Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀԵՐՄԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀԵՐՄԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-709 դեկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-70)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 9 դեկտեմբերի 2022թ. ՍԴԴԿՈ - 70 | ՀԵՐՄԻՆԵ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

Վ. Գրի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 9 դեկտեմբերի 2022 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ե. Խունդկարյանի

Անդամակցությամբ Է. Շաթիրյանի

Ա. Վաղարշյանի

Քննության առնելով Հերմինե Մխիթարյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Հերմինե Մխիթարյանը, դիմելով Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2022 թվականի նոյեմբերի 30-ին), խնդրել է հետևյալը. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր»։

2. Դիմողը նշում է, որ ՀՀ վարչական դատարանը և

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, կիրառելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը, կատարել են այնպիսի բովանդակությամբ վերլուծություն, որի համաձայն այն պարագայում, երբ առաջին պետական գրանցումից հետո տրվել է ժառանգության իրավունքի վկայագիր, որը, ի թիվս այլ իրավահաստատող փաստաթղթերի, հիմք է հանդիսացել ժառանգորդների անվամբ կոնկրետ գույքի նկատմամբ պետական գրանցում իրականացնելու համար, ապա առաջին պետական գրանցման համար հիմք հանդիսացած իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթում նույն մարմնի կողմից սխալի ուղղում կատարված լինելը հիմնավորող փաստաթուղթը հիմք չէ ոչ տեխնիկական բնույթի սխալի ուղղում կատարելու համար, քանի որ, ըստ գործը քննած դատարանների, գույքի նկատմամբ իրավունքի երկրորդ պետական գրանցման ժամանակ իրավահաստատող փաստաթուղթ է նոտարի կողմից տրված ժառանգության իրավունքի վկայագիրը, հետևապես ոչ տեխնիկական բնույթի սխալի ուղղում կարող է կատարվել նոտարի կողմից ժառանգության իրավունքի վկայագրում ուղղում կատարվելուց հետո։ Ըստ դիմողի գործը քննած դատարանները վերոնշյալ վերլուծությունները կատարելիս հաշվի չեն առել այն հանգամանքը, որ ժառանգության իրավունքի վկայագիրն ընդամենը ներկայացնում է որոշակի պետական գրանցման տվյալներով գույքի փոխանցումն իրավահարաբերության մեկ սուբյեկտից մյուսին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավահաստատող փաստաթուղթ չէ, քանի որ այն չի պարունակում անշարժ գույքի պետական գրանցման համար հիմք հանդիսացող անհրաժեշտ և բավարար տեղեկություններ։ Դիմողը պնդում է, որ վեճի առարկա գույքի պետական գրանցման համար հիմք հանդիսացած տեղեկությունների իսկությունը որոշելու համար կարող են հիմք հանդիսանալ բացառապես առաջին պետական գրանցման ժամանակ Կադաստրին ներկայացված փաստաթղթերը, և ոչ թե հետագայում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը։ Դիմողը նշում է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասին թիվ ՎԴ6/0076/05/17 վարչական գործի շրջանակում տրված մեկնաբանությունը հակասում է իր սեփականության սահմանադրական իրավունքին, քանի որ նշված մեկնաբանության պայմաններում չի կարողանում արդյունավետ պաշտպանել իր սեփականության իրավունքը և ոչ տեխնիկական բնույթի սխալի ուղղման միջոցով վերականգնել իր սեփականության իրավունքը վիճելի գույքի նկատմամբ։ Միաժամանակ դիմողը նշում է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրվել են նաև հակառակ բովանդակությամբ մեկնաբանություններ վկայակոչելով թիվ ՎԴ/9773/05/17, թիվ ՎԴ2/0005/05/16 վարչական գործերով ՀՀ վարչական դատարանի կայացրած վճիռները, թիվ ՎԴ/9427/05/17 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կայացրած որոշումը և նշելով, որ նշված դատական ակտերում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ տրված վերլուծությունից հետևում է, որ այն պարագայում, երբ առաջին պետական գրանցման հիմքում ընկած իրավահաստատող փաստաթղթում առկա է սխալ, որն այդ փաստաթուղթը տված իրավասու մարմնի կողմից հետագայում ուղղվել է, ապա պետք է կատարվի ոչ տեխնիկական բնույթի սխալի ուղղում անկախ այն հանգամանքից, որ հետագայում տրվել է ժառանգության իրավունքի վկայագիր, և այդ հիմքով գույքը պետական գրանցում է ստացել այլ անձանց անվամբ։ Վերոգրյալի հիման վրա դիմողը փաստում է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ իրավակիրառ պրակտիկայում առկա են ակնհայտորեն միմյանց հակասող մեկնաբանություններ, ընդ որում` հակասություններ են առկա ոչ միայն ստորադաս դատական ատյանների դատական ակտերի վերլուծությունների միջև, այլև այդ ակտերի վերլուծությունների և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ՎԴ6/0506/05/13 գործով կայացված որոշման վերլուծությունների միջև։ Վերոգրյալի հաշվառմամբ դիմողը գտնում է, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությամբ, հակասում է Սահմանադրության 1-ին, 10-րդ, 60-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում նույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն նույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Վերոնշյալ նորմի հիման վրա էլ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է անհատական դիմումին ներկայացվող սահմանադրական պահանջները: Մասնավորապես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության դեպքում յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով կարող է անհատական դիմում ներկայացնել Սահմանադրական դատարան։ Նշված հիմքերն են

ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Դիմումի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ վիճարկվող իրավադրույթի ենթադրյալ հակասահմանադրականության, վիճարկվող իրավադրույթի հակասահմանադրականության և դիմողի իրավունքների հնարավոր խախտման միջև պատճառահետևանքային կապի առկայության վերաբերյալ դիմումով չեն ներկայացվել բավարար հիմնավորումներ։ Ընդ որում դիմումում վկայակոչվում են նաև որոշ սահմանադրական նորմեր, մասնավորապես, Սահմանադրության 1-ին և 10-րդ հոդվածները, որոնք նույնիսկ ներառված չեն Սահմանադրության 2-րդ գլխում, մինչդեռ Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է, ի թիվս այլնի, հիմնավորի իր Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված հիմնական իրավունքների և ազատությունների խախտման փաստը։ Բացի դրանից, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին։ Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում 13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ նորմատիվ իրավական ակտի սահմանադրական կոնկրետ վերահսկողության համար վերոհիշյալ պարտադիր նախապայմանի ամրագրմամբ, ի թիվս այլնի, նպատակ է դրվել Սահմանադրական դատարանում քննության առարկա դարձնել ենթադրյալ սահմանադրականության այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման, սահմանադրական նորմերի վերջնական մեկնաբանության և կիրառման հարցեր: Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ դիմումի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմողն ըստ էության սույն դիմումով վիճարկում է դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափությունը, ինչի մասին է վկայում, օրինակ, դիմումում տեղ գտած այն դատողությունը, ըստ որի դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ ժառանգության իրավունքի վկայագիրը «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի իմաստով իրավահաստատող փաստաթուղթ չէ։ Այսինքն դիմողը, համարելով, որ ժառանգության իրավունքի վկայագիրն իրավահաստատող փաստաթուղթ չէ, բարձրացնում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման իրավաչափության հարց, իսկ այդպիսի դիմումներով գործերի քննությունը, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ենթակա է մերժման։ Ինչ վերաբերում է դիմողի կողմից ներկայացված այն փաստարկին, որ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ առկա է հակասություն տարբեր դատական ակտերի վերլուծությունների միջև, Սահմանադրական դատարանը փաստում է, որ այդ հարցը կարող է վերաբերել օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությանը, ինչը, Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն, Վճռաբեկ դատարանի գործառույթն է։ Վերոնշյալի հիման վրա Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ գործի քննությունը ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Հերմինե Մխիթարյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ե. Խունդկարյան

Անդամներ Է. Շաթիրյան

Ա. Վաղարշյան

9 դեկտեմբերի 2022 թվականի

ՍԴԴԿՈ-70

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
9 դեկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-70
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել