«ՍԻ. ԷՅ. ԱՐ. ԼԻԶ » ՍՊԸ-Ի (ՏՆՕՐԵՆ ԱՐԹՈՒՐ ՄԻՆԱՍՅԱՆ) ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-8)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 9 հունիսի 2014թ. ՍԴԴԿՈ/1 - 8 | «ՍԻ. ԷՅ. ԱՐ. ԼԻԶ » ՍՊԸ-Ի (ՏՆՕՐԵՆ ԱՐԹՈՒՐ ՄԻՆԱՍՅԱՆ) ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երեւան
9 հունիսի 2014թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը`
Նախագահությամբ` Վ. Հովհաննիսյանի
Անդամակցությամբ` Ա. Պետրոսյանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով «ՍԻ. ԷՅ. ԱՐ. ԼԻԶ » ՍՊԸ-ի (տնօրեն Արթուր Մինասյան) անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` «ՍԻ. ԷՅ. ԱՐ. ԼԻԶ» ՍՊԸ-ն 07.05.2014թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1003.1 հոդվածը /2007թ. ապրիլի 9-ի խմբագրությամբ/, 437-րդ և 438-րդ հոդվածները /իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ/ ճանաչել ՀՀ Սահմանադրության 31-րդ և 42-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
Դիմողի կարծիքով` վիճարկվող դրույթներն իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունների արդյունքում խախտում են անձի սեփականության իրավունքը, քանի որ այս պարագայում առկա վիճահարույց խնդրի` ապահովագրական համակարգի և դրա իրավահարաբերությանն առնչվող ապահովագրական վճարների կատարման հիմքում ընկած է անձի սեփականության իրավունքը հանդիսացող ապահովագրական վճարի փոխհատուցման ակնկալիքը: Դիմողը նաև գտնում է, որ օրենսդրությունը և իրավակիրառական պրակտիկան պետք է նախատեսեին, թե պայմանագրի ազատության սկզբունքի դրսևորումն ինչ ընդհանուր շրջանակներ պետք է ունենար, և ինչպես են դրանք հարաբերակցվում ապահովագրության վերաբերյալ իմպերատիվ նորմերի հետ: Սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը, ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` գտնում է, որ սահմանադրական դատարանի կողմից գործի քննության ընդունումը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1003.1 հոդվածի 1-ին մասի վերաբերյալ. Դատական կազմն անհրաժեշտ է համարում նշել, որ սահմանադրական արդարադատություն հայցող անձը կարող է օգտվել ՀՀ Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով սահմանված` սահմանադրական դատարան դիմելու իր իրավունքներից միայն նախատեսված վավերապայմանները բավարարելուց հետո, և այդ իրավունքի իրացման հնարավորությունը կարող է սահմանափակվել, ի թիվս այլնի, նաև այն դեպքում, երբ վիճարկվող դրույթ/ներ/ի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի որոշում:
Դատական կազմը հարկ է համարում արձանագրել, որ սույն գործի շրջանակներում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1003.1 հոդվածի 1-ին կետի սահմանադրականությունը «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը վիճարկել է ՀՀ սահմանադրական դատարանում և առկա է սահմանադրական դատարանի ՍԴՈ-975 որոշումը: Նշված որոշմամբ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ կողմերը չեն կարող օժտվել հայեցողությամբ պայմանագրի այն պայմանների բովանդակությունը որոշելու հարցում, որի բովանդակությունն ամրագրված է օրենքի իմպերատիվ նորմով, կամ սահմանել օրենքի իմպերատիվ նորմով սահմանված պայմանին հակասող պայման: Ընդ որում, նման իրավակարգավորումը չի հակասում պայմանագրի ազատության սկզբունքին: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը, ըստ էության, կրկին առաջադրում է այն հարցը, որն արդեն իսկ լուծվել է սահմանադրական դատարանի նշյալ որոշմամբ: Հետևաբար, առկա է գործի քննությունը մերժելու` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմք:
2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1003.1 հոդվածի 2-րդ մասի և նույն օրենսգրքի 437-րդ և 438-րդ հոդվածների վերաբերյալ.
ա/ դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողը չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ: Հետևաբար, դիմողի փաստարկներն ակնհայտ անհիմն են և սահմանադրաիրավական վեճ չեն առաջացնում: Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը` որպես անհատական դիմումի ընդունելիության պարտադիր պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի ՀՀ Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ: Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր` 2009թ. նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել առ այն, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու` դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի` վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով: Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում:
Միաժամանակ, դիմողը չի հիմնավորել, թե վիճարկվող նորմերի
«հակասահմանադրականության» արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչն ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի` 2009թ. նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման` անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է,
բ/ դատական կազմը գտնում է, որ դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքները նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, հետևաբար, խնդրո առարկա դրույթների սահմանադրականությունը վիճարկելով` դիմողը փորձում է բարձրացնել դրանց կիրառման իրավաչափության հարց` այն քողարկելով խնդրո առարկա դրույթների հակասահմանադրականության վիճարկմամբ: Համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի` 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշմամբ սահմանած իրավական դիրքորոշման` բոլոր այն դեպքերում, երբ դիմողը ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 1-ին կետի հիմքով` որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին, 3-րդ, 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7-րդ մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
«ՍԻ. ԷՅ. ԱՐ. ԼԻԶ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
9 հունիսի 2014 թվականի
ՍԴԴԿՈ/1-8
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 9 հունիսի, 2014 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-8
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
