերոնշյալ «էական» կարգապահական խախտումները նույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված այլ կարգապահական խախտումներից՝ իրավակիրառողին վերապահելով չափազանց լայն հայեցողության ազատություն այդ եզրույթները մեկնաբանելիս և կիրառելիս»:
Դիմողն իր անհատական դիմումով, ի թիվս այլնի, ներկայացրել է դիրքորոշում, համաձայն որի՝ «(...) Խորհուրդը, արձանագրելով Դիմողի բացակայությունը, քննարկման առարկա չի դարձրել դրա հարգելի կամ անհարգելի լինելու, ինչպես նաև Դիմողի բացակայությամբ դատական նիստը շարունակելու նպատակահարմարության հարցերը՝ այն պայմաններում, երբ մինչ այդ կարգապահական վարույթի որևէ փուլում Դիմողը գրավոր կամ բանավոր դիրքորոշում չի հայտնել և Խորհուրդը հաստատապես տեղյակ է եղել, որ նա ունի դիրքորոշում և ցանկանում է այն արտահայտել դատական նիստում (նկատի ունենալով, որ 09.07.2024թ. կայացած դատական նիստը հետաձգվել է Դիմողի միջնորդությամբ՝ որպեսզի հնարավորություն ունենա նախապատրաստել իր դիրքորոշումը)»:
Վերոշարադրյալի հաշվառմամբ, նկատի ունենալով նաև Դիմողի կողմից դիմումում ներկայացված մյուս դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վերջինս իր անհամաձայնությունն է հայտնում Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացված թիվ ԲԴԽ-54-Ո-Կ-6 որոշման բովանդակության հետ։ Մասնավորապես՝ Դիմողը վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունների, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ-54-Ո-Կ-6 որոշման իրավաչափությանը:
Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունների, դրանցում առկա ենթադրյալ օրենսդրական բացի) սահմանադրականության գնահատում, այլ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացված թիվ ԲԴԽ-54-Ո-Կ-6 որոշման իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Ուստի՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Աննա Դանիբեկյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Հ. Հովակիմյան
Անդամներ՝ Վ. Գրիգորյան
Դ. Խաչատուրյան
31 հունվարի 2025 թվականի
ՍԴԴԿՈ-8
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 31 հունվարի, 2025 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-8
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
