«ՎԱՆԱՎՏՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-33)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 27 մայիսի 2021թ. ՍԴԴԿՈ - 33 | «ՎԱՆԱՎՏՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 27 մայիսի 2021թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը
Նախագահությամբ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ Վ. Գրիգորյանի
Ա. Խաչատրյանի
Քննության առնելով «ՎԱՆԱՎՏՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ՎԱՆԱՎՏՈ» ՍՊ ընկերության դիմումը (ներկայացուցիչ` Մ. Սարգսյան) Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թվականի մայիսի 7-ին: Դիմողը խնդրում է. «Որոշել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 115-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, իրավահարաբերության ծագման պահին գործող Մաքսային միության մաքսային օրենսգրքի 81-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերության ՀՀ Սահմանադրության 1-ին և 79-րդ հոդվածներին համապատասխանությունն սույն դիմումում նշված փաստարկների և իրավական հիմնավորումների լույսի ներքո»:
2. Ըստ դիմողի` վիճարկվող դրույթները բավարար չափով որոշակի չեն և հնարավորություն չեն տալիս հայտարարատուին ընկալել օրենսդրի պահանջը կապված հայտարարագիրը ներկայացնելու օրը մաքսային վճար կատարելու, ապա ճշգրտված մաքսային վճարը վճարելու հետ, կանխատեսել իր սեփականություն հանդիսացող դրամական միջոցները վճարելու ժամկետներն ու չափը ուշացված օրերի հիմքով սահմանված տույժերի մասով: Դիմողը կարծում է, որ վերոնշյալ նորմերի անորոշության պատճառով զրկված է նաև իրավախախտումը կատարելուց հետո իր վարքագիծը մաքսային օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու հնարավորությունից: Դիմողը նշում է, որ փաստացի կիրառելի մաքսային օրենսդրությամբ մաքսային վճարները վճարելու համար սահմանվում են երկու հնարավոր ժամկետներ: Մասնավորապես, ըստ դիմողի, Մաքսային միության մաքսային օրենսգրքի 81-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն այդպիսի ժամկետ է հայտարարագիրը գրանցելու օրը, իսկ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 114-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն իրազեկման մեջ նշված ժամկետը: Դիմողը կարծում է, որ եթե հիմք է ընդունվում հայտարարագիրը գրանցելու օրը, ապա անորոշ է դառնում, թե որո՞նք են ուշացված օրերը, քանի որ իրավակիրառ պրակտիկայում իրավախախտումը բացահայտելուց հետո մաքսային մարմնի թույլտվությամբ է որոշվում իրական մաքսային արժեքը, իսկ հայտարարատուն վճարել կարող է նոր հայտարարագիր ներկայացնելուց հետո, ինչը, ըստ էության, կարող է անել միայն մաքսային մարմնի թույլտվությամբ նախկին հայտարարագիրը չեղարկելու պարագայում: Ըստ դիմողի «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 115-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված «մաքսային վճարը սահմանված ժամկետում չվճարելու մասին» և նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված «մաքսատուրքի, հարկերի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու մասին» դրույթներն իրավակիրառ պրակտիկայում ունեն անորոշություն: Այնքանով, որքանով նշված հոդվածով, կամ այլ հոդվածներով առհասարակ չի բացառվել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 114-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված մաքսային վճարը վճարելու ժամկետը, ստացվել է, որ մաքսային վճարները վճարելու համար գոյություն կարող են ունենալ երկու տարբեր ժամկետներ…»: Դիմողը կարծում է, որ «անորոշ է նաև իրավահարաբերության ծագման պահին գործող Մաքսային միության մաքսային օրենսգրքի 81-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված «մաքսային հայտարարագիրը» եզրույթն այնքանով, որքանով հստակ չէ, թե այդ եզրույթը որ հայտարարագրին է վերաբերվում առաջին անգամ ներկայացված, թե ճշգրտված մաքսային արժեքով հայտարարագրին: Եթե վերաբերվում է առաջին անգամ ներկայացված հայտարարագրին, ապա ինչպես նշվեց վերը, տեսականորեն և գործնականում անհնար է այդ օրը որոշել և վճարել ճշգրտված մաքսային վճարները, իսկ եթե վերաբերվում է ճշգրտված մաքսային արժեքով հայտարարագրին, ապա դրանից հետո մաքսային պարտավորությունները չկատարելու յուրաքանչյուր օրը ուշացված համարելը և տույժեր հաշվարկելը որոշակի է և իրավացի»:
3. Ուսումնասիրելով սույն անհատական դիմումը և վերջինիս կից ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման ներքոնշյալ պատճառաբանություններով. 3.1. Իրավահարաբերության ծագման պահին գործող Մաքսային միության մաքսային օրենսգրքի (ընդունվել է 27.11.2009թ., Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 02.01.2015թ., ուժը կորցրել է 01.01.2018թ.) 81-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերության վերաբերյալ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետությունը մի կողմից, և Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը մյուս կողմից, կնքեցին պայմանագիր պայմանավորվելով այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը միանում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին, ինչպես նաև Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային հիմքի ձևավորման շրջանակներում կնքված ու Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի: Նշված պայմանագրի հավելված առաջինի համաձայն Հայաստանի Հանրապետությունը, ի թիվս այլնի, միացել է «Մաքսային միության մաքսային օրենսգրքի մասին» 2009 թվականի նոյեմբերի 27-ի պայմանագրին, որի 81-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերության սահմանադրականությունը վիճարկվում է սույն դիմումով: Սահմանադրական դատարանի 2014 թվականի նոյեմբերի 14-ի ՍԴՈ-1175 որոշմամբ 2014 թվականի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում ամրագրված պարտավորությունները ճանաչվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող։ Այդ առնչությամբ Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը Օրենքով սահմանված կարգով մինչև միջազգային պայմանագրի վավերացումն է որոշում դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը: Այլ կերպ միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների Սահմանադրությանը համապատասխանության հարցը կարող է քննության առարկա դառնալ նախնական սահմանադրական վերահսկողության շրջանակում, այսինքն մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը (Օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի վավերացման վերաբերյալ օրենքների սահմանադրականությունը կարող է վիճարկվել միայն տվյալ օրենքի ընդունման համար Uահմանադրությամբ նախատեսված պահանջների պահպանման տեսանկյունից): Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Կառավարությունը: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, իսկ Օրենքի հիշյալ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան եթե Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի որոշում: 3.2. «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 115-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ
Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթներին համապատասխան, սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա. երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը.
բ. երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները.
գ. երբ անձը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանի 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ արտահայտվել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի` «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ»: Վերջնական դատական ակտի Վճռաբեկ դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 115-րդ հոդվածի 1-ին մասը դիմողի նկատմամբ չի կիրառվել: Վիճարկվող նորմի վկայակոչումը տվյալ դեպքում չի կարող հանդիսանալ վիճարկվող նորմի կիրառում, քանի որ վերոնշյալ տույժերի սահմանումը նախատեսող կարգավորումը դիմողի համար իրավական հետևանքներ չի առաջացրել: Դիմողի համար իրավական հետևանքներ, ըստ էության, առաջացրել են ոչ թե նշված, այլ մաքսատուրքի, հարկերի վճարման ժամկետները սահմանող համապատասխան կարգավորումները: Հաշվի առնելով վերոնշյալը Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ Օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: 3.3. «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ
Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին համապատասխան Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում Օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սույն պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել Սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում, ի՞նչ պատճառահետևանքային կապ է առկա իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև: Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է անձի Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նշված պահանջները չպահպանելն անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է: Վերջնական դատական ակտի Վճռաբեկ դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշման ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի և դիմողի իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապ առկա չէ: Մասնավորապես, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի վիճարկվող դրույթով սահմանված է մաքսատուրքի, հարկերի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում վճարողից տույժերի հաշվարկման կարգը: Մաքսատուրքի, հարկերի վճարման ժամկետների կարգավորումը, ինչի որոշակիությունը վիճարկում է դիմողը, սույն նորմի կարգավորման առարկա չի հանդիսանում (դիմողը, նշում է, որ «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 115-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված «մաքսատուրքի, հարկերի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու մասին» դրույթը հնարավորություն չի տալիս հայտարարատուին ընկալել օրենսդրի պահանջը»): Վիճարկվող նորմի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն չի վերաբերում դիմողի կողմից բարձրացված մաքսատուրքի, հարկերի վճարման ժամկետներին. հետևաբար այն ենթադրությունը, որ դիմողի համար որոշակի չեն մաքսատուրք, հարկեր վճարելու ժամկետները, չի կարող բխել այդ նորմի սահմանադրականության խնդրից: Վերոնշյալով պայմանավորված դիմումը սույն մասով ակնհայտ անհիմն է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2, 3 և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
«ՎԱՆԱՎՏՈ» ՍՊ ընկերության անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող Է. Շաթիրյան
Անդամներ Վ. Գրիգորյան
Ա. Խաչատրյան
27 մայիսի 2021 թվականի
ՍԴԴԿՈ-33
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 27 մայիսի, 2021 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-33
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
