Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4112 օգոստոսի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-41)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 12 օգոստոսի 2022թ. ՍԴԴԿՈ - 41 | ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 12 օգոստոսի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Վաղարշյանի

Անդամակցությամբ Է. Շաթիրյանի

Վ. Գրիգորյանի

Քննության առնելով Մարգարիտա Սարգսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Մարգարիտա Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի հուլիսի 27-ին) խնդրելով. «2022 թվականի ապրիլի 14-ին թիվ ԵԱՔԴ/2307/02/16 քաղաքացիական գործով Դիմումատուի նկատմամբ կիրառված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ի կետի իմաստով իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը ճանաչել ՀՀ սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր»:

2. Դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանը, դիմողի նկատմամբ կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, գտել է, որ Սուսաննա Սարկիսյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը ենթակա է վարույթ ընդունման դրանով իսկ վերը նշված հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տալով նոր հակասահմանադրական մեկնաբանություն: Անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վճռաբեկ բողոքում վկայակոչված հիմնավորումներին դիմողը գտնում է, որ դրանք բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և2-րդ կետերով սահմանված հիմքերով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, քանի որ բացակայում են իրավունքի նորմերի էական և հիմնարար այնպիսի խախտումներ, որոնք կարող են վճռաբեկության կարգով դատական ակտի վերանայման հիմք հանդիսանալ, ուստի` դիմողը կարծում է, որ ներկայացված վճռաբեկ բողոքը ոչ թե ենթակա էր վարույթ ընդունման, այլ վարույթ ընդունելը ենթակա էր մերժման` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով: Ըստ դիմողի` Վճռաբեկ դատարանը, բողոքը վարույթ ընդունելով, փաստացի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին տվել է նոր մեկնաբանություն, որով օրենսդրի իմպերատիվ պահանջը վճռաբեկ բողոքի հիմքերի հետ կապված դարձրել է ձևական պահանջ. դրանով ստեղծել է նախադեպ, ըստ որի` առանց բավարար հիմքերի առկայության, միայն բողոքի ձևը պահպանելու արդյունքում, վճռաբեկ բողոքը համարել է ընդունված: Դիմողի կարծիքով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին սույն դիմումի հիմքում ընկած գործով Վճռաբեկ դատարանի տված մեկնաբանությունը, որն արտահայտվել է բողոքը վարույթ ընդունելով, առաջացրել է իր Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արդար դատաքննության իրավունքի` անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքի խախտում: Վերոգրյալով պայմանավորված դիմողը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը և նույն օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը հակասում են Սահմանադրության 63-րդ հոդվածին: Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը դիմողը նշում է, որ Վճռաբեկ դատարանը, հանդիսանալով իրավունքի դատարան, զրկված է փաստի հիման վրա որոշում կայացնելու, այն է` վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելուց հետո ըստ էության դատական ակտ կայացնելու կամ նախկինում կայացրած ակտը փոփոխելու լիազորությունից: Դիմողը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից իրավունքի նորմերի միատեսակ կիրառությունն ապահովվելու սահմանադրաիրավական խնդրի նշանակությունը չպետք է բացարձականացնել. դրա լիարժեք իրացման համար անհրաժեշտ է կոնկրետ օրենսդրական երաշխիքներ և վճռաբեկ ատյան մուտք գործելու համապատասխան չափորոշիչներ կամ ողջամիտ սահմանափակումներ սահմանել, ինչն առավելագույնս արդյունավետորեն կապահովի վճռաբեկության գործառույթի նպատակայնությունն ու սուբյեկտիվ իրավունքների ճիշտ պաշտպանությունը:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. Ա. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը, սահմանելով անհատական դիմումներին ներկայացվող սահմանադրական պահանջները, միաժամանակ նախատեսում է, որ անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով ամրագրված են Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու հիմքերը։ Մասնավորապես նշված օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սույն դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողն, ըստ էության, բարձրացնում է Վճռաբեկ դատարանի որոշման օրինականության և Վճռաբեկ դատարանի գործողությունների իրավաչափության հարցեր։ Մասնավորապես, դիմողի կողմից ներկայացված հիմնավորումները հանգում են նրան, որ թիվ ԵԱՔԴ/2307/02/16 քաղաքացիական գործով Սուսաննա Սարկիսյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով ենթակա էր մերժման, մինչդեռ Վճռաբեկ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին տալով հակասահմանադրական մեկնաբանություն, այն է` առանց բավարար հիմքերի առկայության, միայն բողոքի ձևը պահպանելու արդյունքում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը համարելով պահպանված, Սուսաննա Սարկիսյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել: Մասնավորապես, դիմողը նշում է. «...բացակայում են իրավունքի նորմերի էական և հիմնարար այնպիսի խախտումները, որոնք կարող են վճռաբեկության կարգով դատական ակտի վերանայման հիմք հանդիսանալ, ուստի, կարծում եմ, որ ներկայացված վճռաբեկ բողոքը ոչ թե ենթակա էր վարույթ ընդունման, այլ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով վարույթ ընդունելը ենթակա է մերժման: (...)

Սակայն վճռաբեկ դատարանը, բողոքը վարույթ ընդունելով, փաստացի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին տվել է նոր մեկնաբանություն, որով օրենսդրի իմպերատիվ պահանջը վճռաբեկ բողոքի հիմքերի հետ կապված դարձրել է ձևական պահանջ, այն է ստեղծել է նախադեպ, ըստ որի առանց բավարար հիմքերի առկայության, միայն բողոքի ձևը պահպանելու արդյունքում, վճռաբեկ բողոքը համարել է ընդունված»: Հատկանշական է, որ թիվ ԵԱՔԴ/2307/02/16 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանը 2022 թվականի ապրիլի 14-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ արձանագրել է հետևյալը. «...վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը»: Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն դիմումով ներկայացված բոլոր հիմնավորումները հանգում են թիվ ԵԱՔԴ/2307/02/16 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 2022 թվականի ապրիլի 14-ի որոշման օրինականության և Վճռաբեկ դատարանի գործողությունների իրավաչափության վիճարկմանը: Վերոգրյալից բխում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի առնչությամբ ձևականորեն բարձրացնելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց` դիմողը, ըստ էության, բարձրացնում է Վճռաբեկ դատարանի որոշման օրինականության և Վճռաբեկ դատարանի գործողությունների իրավաչափության հարցեր, իսկ այդպիսի դիմումները, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Բ. Դիմողի կողմից ներկայացված փաստարկների և հիմնավորումների ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմը եզրահանգում է, որ սույն դիմումով չի պահպանվել նաև Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ուղղված հիմնավորվածության պահանջը, ինչը ևս Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը մերժելու հիմք է: Մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում։ Անհատական դիմումին ներկայացված այս պահանջը նշանակում է, որ դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև։ Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր։ Դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նշված պահանջները դիմումում պահպանված չեն. դիմողը վիճարկվող դրույթների Սահմանադրությանը հնարավոր հակասության, դիմողի սահմանադրական իրավունքների և վիճարկվող օրինադրույթների միջև պատճառահետևանքային կապի վերաբերյալ հիմնավորումներ չի ներկայացրել: Մասնավորապես դիմողի կողմից վկայակոչվել են Սահմանադրության, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթներ նշելով, որ դիմումով վիճարկվող դրույթները հակասում են Սահմանադրության 63-րդ հոդվածին վիճարկվող դրույթների Սահմանադրությանը հակասության, դիմողի իրավունքների խախտման և վիճարկվող դրույթների միջև առկա պատճառահետևանքային կապի վերաբերյալ չներկայացնելով որևէ հիմնավորում: Նման պայմաններում Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ուղղված հիմնավորվածության պահանջը չի կարող համարվել պահպանված: Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Ուստի` պայմանավորված այն հանգամանքով, որ վերը նշված պահանջները դիմումում պահպանված չեն, վերոնշյալ հիմնավորումներով այն համարվում է ակնհայտ անհիմն, իսկ դիմումի ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման` ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Մարգարիտա Սարգսյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա.Վաղարշյան

Անդամներ Է. Շաթիրյան

Վ. Գրիգորյան

12 օգոստոսի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-41

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 օգոստոսի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-41
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել