«ԱՐԱՐԱՏ ՋԷԳ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-23)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 13 հուլիսի 2013թ. ՍԴԴԿՈ/1 - 23 | «ԱՐԱՐԱՏ ՋԷԳ» ՓԲԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
13 հուլիսի 2013թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Ա. Խաչատրյանի
Ուսումնասիրելով «Արարատ ՋԷԳ» ՓԲԸ-ի դիմումով գործը
քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Արարատ ՋԷԳ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ստացվել» բառը այնքանով, որքանով չի երաշխավորում իրավական որոշակիություն և կանխատեսելիություն, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածին հակասող և անվավեր»։
Ըստ դիմումին կից ներկայացված փաստաթղթերի 2012 թվականի ապրիլին «Արարատ ՋԷԳ» ՓԲ ընկերությունը հայցադիմումներ է ներկայացրել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ապօրինի ջրառի կատարումը դադարեցնելու և վնասի փոխհատուցման պահանջների մասին։ Այդ հայցադիմումները մերժվել են։ Առաջին ատյանի դատարանի, ինչպես նաև վերաքննիչ դատարանի կայացրած վճիռների դեմ ներկայացված բողոքները չեն բավարարվել։
Ելնելով դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով, դատական կազմը գտնում է, որ վերոհիշյալ դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։ Դիմողը չի ներկայացրել որևէ ապացույց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետն իր նկատմամբ կիրառված լինելու վերաբերյալ։ Մինչդեռ անհատական դիմումին ներկայացվող պահանջներից մեկն էլ դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից վիճարկվող դրույթի կիրառումն է։ Այս պայմանը, ի թիվս այլնի, նախատեսված է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին կետով։ ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴԱՈ-21 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։ Բացի դրանից, վիճարկելով վերոհիշյալ իրավադրույթի սահմանադրականությունը դիմողը չի ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ դրանց ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ։ Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7- րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում։
Դիմողը նաև չի հիմնավորել, թե վիճարկվող նորմի
«հակասահմանադրականության» արդյունքում իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել, ինչպես նաև չի հիմնավորել այդ իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող իրավադրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։
Դատական կազմը գտնում է, որ դիմողի համար առաջացած անբարենպաստ հետևանքներն ընդամենը նրա նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման
իրավաչափության հարց։
Առաջնորդվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ- 21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշմամբ, համաձայն որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, դատական կազմը գտնում է, որ տվյալ դեպքում առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
«Արարատ ՋԷԳ» ՓԲ ընկերության անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
13 հուլիսի 2013 թվականի
ՍԴԴԿՈ/1-23
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 հուլիսի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-23
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
