«ՀԱԿՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 170-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 548-Ն ՀՐԱՄԱՆԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-159)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 դեկտեմբերի 2023թ. ՍԴԱՈ - 159 | «ՀԱԿՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 170-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 548-Ն ՀՐԱՄԱՆԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՀԱԿՈԲ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 170-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 548-Ն ՀՐԱՄԱՆԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Հակոբ Խաչատրյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի, 170-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, ՀՀ արդարադատության նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի № 548-ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,
ՊԱՐԶԵՑ
.
1. 2023 թվականի հոկտեմբերի 6-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Հակոբ Խաչատրյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը, որով Դիմողը խնդրել է.
«(...) Որոշեք`
- ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 170-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի սահմանադրականությունը;
- իրավակիրառ պրակտիկայում՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը (միգուցե՞ անհրաժեշտ է սահմանադրականությունը ապահովելու համար փոխել 3-րդ և 2-րդ մասերի տեղերը՝ աստիճանակարգությունը);
- իրավակիրառ պրակտիկայում՝ ՀՀ ԱՆ 09.09.2022թ-ի N 548-Ն հրամանի սահմանադրականությունը;
(...) Հաստատեք, որ ՀՀ քրեակատարողական օրենսգիրքը կիրառելիս անթույլատրելի է այն իրավունքների սահմանափակումը կամ վերացումը, որոնք ամրագրվել են նախկինում գործող նորմերի վրա;
(...) Հաստատեք, որ իմ հանդեպ հետադարձ կարգով կիրառվել են վատթարացնող օրենքներ, որի արդյունքում խախտվել են ՀՀ Սահմանադրությամբ սահմանված իմ իրավունքները և ազատությունները»:
2. Ներկայացնելով թիվ ԿԴ/0045/15/22 գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը ձևական բնույթ է կրում, քանի որ միշտ կիրառվում է տվյալ հոդվածի 2-րդ մասը, որի վրա հիմնվելով` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովը, քրեակատարողական հիմնարկները և դատարանները չեն պահպանում Սահմանադրության 73-րդ հոդվածը: Ըստ Դիմողի՝ նշվածի արդյունքում խախտվում են Սահմանադրության նաև 5, 6, 78 և 79-րդ հոդվածները, իսկ երբ դատապարտյալը, այդ ամենը մատնանշելով, բողոքարկում է՝ չի կարողանում պաշտպանել իր նախկինում ունեցած իրավունքները և ազատությունները, որն էլ հանգեցնում է վերջինիս՝ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի խախտման:
Դիմողը գտնում է, որ Տեղաբաշխման հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 30-ի թիվ 557 որոշման մեջ առանց հիմնավորման տեղ գտած «դեռևս նպատակահարմար չէ» անորոշ ձևակերպմամբ խախտվել են Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածները: Դիմողի պնդմամբ՝ այդ ձևակերպումը խոչընդոտ է ստեղծում բողոքարկելու իրավունք ունեցող անձի կողմից համապատասխան որոշումը պատշաճ կարգով վիճարկելու, ինչպես նաև հետագա դատական վերահսկողության սահմաններում՝ անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար, որը Սահմանադրությամբ երաշխավորված արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր է: Հետևաբար՝ ըստ Դիմողի՝ խախտվել է նաև իր՝ Սահմանադրության 63-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
Դիմողը նշում է, որ «(...) Կամ պաշտոնատար անձինք կատարել են իրենց լիազորություններից և պարտականություններից դուրս և օրենքով չսահմանված, անօրինական գործողություններ և անգործություն, ինչի հետևանքով կայացվել են որոշումներ, որոնք պատճառաբանված և հիմնավորված չեն, նաև անօրինական են և ոչ իրավաչափ: Կամ էլ խնդիրը հենց օրենքի՝ նոր ՀՀ քրեակատարողական օրենսգրքի և ՀՀ ԱՆ 09.09.2022թ-ի N 548-Ն հրամանի մեջ է:
(...) ես ակնկալում էի Վճռաբեկ Դատարանից, որ նա կկայացնի այնպիսի որոշում, որը որոշիչ ուղեցույց կդառնար այն կարգի հարցերի լուծման համար, երբ իրար են բախվում հին և նոր քրեակատարողական օրենսգրքերի բարենպաստ և վատթարացնող դրույթները: Սակայն նրանք իմ բողոքը վարույթ չվերցնելով, այդ հարցերը թողեցին անպատասխան»:
Միաժամանակ, Դիմողը սույն անհատական դիմումին կից ներկայացրել է իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդություն՝ այն հանգամանքի հաշվառմամբ, որ ինքը գրեթե 22 տարվա դատապարտյալ է և չունի վարձատրվող աշխատանք, հետևաբար՝ չունի պետական տուրքը վճարելու հնարավորություն:
3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ինչպես նաև ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
3.1. Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ/ երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է:
Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) Անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»:
Սահմանադրական դատարանը վերը նշված՝ ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան՝ դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։
Այս առումով հարկ է փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի՝ դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության՝ առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի և տվյալ հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ:
Վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողը սույն անհատական դիմումի շրջանակներում բարձրացրել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության), 170-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի № 548-Ն հրամանի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականության հարց, սակայն չի հիմնավորել դրանց՝ Սահմանադրությանը հակասությունը:
Քննարկվող համատեքստում կարևոր է արձանագրել, որ անհատական դիմումի շրջանակներում նորմատիվ իրավական ակտի դրույթի, իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության կամ դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացի սահմանադրականությունը վիճարկելու պարագայում անհրաժեշտ է բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, որ վիճարկվող դրույթը (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, դրանում առկա ենթադրյալ օրենսդրական բացը) հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Փոխարենը՝ Դիմողը սահմանափակվել է իր՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված՝ համապատասխանաբար դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների խախտման վերաբերյալ պնդումների պարզապես վկայակոչմամբ՝ բավարար կերպով իրավաբանորեն չհիմնավորելով իր կողմից վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) և նման խախտման ընդհանրությունը, դրանց միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայությունը՝ սույն կոնկրետ գործի հանգամանքների և առանձնահատկությունների հաշվառմամբ:
Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողի կողմից չի հիմնավորվել վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության)՝ իր՝ Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման հանգեցնելը, ինչպես նաև նման խախտման փաստի և վիճարկվող դրույթների միջև պատճառահետևանքային կապի անմիջական առկայությունը:
Միաժամանակ, հարկ է արձանագրել, որ Դիմողն իրավասու չէ անհատական դիմումի շրջանակում վիճարկելու ՀՀ արդարադատության նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի N 548-Ն հրամանն ամբողջությամբ, այլ իրավասու է բարձրացնելու միայն համապատասխան հրամանի՝ կոնկրետ գործով իր նկատմամբ կիրառված դրույթի կամ դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրան կամ դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության հարց՝ հիմնավորելով տվյալ դրույթի կամ դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրան կամ դրանց տրված մեկնաբանության)՝ Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված առնվազն որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման հանգեցնելը: Այս առումով պարտադիր պահանջ է նաև վիճարկվող դրույթի կամ դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրան կամ դրանց տրված մեկնաբանության) և Դիմողի համապատասխան հիմնական իրավունքի և (կամ) ազատության խախտման փաստի միջև անմիջական պատճառահետևանքային կապի առկայության հիմնավորումը, որը սույն պարագայում տեղի չի ունեցել:
Ինչ վերաբերում է Դիմողի կողմից վկայակոչված՝ Սահմանադրության 73, 78 և 79-րդ հոդվածներին, ապա դրանց բովանդակությունից բխում է, որ դրանք ինքնին չեն կարող դառնալ առանձին քննարկման առարկա, այլ կարող են դիտարկվել միայն Սահմանադրության 2-րդ գլխով երաշխավորված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության լույսի ներքո:
Հետևապես` սույն անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, որը գործի քննությունը մերժելու հիմք է:
Այսպիսով՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով:
3.2. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(…) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց կամ հետապնդում է այլ նպատակներ, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` (…) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»:
Այս առումով հարկ է փաստել, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի՝ տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Հակառակ դեպքում՝ նման դիմումներով բարձրացված հարցերը չեն կարող ենթակա լինել Սահմանադրական դատարանի քննությանը, քանի որ դուրս են Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Քննարկվող համատեքստում հաշվի առնելով Դիմողի ներկայացրած դիրքորոշումները և հիմնավորումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերջինիս կողմից բարձրացվել է այնպիսի հարց, որը ենթակա չէ Սահմանադրական դատարանի քննությանը՝ հետևյալ պատճառաբանությամբ.
գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ սույն անհատական դիմումով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության), 170-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաև ՀՀ արդարադատության նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի № 548-Ն հրամանի (իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանության) սահմանադրականությունը, ըստ էության, բարձրացնում է դրանց կիրառման իրավաչափության հարց: Սույն անհատական դիմումով Դիմողը, ըստ էության, իր անհամաձայնությունն է հայտնում թիվ ԿԴ/0045/15/22 գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի բովանդակության հետ: Մասնավորապես, Դիմողը վիճարկվող դրույթներին (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի իրավաչափությանը:
Ողջ վերոշարադրյալի հաշվառմամբ՝ Սահմանադրական դատարանը եզրահանգում է, որ սույն դիմումով Դիմողի կողմից բարձրացված հարցերի ըստ էության քննությունը ենթադրելու է Սահմանադրական դատարանի կողմից ոչ թե վիճարկվող դրույթների (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության) սահմանադրականության գնահատում, այլ թիվ ԿԴ/0045/15/22 գործով ՀՀ դատարանների կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգում, որը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից:
Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը կրկին հանգում է այն եզրակացության, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Բավարարել Հակոբ Խաչատրյանի` պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը:
2. «Հակոբ Խաչատրյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի, 170-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, ՀՀ արդարադատության նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի N 548-ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
26 դեկտեմբերի 2023 թվականի
ՍԴԱՈ-159
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 դեկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-159
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
