«ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 37-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ (ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆՑ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-75)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 20 մայիսի 2026թ. ՍԴԱՈ - 75 | «ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 37-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ (ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆՑ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ 17-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 37-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ 11-ՐԴ ԿԵՏԻ (ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ԴՐԱՆՑ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ)՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի (հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
1. ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի ապրիլի 9-ին:
Դիմողը, դռնբաց նախնական դատական նիստում քննարկելով թիվ ԼԴ/0198/02/26 քաղաքացիական գործով հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը՝ հիշյալ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին, 2026 թվականի ապրիլի 6-ին որոշել է.
«Թիվ ԼԴ/0198/02/26 քաղաքացիական գործով՝ ըստ հայցի Անահիտ Խաչատուրի Բարոյանի ընդդեմ «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի՝ աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու և նախկին աշխատանքում վերականգնելու պահանջների մասին, դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի՝ դրանց համակցությամբ, պաշտոնական մեկնաբանությամբ և իրավակիրառ պրակտիկայում տրված իմաստով, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածին, 57-րդ հոդվածի և 78-րդ հոդվածին համապատասխանությունը որոշելու հարցով:
Գործի վարույթը կասեցնել՝ մինչև սահմանադրական դատարանի ընդունած որոշումն ուժի մեջ մտնելը:
(...)»:
2. Դիմողը, ներկայացնելով թիվ ԼԴ/0198/02/26 քաղաքացիական գործով հայցվորի ներկայացուցչի (միջնորդություն հարուցած անձի) փաստարկները, վկայակոչելով Սահմանադրության 29, 57, 75 և 78-րդ հոդվածների, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 2-րդ մասի 24-րդ հոդվածի կարգավորումները, ինչպես նաև Սահմանադրական դատարանի 2009 թվականի փետրվարի 24-ի ՍԴՈ-792 որոշումը, մասնավորապես, նշում է. ««Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 03-ի ՀՕ-160-Ն օրենքով ՀՀ աշխատանքային օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) կատարված փոփոխությունների շրջանակում փոփոխվել են նաև Օրենսգրքի՝ կենսաթոշակային տարիքի անձանց վերաբերելի կարգավորումները։ Ուժը կորցրած են ճանաչվել Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետը և 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը (նշված փոփոխություններն ուժի մեջ են մտել 2023 թվականի հուլիսի 31-ից)։
Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված էր, որ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով:
Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետով սահմանված էր, որ տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող և վաթսուներեք տարին լրացած կամ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող և վաթսունհինգ տարին լրացած անձանց հետ կնքվում են որոշակի ժամկետով պայմանագրեր՝ գործատուի կողմից առաջարկվող պաշտոնում կամ աշխատանքում անձի մասնագիտական ունակությունների գնահատման հիման վրա։
Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետը և 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչելու արդյունքում 2023 թվականի հուլիսի 31-ից սկսած՝
1. գործատուն իրավունք չունի լուծել աշխատանքային պայմանագիրը՝ տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում.
2. գործատուն չի կարող անձի հետ կնքել որոշակի ժամկետով պայմանագիր՝ ելնելով զուտ միայն այն հանգամանքից, որ վերջինս տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող և վաթսուներեք տարին լրացած կամ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող և վաթսունհինգ տարին լրացած անձ է։
Օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ աշխատանքային հարաբերությունների առանձին բնագավառների կարգավորման առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքով:
Դատարանն ընդգծում է, որ ոչ միայն Օրենքի քննարկվող դրույթները, այլև մի շարք օրենքներ՝ ,,Հանրային ծառայության մասին,, ,,Համայնքային ծառայության մասին,, և այլն, դեռևս պարունակում են տարիքային շեմի հիմքով աշխատանքային պայմանագրերի լուծման կամ չկնքման վերաբերյալ դրույթներ։
Խարտիայի նախադեպային իրավունքի վերլուծական ամփոփագրում Սոցիալական իրավունքների եվրոպական հանձնաժողովը նշել է, որ Խարտիայի 24-րդ հոդվածը վերաբերում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքի դադարեցմանը։ «Պաշտպանության շրջանակը» հատվածում նշվում է, որ այն իրավիճակը, երբ օրենքով սահմանվում է պարտադիր կենսաթոշակային տարիք, որի հետևանքով աշխատանքային հարաբերություններն ավտոմատ կերպով դադարում են օրենքի ուժով, չի ընդգրկվում այս դրույթի գործողության շրջանակի մեջ։ Սակայն, աշխատանքի դադարեցումը միայն այն հիմքով, որ անձը հասել է կենսաթոշակային տարիքին, ինչը թույլատրվում է (բայց չի պարտադրվում) օրենքով, արդարացված չէ։ Նշվում է նաև, որ բոլոր աշխատողները գործատուի կողմից աշխատանքի դադարեցման դեպքում իրավունք ունեն պաշտպանության։ Միաժամանակ սահմանված է նշված կանոնից բացառություն հանդիսացող աշխատողների կատեգորիաների հստակ շրջանակ։ Սահմանված է նաև, որ աշխատողների որևէ այլ կատեգորիայի, ինչպիսիք են «նորմալ թոշակի անցնելու տարիքի» հասած աշխատողները, աշխատանքից անարդարացիորեն ազատված լինելու դեպքում պաշտպանությունից բացառումը չի համապատասխանում Խարտիային։
Սոցիալական իրավունքների եվրոպական հանձնաժողովը նշել է նաև, որ մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն համապատասխան միջոցներ՝ բոլոր աշխատողների պաշտպանությունն ապահովելու համար տարիքային հիմքով ազատումից։ Տարիքային հիմքով աշխատանքից ազատումը չի կարող համարվել աշխատանքի դադարեցման վավեր պատճառ, եթե այն, ազգային օրենսդրության համատեքստում, օբյեկտիվորեն և ողջամտորեն չի արդարացվում օրինական նպատակով, ինչպիսիք են՝ զբաղվածության օրինական քաղաքականությունը, աշխատաշուկայի նպատակները կամ ձեռնարկության, հաստատության կամ ծառայության արտադրական պահանջները և պայմանով, որ այդ նպատակին հասնելու միջոցները հանդիսանում են համապատասխան և անհրաժեշտ։ Օրենսդրությունը, որը թույլ է տալիս անմիջապես աշխատանքից ազատել տարիքի հիման վրա և, արդյունավետորեն չի երաշխավորում աշխատանքային հարաբերությունների դադարեցման դեպքերում պաշտպանության իրավունքը, հակասում է Խարտիային։
(...):
Գործի փաստերի համաձայն՝ Հայցվոր՝ Անահիտ Բարոյանը, 1997 թվականից աշխատել է ՀՀ Լոռու մարզպետի աշխատակազմում:
Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի 07.01.2025 թվականի թիվ 5 հրամանով Հայցվորի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է մինչև 09.01.2026 թվականը։
Լոռու մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի 05.01.2026 թվականի թիվ 2 հրամանով /ուժի մեջ է մտել 09․01․2026 թվականին/ Հայցվորի լիազորությունները դադարեցվել են Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի հիմքով /քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալը/, և որպես լիազորությունների դադարեցման միակ պատճառ նշվել է տարիքային շեմը լրանալու հանգամանքը։
Հաշվի առնելով Օրենսգրքում կատարված վերոնշյալ փոփոխությունները, Խարտիայի II մասի 24-րդ հոդվածի շրջանակներում Սոցիալական իրավունքների եվրոպական հանձնաժողովի մեկնաբանությունները, Խարտիայի V մասի «Է» հոդվածով պահանջները, Դատարանի տեսանկյունից Օրենքի վիճարկվող դրույթներն իրենց համակցությամբ, դրանց պաշտոնական մեկնաբանությամբ և իրավակիրառ պրակտիկայում տրված ֆորմալիստական մոտեցումով չեն համապատասխանում Սահմանադրությանը այն մասով, որ չեն ապահովում քաղաքացիական ծառայողների գործունեությունը՝ տարիքային որոշակի շեմի հասնելու հանգամանքով պայմանավորված:
Գործի հանգամանքների նման համակցության պայմաններում, Օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի իրավակարգավորման կիրառումը սահմանադրականության և մարդու հիմնարար իրավունքների տեսանկյունից խնդրահարույց են, քանի որ Օրենքում մեկանգամյա երկարաձգման կոշտ արգելքի առկայությունը հանդիսանում է խտրական, Հայցվորի համար անհիմն ստեղծում է անհավասարություն այն անձանց համեմատությամբ, ովքեր աշխատանքային գործունեություն են իրականացնում այլ ոլորտներում, որտեղ տարիքային առավելագույն շեմով պայմանավորված որևէ սահմանափակում առկա չէ:
Դատարանի գնահատմամբ՝ Օրենքի վիճարկվող դրույթի կիրառումն ինքնին հանգեցնում է ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածով սահմանված անձի հիմնարար իրավունքների խախտման, քանի որ ծառայողի լիազորությունները դադարեցվում են միայն կենսաբանական տարիքը լրանալու փաստով՝ առանց հաշվի առնելու նրա մասնագիտական ունակությունները և որակները: Այսինքն, նմանատիպ իրավիճակներում քննարկման և գնահատության առարկա չեն դառնում աշխատողի ընդունակությունները և վարքագծի կոնկրետ դրսևորումները, որը Խարտիայի 24-րդ հոդվածի տեսանկյունից հանդիսանում է անթույլատրելի և առանց հիմնավոր պատճառների:
Դատարանի տեսանկյունից նշված սահմանափակումը չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ և այդ դրույթների զուտ ձևական, մեխանիկական կիրառումն անհամաչափ միջամտություն է անձի հիմնարար իրավունքին:
Նշված պատճառաբանություններով և հիմնավորումներով Դատարանը հանգում է այն հետևության, որ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ առկա է հիմնավոր կասկած և գործի լուծումը հնարավոր է միայն Օրենքի վիճարկվող դրույթների կիրառմամբ»:
3. Ուսումնասիրելով դիմումը և դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, նյութերը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված` գործի քննությունն ամբողջությամբ մերժելու հիմք՝ ներքոնշյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:
Սահմանադրության հիշյալ նորմն արտացոլված է նաև Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում:
Սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով:
Սահմանադրության վկայակոչված դրույթի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ դատարանների՝ Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն առկա է ներքոնշյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, երբ դատարանները՝
1. հիմնավոր կասկածներ ունեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ և
2. գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով (կոնկրետ սահմանադրական վերահսկողություն):
Սահմանադրական դատարանը 2024 թվականի հունիսի 18-ի ՍԴԱՈ-98 աշխատակարգային որոշմամբ վերահաստատել է, որ «(...) դատարանների դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում սահմանադրական արդարադատության իրականացման իմաստավորումը հանգում է դատարանի կողմից ենթադրյալ հակասահմանադրական նորմի հիման վրա կոնկրետ վեճի լուծումը կանխելուն, որպիսի պայմաններում հիմնարար նշանակություն է ձեռք բերում արդարադատություն իրականացնելու բացառիկ իրավասությամբ օժտված սույն սուբյեկտների կողմից ներկայացված դիմումների շրջանակներում, ի թիվս այլնի, ներկայացնել վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն լայնաբովանդակ պատճառաբանությունը, որը կբացահայտի դատարանի՝ Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջը»:
Սահմանադրական դատարանը հիշյալ աշխատակարգային որոշմամբ ընդգծել է, որ «(...) դատարանի՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջն անառարկելիորեն ենթադրում է դատարանների կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումի շրջանակներում խնդրո առարկա հարցի վերաբերյալ իրենց՝ ներքին համոզման հիման վրա ձևավորված դատողությունների և հիմնավորումների պատճառաբանված դիրքորոշումների ներկայացում, ընդ որում՝ ներկայացված դիրքորոշումները չպետք է սահմանափակվեն լոկ դատավարության/վարույթի համապատասխան մասնակիցների՝ սույն հարցի վերաբերյալ դիրքորոշումների վկայակոչմամբ կամ նման դիրքորոշումների շրջանակներում՝ առանց սեփական դատողությունների համակարգված շղթան ներկայացնելու, վիճարկվող նորմի կիրառման վերաբերյալ հարցերը դրա ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ դիտարկումների համատեքստում բարձրացնելով»:
Սահմանադրական դատարանն իր՝ 2022 թվականի մայիսի 6-ի ՍԴԱՈ-83 աշխատակարգային որոշմամբ փաստել է. «(…) վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումն արտահայտում է վերջինիս ներքին համոզմունքը, որը չի կարող հիմնվել սոսկ ենթադրությունների կամ չպատճառաբանված դատողությունների վրա, ուստի Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշումը պետք է բովանդակի վիճարկվող իրավադրույթի՝ Սահմանադրության համապատասխան հոդվածի համատեքստում ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող պատճառաբանությունների վերաբերյալ համապատասխան վերլուծություն, որը օբյեկտիվ հիմք է հանդիսացել դատավորի ներքին համոզմունքի ձևավորման համար»:
Վերոնշյալը կիրառելի համարելով սույն գործով՝ Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ դատարանների՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ցանկացած հետևություն չէ, որ ընդգրկվում է Սահմանադրի կողմից Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասում ամփոփված «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի բովանդակային սահմաններում, այլ այն պատճառաբանված դիրքորոշումները, որոնք հանգեցրել են այդ հետևությանը. սա է Սահմանադրի անբեկանելի կամքը, որը սահմանադրականության հաստատման, սույն պարագայում՝ կոնկրետ սահմանադրական վերահսկողության շրջանակներում կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի ենթադրյալ հակասահմանադրական դրույթի կիրառման արգելակման առհավատչյան է:
Սոյն դիմումի ուսումնասիրության արդյունքներով Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի՝ վիճարկվող դրույթների (հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը) ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ հետևության հիմքում դրվել են առավելապես Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասի, 29, 57 և 78-րդ հոդվածների, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 2-րդ մասի 24-րդ հոդվածի, վերջինիս առնչությամբ Սոցիալական իրավունքների եվրոպական հանձնաժողովի մեկնաբանությունների սոսկ վկայակոչումները, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքում 2023 թվականին կատարված փոփոխությունները։
Դիմողն ընդգծել է, որ «(...) ոչ միայն Օրենքի քննարկվող դրույթները, այլև մի շարք օրենքներ՝ ,,Հանրային ծառայության մասին,, ,,Համայնքային ծառայության մասին,, և այլն, դեռևս պարունակում են տարիքային շեմի հիմքով աշխատանքային պայմանագրերի լուծման կամ չկնքման վերաբերյալ դրույթներ»։
Սահմանադրական դատարանը նկատում է, որ թիվ ԼԴ/0198/02/26 քաղաքացիական գործով հայցվորը զբաղեցրել է քաղաքացիական ծառայության պաշտոն: «Հանրային ծառայության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանրային ծառայությունն ընդգրկում է նաև պետական ծառայությունը, իսկ վերջինս, հիշյալ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, նաև քաղաքացիական ծառայությունը: Նույն օրենքի3-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձը համարվում է հանրային ծառայող: Այդ առնչությամբ Սահմանադրության 49-րդ հոդվածով ամրագրված է հանրային ծառայության անցնելու իրավունքը:
Սահմանադրական դատարանը նկատում է նաև, որ ««Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 07.05.2026 թ. ՀՕ-182-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի և 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համապատասխանաբար՝ 17-րդ հոդվածի 4-րդ մասը և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետը, այսինքն՝ սույն գործով վիճարկվող դրույթները, ուժը կորցրած են ճանաչվել, որպիսի հանգամանքը, ինքնին, չի վկայում դրանց հակասահմանադրական լինելու մասին: Վերոնշյալ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված է, որ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո»:
Վերոնշյալի համատեքստում, Սահմանադրական դատարանի գնահատմամբ Դիմողի՝ վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձևավորված բովանդակ պատճառաբանությունների ու հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը, որպիսի պայմաններում գործի քննությունը ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 71-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
«ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի և 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի (հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
20 մայիսի 2026 թվականի
ՍԴԱՈ-75
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 20 մայիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-75
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
