Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԳԼՈԲԱԼ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԳԼՈԲԱԼ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-5916 նոյեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-59)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 նոյեմբերի 2020թ. ՍԴԴԿՈ - 59 | «ԳԼՈԲԱԼ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

16 նոյեմբերի 2020թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի

Ա. Թունյանի

Քննության առնելով «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի (ներկայացուցիչ Արսեն Հովհաննիսյան) դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 2020 թվականի հոկտեմբերի 29- ին:

Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած անհատական դիմումով խնդրել է. «17.06.1998 թվականի Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (ուժը կորցրել է 09.02.2018 թվականին) 244-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, «Սնանկության մասին» օրենքի մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ 2-րդ հոդվածի 1- ին և 3-րդ մասերը ճանաչել Սահմանադրության 1-ին, 60-րդ, 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին ամբողջությամբ հակասող և անվավեր»:

Դիմումի և դիմումին կցված նյութերի բովանդակությունից հետևում է, որ դիմողը Սահմանադրական դատարան է դիմել վիճարկելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (ուժը կորցրել է 2018 թվականի ապրիլի 9-ին) 244-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, «Սնանկության մասին» օրենքի (մինչև 2020 թվականի ապրիլի 15-ի գործող խմբագրությամբ) 2-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

2. Դիմողը նախ նշում է, որ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն գրանցված է ԱՄՆ- ում, իսկ Հայաստանում գրանցված է «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ Հայաստանյան մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանումը: Դիմողն արձանագրում է նաև, որ քաղաքացու կողմից «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու մասին դիմում է ներկայացվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությանի դատարան, որը բավարարվել է դատարանի 22.12.2015 թվականի որոշմամբ, վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2016 թվականի որոշումից հետո գործի նոր քննության շրջանակներում կրկին բավարարվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 17.04.2018 թվականի վճռով, որը վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.10.2018 թվականի որոշմամբ բեկանվել է, և գործի վարույթը կարճվել, իսկ Վճռաբեկ դատարանի 30.04.2020 թվականի որոշմամբ վերաքննիչ դատարանի որոշումը բեկանվել է և գործն ուղարկվել Վերաքննիչ դատարան:

Այս կապակցությամբ դիմողը նշում է, որ թեպետ Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել է վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության, այնուամենայնիվ, իր սնանկության վերաբերյալ դատական գործ քննելու ենթակայության մասով սպառվել են իր դատական պաշտպանության բոլոր միջոցները, իսկ վերաքննիչ քաղաքացիական դատարանը քննելու է միայն «Սնանկության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անվճարունակության հատկանիշների առկայության հարցը: Անդրադառնալով դիմումի հիմնավորումներին դիմողը նշում է, որ 17.06.1998թ. ընդունված և 09.02.2018թ. ուժը կորցրած Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասում, 2-րդ մասի 1-ին նախադասությունում օգտագործված «քաղաքացիական գործ» հասկացությունը, ինչպես նաև «Սնանկության մասին» օրենքի (մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ) 2-րդ հոդվածի 3-րդ մասում օգտագործված «օտարերկրյա կամ քաղաքացիություն չունեցող անձ» հասկացությունը չեն համապատասխանում իրավական որոշակիության պահանջներին, քանի որ, համապատասխանաբար, անորոշ է, թե արդյոք «քաղաքացիական գործ» հասկացությունը ներառում է նաև սնանկության գործը, և արդյոք «օտարերկրյա կամ քաղաքացիություն չունեցող անձ» հասկացությունը ներառում է նաև օտարերկրյա իրավաբանական անձանց: Ըստ դիմողի օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնելիս, ներառյալ մասնաճյուղ հիմնադրելիս, առաջնորդվում են այն իրավաչափ կանխադրույթով, որ իրավաբանական անձին սնանկ ճանաչելու հետ կապված հարաբերությունները չեն կարող երբևէ քննարկման առարկա դառնալ իրենց հիմնադրման վայրի պետությունից դուրս որևէ այլ պետության իրավունքով:

Դիմողի գնահատմամբ վիճարկվող դրույթները խախտում են դիմողի արդար դատաքննության իրավունքը, քանի որ նախատեսում են դիմողին Հայաստանի Հանրապետությունում սնանկ ճանաչելու հնարավորություն սահմանափակելով դիմողի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:

3. Ելնելով դիմումի և խնդրո առարկա գործում առկա դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ այն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ա) դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, ինչը հիմք է հանդիսանում պնդելու, որ դիմողն իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ թեպետ Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել է վերաքննիչ քաղաքացիական դատարան նոր քննության սահմանելով նոր քննության ծավալները, այնուամենայնիվ, առկա չէ որևէ հիմք, որը թույլ կտար պնդելու, որ հետագայում վերաքննիչ դատարանի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելիս Վճռաբեկ դատարանը չի կայացնի դիմողի օգտին դատական ակտ, որպիսի պայմաններում կլուծվի իրավական վեճը և, հետևաբար, կվերանա տվյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտությունը,

բ) դիմողի փաստարկները վերաբերում են բացառապես 1998 թվականի հունիսի 17- ին ընդունված և 2018 թվականի փետրվարի 9-ին ուժը կորցրած Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասում, 2-րդ մասի 1-ին նախադասությունում օգտագործված «քաղաքացիական գործ» հասկացությանը, ինչպես նաև «Սնանկության մասին» օրենքի (մինչև 2020 թվականի ապրիլի 15-ը գործող խմբագրությամբ) 2-րդ հոդվածի 3-րդ մասում օգտագործված «օտարերկրյա կամ քաղաքացիություն չունեցող անձ» հասկացությանը: Այսինքն վիճարկվող մյուս դրույթների մասով դիմողն ընդհանրապես որևէ փաստարկ չի ներկայացրել, ինչը հիմք է հանդիսանում դիմումը մասամբ, վիճարկվող մյուս դրույթների մասով, համարելու ակնհայտ անհիմն,

գ) դիմողի հիմնական փաստարկն այն է, որ վիճարկվող դրույթները խախտում են դիմողի արդար դատաքննության իրավունքը, քանի որ նախատեսում են դիմողին Հայաստանի Հանրապետությունում սնանկ ճանաչելու հնարավորություն սահմանափակելով դիմողի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: Այսինքն դիմողը ձևականորեն բարձրացնելով իրավանորմի սահմանադրականության խնդիր, իրականում հետապնդում է իր գործն ԱՄՆ դատական համակարգին հանձնելու նպատակ, ինչը ևս հիմք է հանդիսանում դիմումն ակնհայտ անհիմն համարելու համար: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5- րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«Գլոբալ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող

Անդամներ

16 նոյեմբերի 2020 թվականի

ՍԴԴԿՈ- 59

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 նոյեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-59
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել