Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2, 6, 9 ԵՎ 10-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2, 6, 9 ԵՎ 10-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-20010 սեպտեմբերի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-200)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 10 սեպտեմբերի 2026թ. ՍԴԱՈ - 200 | ««ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2, 6, 9 ԵՎ 10-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

««ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2, 6, 9 ԵՎ 10-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2, 6, 9 և 10-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2026 թվականի օգոստոսի 19-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ (այսուհետ նաև ՝ Դիմող, ներկայացուցիչ՝ Հայկ Վարդանյան) դիմումը, որով Դիմողը խնդրել է.

«1. Քննության ընդունել սույն անհատական դիմումը.

2. Սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետի հիմքով ՎԴՕ 10-րդ հոդվածը ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող այն մեկնաբանությամբ, համաձայն որի հանրային իրավահարաբերություններից ծագող են նաև այն վեճերը, որոնցում կողմերից մեկն օրենքով պատվիրակված հանրային գործառույթ է իրականացնում` անկախ իր կազմակերպաիրավական ձևից, և նման սուբյեկտի որոշումների, գործողությունների ու անգործության դեմ վեճերն ընդդատյա են վարչական դատարանին.

3. Սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետի հիմքով ՔԴՕ 26-րդ հոդվածի 2-րդ, 6-րդ, 9-րդ և 10-րդ մասերը ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր.

4. Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով արձանագրել, որ ՎԴՕ 10-րդ հոդվածը Դիմողի նկատմամբ կիրառվել է սույն խնդրանքի 2-րդ կետում նշվածից տարբեր մեկնաբանությամբ, ինչի հետևանքով Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը ենթակա է վերանայման՝ նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով»:

2. Դիմողը, ներկայացնելով թիվ ՎԴ/2225/05/26 և ՎԴ/11285/05/26 վարչական գործերի, ինչպես նաև թիվ ԵԴ2/2508/02/26, ԵԴ2/5514/02/26 և ԵԴ2/8098/02/26 քաղաքացիական գործերի դատավարական նախապատմությունները, մասնավորապես, նշում է, որ սույն անհատական դիմումով վիճարկում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի սահմանադրականությունը՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ հանրային իրավահարաբերությունը մասնավորից տարանջատվում է իրավահարաբերության սուբյեկտի կազմակերպաիրավական կարգավիճակի հիմքով: Ըստ Դիմողի՝ այդ մեկնաբանության պայմաններում տարբեր դատարաններ նույն իրավահարաբերության վերաբերյալ ձևավորում են իրարամերժ դիրքորոշումներ՝ կապված գործի ենթակայության հետ: Դրա հետևանքով, Դիմողի պնդմամբ, անձը փաստացի զրկվում է իր վեճի՝ ըստ էության քննության հնարավորությունից և, մասնավորապես, վարչական դատավարության կարգով դատական պաշտպանությունից:

Դիմողը սույն անհատական դիմումով վիճարկում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2, 6, 9 և 10-րդ մասերի սահմանադրականությունը՝ դրանց՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասելու հիմքով:

Անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և 10-րդ հոդվածին՝ Դիմողը նշում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը վարչական դատարան դիմելու իրավունքը կապում է սուբյեկտի՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտի, գործողության կամ անգործության հետ, իսկ նույն օրենսգրքի 10-րդ հոդվածն ընդդատությունը կապում է իրավահարաբերության բնույթի հետ: Դիմողի պնդմամբ՝ այդ երկու չափանիշները համընկնում են միայն այն պարագայում, երբ հանրային իշխանական լիազորությունն իրականացվում է պետական մարմնի կողմից: Երբ գործառույթը պատվիրակված է այլ սուբյեկտի, չափանիշները շեղվում են, և ընդդատությունը դառնում է անորոշ: Այդ պատճառով, ըստ Դիմողի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի սուբյեկտի հարցն անհրաժեշտ է մեկնաբանել տարածական իմաստով, մասնավորապես, որպես այդպիսի սուբյեկտ անհրաժեշտ է դիտարկել այն մարմնին, որին օրենքով պատվիրակվել է հանրային բնույթի գործառույթ, և այդ գործառույթի իրականացման մասով վերջինս հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող՝ անկախ իր կազմակերպաիրավական ձևից:

Դիմողը եզրահանգում է, որ վիճարկվող՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածով սահմանված կարգավորումն ինքնին թույլ է տալիս այնպիսի իրավիճակ, երբ նույն իրավահարաբերության վերաբերյալ երկու մասնագիտացված դատարաններ տալիս են փոխբացառող գնահատականներ, և ոչ մի դատարան վեճը չի քննում ըստ էության: Հետևաբար՝ Դիմողը գտնում է, որ հիշյալ դրույթը՝ իր նկատմամբ կիրառված մեկնաբանությամբ, խաթարում է իրավական որոշակիության, կանխատեսելիության և լեգիտիմ ակնկալիքի սկզբունքները, ինչպես նաև հանգեցնում Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված հիմնական իրավունքների խախտման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2, 6, 9 և 10-րդ մասերի սահմանադրականության հարցի առնչությամբ Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանը հիշյալ իրավակարգավորումների շրջանակներում գործելիս չի հանդիսանում դատարան և չի իրականացնում արդարադատություն, հետևաբար՝ այդ կապակցությամբ վերջինիս կողմից կայացված որոշումը դատական ակտ չէ, սակայն վիճարկվող կարգավորումները Վճռաբեկ դատարանի նախագահին և պալատների նախագահներին, ըստ էության, ընձեռում են գործերի ընդդատության-ենթակայության մասով արդարադատություն իրականացնելու հնարավորություն՝ դատարան չլինելով հանդերձ: Մինչդեռ, Դիմողի պնդմամբ, այդ հարցը պետք է լուծվի դատարանի կողմից՝ դատավարական ընթացակարգերով, կողմերի մասնակցությամբ և բողոքարկման հնարավորությամբ:

Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2, 6, 9 և 10-րդ մասերը հակասում են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին, քանի որ դատարանի մատչելիությունը կանխորոշող հարցը հանում են դատավարական ընթացակարգից և անձին զրկում բողոքարկման իրավունքից:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումով գործի քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրության հիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանի՝ 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման համաձայն՝ «(…) ֆիզիկական և իրավաբանական անձանց համար սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունը ծագում է քաղաքացիաիրավական, վարչաիրավական վեճերի կարգավորման, ինչպես նաև քրեական մեղադրանքի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտի և համապատասխանաբար՝ նշված վեճերի և քրեական մեղադրանքի հարցի լուծման իրավազորությամբ օժտված դատական մարմիններում պաշտպանության միջոցներն սպառելու արդյունքում: (...) Սահմանադրական «կոնկրետ վերահսկողության» նպատակն է ապահովել սահմանադրական արդարադատություն իրականացնելու իրավազորությամբ չօժտված՝ ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների կողմից կոնկրետ գործերի լուծումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա և իրականացնել անձի սահմանադրական իրավունքների պաշտպանությունը, երբ նրա իրավունքները խախտվել են արդարադատության իրականացման գործընթացում հակասահմանադրական օրենսդրական նորմի կիրառման արդյունքում» (5-րդ կետ):

Սահմանադրական դատարանի վերոնշյալ աշխատակարգային որոշմամբ արձանագրված է. ««Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ» (6-րդ կետ):

Սահմանադրական դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 11-ի ՍԴԱՈ-158 աշխատակարգային որոշմամբ փաստված է. «Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ուղղված՝ դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջից բխում է, որ եթե առկա է կամ առկա է եղել որևէ դատական ատյան, որը կարող է (էր) քննել դիմողի կողմից բարձրացված հարցը, սակայն դիմողը չի օգտվել այդ հնարավորությունից, ապա վերջինս չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները» (3-րդ կետ):

Վերոնշյալի համատեքստում սույն անհատական դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքներով պարզ է դառնում, որ Դիմողը չի իրացրել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելու սահմանադրական պահանջը: Այսպես՝ Դիմողի վկայակոչած իրավական վեճի առնչությամբ ի սկզբանե հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան, որը թիվ ՎԴ/2225/05/26 գործով 2026 թվականի փետրվարի 26-ին կայացրել է «Հայցադիմումը վերահասցեագրելու մասին» որոշում: Նշված որոշմամբ հայցադիմումը վերահասցեագրվել է ըստ ընդդատության՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2026 թվականի մարտի 18-ի որոշմամբ թիվ ԵԴ2/2508/02/26 գործն ուղարկվել է Վճռաբեկ դատարան՝ ենթակայության հարցը որոշելու նպատակով:

Վճռաբեկ դատարանի նախագահի, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի վարչական, քրեական, հակակոռուպցիոն պալատների նախագահների և քաղաքացիական պալատի նախագահին փոխարինողի կողմից 2026 թվականի ապրիլի 7-ին կայացված՝ «Գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին» որոշմամբ թիվ ԵԴ2/2508/02/26 (ՎԴ/2225/05/26) գործն ըստ «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ ներկայացուցչի հայցի ընդդեմ «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» ՊՈԱԿ-ի՝ ԱՐՄՆԱԲ-ի կազմում գործող լաբորատորիաների հավատարմագրման կոմիտեի 2025 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 54 արձանագրությամբ կայացված որոշումը, որպես հետևանք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2025 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 4095-Ա հրամանը և Ընկերության նշանակման թիվ Ն-52 վկայականի գործողությունը չեղյալ համարելու մասին գրառումը վերացնելու պահանջների մասին, ենթակա է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին:

Թիվ ԵԴ2/2508/02/26 քաղաքացիական գործի շրջանակներում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2026 թվականի ապրիլի 18-ին կայացրել է «Հայցադիմումը վերադարձնելու վերաբերյալ» որոշում: Սույն թվականի մայիսի 11-ին ևս կայացվել է «Հայցադիմումը վերադարձնելու վերաբերյալ» որոշում:

Դիմողի կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան է ներկայացվել նոր հայցադիմում: Թիվ ԵԴ2/5514/02/26 քաղաքացիական գործի շրջանակներում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2026 թվականի մայիսի 29-ին կայացրել է «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում՝ արձանագրելով, որ խնդրո առարկա վեճը բխում է հանրային իրավահարաբերություններից: Նշված որոշումը բողոքարկվել է վերաքննության կարգով: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2026 թվականի հունիսի 29-ի որոշմամբ Դիմողի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժել է՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի համապատասխան որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

Դիմողի կողմից 2026 թվականի հունիսի 30-ին հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան, որի՝ թիվ ՎԴ/11285/05/26 գործով 2026 թվականի հուլիսի 6-ի՝ «Հայցադիմումը վերահասցեագրելու մասին» որոշմամբ հայցադիմումը վերահասցեագրվել է ըստ ընդդատության՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան: Վարչական դատարանը հիշյալ որոշմամբ արձանագրել է. «Գործի ենթակայության վերաբերյալ վեճը լուծելու մասին 07.04.2026 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների նախագահների որոշմամբ արդեն իսկ արձանագրվել է, որ ԱՐՄՆԱԲ-ի կազմում գործող լաբորատորիաների հավատարմագրման կոմիտեի 18.12.2025 թվականի թիվ 54 արձանագրությամբ կայացված որոշումը վերացնելու պահանջը՝ որպես հիմնական պահանջ, ենթակա է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանին, հետևաբար հիմք ընդունելով նշված որոշումը, ինչպես նաև վերոգրյալ իրավակարգավորումները, Դատարանը գտնում է, որ սույն գործով ներկայացված հայցադիմումը պետք է վերահասցեագրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան»:

Վարչական դատարանի կողմից հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան վերահասցեագրվելուց հետո համապատասխան քաղաքացիական գործին տրվել է թիվ ԵԴ2/8098/02/26 համարը: «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ 2026 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ «Ավտոտրանսպորտային միջոցների հետազոտական կենտրոն» ՍՊ ընկերության հայցն ընդդեմ «ՀՀ հավատարմագրային ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության (ԱՐՄՆԱԲ), վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ ԱՐՄՆԱԲ-ի կազմում գործող լաբորատորիաների հավատարմագրման կոմիտեի 18․12․2025 թվականի թիվ 54 արձանագրությամբ կայացված որոշումը վերացնելու և որպես հետևանք ԱՐՄՆԱԲ-ին Ընկերությանը Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրի ազգային մասում վերականգնել պարտավորեցնելու և ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 30․10․2025 թվականի թիվ 4095-Ա հրամանը, նշանակման թիվ Ն-52 վկայականի գործողությունը չեղյալ համարելու մասին գրառումը վերացնել պարտավորեցնելու և Ընկերությանը ԵԱՏՄ (ՄՄ) մի շարք տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխան արտադրանքի փորձարկում իրականացնող նշանակված համապատասխանության գնահատման մարմինների ռեեստրում վերականգնելու պահանջների մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ (այդ մասին նշված է նաև դիմումում), և նշված քաղաքացիական գործը դեռևս գտնվում է քննության փուլում:

Ողջ վերոշարադրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ Դիմողի՝ Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չլինելու, ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները չսպառելու հիմքերով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

««ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 2, 6, 9 և 10-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

10 սեպտեմբերի 2026 թվականի

ՍԴԱՈ-200

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 սեպտեմբերի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-200
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել