ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-9)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 մարտի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 9 | ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 25 մարտի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Կ. Բալայանի
Ա. Խաչատրյանի
Ուսումնասիրելով Հրաչյա Հարությունյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի Հրաչյա Հարությունյանը 10.03.2016թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով ՀՀ Սահմանադրության 42, 79 և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի` «հրապարակային» դրույթը իրավակիրառ պրակտիկայում դրան տրված այն մեկնաբանությամբ, որով պաշտպանությունից դուրս է դնում «ահազանգողներին» (whistleblower), կամ բացահայտել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի` «հրապարակային» դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը: Դիմողը գտնում է, որ իր նկատմամբ կիրառված` վիճարկվող դրույթները չեն ապահովում իրավական որոշակիության, պետության կողմից մարդու իրավունքների երաշխավորման, ապահովման և պաշտպանության սկզբունքները, հետևաբար` չեն պաշտպանվել դիմողի` Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները: Ըստ դիմողի` սահմանադրաիրավական վեճի առարկա «հրապարակային» դրույթն ստացել է այնպիսի անորոշ և հակասական բովանդակություն, որ հնարավոր չէ հստակ հետևություն անել, թե «մեկ երրորդ անձին» «հաղորդակից» դարձնել հասկացությունը գործնականում ինչպիսի դրսևորումներ կարող է ունենալ: Դիմողը կարծում է, որ նման պայմաններում պաշտպանությունից զրկվում են «ահազանգողները», ովքեր իրականացնում են կարևորագույն գործառույթ ժողովրդավարական հասարակությունում: Միաժամանակ, դիմողը ներկայացրել է միջնորդություն պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ:
2. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ դիմումի քննության ընդունումը սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. այսպես, դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դիմումը ենթակա է մերժման, քանի որ նույնաբովանդակ հարցի և վիճարկվող դրույթի վերաբերյալ առկա է ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-997 որոշումը: Նշված որոշման մեջ ՀՀ սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշումներ է ներկայացրել խնդրո առարկա հոդվածի «հրապարակային» եզրույթի բովանդակության վերաբերյալ` նշելով, մասնավորապես, որ. «.... յուրաքանչյուր գործով արարքի հրապարակայնացման փաստի, հանգամանքների պարզումը իրավակիրառական պրակտիկայի խնդիր է...», հավելելով, որ. «... վեճի առարկա հոդվածի իրավակարգավորումը վերաբերում է միայն հանրության առջև, առնվազն երրորդ անձի ներկայությամբ անձին հանիրավի անվանարկելու հետևանքների հաղթահարմանը...»: Այսինքն` ՀՀ սահմանադրական դատարանը, բացահայտելով «հրապարակային» եզրույթի բովանդակությունը, ընդգծել է, որ առնվազն երրորդ անձի ներկայությունն արդեն բավարար է փաստելու համար վիրավորանքի, զրպարտության հրապարակային բնույթը: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Հրաչյա Հարությունյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:
Նախագահող
Անդամներ
25 մարտի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/2-9
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 մարտի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-9
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
