ԱՐՄԵՆ ԵՎ ՍԻՄՈՆ ԴԵՄՈՒՐՉՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-17)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 26 փետրվարի 2026թ. ՍԴԴԿՈ - 17 | ԱՐՄԵՆ ԵՎ ՍԻՄՈՆ ԴԵՄՈՒՐՉՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 26 փետրվարի 2026 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ՝ Ս. Սաֆարյանի
Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի
Ա. Վաղարշյանի
Քննության առնելով Արմեն և Սիմոն Դեմուրչյանների անհատական դիմումի
ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արմեն և Սիմոն Դեմուրչյանների (այսուհետ նաև՝ Դիմողներ, ներկայացուցիչ՝ փաստաբան Սոնա Ասատրյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի փետրվարի 11-ին:
Դիմողները Սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումում խնդրել են.
«ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-1219-րդ, 1226-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18-րդ, 59-րդ, 66-րդ, 67-րդ հոդվածներին թիվ ԵԷԴ/0194/02/17 քաղաքացիական գործի շրջանակներում տրված մեկնաբանությամբ, ճանաչել ՀՀ Սահմանադրության 60-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
2. Ներկայացնելով թիվ ԵԷԴ/0194/02/17 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողները նշում են, որ Սիրանուշ Անատոլյանը, հետագայում նաև նրա իրավահաջորդ Արմինե Վարոսյանը չեն կարող խնդրո առարկա քաղաքացիական գործի շրջանակներում լինել պատշաճ հայցվորներ, քանի որ ներկայացված հայցապահանջը որևէ ձևով չի առնչվում վերջիններիս իրավունքներին և պարտականություններին, ինչպես նաև հայցի բավարարումը չի հանգեցնում ինչպես հայցվորի, այնպես էլ նրա իրավահաջորդի համար որևէ իրավունքի կամ պարտավորության ծագմանը, փոփոխմանը կամ դադարմանը։
Դիմողները գտնում են, որ թիվ ԵԷԴ/0194/02/17 քաղաքացիական գործի շրջանակներում Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բողոքարկվող դատական ակտով արձանագրել է, որ միայն գույքի նկատմամբ հավակնություն ունենալը բավարար է ժառանգական զանգվածի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու ակնկալիք ունենալու և ըստ այդմ՝ խնդրո առարկա գործով հայց ներկայացնելու համար շահագրգիռ սուբյեկտ հանդիսանալու համար, մինչդեռ նման մեկնաբանությունը հակասում է գործարքը վիճարկելու համար շահագրգիռ սուբյեկտ հանդիսանալու համար օրենքով ամրագրված նախապայմանների բավարարության չափանիշներին, քանի որ դատական պրակտիկան նման ուղղությամբ զարգանալու դեպքում ստեղծվելու է մի իրադրություն, համաձայն որի՝ ցանկացած անձի մահից հետո վերջինիս կենդանության ժամանակահատվածում իրեն պատկանող գույքի տնօրինման հետ կապված ցանկացած գործարք հետագայում կարող է վիճարկվել մահացածի ժառանգների կողմից:
Դիմողները պնդում են, որ սույն դեպքում առկա չի եղել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածին համապատասխան ժառանգությունն ընդունված համարելու որևէ հիմք, ուստի՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը դուրս է եկել տվյալ նորմով ամրագրված իրավունքի իրացման մեկնաբանման շրջանակից։
Հավելելով՝ Դիմողները նշում են, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մի դեպքում հաստատել է, որ ժառանգությունն ընդունված համարելը դուրս է խնդրո առարկա քաղաքացիական գործով կարգավորման առարկայի շրջանակից, իսկ մյուս դեպքում՝ հաստատել է հայցվորի շահագրգիռ սուբյեկտ հանդիսանալու հանգամանքը, մինչդեռ տվյալ հանգամանքը կարող էր հաստատվել բոլոր փաստական տվյալների համակցված մեկնաբանման արդյունքում:
Ըստ Դիմողների՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-1219-րդ, 1225 և 1226-րդ հոդվածները՝ կայացնելով սխալ դատական ակտ:
Դիմողները նաև նշում են, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասը։ Մասնավորապես՝ Դիմողների պնդմամբ՝ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը գործով ապացուցման ենթակա և վեճի օբյեկտիվ լուծման առումով էական նշանակություն ունեցող հանգամանքները հաստատված է համարել փաստերի և ապացույցների սխալ գնահատման պայմաններում, որն ուղղակիորեն հակասում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներին։
Դիմողների պնդմամբ՝ գործի նյութերում բացակայում է վեճի լուծման համար անհրաժեշտ ապացույցների միաժամանակյա առկայությունը, հետևաբար՝ դրանց բացակայության պայմաններում կայացված դատական ակտը խախտում է նույն նորմի տրամաբանությունը:
Դիմողները գտնում են, որ տվյալ դեպքում Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բողոքարկվող որոշումը կայացնելիս գործի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ քննություն չի իրականացրել, հետամուտ չի եղել գործով օբյեկտիվ ճշմարտության բացահայտմանը, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը չի պարզել ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի հաստատված լինելու հարցը չի պարզել գործում եղած բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ, չի անդրադարձել վեճի լուծման համար անհրաժեշտ փաստական և իրավական հիմնավորումներին, արդյունքում՝ գործով իրականացրել է թերի քննություն, կայացրել է ոչ իրավաչափ և սխալ դատական ակտ՝ խախտելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 59, 66 և 67-րդ հոդվածները։
Ըստ Դիմողների՝ այն դեպքում, երբ ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի հիմքում դրված է նոտարական գործողությունների վիճարկումը, այն ենթակա է քննության Վարչական դատարանի կողմից` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով: Հետևաբար՝ Դիմողների պնդմամբ՝ խնդրո առարկա քաղաքացիական գործի վարույթը ենթակա էր կարճման՝ Վարչական դատարանին ընդդատյա լինելու պատճառաբանությամբ։
Ամփոփելով՝ Դիմողները եզրահանգում են, որ թիվ ԵԷԴ/0194/02/17 քաղաքացիական գործով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-1219-րդ, 1226-րդ հոդվածներին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 18, 59, 66 և 67-րդ հոդվածներին տրված մեկնաբանությունը և համապատասխան մեկնաբանությամբ տվյալ նորմերի կիրառումը հակասում են Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածներին՝ խախտելով իրենց սեփականության, արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները։
3. Ելնելով դիմումի և դիմումին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 29 և 69-րդ հոդվածների պահանջներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։
Սահմանադրության վերոհիշյալ դրույթն իր ամրագրումն է ստացել նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են՝
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում` եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան:
Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները:
Վերը ներկայացված դրույթներով ամրագրված իրավակարգավորումները, Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի հետ՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը հանգում է հետևյալ եզրակացության.
սույն անհատական դիմումի շրջանակներում թիվ ԵԷԴ/0194/02/17 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտը՝ Վճռաբեկ դատարանի՝ «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2025 թվականի հուլիսի 16-ին:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Կես տարով որոշված ժամկետի նկատմամբ կիրառվում են ամիսներով հաշվարկվող ժամկետների կանոնները:
Սահմանադրական դատարանի դատական կազմը սույն անհատական դիմումի առնչությամբ արձանագրում է, որ Դիմողների՝ Սահմանադրական դատարան դիմելու համար Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետի ընթացքը սկսվել է 2025 թվականի հուլիսի 17-ից:
Ելնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև նույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավակարգավորումից, այն կիրառելով սույն գործի փաստերի նկատմամբ` Սահմանադրական դատարանի դատական կազմը հանգում է նրան, որ Դիմողների` Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետն ավարտվել է 2026 թվականի հունվարի 19-ին: Մինչդեռ Դիմողների անհատական դիմումը փոստային ծառայությանն է հանձնվել 2026 թվականի փետրվարի 9-ին (Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի փետրվարի 11-ին): Հետևաբար` Դիմողները բաց են թողել Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, որն էլ անհատական դիմումով գործի քննությունը մերժելու հիմք է:
Սահմանադրական դատարանի դատական կազմի հետևությունների հիմքում դրված է այն իրավական կանոնը, որ սույն դիմումով չի պահպանվել «Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով անհատական դիմումին ներկայացվող՝ այն վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո Սահմանադրական դատարան ներկայացնելու պահանջը:
Հետևապես՝ սույն անհատական դիմումով գործի քննությունը Սահմանադրական դատարանի դատական կազմի կողմից ենթակա է մերժման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիման վրա՝ Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
Արմեն և Սիմոն Դեմուրչյանների անհատական դիմումով գործի քննությունը մերժել:
Նախագահող՝ Ս. Սաֆարյան
Անդամներ՝ Ա. Զեյնալյան
Ա. Վաղարշյան
26 փետրվարի 2026 թվականի
ՍԴԴԿՈ-17
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 փետրվարի, 2026 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-17
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
