ՏԻԳՐԱՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-52)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 12 օգոստոսի 2021թ. ՍԴԴԿՈ - 52 | ՏԻԳՐԱՆ ԾԱՏՈՒՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 12 օգոստոսի 2021թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Ե. Խունդկարյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով Տիգրան Ծատուրյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Տիգրան Ծատուրյանը, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի հուլիսի 20-ին), խնդրել է հետևյալը. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածը այնքանով, որքանով որ իրավակիրառ պրակտիկայում օգտագործվում է ՔԴՕ-ի իմաստով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունեցող անձանց նկատմամբ, ինչպես նաև քրեական դատավարության մասնակիցների բջջային հեռախոսների առգրավման միջոցով ճանաչել ՀՀ Սահմանադրությանը (6-րդ, 33-րդ և 63-րդ հոդվածներ) հակասող և անվավեր»:
2. Դիմողը նշում է, որ վերջինս Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման կայացման պահին քրեական գործի շրջանակներում չի ունեցել կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ, ինչը հաշվի չեն առել ո՛չ հետաքննության մարմինը, ո՛չ էլ ստորադաս դատարանները, արդյունքում, ըստ դիմողի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է ակնհայտ ապօրինի որոշում, սխալ է կիրառել քրեադատավարական նորմը, ինչպես նաև խախտել է սահմանադրական հիմնարար իրավունքները: Բացի դրանից, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածի 2-5-րդ մասերի վերլուծությունից պարզ է, որ նամակագրության վերահսկողությունը չի կարող իրականանալ բջջային հեռախոսի առգրավման և անձին քրեական դատավարության ընթացքում իր սեփական բջջային հեռախոսից, հետևաբար նաև հաղորդակցության իրավունքից զրկելու միջոցով, այլ պետք է իրականացվի կապի համապատասխան հաստատության միջոցով նշված անձանց նամակագրության վրա արգելք դնելով և այն պահպանելով։ Ըստ դիմողի քրեական դատավարության ընթացքում քրեական դատավարության որևէ մասնակցի, այդ թվում մեղադրյալի կամ կասկածյալի բջջային հեռախոսի առգրավման պահից խախտվում է Սահմանադրությամբ երաշխավորված հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքը, իսկ դատարանների կողմից բջջային հեռախոսի զննության թույլտվություն տալու արդյունքում խախտվում է օրինականության սկզբունքը և արդար դատաքննության իրավունքը, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում առկա չէ բջջային հեռախոսի զննության կարգ։
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի պահանջով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր: Տվյալ դեպքում դիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ դիմողը, ձևականորեն վիճարկելով նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է դատարանների կողմից այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Այսինքն դիմողի կողմից բարձրացված հարցի ըստ էության քննությունը ենթադրում է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթի սահմանադրականության հարցի գնահատում, այլ դատարանների կողմից կայացված դատական ակտերի օրենքի պահանջներին համապատասխանության հարցի պարզում, որպիսի լիազորությամբ Սահմանադրական դատարանն օժտված չէ։ Այսպիսով, Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ դիմումում առաջադրված հարցը ենթակա չէ Սահմանադրական դատարանին, քանի որ դիմողը բարձրացնում է ոչ թե իրավական նորմի սահմանադրականության հարց, այլ նորմի կիրառման իրավաչափության հարց, որը Սահմանադրական դատարանի քննության առարկա չէ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Տիգրան Ծատուրյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
12 օգոստոսի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-52
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 12 օգոստոսի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-52
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
