«ԳԱԳԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ՝ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-6)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 24 հունվարի 2023թ. ՍԴԱՈ - 6 | «ԳԱԳԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ՝ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԳԱԳԻԿ ԽԱՆԴԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ ՆՈՒՅՆ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ 4-ՐԴ ԿԵՏԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Գագիկ Խանդանյանի դիմումի հիման վրա Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի, այդ թվում նաև նույն հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Գագիկ Խանդանյանի (այսուհետ` նաև Դիմող, ներկայացուցիչներ Ա. Ղամբարյան, Դ. Վարդանյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է ճանաչել. «1. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետը ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող փոխկապակցված ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի հետ այնքանով, որքանով իր ոչ հստակ ձևակերպումների (և դրան տրված իրավակիրառ մեկնաբանման) պատճառով չի ստեղծում պատշաճ նախադրյալներ տվյալ հիմքով դատավորի լիազորությունների դադարեցման որպես ՀՀ Սահմանադրության 49-րդ հոդվածով ամրագրված հիմնական իրավունքից ածանցվող դատավորի անփոփոխելիության երաշխիքով ապահովված նրա որպես մասնավոր անձի հետագա պաշտոնավարման իրավունքի առավել ինտենսիվ սահմանափակման համաչափությունը երաշխավորելու համար։
2. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում հանրային ծառայողի և հանրային պաշտոն զբաղեցնող անձի (մասնավորապես դատավորի) կողմից ձեռք բերված բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքի իրականացման անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր, ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածին, 49-րդ հոդվածին հակասող։
3. ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասն այնքանով, որքանով նախատեսում է հղում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքին, ՀՀ Սահմանադրության 79-164-րդ հոդվածների համակցված կարգավորումներին, 49-րդ հոդվածին հակասող։
4. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածն այնքանով, որքանով որ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար առևտրային կազմակերպություններում պաշտոն զբաղեցնելու անհամատեղելիության պահանջը կիրառելի է դատավորների համար, ՀՀ Սահմանադրության 79-164-րդ հոդվածների համակցված կարգավորումներին, 49-րդ հոդվածին հակասող»։ Սահմանադրական դատարանի դատական կազմի 2021 թվականի դեկտեմբերի 27-ի ՍԴԴԿՈ-91 որոշմամբ «Գագիկ Խանդանյանի դիմումի հիման վրա «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի, այդ թվում նաև նույն հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունվել է քննության: Սահմանադրական դատարանի 2022 թվականի հունվարի 11-ի ՍԴԱՈ-1 աշխատակարգային որոշմամբ նշանակվել է գործով զեկուցող դատավոր, որոշվել է գործի դատաքննությունն սկսել 2022 թվականի մարտի 1-ին: Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 25-ի ՍԴԱՈ-45 աշխատակարգային որոշմամբ գործի քննության ժամկետը երկարաձգվել է, գործի դատաքննությունը հետաձգվել և նշանակվել է 2022 թվականի մայիսի 24-ին: Սահմանադրական դատարանի 2022 թվականի մայիսի 24-ի ՍԴԱՈ-89 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է, գործի դատաքննությունը նշանակվել է 2022 թվականի մայիսի 31-ին: Սահմանադրական դատարանի 2022 թվականի մայիսի 31-ի ՍԴԱՈ-93, ՍԴԱՈ-94, ՍԴԱՈ-95 աշխատակարգային որոշումներով համապատասխանաբար Սահմանադրական դատարանի գործով զեկուցող դատավորը փոխարինվել է, և գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի այլ դատավոր, գործի վարույթը վերսկսվել է, և գործի վարույթը կասեցվել է մինչև կասեցման հիմքերը վերանալը: Սահմանադրական դատարանի 2022 թվականի նոյեմբերի 22-ի ՍԴԱՈ-188 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանի գործով ոչ զեկուցող դատավորի առաջարկությամբ գործի վարույթը վերսկսվել է, գործի դատաքննությունը նշանակվել է 2022 թվականի դեկտեմբերի 2-ին: Սահմանադրական դատարանի 2022 թվականի նոյեմբերի 25-ի ՍԴԱՈ-193 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանի գործով զեկուցող դատավորի գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է: Սահմանադրական դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 2-ի ՍԴԱՈ-199, ՍԴԱՈ-200, ՍԴԱՈ-201 աշխատակարգային որոշումներով համապատասխանաբար Սահմանադրական դատարանի գործով զեկուցող դատավորը փոխարինվել է, և գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի այլ դատավոր, գործի վարույթը վերսկսվել է, և գործի վարույթը կասեցվել է մինչև կասեցման հիմքերը վերանալը: Սահմանադրական դատարանի 2022 թվականի հունվարի 24-ի ՍԴԱՈ-5 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը վերսկսվել է:
2. Դիմողի դիրքորոշումները
Դիմողը, մասնավորապես, նշում է` հաշվի առնելով, որ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ տեղի է ունեցել հանրային ծառայության իրականացման իր իրավունքին ինտենսիվ միջամտություն, ինչպես նաև այն հանգամանքներ, որ դատավորն անփոփոխելիության երաշխիքով օժտված պաշտոնատար անձ է, Բարձրագույն դատական խորհրդի որոշումները նյութաիրավական հիմքերով բողոքարկելու հնարավորություն նախատեսված չէ, առկա չեն դատավորի անհամատեղելիության պահանջների վերաբերյալ իրավասու մարմինների կողմից մշակած ուղեցույցներ, մեկնաբանություններ, միասնական պրակտիկա, ուստի` դատավորի լիազորությունները դադարեցնելու հնարավորություն նախատեսող նորմերը պետք է ձևակերպված լինեն ավելի որոշակի: Ըստ Դիմողի անհամատեղելիության կանոնների վերաբերյալ իրավասու մարմինների մշակած ուղեցույցների, մեկնաբանությունների և միասնական պրակտիկայի բացակայության պայմաններում կարելի է հստակ պնդել, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետը չի պարունակում նվազագույն աստիճանի նորմատիվ տեղեկատվություն, որը բավարար կլիներ նույնիսկ քաղաքացիական գործերով երկար տարիներ արդարադատություն իրականացրած դատավորի համար կանխատեսել օրենսդրական այդ դրույթի սահմանները, թույլատրելի և անթույլատրելի վարքի սահմանագիծը: Դիմողի գնահատմամբ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետում օգտագործված «որևէ այլ ձևով առևտրային կազմակերպության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը» այն աստիճանի անորոշ է, որ հնարավորություն է ընձեռում նույնիսկ բաժնեմասի սեփականության իրավունքի իրականացմանն ուղղված գործողությունները որակել որպես այդպիսի գործառույթների իրականացում: Ըստ Դիմողի հիշյալ դրույթի որոշակիությունից է կախված, թե որքանո՞վ է դատավորի համար կանխատեսելի առևտրային կազմակերպությունում բաժնեմաս ձեռք բերելուց հետո ո՛ր որոշումը կամ գործողությունը կարող է որակվել որպես անհամատեղելիության պահանջի խախտում: Դիմողը նշում է, որ իրավական նորմի անհստակության հետևանքով է Բարձրագույն դատական խորհուրդը «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետից մակաբերել, որ դատավորի կողմից առևտրային կազմակերպությունում բաժնեմաս ձեռք բերելուց հետո կանոնադրությունում մասնակիցների կազմի հետ կապված փոփոխություններ կատարելը, գործադիր մարմնի ղեկավարի լիազորությունները դադարեցնելը, գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու և փոփոխությունները գրանցելու համար դիմում ներկայացնելը հանդիսանում են առևտրային կազմակերպությունում կարգադրիչ կամ կառավարման գործառույթների իրականացում: Միաժամանակ, Դիմողը գտնում է, որ Բարձրագույն դատական խորհրդի նորմատիվ մեկնաբանմամբ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետն արգելում է բաժնեմաս ձեռք բերած հանրային ծառայողի կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից որևէ գործողություն կատարել կամ որոշում կայացնել. նման դիրքորոշումը, ըստ Դիմողի, պայմանավորված է վիճարկվող նորմի անհստակությամբ: Դիմողը նշում է նաև, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված չէ, թե դատավորը բաժնեմաս ձեռք բերելուց հետո դրա նկատմամբ սեփականության իրավունքն ի՞նչ կարգով պետք է իրականացնի, որ չարձանագրվի անհամատեղելիության պահանջի խախտում։ Ըստ Դիմողի բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի իրականացման կառուցակարգերի բացակայությունը Բարձրագույն դատական խորհրդին հիմք է տվել տառացի մեկնաբանման եղանակով «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետից մակաբերել համընդգրկուն մի պահանջ, որը փաստացի նշանակում է, որ այդ դրույթն արգելում է բաժնեմաս ձեռք բերած հանրային ծառայողի կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից այդ բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի իրականացման ուղղությամբ որևէ գործողություն կատարել կամ որոշում կայացնել։ Դիմողը նշում է, որ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է, որ մասնակցի փոփոխությունը, կանոնադրության փոփոխությունը և տնօրենի փոփոխությունը համարվում են կարգադրիչ և կառավարչական լիազորություններ, որն արգելված է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետով, և պնդում, որ նման պայմաններում հանրային ծառայողի բաժնեմաս ձեռք բերելու իրավունքը (հաստատված այդ թվում Բարձրագույն դատական խորհրդի կողմից) դառնում է ձևական և անիրագործելի, քանի որ մասնակցի, կանոնադրության և տնօրենի փոփոխությունը համարվում է մասնակցի տվյալ դեպքում դատավորի բացառիկ իրավասությունը, և այլ անձ այդ ուղղությամբ չի կարող ընդունել որոշումներ, իսկ եթե այդ որոշումները չընդունվեն, ապա իրավունքների գրանցում տեղի չի ունենա: Դիմողը նշում է, որ դատավորի կարգավիճակի մանրամասները, որոնք վերաբերում են անհամատեղելիության պահանջներին, այդ թվում առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքին, կարող են կարգավորվել միայն սահմանադրական օրենքով: Ըստ Դիմողի դատավորի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման հարցին անդրադառնալիս թե՛ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր եզրակացությամբ, թե՛ Բարձրագույն դատական խորհուրդն իր որոշմամբ կարող են հիմնվել «Հանրային ծառայության մասին» օրենքի այն կարգավորումների վրա, որոնք վերաբերում են ձեռնարկատիրական գործունեության արգելքի կարգավորումներին, իսկ հիշյալ օրենքով հանրային ծառայողների համար սահմանված առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու արգելքի կարգավորումները դատավորի դեպքում չեն գործում, քանի որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը «Հանրային ծառայության մասին» օրենքի կարգավորումները դատավորների մասնակցությամբ առաջացող հարաբերությունների նկատմամբ տարածում է միայն ձեռնարկատիրական գործունեության մասով, իսկ առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու արգելքի հարցը միայն Սահմանադրության կամ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորման տիրույթում է: Ըստ Դիմողի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածը նույնությամբ ամրագրում է Սահմանադրությամբ նախատեսված անհամատեղելիության պահանջը (թե՛ առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու, թե՛ ձեռնարկատիրական գործունեության արգելքի մասով), սակայն չի հստակեցնում, թե դատավորի ո՞ր արարքները կարող են համարվել առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արարքներ։ Դիմողը նշում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում ընդունելիս հիմք է ընդունել «Հանրային ծառայության մասին» օրենքի այն նորմերը, որոնք մանրամասնում են, թե ո՛ր դեպքում է հանրային ծառայողը համարվում առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնող: Ըստ Դիմողի Բարձրագույն դատական խորհուրդը «Հանրային ծառայության մասին» օրենքի նորմերը կիրառել է` կա՛մ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը, որի համաձայն դատավորի նկատմամբ կիրառելի են հանրային ծառայողի համար ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգավորումները, կա՛մ անմիջականորեն առանց որևէ միջնորդավորված կարգավորման։ Դիմողը նշում է, որ առաջին դեպքում ստացվում է, որ դատավորի կարգավիճակին առնչվող հարցերը, մասնավորապես` վերջինիս կողմից առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու դեպքերը, կարգավորվել են ոչ թե սահմանադրական օրենքով, ինչպես պահանջում է Սահմանադրության 166-րդ հոդվածի 11-րդ մասը, այլ օրենքով։ Դիմողի պնդմամբ` եթե Սահմանադրությամբ որոշակի հարցեր պետք է կարգավորվեն կոնկրետ իրավական աղբյուրով, ապա այդ իրավական աղբյուրով չի կարող հարցի կարգավորումը դրվել մեկ այլ իրավական աղբյուրի վրա, քանի որ յուրաքանչյուր դեպքում Սահմանադրությունն իրավական ակտերի աստիճանակարգության մեջ իրավական կարգավորման մակարդակը որոշելիս հիմնվում է կոնկրետ կարգավորման ռեժիմի վրա։ Դիմողը նշում է, որ երկրորդ դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող էր հիմք ընդունել այն, որ դատավորի պաշտոնը համարվում է հանրային պաշտոն, և «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածը կիրառելի է դատավորների նկատմամբ անմիջականորեն։ Ըստ Դիմողի «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածը դատավորների առևտրային կազմակերպություններում պաշտոն զբաղեցնելու անհամատեղելիության պահանջի կարգավորման մասով, հակասում է Սահմանադրության 49-րդ հոդվածին, քանի որ դատավորի անհամատեղելիության պահանջների հարցերն առավել մանրամասն կարող են կարգավորվել միայն սահմանադրական օրենքով, մինչդեռ դրանք կարգավորվում են օրենքով, որի կիրառման արդյունքում էլ, ըստ Դիմողի, իր իրավունքները խախտվել են։ Ամփոփելով իր դիրքորոշումները Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները հակասում են Սահմանադրության 49, 75, 78, 79 և 164-րդ հոդվածներին։ 3․ Պատասխանողի դիրքորոշումները
Ազգային ժողովը (այսուհետ Պատասխանող) նշում է, որ թե՛ Սահմանադրությամբ, թե՛ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված են անհամատեղելիության պահանջներ դատավորների համար հաշվի առնելով վերջիններիս պաշտոնի առանձնահատուկ բնույթը։ Ընդ որում` այդ պահանջները կոչված են ապահովելու դատավորի անկախությունը և հասարակության կողմից դատական իշխանության որպես այդպիսին ընկալումը, բացառելու շահերի բախման բոլոր հնարավոր դրսևորումները: Ըստ Պատասխանողի «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետում օգտագործված «ներկայացուցչական գործառույթը» ենթադրում է առևտրային կազմակերպության անունից երրորդ անձանց հետ իրավահարաբերություններում հանդես գալու իրավական հնարավորություն, «կարգադրիչ գործառույթը» կազմակերպության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով իրավասու անձի կամ մարմնի կողմից ներքին իրավական ակտերն ընդունելուն ուղղված գործունեությունն է, «կառավարման գործառույթը» կազմակերպության կառավարման մարմիններին բնորոշ լիազորությունների իրականացումն է։ Օրենսդիրը չի սահմանել նշված գործառույթներն իրականացնելու կոնկրետ ձև, այլ օգտագործել է «որևէ այլ ձևով» ձևակերպումը հաշվի առնելով, որ պրակտիկայում հնարավոր են դրանց իրականացման ամենատարբեր եղանակներ։ Այսպիսով` «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությամբ ամրագրված որոշակիության պահանջին։ Պատասխանողը նշում է նաև, որ օրենսդիրը ձեռնարկատիրական գործունեություն չի դիտարկում այն իրավիճակները, երբ հանրային ծառայողն առևտրային կազմակերպության իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնում է հավատարմագրային կառավարման։ Այսինքն օրենսդիրը չի արգելում հանրային ծառայողին (այդ թվում դատավորին) ունենալ բաժնեմաս առևտրային կազմակերպությունում, այնուամենայնիվ, դա չպետք է կասկածի տակ դնի վերջինիս անկախությունը (հասարակության կողմից դրա ընկալումը) կամ առաջացնի շահերի բախման իրավիճակներ։ Անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցին Պատասխանողը նշում է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված չէ անհամատեղելիության լրացուցիչ որևէ պահանջ, որը Սահմանադրությամբ նախատեսված չէ: Վերոգրյալի հիման վրա «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի և «Հանրային ծառայության մասին» օրենքի վիճարկվող դրույթներն, ըստ Պատասխանողի, սահմանադրականության խնդիր չեն հարուցում։
4. Գործի նախապատմությունը
«Մուշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ Ընկերություն) մասնակիցները մի կողմից որպես վաճառողներ, և մյուս կողմից Դիմողը որպես գնորդ, 2020 թվականի մայիսի 4-ին կնքել են Ընկերության կանոնադրական կապիտալում վաճառողներին պատկանող բաժնեմասերի (յուրաքանչյուրը 50 տոկոս չափով) առուվաճառքի պայմանագրեր, որոնց համաձայն` վաճառողները պարտավորվել են գնորդին ի սեփականություն հանձնել գույքը պայմանագրի գնի տարաժամկետ վճարման պայմանով: Դիմողը 2020 թվականի մայիսի 7-ին ընդունել է որոշում Ընկերության կանոնադրությունում մասնակիցների կազմի հետ կապված փոփոխություններ կատարելու, գործադիր մարմնի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու, Ընկերության գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու և փոփոխությունները գրանցելու համար իրավաբանական անձանց պետական ռեգիստր դիմում ներկայացնելու վերաբերյալ: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից 2020 թվականի մայիսի 11-ին գրանցվել է Ընկերության մասնակիցների և գործադիր մարմնի ղեկավարի փոփոխությունը, որի համաձայն Դիմողը դարձել է Ընկերության միակ մասնակիցը, Ընկերության գործադիր մարմնի նախկին ղեկավարի լիազորությունները դադարել են, և Ընկերության գործադիր մարմնի նոր ղեկավար է գրանցվել Դիմողի նշանակած անձը։ Ընկերության մասնակից դառնալու հաջորդ օրը 2020 թվականի մայիսի 12-ին, Դիմողն Ընկերության 100 տոկոս բաժնեմասը հանձնել է նույն Ընկերության հավատարմագրային կառավարմանը հինգ տարի ժամկետով: Ընկերության բաժնեմասերի վերը նշված առուվաճառքի պայմանագրերը գնի չվճարման հիմքով 2021 թվականի մարտի 11-ին լուծվել են, իսկ բաժնեմասերը վերադարձվել նախկին մասնակիցներին։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից 2021 թվականի ապրիլի 22-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացվել դիմում Դիմողի կողմից Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման դեպքը քննելու մասին: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2021 թվականի հուլիսի 26-ին ընդունել է թիվ 01/2021 եզրակացությունը Դիմողի կողմից Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները խախտելու վերաբերյալ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գտել է, որ Դիմողը, ներգրավվելով Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 7-րդ մասի 3-րդ կետով նախատեսված գործունեության մեջ, խախտել է Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասով հանրային պաշտոն զբաղեցնող անձի համար սահմանված անհամատեղելիության պահանջները։ Բարձրագույն դատական խորհուրդը 2021 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունած թիվ ԲԴԽ-56-Ո-Կ-19 որոշմամբ դադարեցրել է Դիմողի վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի լիազորությունները Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները խախտելու հիմքով։ Նշված որոշմամբ Բարձրագույն դատական խորհուրդը, մասնավորապես, նշել է․ «(…) թեև ներպետական օրենսդրական դրույթներից հետևում է, որ դատավորներն իրավունք ունեն ձեռք բերելու գույք այդ թվում առևտրային ընկերությունում բաժնեմասի տեսքով, սակայն այդուհանդերձ (…) միջազգային փաստաթղթերի բովանդակությունից հետևում է, որ դատավորի կողմից առևտրային ընկերությունում բաժնեմասի ձեռքբերումը խրախուսելի չէ, քանի որ այդպիսի դեպքերում կասկածի տակ է դրվում ինչպես դատավորի անկախությունը, այնպես էլ դատական իշխանության հեղինակությունը։ (…) «Ձեռնարկատիրական գործունեության» հասկացության իրավական բովանդակության վերաբերյալ տրված (…) մեկնաբանություններից հետևում է, որ անձի կողմից սոսկ բաժնեմասի ձեռքբերումը, որևէ կերպ չի կարող մեկնաբանվել, որպես ձեռնարկատիրական գործունեության իրականացում։ Ավելին, (…) օրենսդիրը չի նախատեսել արգելք դատավորի կողմից առևտրային կազմակերպությունում բաժնեմաս ձեռք բերելու վերաբերյալ, հետևաբար ուղղակիորեն նախատեսված արգելքի բացակայությունը ենթադրում է ձեռք բերելու իրավական հնարավորության առկայություն։ Հանձնաժողովի եզրակացությամբ դատավորի կողմից որպես անհամատեղելիության պահանջների խախտում ներկայացվել է երկու հիմք առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու և ձեռնարկատիրական գործունեության իրականացմամբ անհամատեղելիության պահանջի խախտումներ։ (…) ոչ [Սահմանադրական] օրենքում, ոչ Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի իրավակարգավորումներում չկա որևէ արգելք, որով կսահմանափակվի դատավորների կողմից առևտրային իրավաբանական անձի բաժնեմասի, բաժնետոմսի կամ փայի ձեռքբերումը, ինչից հետևում է, որ օրենսդրության ուղղակի արգելքի բացակայության պայմաններում որևէ կերպ չի կարող սահմանափակվել դատավորի առևտրային կազմակերպությանը մասնակցություն և գույք ունենալու իրավունքները։ Ավելին, Բարձրագույն դատական խորհուրդն ընդգծում է, որ նման սահմանափակման բերող որևէ մեկնաբանություն անթույլատրելի է, քանի որ կարող է ուղղակիորեն խախտել դատավորի ժառանգություն կամ նվեր ստանալու քաղաքացիական իրավունքները։ Միաժամանակ ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ դատավորն այնպիսի միջոցներով կամ ձևով պետք է գույք ձեռք բերի, որոնք անաչառ դիտորդի մոտ չդիտվեն դատավորի կողմից անհամատեղելիության կանոնների սահմանազանցում, իսկ գույքի արժեքը պետք է հասկանալի, այլ ոչ ցնցումային լինի դատավորի եկամուտների մասին հանրային օբյեկտիվ ընկալման տեսանկյունից։ (…) տվյալ դեպքում Դատավորին վերագրվող խախտումը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասով, անհիմն է: (…) տվյալ դեպքում «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքը թեև նախատեսել է ընկերության մասնակիցների գրանցամատյանում գրանցված լինելու հիմքով ընկերության մասնակից դառնալը, սակայն, ինչպես երևում է գործի նյութերից, 07.05.2020 թվականին որպես «Մուշ» ՍՊԸ-ի միակ մասնակից Գագիկ Խանդանյանը որոշում է կայացրել [Ընկերության] կանոնադրությունում մասնակիցների կազմի հետ կապված փոփոխություններ կատարելու, գործադիր մարմնի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու, [Ընկերության] գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու և փոփոխությունները գրանցելու համար Պետական ռեգիստր դիմում ներկայացնելու վերաբերյալ։ Փաստորեն Դատավորն իր որոշման արդյունքում ինքն իրեն դիտարկել է որպես [Ընկերության] միակ մասնակից։ Նրա կողմից մինչև որպես մասնակից գրանցումն իրականացրած գործողությունները, մասնավորապես կանոնադրությունում մասնակիցների կազմի հետ կապված փոփոխություններ կատարելը, գործադիր մարմնի ղեկավարի լիազորությունները դադարեցնելը, [Ընկերության] գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելը, որևէ մեկի կողմից չի վիճարկվել, գործողությունների արդյունքում ընդունված որոշման հիման վրա պետության կողմից կատարվել են համապատասխան գրանցումները, ինչով պետությունը լեգիտիմացրել է Դատավորի, որպես ընկերության միակ մասնակցի կայացրած որոշումները և վերջինիս տվել է ընկերության միակ մասնակցի կարգավիճակ։ Ավելին, 12.05.2020 թվականին Գագիկ Խանդանյանի և [Ընկերության] միջև կնքվել է հավատարմագրային կառավարման պայմանագիր, որով ընկերության միակ մասնակից Գագիկ Խանդանյանն իրեն սեփականության իրավունքով պատկանող [Ընկերության] բաժնեմասը հանձնել է կառավարչի [Ընկերության] կառավարմանը, որի անունից հանդես է եկել Դատավորի կողմից մինչև որպես [Ընկերության] մասնակից գրանցումը նշանակված ընկերության տնօրեն Հմայակ Ստեփանյանը։ (…) Վերոգրյալից ակնհայտ է, որ սույն դեպքում Դատավորը փաստացի ներգրավված է եղել [Ընկերության] ներկայացուցչական, կարգադրիչ և կառավարման գործառույթների իրականացմանը, ինչը հանգեցրել է Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի խախտման։ (…) յուրաքանչյուր գործարք կնքելիս դատավորները, հաշվի առնելով վերջիններիս հատուկ կարգավիճակը և օրենքով այդ կարգավիճակով պայմանավորված սահմանափակումները, պարտավոր են այնպես իրականացնել իրենց գործողությունները, որ դրանք չհանգեցնեն անհամատեղելիության պահանջների խախտման, իսկ եթե չկա նման հնարավորություն զերծ մնան նման գործարքներ կնքելու գայթակղությունից (օրինակ ձեռք չբերեն այնպիսի բաժնեմաս կամ բաժնետոմս, որը անհնար է հանձնել հավատարմագրային կառավարման առանց ներկայացուցչական, կարգադրիչ և կառավարման գործառույթների իրականացման, բաժնեմասը կամ բաժնետոմսը ձեռք բերելուց հետո, եթե նույնիսկ այն տալիս է որոշիչ ձայնի իրավունք, իրավունքների գրանցման գործողությունները կատարվեն այնպես, որ դա չդիտվի որպես կառավարում: (…)»:
5. Ուսումնասիրելով և վերլուծելով դիմումն ու կից փաստաթղթերը, Պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև վերլուծելով վիճարկվող օրինադրույթները` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման ներքոնշյալ հիմքերով և պատճառաբանություններով. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: 5.1. Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի մասով
Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասում արտացոլված դրույթը դատավորի նկատմամբ կիրառելի մասով, Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին նախադասության վերարտադրությունն է, որպիսի հանգամանքով պայմանավորված` հակառակի մասին դիմումում որևէ հիմնավորման բացակայության պայմաններում Դիմողի կողմից դատավորի նկատմամբ կիրառելի մասով հիշյալ դրույթի սահմանադրականության վիճարկումը, ըստ էության, Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին նախադասությամբ ամրագրված նորմի (Սահմանադրության նորմի) «քողարկված» վիճարկում է։ Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Օրենքով: Սահմանադրական դատարանի Սահմանադրության 168-րդ հոդվածով սահմանված լիազորությունները չեն ներառում Սահմանադրության նորմերի սահմանադրականության ստուգման լիազորություն, որի բացակայությունը/բացառումը սահմանադրի կամքն է։ Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանի այդ լիազորության բացառումը բխում է սահմանադրի ինքնիշխան կարգավիճակից, որի կամքի նկատմամբ չի կարող գերակայել որևէ իշխանության կամ մարմնի կամ պաշտոնատար անձի կամքը, քանզի վերջիններիս գոյությունը, կարգավիճակը/լիազորություններն ինքնին հիմնված/սահմանված են սահմանադրի կամքով Սահմանադրությամբ։ Հետևաբար սույն գործի վարույթը` Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի մասով, ենթակա է կարճման Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին): 5.2. Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-5-րդ մասերի, 6-րդ մասի 1-3-րդ կետերի և նույն մասի 2-րդ պարբերության, 7-17-րդ մասերի մասով Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Վերոնշյալ նորմի հիման վրա Օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից և Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասից հետևում է, որ անհատական դիմումով անձը կարող է վիճարկել միայն իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը։ Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանը 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ` «(…) «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի կիրառում»: Սույն գործով Դիմողի կողմից վիճարկվում են նաև Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-5-րդ մասերը, 6-րդ մասի 1-3-րդ կետերը և նույն մասի 2-րդ պարբերությունը, 7-17-րդ մասերը, որոնք թեև կարգավորում են հանրային պաշտոն զբաղեցնող անձին/հանրային ծառայողին ներկայացվող անհամատեղելիության պահանջներին վերաբերող հարցեր, սակայն Դիմողի նկատմամբ չեն կիրառվել։ Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի նկատմամբ կիրառվել և Դիմողի համար բացասական իրավական հետևանքներ են առաջացրել միայն Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը և 6-րդ մասի 4-րդ կետը։ Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետի (մինչև 07.12.2022թ. ՀՕ-540-Ն օրենքով սահմանված խմբագրությունը) համաձայն նույն օրենքի իմաստով` ձեռնարկատիրական գործունեություն է համարվում առևտրային կազմակերպության մասնակից լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության մասնակցի բաժնեմասն ամբողջությամբ հանձնվել է հավատարմագրային կառավարման։ Սահմանադրական դատարանը փաստում է, որ թեև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացրած 2021 թվականի հուլիսի 26-ի թիվ 01/2021 եզրակացության մեջ նշել է, որ Դիմողն իր գործողություններով իրականացրել է նաև ձեռնարկատիրական գործունեություն Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետի համաձայն խախտելով ձեռնարկատիրական գործունեությամբ չզբաղվելու արգելքը, այդուհանդերձ, Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առարկա դարձնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վերոնշյալ եզրակացությունը և քննարկելով նաև Դիմողի կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հարցը, Դիմողին վերագրվող խախտումը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մասով, համարել է անհիմն (2021 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված թիվ ԲԴԽ-56-Ո-Կ-19 որոշում)։ Հաշվի առնելով վերոգրյալը Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-5-րդ մասերը, 6-րդ մասի 1-3-րդ կետերը և նույն մասի 2-րդ պարբերությունը, 7-17-րդ մասերը Դիմողի նկատմամբ չեն կիրառվել, որպիսի հանգամանքով պայմանավորված, Դիմողը նշված դրույթների սահմանադրականության հարցով իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան: 5.3. Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի մասով
Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում։ Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանի` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման համաձայն Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս «(...) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (...): (...)
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Վերոնշյալի համատեքստում, նկատի առնելով նաև Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված կարգավորումները` Սահմանադրական դատարանն արձանագրում է. Դիմողի գնահատմամբ Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի «որևէ այլ ձևով առևտրային կազմակերպության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը» ձևակերպումն անորոշ է: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին, մասնավորապես, նշելով
- «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս դիրքորոշում է արտահայտել առ այն, որ` «Չնայած այն բանին, որ սահմանումների որոշակիությունը խիստ ցանկալի է, միաժամանակ անհրաժեշտ է խուսափել դրանց չափազանց կոշտ լինելուց իրավունքը պետք է ունակ լինի հետևել փոփոխվող հանգամանքներին: Այդ իսկ պատճառով, հաճախ օրենքներում առկա են տերմիններ, որոնք քիչ թե շատ անորոշ են: Դրանց մեկնաբանումը և կիրառումը դատական պրակտիկայի խնդիր է» (The Sunday Times v. the United Kingdom (Application no. 6538/74, 26/04/79, § 49):» (2016 թվականի մայիսի 3-ի ՍԴՈ-1270 որոշում (սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը վերահաստատվել է Սահմանադրական դատարանի 2019 թվականի ապրիլի 2-ի ՍԴՈ-1452, 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշումներով),
- «(…) իրավական որոշակիությունը չպետք է բացարձականացնել, և անորոշության որոշակի տարրեր պարունակող իրավակարգավորումն ինքնին խնդրահարույց չէ, որպիսի պայմաններում անհրաժեշտ որոշակիության ծավալը լրացնելու ու իրավական կարգավորման կիրառման համար անհրաժեշտ ու բավարար բովանդակություն հաղորդելու առաքելությունը վերապահված է իրավակիրառին» (2022 թվականի նոյեմբերի 22-ի ՍԴՈ-1669 որոշում),
- «(…) իրավական որոշակիության սկզբունքի ապահովման առումով ընդհանուր տրամաբանությունն հանգում է այն գաղափարին, որ թեև իրավական որոշակիությունն անհրաժեշտ է, այնուամենայնիվ, այդ սկզբունքը չի բացառում իրավական ակտերում այնպիսի ձևակերպումների կամ եզրույթների առկայությունը, որոնք գնահատողական բնույթ ունեն և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առավել հստակեցվում են իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում» (2021 թվականի մայիսի 4-ի ՍԴՈ-1592 որոշում): «Փանիոգլուն ընդդեմ Ռումինիայի» գործով դիմումատուն, ի թիվս այլնի, բարձրացրել էր դատավորների վարքագծի կանոնների որոշակիության հարցը պնդելով, որ գործող կարգավորումներով հստակ չեն սահմանվել կարգապահական խախտման հատկանիշները, ինչը հանգեցրել է իր «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված արտահայտվելու ազատության խախտման: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ ՄԻԵԴ), իր վճռում անդրադառնալով հարցին արդյոք խնդրո առարկա դրույթը համապատասխանում է որոշակիության և կանխատեսելիության պահանջներին, վերահաստատել է նախկինում իր արտահայտած դիրքորոշումն առ այն, որ նորմը չի կարող համարվել «օրենք», քանի դեռ ձևակերպված չէ բավարար հստակությամբ, որպեսզի անձին հնարավորություն ընձեռի կարգավորելու իր վարքագիծը. անձը պետք է կարողանա տվյալ հանգամանքներում ողջամտորեն կանխատեսել իր համապատասխան գործողության հետևանքները: Այդ հետևանքները չեն կարող կանխատեսելի լինել բացարձակ որոշակիությամբ: Հաճախ օրենքներում առկա են եզրույթներ, որոնք քիչ թե շատ անորոշ են: Դրանց մեկնաբանումը և կիրառումը պրակտիկայի խնդիր է (Perinçek v. Switzerland, գանգատ թիվ 27510/08, §§ 131-133, Karapetyan and Others v. Armenia, գանգատ թիվ 59001/08, 17.11.2016թ., § 39)։ Ըստ ՄԻԵԴ-ի ներպետական օրենսդրության կանխատեսելիության աստիճանը զգալիորեն կախված է խնդրո առարկա օրենքի բովանդակությունից, այն ոլորտից, որին այն վերաբերում է, և անձանց թվաքանակից ու կարգավիճակից, որոնց այն հասցեագրված է (Chauvy and Others v. France, գանգատ թիվ 64915/01, § 44, ECHR 2004-VI)։ ՄԻԵԴ-ը նախկինում նշել է, որ մասնագիտական գործունեություն ծավալող անձինք իրենց մասնագիտական գործունեության ընթացքում սովոր են զգուշավորության բարձր մակարդակ դրսևորել, ինչն հաշվի առնելով կարելի է ակնկալել, որ նշված անձինք հատուկ ուշադրություն կդարձնեն այդպիսի գործունեության արդյունքում առաջացող հնարավոր ռիսկերը գնահատելուն («Դելֆի ՍՊԸ-ն ընդդեմ Էստոնիայի» գործով 16.06.2015թ. վճիռը, գանգատ թիվ 64569/09, § 122): Քննության առարկա դրույթն ընդունվել էր հատուկ և սահմանափակ խումբ կազմող անձանց դատավորների վարքագիծը, ավելի ստույգ նրանց կողմից գործընկերների բարեվարքության վերաբերյալ կարծիք արտահայտելու առնչությամբ ծագող հարաբերությունները կարգավորելու նպատակով: Գործի փաստական հիմք հանդիսացող իրադարձությունների պահին քննության առարկա իրավադրույթն ուժի մեջ էր մի քանի տարի, և դիմումատուն, որը պրոֆեսիոնալ դատավոր էր և ոլորտում զգալի փորձ ուներ, չէր կարող պնդել, որ տեղյակ չէ դրա բովանդակության մասին: Ըստ ՄԻԵԴ-ի եթե դիմումատուն կասկածներ ուներ դրույթի կիրառման ճշգրիտ շրջանակի վերաբերյալ, ապա կարող էր ձեռնպահ մնալ իր գործընկերոջ բարեվարքության վերաբերյալ հոդված հրապարակելուց, սակայն այդպես չէր վարվել (Panioglu v. Romania, գանգատ թիվ 33794/14, 08.12.2020թ., § 106)։ Դիմումատուն նշում էր, որ քննարկվող դրույթը խնդրահարույց է կանխատեսելիության առումով նաև այն պատճառով, որ տվյալ դրույթի կիրառման պրակտիկան գրեթե բացակայում է։ Սակայն ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ անգամ եթե դիմումատուի կողմից արարքը կատարելու պահին տվյալ դրույթի մեկնաբանման առնչությամբ նախադեպային իրավունքն իսպառ բացակայեր, ապա այդ հանգամանքը չէր հանգեցնի ներպետական իշխանությունների կողմից նշված դրույթի կիրառման անկանխատեսելիության կամ կամայականության (Satakunnan Markkinapörssi Oy and Satamedia Oy v. Finland, գանգատ թիվ 931/13, 27.06.2017թ., § 150)։ ՄԻԵԴ-ը գտել է, որ դիմումատուի կողմից թույլ տրված կարգապահական խախտման հիման վրա նրա նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հնարավորությունը պետք է կանխատեսելի լիներ նրա համար: Ելնելով վերոնշյալից ՄԻԵԴ-ը գտել է, որ համապատասխան իրավական ակտի նորմը ձևակերպված է բավականին հստակ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով սահմանված որոշակիության և կանխատեսելիության պահանջները բավարարելու համար (Panioglu v. Romania, գանգատ թիվ 33794/14, 08.12.2020թ., § 107)։ Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ-ի վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով վիճարկվող օրինադրույթի սահմանադրականության հարցին «որևէ այլ ձևով առևտրային կազմակերպության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը» ձևակերպման որոշակիության սկզբունքին համապատասխանության առումով` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օբյեկտիվորեն հնարավոր չէ սպառիչ և ամբողջական ներկայացնել «ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման» ձևակերպման բովանդակությունը կամ այն բոլոր գործողությունները, որոնք հնարավոր է ներառել հիշյալ ձևակերպման բովանդակության ներքո: Այսպիսի իրավիճակներում խնդիրը լուծվում է իրավակիրառ պրակտիկայում համապատասխան դրույթը մեկնաբանելու միջոցով, ինչի առնչությամբ Բարձրագույն դատական խորհուրդը, հանդես գալով որպես դատարան, իրականացրել է օրինադրույթի ամբողջական ու համալիր վերլուծություն և մեկնաբանություն հստակեցնելով օրինադրույթի բովանդակությունը, իմաստն ու նշանակությունը: Մասնավորապես` Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է, որ ընկերության միակ մասնակցի կողմից ժողովին մասնակցելը, ընկերության կանոնադրության և տնօրենի վերաբերյալ որոշումներ ընդունելը հանդիսանում են առևտրային կազմակերպության կարգադրիչ կամ կառավարման գործառույթների իրականացում (Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունած թիվ ԲԴԽ-56-Ո-Կ-19 որոշում): Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվող իրավադրույթը բովանդակում է գնահատողական ձևակերպումներ, որոնք հստակ և որոշակի մեկնաբանություն են ստացել իրավասու մարմնի/իրավակիրառի կողմից, դրա որոշակիության խնդիրը հաղթահարվում է: Դիմումի համալիր ուսումնասիրման արդյունքում պարզ է դառնում, որ Դիմողի համար առաջացած բացասական իրավական հետևանքները պայմանավորված են վիճարկվող օրինադրույթին Բարձրագույն դատական խորհրդի կողմից տրված մեկնաբանությամբ: Բարձրագույն դատական խորհուրդը, 2021 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունած թիվ ԲԴԽ-56-Ո-Կ-19 որոշմամբ անդրադառնալով «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետով ամրագրված կարգավորմանը և այն դատավորի նկատմամբ կիրառելուն, մասնավորապես, նշել է. « (…) Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետն առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու ներքո հասկանում է ցանկացած ձևով առևտրային կազմակերպության ներկայացուցչական, կարգադրիչ կամ կառավարման գործառույթների իրականացմանը ներգրավված լինելը: «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ընկերության բարձրագույն մարմին է հանդիսանում ընդհանուր ժողովը: Նույն օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, ի թիվս այլնի ժողովի, որպես բարձրագույն կառավարման մարմնի լիազորությունների թվին են դասվում ընկերության կանոնադրության և ընկերության կանոնադրական կապիտալի չափի փոփոխումը, ընկերության գործադիր մարմինների ձևավորումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը, ինչպես նաև ընկերության գործադիր մարմնի լիազորություններն առևտրային կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը (…) տալու հարցերը: Միաժամանակ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն մեկ հիմնադիր (մասնակից) ունեցող ընկերության մասնակիցն իրականացնում է սույն օրենքով ընկերության հիմնադիրներին (մասնակիցներին) վերապահված իրավունքները և պարտականությունները: Նույն օրենքի 12-րդ հոդվածը սահմանում է, որ ընկերության մասնակիցներն իրավունք ունեն սույն օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցել ընկերության կառավարմանը: Այսպիսով Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ ընկերության միակ մասնակցի կողմից ժողովին մասնակցելը, ընկերության կանոնադրության և տնօրենի վերաբերյալ որոշումներ ընդունելը հանդիսանում են առևտրային կազմակերպության կարգադրիչ կամ կառավարման գործառույթների իրականացում»: Անդրադառնալով բաժնեմաս ձեռք բերելու իրավունքի իրացման հնարավորությանը վիճարկվող դրույթի համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդն արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Կարևորելով սույն գործով կայացվելիք որոշման ազդեցությունը դատական իշխանության ներկայացուցիչների կողմից անհամատեղելիության պահանջների պահպանման առումով, և հասկանալով, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կատարված վերոգրյալ եզրահանգումը կարող է հարցեր առաջացնել, մասնավորապես եթե Դատավորը կարող է բաժնեմաս ձեռք բերել, սակայն չի կարող իր կողմից ձեռք բերված բաժնեմասի նկատմամբ իրավունքը գրանցելու համար կանոնադրություն փոխել և ներկայացնել պետական գրանցման կատարել կառավարչական բնույթի գործողություններ, ապա ինչպես է երաշխավորվում Դատավորի կողմից բաժնեմաս կամ այլ գույք ձեռք բերելու իրավունքը, Բարձրագույն դատական խորհուրդը ցանկանում է արձանագրել, որ յուրաքանչյուր գործարք կնքելիս դատավորները, հաշվի առնելով վերջիններիս հատուկ կարգավիճակը և օրենքով այդ կարգավիճակով պայմանավորված սահմանափակումները, պարտավոր են այնպես իրականացնել իրենց գործողությունները, որ դրանք չհանգեցնեն անհամատեղելիության պահանջների խախտման, իսկ եթե չկա նման հնարավորություն, զերծ մնան նման գործարքներ կնքելու գայթակղությունից (օրինակ ձեռք չբերեն այնպիսի բաժնեմաս կամ բաժնետոմս, որն անհնար է հանձնել հավատարմագրային կառավարման առանց ներկայացուցչական, կարգադրիչ և կառավարման գործառույթների իրականացման, բաժնեմասը կամ բաժնետոմսը ձեռք բերելուց հետո, եթե նույնիսկ այն տալիս է որոշիչ ձայնի իրավունք, իրավունքների գրանցման գործողությունները կատարեն այնպես, որ դա չդիտվի որպես կառավարում: Ավելի հստակ լինելու համար, քննարկվող դեպքում Դատավորը կարող էր բաժնեմասի ձեռքբերման արդյունքում կանոնադրական փոփոխությունների և տնօրենի վերաբերյալ որոշման կայացումը բաժնեմասի առուվաճառքի պայմանագրերով դնել նախկին սեփականատերերի վրա և որպես միակ մասնակից գրանցվելուց հետո անմիջապես բաժնեմասը հանձներ հավատարմագրային կառավարման դրանով իսկ բացառելով որևէ գործողություն, որը կարող էր խախտել անհամատեղելիության պահանջները)»: Բարձրագույն դատական խորհրդի վիճարկվող օրինադրույթին տրված մեկնաբանության սահմանադրականության հարցի համատեքստում Սահմանադրական դատարանը գտնում է, որ այն համահունչ է դատավորի սահմանադրաիրավական առաքելությանը և դրանից բխող անհամատեղելիության պահանջներին այն հաշվառմամբ, որ արդարադատություն իրականացնելու առաքելության ստանձնումը պետք է ուղեկցվի համապատասխան սահմանափակումների և համարժեք պահանջների նախատեսմամբ, որը որևէ կերպ չի կարող դիտարկվել ոչ իրավաչափ, եթե նպատակ է հետապնդում դատավորի պաշտոնն ստանձնած/զբաղեցնող անձին զերծ պահելու այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որը կարող է վտանգել անկախության, անաչառության և արդարության պահանջների պահպանմամբ, շահերի բախումից զերծ դատական ակտերի կայացումը: Այդ առումով, Դիմողի մտահոգությունը վիճարկվող կարգավորման և վերջինիս իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության ենթադրյալ հակասահմանադրականության առնչությամբ, հիմնավոր չէ: Դիմողի կողմից Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի` Բարձրագույն դատական խորհրդի կողմից մեկնաբանության և կիրառման ենթադրյալ հակասահմանադրականության և դրա արդյունքում Դիմողի Սահմանադրության 49-րդ հոդվածով նախատեսված հանրային ծառայության անցնելու իրավունքի ենթադրյալ խախտման հիմնավորումների առանցքում Դիմողի որպես առևտրային կազմակերպության միակ մասնակցի, կայացրած որոշումների անհրաժեշտությունն է ուղղված «բաժնեմասերի նկատմամբ իր սեփականության իրավունքի երաշխավորված իրականացմանը» այս առնչությամբ պնդելով նաև «բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի իրականացման անհրաժեշտ կառուցակարգերի բացակայության» հանգամանքը։ Այդ կապակցությամբ Դիմողը մանրամասն բացատրություններ է ներկայացրել դիմումում և առանձին ներկայացված բացատրության շրջանակում։ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ, վիճարկվող նորմի հակասահմանադրականության վերաբերյալ նշված պնդումներով հանդերձ, դիմումում և բացատրությունում բացակայում է Դիմողի ձեռք բերած բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման միջոցով իր սեփականության իրավունքի երաշխավորման նպատակով գործադիր մարմնի ղեկավարին պաշտոնից ազատելու և գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու լիազորության գործադրման անխուսափելիության վերաբերյալ որևէ հիմնավորում։ Ընկերության գործադիր մարմնի ղեկավարին ազատելու և նոր ղեկավար նշանակելու լիազորության իրականացման առումով դատավորի անհամատեղելիության պահանջի խախտման ձևը լիովին դուրս է վիճարկվող դրույթի հակասահմանադրականության վերաբերյալ Դիմողի հիմնավորումների շրջանակից։ Այսինքն ընկերության գործադիր մարմնի ղեկավարին ազատելու և նոր ղեկավար նշանակելու լիազորության իրականացումն ինքնին շարունակում է մնալ որպես դատավորի անհամատեղելիության պահանջի առանձին/ինքնուրույն խախտում։ Բարձրագույն դատական խորհրդի կողմից Դիմողի լիազորությունները` անհամատեղելիության պահանջը խախտելու հիմքով, դադարեցնելու համար հիմք է հանդիսացել ոչ միայն ընկերության կանոնադրությունում մասնակիցների կազմի հետ կապված փոփոխությունների կատարմանն ուղղված լիազորությունների իրականացումը Դիմողի կողմից, այլ նաև Ընկերության գործադիր մարմնի ղեկավարի լիազորությունների դադարեցումը և գործադիր մարմնի նոր ղեկավարի նշանակումը։ Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետով նախատեսված անհամատեղելիության պահանջի խախտումն արձանագրելով Բարձրագույն դատական խորհուրդը չունի կիրառման ենթակա միջոցի ընտրության հայեցողություն, քանզի Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, 159-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և նույն հոդվածի 2.1-ին մասի հիման վրա դատավորի լիազորությունները դադարեցնելուց բացի, Բարձրագույն դատական խորհրդի կողմից այլ միջամտության հնարավորություն սահմանադիրն ու օրենսդիրը չեն նախատեսել։ Այդ հանգամանքը Բարձրագույն դատական խորհրդի կողմից 2021 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունված թիվ ԲԴԽ-56-Ո-Կ-19 որոշմամբ թվարկված գործողությունների դատավորի համար սահմանված անհամատեղելիության ցանկացած դեպքի/կերպի ինքնուրույն և ինքնաբավ հիմք է հանդիսանում նշանակելով, որ որպես «Մուշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միակ մասնակցի կողմից (1) նույն ընկերության կանոնադրությունում մասնակիցների կազմի հետ կապված փոփոխություններ կատարելը կամ (2) գործադիր մարմնի ղեկավարի լիազորությունները դադարեցնելը կամ (3) գործադիր մարմնի նոր ղեկավար նշանակելու գործառույթներից որևէ մեկում վիճարկվող դրույթի իմաստով «որևէ այլ ձևով» ներգրավված լինելը Բարձրագույն դատական խորհրդի կողմից վիճարկվող դրույթի կիրառմամբ որպես առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնել համարելով, ինքին (per se) բավարար է անհամատեղելիության պահանջի խախտման համար դատավորի լիազորությունները դադարեցնելու համար։ 5.4. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի մասով Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում։ Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումով գործի քննությունը, ի լրումն Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դատավորի նկատմամբ կիրառելի են հանրային ծառայողի համար ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ օրենքով սահմանված կարգավորումները: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետից և Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասից բխում է, որ անհատական դիմումով անձը կարող է վիճարկել միայն իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը։ Վկայակոչելով Սահմանադրական դատարանի 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման վերը մեջբերված հատվածն անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման հանդիսացող «կիրառում» եզրույթի սահմանադրաիրավական բովանդակության վերաբերյալ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի Դիմողի նկատմամբ կիրառված լինելու վերաբերյալ Դիմողի պնդումներն անհիմն են։ Սույն գործով Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունած թիվ ԲԴԽ-56-Ո-Կ-19 որոշման ուսումնասիրությունից հետևում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը, «ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածով, 159-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 1-ին կետով, 2.1-րդ մասով, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին և 6-րդ մասերով», որոշել է դադարեցնել Դիմողի լիազորությունները Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջը խախտելու հիմքով որոշման պատճառաբանական մասում արձանագրելով, որ Դիմողը զբաղեցրել է պաշտոն առևտրային կազմակերպությունում: Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը վերաբերում է Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրված անհամատեղելիության պահանջներից բացառապես ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուն, որի առնչությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից Դիմողին վերագրվող խախտումը Բարձրագույն դատական խորհուրդը վերոնշյալ որոշմամբ համարել է անհիմն։ Փոխարենը, Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 4-ին ընդունած թիվ ԲԴԽ-56-Ո-Կ-19 որոշումը Հանրային ծառայության մասին» օրենքի դրույթներին հղում պարունակող մասով, հիմնվում է, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի և 159-րդ հոդվածի 2.1-ին մասի վրա։ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածում առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու մասով անհամատեղելիության պահանջին վերաբերելի հատվածը նույն հոդվածի 1-ին մասն է, որի հիմքը Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին նախադասությունն է։ Նշված սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածում, ներառյալ վերջինիս Դիմողի կողմից վիճարկվող 2-րդ մասում, դատավորի համար առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու մասով անհամատեղելիությանն առնչվող այլ նորմ չի պարունակվում։ Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 2.1-ին մասի (որի վրա հիմնվել է Բարձրագույն դատական խորհուրդը 2021 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ ԲԴԽ-56-Ո-Կ-19 որոշումն ընդունելիս) համաձայն ««Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջների խախտման հիմքով դատավորի լիազորությունները կարող են դադարեցվել` հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացրած եզրակացությունը»։ Այսինքն Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու մասով անհամատեղելիությանն առնչվող և Հանրային ծառայության մասին» օրենքին հղում պարունակող նորմը Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 2.1-ին մասն է։ Նշված դատավորի համար անհամատեղելիության պահանջներին ավելի ընդգրկուն հղում պարունակող դրույթը, սակայն, Դիմողի կողմից առհասարակ չի վիճարկվում սույն դիմումով։ Վերը նշվածի հետ մեկտեղ, անդրադառնալով անհամատեղելիության պահանջները բացառապես սահմանադրական օրենքով սահմանվելու Դիմողի կողմից առաջադրած մոտեցմանը` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը Բարձրագույն դատական խորհուրդը կայացրել է Դիմողի կողմից առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու անհամատեղելիության պահանջը խախտելու համար։ Անհամատեղելիության սույն պահանջը նախատեսված է Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին նախադասությամբ և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ մասի 1-ին մասով։ Այսինքն անհամատեղելիության սույն պահանջը Սահմանադրությամբ և սահմանադրական օրենքով նախատեսված անհամատեղելիության հիմնական պահանջ է և չի կարող դիտարկվել որպես Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ նախադասության իմաստով «անհամատեղելիության լրացուցիչ պահանջ»։ Հետևաբար Դիմողի այն պնդումը, որ դատավորի համար առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու արգելքը պետք է նախատեսված լինի Սահմանադրական օրենքով, հիմնազուրկ է։ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականության հարցով դիմումի հիմքում ընկած այն պնդման առնչությամբ, որի համաձայն «դատավորի կարգավիճակի մանրամասները, որոնք վերաբերում են անհամատեղելիության պահանջներին, այդ թվում նաև առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու (…) արգելքին, կարող են կարգավորվել միայն դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով», հիմնված Դիմողի կողմից առաջադրված այն մոտեցման վրա, որ դատավորի համար առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու արգելքի շրջանակի ճշգրտումը պայմանավորված է դատավորի կարգավիճակով Սահմանադրական դատարանը, վկայակոչելով Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին նախադասությունը, փաստում է, որ դատավորի «իր կարգավիճակով չպայմանավորած պաշտոն» զբաղեցնելու արգելքը վերաբերում է «պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում» պաշտոններ զբաղեցնելուն, մինչդեռ Դիմողի գործով անհամատեղելիության պահանջի խախտման քննության հանգամանքները վերաբերել են Դիմողի «առևտրային կազմակերպությունում» պաշտոն զբաղեցնելուն, որի դեպքում զբաղեցրած պաշտոնը Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասի իմաստով «դատավորի կարգավիճակով չպայմանավորված» լինելու հատկանիշի բացակայությունը Սահմանադրությամբ նախատեսված անհամատեղելիության հիմքը չի որակազրկում։ Այլ կերպ, Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին նախադասության իմաստով դատավորի կարգավիճակի մանրամասները կարող են նշանակություն ստանալ բացառապես «պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում» պաշտոն զբաղեցնելու հարցով դատավորի կողմից անհամատեղելիության պահանջի քննության համար, քանի որ «դատավորի կարգավիճակով չպայմանավորված» լինելու հատկանիշը վերաբերում է միայն այս խումբ պաշտոններին։ Հետևաբար Դիմողի կողմից Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասի իմաստով առևտրային կազմակերպություններում որևէ պաշտոն զբաղեցնելու արգելքի իրավական բովանդակության սահմանման նկատմամբ կիրառելի չէ Սահմանադրության 164-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված «դատավորների կարգավիճակին վերաբերող մանրամասների» սահմանման համար սահմանադրի կողմից սահմանված իրավունքի աղբյուրը սահմանադրական օրենք լինելու հրամայականը։ Ամփոփելով վերոգրյալը Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի որպես դատավորի, Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին նախադասության իմաստով առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու հիմքով լիազորությունները դադարեցնելիս
ա) Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը Դիմողի նկատմամբ չի կիրառվել,
բ) Դիմողի նկատմամբ կիրառվել են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը, 159-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը և 2.1-ին մասը, որոնք Դիմողի կողմից չեն վիճարկվում,
գ) Դիմողի նկատմամբ կիրառված անհամատեղելիության պահանջը նախատեսված է Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին նախադասությամբ և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով և չի հանդիսանում Սահմանադրության 164-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ նախադասության իմաստով «անհամատեղելիության լրացուցիչ պահանջ»,
դ) դատավորի առևտրային կազմակերպությունում պաշտոն զբաղեցնելու արգելքը, ի տարբերություն «պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում» պաշտոն զբաղեցնելու արգելքի, գործում է որպես բացարձակ արգելք։ Վերոնշյալ արձանագրումների լույսի ներքո սույն գործի վարույթը Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի մասով, ենթակա է կարճման Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 6-րդ կետերի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքերով։ Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 69-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ մասերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Գագիկ Խանդանյանի դիմումի հիման վրա Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի, այդ թվում նաև նույն հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
24 հունվարի 2023 թվականի
ՍԴԱՈ-6
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 24 հունվարի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-6
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
