Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ, 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ, 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-6229 մարտի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-62)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 մարտի 2022թ. ՍԴԱՈ - 62 | «ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ, 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ՀՀ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 14-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍԻ, 54-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 14-րդ հոդվածի 7-րդ մասի, 54-րդ հոդվածի 4-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու վերաբերյալ առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. 2021 թվականի հոկտեմբերի 22-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Մարդու իրավունքների պաշտպանի (այսուհետ` նաև Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է. «(...) Որոշել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 14-րդ հոդվածի 7-րդ մասի, 54-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 42-րդ, 51-րդ, 75-րդ, 78-րդ, 79-րդ և 81-րդ հոդվածներին»:

2. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը նշում է, որ Ազգային ժողովի նախագահի կողմից 2021 թվականի հուլիսի 30-ին ընդունված և 2021 թվականի օգոստոսի 2-ին հրապարակված որոշմամբ մի շարք փոփոխություններ և լրացումներ են կատարվել Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի փետրվարի 12-ի ՆՈ-01-Լ որոշման հավելված 1-ում, որով սահմանված են Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները, և որոնց հիման վրա էլ, Դիմողի գնահատմամբ, Ազգային ժողովում կիրառվում են լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումներ։ Դիմումի շրջանակներում շարադրելով կարծիքի արտահայտման ազատության, ինչպես նաև տեղեկություններ ստանալու իրավունքի մասով առկա սահմանափակումների վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները և մտահոգությունները Դիմողը նշում է, որ վերջիններս վերաբերում են, օրինակ, նրան, որ Ազգային ժողովի հատուկ վերահսկելի գոտում արգելվում է հավատարմագրված լրագրողներին զբաղվել մասնագիտական գործունեությամբ, սակայն իրավական մակարդակում հստակ ամրագրված չէ, թե Ազգային ժողովի որ հատվածներն են ներառված կամ կարող են ներառվել «հատուկ վերահսկելի գոտի» ձևակերպման ներքո: Դիմողը, ըստ էության, դատապարտելով Ազգային ժողովում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների վարքագիծը, նշում է, որ վերջիններս չեն թույլատրում հավատարմագրված լրագրողներին մուտք գործել Ազգային ժողովի նոր մասնաշենք, մոտենալ խմբակցությունների և պատգամավորների աշխատասենյակներին, հարցազրույցներ և մեկնաբանություններ վերցնել Ազգային ժողովի միջանցքներում, առանց պատճառաբանության արգելում են տեսանկարահանում և լուսանկարահանում իրականացնել իրենց կողմից ծառայություն իրականացնելու վայրերում, կամայական մոտեցում են ցուցաբերում Ազգային ժողովի նիստերի դահլիճի օթյակ լրագրողների մուտք գործելու և նրանց այնտեղ գտնվելու կապակցությամբ, իսկ Ազգային ժողովի նիստերի դահլիճում լարված մթնոլորտ կամ վիճաբանություն առաջանալու դեպքում անվտանգության աշխատակիցներն անմիջապես մուտք են գործում նիստերի դահլիճի օթյակ և այնտեղից կոպիտ կերպով, քաշքշելով, բռնություն գործադրելով հեռացնում են մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողներին: Ավելին, վերջիններս երբեմն պահանջում են լրագրողներից ջնջել նկարահանված նյութերը: Դիմողն ընդգծում է, որ առանձին պատգամավորներ հրաժարվում են հարցազրույցներ տալ կամ մեկնաբանություններ անել թույլ տալով լրագրողին ուղղված ցուցադրական վիրավորական ձևակերպումներ, հատկապես, երբ հստակ տեղյակ են, թե լրագրողը որ լրատվամիջոցն է ներկայացնում։ Դիմողը շեշտադրում է, որ չնայած Ազգային ժողովում աշխատում են սահմանված ընթացակարգով հավատարմագրված լրագրողներ, որոնք Ազգային ժողով մուտք գործելիս արդեն ենթարկվում են ստուգման անվտանգությունն ապահովող ծառայության կողմից, այդ թվում համապատասխան սարքերով, նրանց գործունեությանը վերաբերող սահմանափակումները, միևնույն է, դիտարկվում են որպես Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների բաղկացուցիչ մաս: Ներկայացնելով կարծիքի արտահայտման ազատության, տեղեկություններ ստանալու իրավունքի սահմանադրաիրավական և միջազգային իրավական բովանդակությունը, ինչպես նաև վիճարկվող իրավակարգավորումների, իր եզրահանգմամբ, անհամապատասխանությունն իրավական որոշակիության և համաչափության սահմանադրական պահանջներին Դիմողը նշում է, որ առկա չեն չափանիշներ, որոնք հնարավորություն կտան իրավակիրառողին պատշաճ մեկնաբանել վիճարկվող նորմերի «իրենց համար առանձնացված տեղում» և «առանձնացված հատուկ տեղում» ձևակերպումները: Ըստ Դիմողի նշյալը իրավակիրառողներին լրագրողների իրավունքները սահմանափակելու առումով լայն հայեցողություն է վերապահում: Ըստ Դիմողի խնդրահարույց է նաև, որ Ազգային ժողովում լրագրողների գործունեությանը վերաբերող կարգավորումները, այդ թվում սահմանափակումները, չեն ստացել որոշակի և հստակ, կանխատեսելի ամրագրումներ օրենսդրական մակարդակում, այլ ներառվել են որպես Ազգային ժողովի նախագահի կողմից հաստատվող Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների բաղկացուցիչ մաս: Հիշյալ ներքին (լոկալ) իրավական ակտով են նախատեսվել Ազգային ժողովում լրագրողների գործունեությանը վերաբերող այն կարգավորումները, որոնց հիման վրա հիմնականում կիրառվում են լրագրողների իրավունքների, Դիմողի գնահատմամբ, խնդրահարույց սահմանափակումները: Դիմողը տվյալ հանգամանքը պայմանավորում է նաև նրանով, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ Կանոնակարգ) Ազգային ժողովի նախագահի լիազորությունները սահմանող 5-րդ հոդվածի 2-րդ մասով վերջինիս վերապահված չէ Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները, լրագրողների վարքագծի կանոնները, ինչպես նաև լրագրողների նկատմամբ պատգամավորների ու այլ պաշտոնատար անձանց պարտականությունները սահմանելու լիազորություն։ Ըստ Դիմողի Կանոնակարգի 5-րդ հոդվածի 2-րդ մասում առկա օրենսդրական բացը, ինչպես նաև Կանոնակարգի վիճարկվող 14-րդ հոդվածի 7-րդ մասով և 54-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավական որոշակիությունից զուրկ ձևակերպումները հիմք են հանդիսացել լրագրողների մասնագիտական գործունեության կամայական սահմանափակումների համար:

3. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը, վերլուծելով կարծիքի արտահայտման ազատության և տեղեկություններ ստանալու իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությունը, ինչպես նաև մատնանշելով խնդրո առարկա հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի վերաբերելի որոշումները, նշում է, որ Կանոնակարգի վիճարկվող դրույթներով ամրագրված իրավակարգավորումներն ինքնանպատակ չեն, քանզի Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների աշխատանքը կազմակերպելիս մի կողմից պետք է ապահովել հավատարմագրված լրագրողների օրինական գործունեության իրականացումը, մյուս կողմից պահպանվող օբյեկտ հանդիսացող Ազգային ժողովի տարածքում անվտանգությունը և Ազգային ժողովի աշխատանքների բնականոն ընթացքը: Նշված իրավաչափ նպատակներից ելնելով Ազգային ժողովի խորհրդի որոշմամբ սահմանվել են այն վայրերը, որտեղ հավատարմագրված լրագրողները կարող են իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունը: Պատասխանողի պնդմամբ գործող կարգավորումները որևէ կերպ ուղղված չեն Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների աշխատանքը խոչընդոտելուն, այլ միտված են Ազգային ժողովի տարածքում վերջիններիս աշխատանքը կանոնակարգելուն միաժամանակ, ապահովելով Ազգային ժողովի տարածքի անվտանգությունը և երաշխավորելով Ազգային ժողովի աշխատանքի բնականոն ընթացքը: Ներկայացնելով միջազգային վերաբերելի փորձը Պատասխանողը գտնում է, որ հավատարմագրված լրագրողների աշխատանքը կանոնակարգելիս պետություններն առաջնահերթությունն առավելապես տալիս են տվյալ մարմնի աշխատանքի բնականոն ընթացքի ապահովմանը և անվտանգությանը: Անդրադառնալով Կանոնակարգի 14-րդ հոդվածի 7-րդ մասի իրավակարգավորմանը Պատասխանողը նշում է, որ «իրենց համար առանձնացված տեղում» ձևակերպման իրավական որոշակիության սկզբունքին անհամապատասխանության վերաբերյալ Դիմողի փաստարկներն առարկայազուրկ են այն պատճառաբանությամբ, որ դա այն հատվածն է, որտեղից հնարավոր է իրականացնել ուղիղ հեռարձակում: Ավելին, գործնականում լրագրողների աշխատանքի համար որևէ խոչընդոտ առկա չէ, քանզի Ազգային ժողովի աշխատակազմն ապահովում է մշտական հանձնաժողովների բոլոր դռնբաց նիստերի ուղիղ հեռարձակումը. ուստի անգամ հանձնաժողովների նիստերի սենյակների համեմատաբար փոքր լինելու պայմաններում հավատարմագրված լրագրողների և այլ իրավասու անձանց միաժամանակյա ներկայությունն ապահովելու անհնարինության պարագայում որևէ խնդիր չի կարող առաջանալ: Կանոնակարգի 5-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավակարգավորման առնչությամբ Պատասխանողը նշում է, որ Ազգային ժողովի նախագահի համապատասխան որոշմամբ Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների համար որևէ հավելյալ սահմանափակում, քան նախատեսված է Կանոնակարգով, չի նախատեսվել: Ավելին, հավատարմագրված լրագրողների մասնագիտական գործունեությանն առնչվող կարգավորումները մանրամասն սահմանված են Հավատարմագրման կարգով. ուստի Դիմողի պնդումն առ այն, որ հավատարմագրված լրագրողների վարքագծի կանոնները, նրանց նկատմամբ պատգամավորների և այլ պաշտոնատար անձանց պարտականությունները սահմանվել են Ազգային ժողովի նախագահի որոշմամբ, անհիմն է: Ամփոփելով իր դիրքորոշումը Պատասխանողը խնդրում է վիճարկվող դրույթները ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող:

4. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Ուսումնասիրելով և վերլուծելով դիմումը, Պատասխանողի բացատրությունը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով ներքոնշյալ պատճառաբանություններով. 4.1. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունը մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումներին առաջադրվող օրենսդրական պահանջներն ուղղակիորեն բխում են Սահմանադրության 168-րդ և 169-րդ հոդվածների բովանդակությունից: Վկայակոչված հոդվածների ուժով սահմանադիրը հստակ նախանշել է սահմանադրական արդարադատություն հայցելու իրավունք/իրավասություն ունեցող սուբյեկտների շրջանակը, ինչպես նաև ուրվագծել այն հարցերը, որոնց կապակցությամբ այդ սուբյեկտներն իրավունք ունեն/իրավասու են դիմելու Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտների շարքում իր ուրույն կարգավիճակն ունի Մարդու իրավունքների պաշտպանը որպես մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը հետևելու, խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը նպաստելու բարձր առաքելություն ունեցող պաշտոնատար անձ: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների պաշտպանին սահմանադիրը Սահմանադրական դատարան դիմելու բացարձակ հայեցողություն չի վերապահել, այլ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով ամրագրել է վերջինիս Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված նորմատիվ իրավական ակտերի Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին համապատասխանության հարցերով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը այդպիսով կանխորոշելով Մարդու իրավունքների պաշտպանի կողմից բարձրացվող սահմանադրաիրավական վեճի առարկան և շրջանակը, որոնք հանգում են օրենքների, Ազգային ժողովի որոշումների, Հանրապետության նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Կառավարության և վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին ենթադրյալ անհամապատասխանության վերաբերյալ հարցերին: Վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը փաստում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում իրավասու է Սահմանադրական դատարանում բարձրացնել բացառապես վերը հիշատակված նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականության ստուգման հարց դրանց ենթադրյալ հակասահմանադրականության հիմքում դնելով Սահմանադրության 2-րդ գլխի դրույթներին ուղղակիորեն հակասելու պատճառահետևանքային կապի հստակ հիմնավորումը: 4.2. Դիմումի շրջանակներում Դիմողը, թեև Սահմանադրական դատարանի առջև բարձրացնում է Կանոնակարգի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 14-րդ հոդվածի 7-րդ մասի, 54-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականության հարց, սակայն դիմումի ուսումնասիրությունը թույլ է տալիս փաստել, որ Դիմողը, որպես այդպիսին, վիճարկում է Ազգային ժողովի նախագահի կողմից 2021 թվականի հուլիսի 30-ին ընդունված և նույն թվականի օգոստոսի 2-ին հրապարակված ՆՈ-63-Լ որոշմամբ Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի փետրվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները հաստատելու մասին» ՆՈ-01-Լ որոշման (այսուհետ նաև Որոշում) հավելված 1-ում կատարված փոփոխությունները և լրացումները նշելով. «(…) հիմնականում հենց «Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի փետրվարի 12-ի ՆՈ-01-Լ որոշման հավելված 1-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ նախատեսված փոփոխությունների և լրացումների հիման վրա էլ Ազգային ժողովում կիրառվում են լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումները»։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ Դիմողն այդ առնչությամբ սահմանափակվել է Ազգային ժողովի նախագահի հիշյալ որոշմամբ սահմանված համապատասխան կարգավորումների հանգամանալից ներկայացմամբ ազդարարելով դրանց ենթադրյալ անհամապատասխանությունը Սահմանադրության մի շարք հոդվածներին և պատճառաբանելով, որ այդ որոշմամբ ամրագրված մի շարք սահմանափակումներ խոչընդոտում են լրագրողների մասնագիտական աշխատանքը: Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ թեև Դիմողը Կանոնակարգի Ազգային ժողովի նախագահի լիազորությունները սահմանող 5-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան դրույթները, ինչպես նաև 14-րդ հոդվածի 7-րդ մասով ամրագրված «իրենց համար առանձնացված տեղում», 54-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված «առանձնացված հատուկ տեղում» ձևակերպումները դիտարկել է որպես լրագրողների իրավունքների սահմանափակման հիմք փորձելով հիմնավորել հիշյալ ձևակերպումների որոշակիության առումով խնդրահարույց լինելը, այնուամենայնիվ, բարձրացված խնդիրը Դիմողը ներկայացրել է առավելապես Որոշման համատեքստում իր անհամաձայնությունը հայտնելով դրանով ամրագրված համապատասխան կարգավորումներին «Հենց վերոնշյալ ներքին (լոկալ) իրավական ակտով են նախատեսվել Ազգային ժողովում լրագրողների գործունեությանը վերաբերող այն կարգավորումները, որոնց հիման վրա հիմնականում կիրառվում են լրագրողների իրավունքների խնդրահարույց սահմանափակումները, որն անընդունելի է»: Վիճարկվող դրույթների իրավական որոշակիության պահանջներին անհամապատասխանության վերաբերյալ Դիմողի պնդման առնչությամբ Սահմանադրական դատարանն իր 2016 թվականի նոյեմբերի 22-ի ՍԴՈ-1322 որոշման մեջ վերահաստատել է ՍԴՈ-1176 և ՍԴՈ-1213 որոշումներում արտահայտած իր հետևյալ իրավական դիրքորոշումները. «… իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության» և «... իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ»: Սահմանադրական դատարանի 2021 թվականի սեպտեմբերի 23-ի ՍԴՈ-1610 որոշման մեջ նշված է. «Որոշակիության սկզբունքի համատեքստում հարցը քննարկելիս պետք է հաշվի առնել այն իրողությունը, որ իրավական նորմերը, որպես ընդհանուր-վերացական կարգավորումներ, միշտ որոշակի մեկնաբանությունների կարիք ունեն, և գրեթե անհնար է իրավական միարժեք նորմերով հստակ կարգավորել հասարակական կյանքի բոլոր բազմաբնույթ հարաբերությունները»: Վերոնշյալի համատեքստում Սահմանադրական դատարանը փաստում է, որ Կանոնակարգի 54-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված «առանձնացված հատուկ տեղում» ձևակերպման բովանդակությունն, ըստ էության, բացահայտված է Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ԱԺԽՈ-044-Լ որոշման հավելվածում (Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի օգոստոսի 18-ի ԱԺԽՈ-001-Լ որոշմամբ կատարված փոփոխություններով և լրացումներով), որի 22-րդ կետի 4.1-ին ենթակետին համապատասխան հավատարմագրված լրագրողը պարտավոր է իր մասնագիտական գործունեությունն իրականացնել Ազգային ժողովի նստավայրում առանձնացված հատուկ տեղերում նիստերի դահլիճի դիմաց գտնվող սրահում, օթյակում և Ազգային ժողովի այգում: Սահմանադրական դատարանն իր 2021 թվականի դեկտեմբերի 3-ի ՍԴԱՈ-248 աշխատակարգային որոշմամբ ընդգծել է. «(…) Սահմանադրական դատարանի բացառիկ առաքելությունը սահմանադրական արդարադատության իրականացումն է Սահմանադրության մեկնաբանության առնչությամբ առաջացած բոլոր վեճերը լուծելու և վերջնարդյունքում Սահմանադրության գերակայությունն ու դրա միատեսակ կիրառությունն ապահովելու միջոցով: Թեև Սահմանադրական դատարանի որոշումները կանխորոշիչ նշանակություն ունեն պետության իրավական քաղաքականության մշակման և կերտման հարցում, այնուամենայնիվ, Սահմանադրական դատարանը չի կարող ստանձնել այլ պետական մարմինների կողմից իրենց սահմանադրական լիազորությունները պատշաճ կարգով կատարելու երաշխավորի առաքելություն գնահատելով դրանց գործողությունների իրավաչափությունը, եթե, իհարկե, դրան հնարավոր չէ հասնել բացառապես սահմանադրաիրավական նորմերի մեկնաբանման եղանակով»: Հիշատակված աշխատակարգային որոշման շրջանակներում անդրադառնալով Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող սուբյեկտների կողմից դիմումին ներկայացվող պահանջներին Սահմանադրական դատարանը փաստել է. «Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտները պարտավոր են դիմումի շրջանակներում հիմնավորել բարձրացված հարցի Սահմանադրական դատարանում քննության ենթակա լինելու, այն է սահմանադրաիրավական վեճ հանդիսանալու, հանգամանքը»: Սահմանադրական դատարանի 2022 թվականի փետրվարի 25-ի ՍԴԱՈ-46 աշխատակարգային որոշման մեջ նշված է. «Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ սահմանադրական արդարադատություն հայցող սուբյեկտների կողմից ներկայացվող համապատասխան դիմումը պետք է բավարարի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածով ամրագրված պահանջները բովանդակելով, ի թիվս այլնի, նաև սահմանադրաիրավական վեճի էությունը և տվյալ վեճի առկայությունը հավաստող փաստարկները, ընդ որում որպիսիք չեն կարող դիտարկվել հանրային իշխանության այս կամ այն մարմնի կայացրած որոշումների հետ անհամաձայնությունը կամ տվյալ մարմնի գործունեության քննադատությունը»: Դիմումի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպանը քննադատության առարկա է դարձրել Ազգային ժողովում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների գործողությունները/գործունեությունը, պետական պաշտոն զբաղեցնող անձանց (նախարարի, պատգամավորի) առանձին հայտարարությունները, ինչպես նաև պատգամավորների կողմից լրագրողներին հարցազրույցներ կամ մեկնաբանություններ տալուց հրաժարվելու դեպքերը դիտարկելով դրանք որպես լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտող հանգամանքներ: Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմումի շրջանակներում վկայակոչված վերոնշյալ դիրքորոշումները չունեն սահմանադրաիրավական վեճի բովանդակություն, հետևաբար` Դիմողի կողմից չեն առաջադրվել Սահմանադրական դատարանի քննությանը ենթակա հարցեր: Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով և հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 14-րդ հոդվածի 7-րդ մասի, 54-րդ հոդվածի 4-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

29 մարտի 2022 թվականի

ՍԴԱՈ-62

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 մարտի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-62
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել