Արսենյան — ԵԿԴ/0124/11/13
Վճռաբեկ դատարանի որոշումների ցանկում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըՀոդված 403. Բացառիկ վերանայման բողոք բերելու հիմքերըԱմփոփում
Պ Ա Ր Զ Ե Ց Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2013 թվականի մայիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունից ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է ՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Արսենյանի մարմնական վնասվածքների վերաբերյալ իրազեկումն այն մասին, որ 2013 թվականի ապրիլի 30-ին, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ից, մարմնական վնասվածքներով, ՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է ընդունվել Ա
Ամբողջ Տեքստ
ԵԿԴ/0124/11/13
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ
վարչական շրջանների ընդհանուր
իրավասության առաջին ատյանի դատարան,
նախագահող դատավոր` Գ.Խանդանյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր` Հ.Տեր-Ադամյան
22 դեկտեմբերի 2023 թվական ք. Երևան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ՝ Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արմեն Արծվիկի Արսենյանի բողոքի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի բացառիկ վերանայման բողոքը`
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2013 թվականի մայիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունից ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է ՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Արսենյանի մարմնական վնասվածքների վերաբերյալ իրազեկումն այն մասին, որ 2013 թվականի ապրիլի 30-ին, ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ից, մարմնական վնասվածքներով, ՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ է ընդունվել Արմեն Արծվիկի Արսենյանը, ով հայտարարել է, որ նշված վնասվածքները պատճառվել են Ոստիկանության աշխատակիցների կողմից՝ Արաբկիրի քննչական բաժնում: Ա.Արսենյանի կողմից նշված հանգամանքները ստուգելու նպատակով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր:
2. ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ Վ.Մուրադյանի՝ 2013 թվականի հունիսի 14-ի որոշմամբ, ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից` պաշտոնեական լիազորություններն անցնելու և Արմեն Արսենյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
3. ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հ.Հարությունյանի՝ 2013 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ վերոնշյալ որոշման դեմ Ա.Արսենյանի բողոքը մերժվել է:
4. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2013 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ Ա.Արսենյանի ներկայացուցիչ Ռ.Ռևազյանի բողոքը մերժվել է:
5. Ա.Արսենյանի ներկայացուցիչ Ռ.Ռևազյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2013 թվականի հոկտեմբերի 11-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումը թողնելով անփոփոխ:
6. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ա.Արսենյանի ներկայացուցիչ Ռ.Ռևազյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 11-ի որոշմամբ վերադարձվել է:
7. Ա.Արսենյանի ներկայացուցիչ Ռ.Ռևազյանի գանգատի հիման վրա, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան), Արսենյանն ընդդեմ Հայաստանի գործով 2023 թվական հունվարի 31-ին վճիռ է կայացրել, որով ճանաչել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) 3-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական հայեցակետերի խախտման փաստը:
8. Որպես նոր հանգամանք վկայակոչելով Արսենյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը բացառիկ վերանայման բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան:
9. Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 31-ին որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի բողոքի հիման վրա հարուցվել է բացառիկ վերանայման վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման բանավոր ընթացակարգ: Բացառիկ վերանայման բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
10. Բողոքի հեղինակը, ներկայացված բացառիկ վերանայման բողոքում մատնանշելով ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև քրեադատավարական օրենսդրության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներ, Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներ, նշել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել քրեական և քրեադատավարական օրենքների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: Վերլուծելով Արսենյանն ընդդեմ Հայաստանի գործով 2023 թվական հունվարի 31-ի վճռի դիրքորոշումները՝ բողոքաբերը փաստել է, որ Եվրոպական դատարանն արձանագրել է խոշտանգումների արգելքի նյութաիրավակական և դատավարական բաղադրիչների խախտումներ, որոնք կարող են վերացվել Ա.Արսենյանի ենթադրյալ խոշտանգման դեպքի առթիվ իրականացված վարույթով կայացված դատական ակտերի բեկանման և դրանց հիման վրա մինչդատական ակտերի վերացման դեպքում՝ լրիվ, օբյեկտիվ և համակողմանի քննության արդյունքում: Հետևաբար, բողոքաբերը հանգել է հետևության, որ Եվրոպական դատարանի վճիռը հիմք է Վճռաբեկ դատարանի որոշումը բացառիկ վերանայման հիմքով վերանայելու համար:
11. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է նոր հանգամանքի հիմքով վերանայել Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 11-ի որոշումը, վերանայման արդյունքում բեկանել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 12-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 11-ի որոշումները և վարույթը փոխանցել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: Բացառիկ վերանայման բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
12. Նախաքննության մարմնի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2013 թվականի հունիսի 14-ի որոշման համաձայն՝ «(…) Արմեն Արսենյանի մոտ հայտնաբերված մարմնական վնասվածքների փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում նախապատրաստված նյութերի ընթացքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ի աշխատակիցներ Գայանե Ներսեսյանը, Մաթևոս Մուրադյանը, Էդուարդ Թովմասյանը բացատրություններ են տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ-ում Արմեն Արսենյանի մարմնի զննությամբ որևէ մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել: Այսպիսով՝ նյութերի նախապատրաստմամբ, բացի Արմեն Արսենյանի բացատրությունից` ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների կողմից իրենց լիազորություններն անցնելու և Արմեն Արսենյանի նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը հիմնավորող փաստական տվյալներ ձեռք չեն բերվել և սպառվել են այդպիսիք ձեռք բերելու հնարավորությունները, ուստի անհրաժեշտ է քրեական գործ հարուցելը մերժել և քրեական հետապնդում չիրականացնել` ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցների արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ (…)»[1]։
13. Առաջին ատյանի դատարանը 2013 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ արձանագրել է, որ վարույթն իրականացնող մարմինը, նյութերով քրեական գործի հարուցումը մերժելիս, մանրամասնորեն քննարկման առարկա է դարձրել բողոքաբերի յուրաքանչյուր փաստարկ, դրանց տվել է պատշաճ իրավական գնահատական, իրականացրել է պաշտոնական արդյունավետ քննություն, դրսևորել է անհրաժեշտ ջանասիրություն, որն արտահայտվել է տարբեր անձանցից բացատրություններ վերցնելով, դատաբժշկական փորձաքննություն նշանակելով, որի հիման վրա էլ 2013 թվականի հունիսի 14-ի օրինական, հիմնավորված և պատճառաբանված որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է: Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ քննիչի և դատախազության գործողություններով չեն խախտվել Ա.Արսենյանի իրավունքները, ազատությունները և օրինական շահերը[2]:
14. Վերաքննիչ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 11-ի որոշման համաձայն՝ «(…) [Վ]երաքննիչ դատարանը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը, քննության առնելով բողոքաբերի ներկայացուցիչ Ռ.Ռևազյանի բողոքը, հանգել է ճիշտ հետևության և փաստելով, որ նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշումը, այդ թվում` դատախազի քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը հաստատելու մասին որոշումն օրինական և հիմնավոր են, (…) իրականացրել է գործի բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ և արդյունավետ քննություն, կայացրել է օրինական և հիմնավոր որոշում` բողոքը մերժելու մասին: (…)
Հետևաբար, Վերաքննիչ դատարանը (…) գտնում է, որ առաջին ատյանի դատարանի 12.09.2013թ. դատական ակտը օրինական է, հիմնավորված ու պատճառաբանված, իսկ վերաքննիչ բողոքում բողոքաբեր Ա.Արսենյանի ներկայացուցիչ Ռ.Ռևազյանի փաստարկները չեն կարող հիմք հանդիսանալ այն բեկանելու համար (…)»[3]։ Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.
I. Ներպետական դատական ակտերի վերանայումը.
15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Արսենյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի՝ ուժի մեջ մտած վճռով Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական հայեցակետերի խախտում արձանագրելու փաստը արդյո՞ք հիմք է Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի դեկտեմբերի 11-ի որոշումը վերանայելու համար:
16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 352-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «Բացառիկ վերանայումը կիրառվում է այն դեպքում, երբ (…) նոր հանգամանքի (…) հիմքով բողոքարկվում է սույն օրենսգրքի 401-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը»։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 401-րդ հոդվածի համաձայն`
«1. Բացառիկ վերանայման վարույթներն են՝
1) նոր հանգամանքներով վարույթը.
(…)
2. Բացառիկ վերանայման ենթակա են՝
(…)
2) մինչդատական ակտերի վիճարկման վարույթի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտը, որով հաստատվում է քրեական հետապնդում չհարուցելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությունը, (…) կամ վարույթը կարճելու իրավաչափությունը.
3) սույն մասի (…) 2-րդ կետ[ով] նախատեսված դատական ակտերի վերանայման արդյունքով վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ մտած որոշումը»: Նույն օրենսգրքի 403-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքներով բողոք կարող է բերվել հետևյալ հիմքերով. (…)
5) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, (...)»:
17. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում՝ Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը, որով հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը[4]։
18. Արսենյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանը, Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի վերաբերյալ նախկինում ձևավորած դիրքորոշումները կիրառել է սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ։ Մասնավորապես՝ Եվրոպական դատարանը Արսենյանն ընդդեմ Հայաստանի 2023 թվականի հունվարի 31-ի վճռով արձանագրել է. «(…) Վատ վերաբերմունքի արգելքի և այդպիսի մեղադրանքների առթիվ արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Բույիդն ընդդեմ Բելգիայի [ՄՊ] (…) գործում: Սույն գործով Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն ոստիկանակությունում արգելանքի տակ գտնվելիս չի ենթարկվել վատ վերաբերմունքի և նրա վնասվածքների մասով բացատրություններ տալիս հղում է արել իրավասու մարմինների կողմից իրականացված քննության արդյունքներին։ Դատարանը նշում է, որ դիմումատուի՝ վատ վերաբերմունքի մասին արած պնդումների առթիվ քննությունն ավարտվել է քննիչի որոշմամբ, որով մերժվել է քրեական վարույթի հարուցումը՝ գտնելով, որ դիմումատուի «վնասվածքներն» իրականում վնասվածքներ չեն եղել, այլ անոթային խնդիրների հետևանքով առաջացած վիճակ (…): Հաշվի առնելով այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է քննիչն այս եզրակացությանը հանգելիս, և մասնավորապես հաշվի առնելով դատաբժշկական փորձաքննության այն եզրակացությունը, որով պարզվել է, որ դիմումատուի ոտքերին առկա գունավոր «մասերը» թերսնուցման, այլ ոչ թե վնասվածքների հետևանք են (…), Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ այդ փորձաքննությունն անցկացվել է դիմումատուի «վնասվածքները» առաջին անգամ բացահայտելուց հետո 18 օր ուշացումով (…), ինչն էլ, իր հերթին, տեղի է ունեցել ենթադրյալ «վնասվածքները» հասցվելուց երեք օր անց (…): Դատարանն իրավասու չէ ենթադրություններ անել այն կապակցությամբ, թե արդյոք «կապտուկները», որոնք արձանագրվել են քրեակատարողական հիմնարկ ընդունվելու ժամանակ (…), և 18 օր անց բժիշկ-փորձագետի կողմից արձանագրված թերսնուցման «մասերը» (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը) վերաբերել են միակ և միևնույն խնդրին, թե՝ ոչ, սակայն դատաբժշկական փորձաքննության անցկացման նման զգալի ձգձգումը կասկածի տակ է դնում դրանով հանգած եզրակացությունների արժանահավատությունը։ Ակնհայտ է, որ այս իրավիճակում իրավասու մարմինների արագ արձագանքը չափազանց կարևոր էր, ինչը նրանք չեն արել առանց որևէ հիմնավոր պատճառի՝ չնայած այն հանգամանքին, որ հետաձգումը կարող էր հանգեցնել ապացույցների կորստի: Ավելին, քննությամբ չի տրամադրվել համոզիչ բացատրություն այն մասին, թե ինչպես կարող էր Գ.Ա.-ն, որը, ըստ էության, որակավորված բժիշկ էր, թերսնուցման հետ կապված «մասերը» շփոթել «կապտուկների» հետ (…): Ինչ վերաբերում է Գ.Ա.-ի կողմից ենթադրաբար տրված ցուցմունքին, որտեղ թվում է, թե նա հրաժարվում է իր նախորդ եզրակացություններից, Դատարանը նախ նշում է, որ գործի նյութերում չկա այս հարցաքննության արձանագրությունը, և դրան կատարված միակ հղումը պարունակվում է դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ (…): Ամեն դեպքում, նույնիսկ եթե ենթադրենք, որ Գ.Ա.-ի կողմից իրոք տրվել է նման ցուցմունք, Դատարանը նկատում է, որ քրեակատարողական հիմնարկում դիմումատուի բժշկական զննության արձանագրությունը վերաբերում է նրա ոտքերի խնդրին, որը նկարագրվել է որպես «կապտուկ», և չի պարունակում ոչ մի հիշատակում թերսնուցման կամ անոթային խնդիրների մասին: Դատարանը համոզիչ չի համարում Գ.Ա.-ի բացատրությունն այն մասին, թե ինչու է դիմումատուի խնդիրը որպես «վնասվածքներ» և «կապտուկներ» արձանագրել, մինչդեռ նա ենթադրաբար այն կարծիքին է եղել, որ դիմումատուն իրականում տառապում է անոթային խնդիրներից, հատկապես, որ այդ հարցաքննությունից, ինչպես ներկայացված է դատաբժշկական եզրակացության մեջ (տե՛ս վերևում 8-րդ պարբերությունը), տպավորություն է ստեղծվում, որ եթե քննիչը նրան չի ուղղորդել, ապա առնվազն նրա վրա ազդեցություն է ունեցել։ Ինչ վերաբերում է դիմումատուի մարմնի ենթադրյալ զննությանը ոստիկանության՝ ձերբակալվածներին պահելու վայր ընդունվելու ժամանակ (…), Դատարանը նախ նկատում է, որ այդ ենթադրյալ զննության վերաբերյալ որևէ արձանագրություն առկա չկա: Բուժակի և ոստիկանության երկու ծառայողների հետ անցկացված հարցաքննությունները, որոնք ենթադրաբար կատարել էին այդ զննությունը, կազմել են յուրաքանչյուրը մեկ էջանոց փաստաթուղթ (…), և չեն թողել քննիչի կողմից համապատասխան հանգամանքները, այդ թվում՝ ենթադրյալ զննության վերաբերյալ որևէ արձանագրության բացակայության պատճառները պարզելու լուրջ փորձի տպավորություն։ Նաև պարզ չէ, թե ինչպես են հարցաքննվողներն իմացել դիմումատուի ինքնությունը՝ հաշվի առնելով, որ նրանց և դիմումատուի միջև առերեսումներ տեղի չեն ունեցել կամ այն փաստը, որ ո՛չ նա, ո՛չ էլ նրա լուսանկարը երբևէ չեն ներկայացվել ինքնության պարզման համար: Ենթադրյալ զննության անկողմնակալությունն ու արժանահավատությունը նույնպես կասկածի տեղիք են տալիս՝ հաշվի առնելով, որ այն իրականացվել է ոստիկանության երկու ծառայողների ներկայությամբ կամ, հնարավոր է, նույնիսկ նրանց մասնակցությամբ։ Հաշվի առնելով մանրամասների բացակայությունը՝ այն իրական բժշկական զննություն չի հիշեցնում։ Դատարանն այնուհետև նկատում է, որ Կառավարությունը չի տրամադրել Արաբկիրի ոստիկանության բաժանմունքի ոստիկանների հետ ենթադրաբար անցկացված հարցաքննությունների պատճենները (…), ինչը խանգարում է Դատարանին գնահատելու այդ քննչական միջոցառումների բավարար լինելը: Ամեն դեպքում Դատարանը կասկածում է, որ տվյալ ծառայողները կարող էին համարվել անկողմնակալ վկաներ: Ի վերջո, Դատարանը համաձայն չէ դիմումատուի կողմից իր հանդեպ դրսևորված վատ վերաբերմունքի մասին 2013 թվականի ապրիլի 29-ի հարցաքննության ժամանակ չհայտնելու փաստի վերաբերյալ քննություն իրականացնող մարմնի տված գնահատականի հետ (…): Այն նշում է, որ այս հարցաքննությունն անցկացվել է այն ժամանակ, երբ դիմումատուն դեռևս գտնվում էր ոստիկանությունում և հիմնավորված կերպով կարող էր վախենալ հաշվեհարդարից: Ավելին, այդ հարցաքննությունն իրականացրած քննիչը, ըստ երևույթին, աստիճանակարգային կամ համակարգային կապ ուներ Արաբկիրի ոստիկանության բաժանմունքի ոստիկանության ծառայողների հետ, և ավելին, նրան վստահվել էր դիմումատուի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։ Ուստի նա չի ունեցել անհրաժեշտ անկախություն, ինչը ևս մեկ պոտենցիալ խոչընդոտող գործոն է: Վերոհիշյալը բավարար է, որպեսզի Դատարանը եզրակացնի, որ իրավասու մարմիններն արդյունավետ քննություն չեն իրականացրել դիմումատուի կողմից իր նկատմամբ դրսևորած վատ վերաբերմունքի մասին արած պնդումների առթիվ, և որ դիմումատուի վնասվածքների վերաբերյալ նրանց բացատրությունը չի կարող համարվել բավարար, համոզիչ և արժանահավատ: Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական հայեցակետերի խախտում (…)» [5]:
19. Հաշվի առնելով նախորդ կետում ներկայացված փաստերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Արսենյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական հայեցակետերի խախտում արձանագրելու փաստը Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի դեկտեմբերի 11-ի որոշումը վերանայելու հիմք է: II. Ներպետական դատական ատյանների կողմից կայացված դատական ակտերի բեկանման հիմքը.
20. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Արսենյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական հայեցակետերի խախտումը, հիմք է Արմեն Արծվիկի Արսենյանի բողոքի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 12-ի և Վերաքննիչ դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 11-ի որոշումները բեկանելու համար:
21. Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»: Սկոցցարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(…) վճիռը, որով Դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարել արդարացի փոխհատուցման կարգով տրամադրվելիք գումարները, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել ընդհանուր և/կամ անհրաժեշտության դեպքում անհատական միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ներպետական իրավական համակարգում՝ վերջ տալու համար Դատարանի արձանագրած խախտումներին և հնարավորինս շտկելու դրանց հետևանքները: Բացի այդ, Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ պետությունը ազատ է Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի են Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ»[6]: Սելջուկը և Ասկերն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ. «Կոնվենցիայի խախտում արձանագրած Դատարանի վճռով պատասխանող պետության վրա պարտավորություն է դրվում դադարեցնել խախտումը և դրա հետևանքների համար այնպիսի հատուցում տրամադրել, որ հնարավորինս վերականգնվի խախտումից առաջ առկա իրավիճակը (restitutio in integrum): Եթե restitutio in integrum-ը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (…)»[7]:
22. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն՝ «1. Բացառիկ վերանայման արդյունքով իրավասու դատարանն ամբողջությամբ կամ մասնակի բեկանում է բողոքարկվող դատական ակտը` վարույթը փոխանցելով համապատասխան ստորադաս դատարան կամ դադարեցնելով քրեական հետապնդումը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև կարճելով վարույթը:
23. Դատական ակտի վերաբացումը կամ գործի նոր քննությունը` որպես մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը` (restitutio in integrum), վերականգնելու անհատական միջոց, նախատեսված է նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին 2000 թվականի հունվարի 19-ի հանձնարարականում, որին ՀՀ Սահմանադրական դատարանը 2013 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1099 որոշման մեջ ևս հղում է կատարել: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն՝ անհատական միջոցառումների ձեռնարկումն անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների պարտադիր առկայության պարագայում, այն է՝ նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ և դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա ներպետական որոշման բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:
24. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Արմեն Արսենյանի բողոքի վերաբերյալ բողոքարկվող դատական ակտերը վերաբերել են վերջինի հանդեպ ենթադրյալ վատ վերաբերմունքին, ինչպես նաև այդ կապակցությամբ իրականացված քննության արդյունավետությանը։ Այս կապակցությամբ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատուն ենթարկվել է անմարդկային վերաբերմունքի՝ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի իմաստով, և իշխանության մարմիններն արդյունավետ քննություն չեն իրականացրել դիմումատուի հանդեպ ենթադրյալ վատ վերաբերմունքի հանգամանքների վերաբերյալ:
25. Մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 21-24-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի` Արսենյանն ընդդեմ Հայաստանի վճռով արձանագրված՝ Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման (նյութաիրավական և դատավարական հայեցակետերի դրույթների մասով) բացասական հետևանքները սույն բողոքի քննության պահի դրությամբ դիմումատուն շարունակում է կրել, ինչը միայն վճռով՝ որպես արդար փոխհատուցում սահմանված գումարի վճարմամբ չի կարող շտկվել, ուստի, տվյալ դեպքում «restitutio in integrum» հնարավորինս ապահովելու տեսանկյունից, անհրաժեշտ է Արմեն Արծվիկի Արսենյանի բողոքի վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանել։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 408-րդ հոդվածի իրավակարգավորումները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում արձանագրված խախտումը վերացնելու անհրաժեշտ համարժեք միջոց կիրառելու նպատակով վարույթը պետք է փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։
26. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի դեկտեմբերի 11-ի որոշման վերանայման արդյունքում Առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 12-ի և Վերաքննիչ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 11-ի դատական ակտերը պետք է բեկանել ու վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ Արսենյանն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ 2023 թվականի հունվարի 31-ի վճռով արձանագրված՝ վատ վերաբերմունքի պատճառների և հանգամանքների կապակցությամբ իրականացված քննության ընթացքում թույլ տրված՝ արդյունավետ քննություն իրականացնելու նյութաիրավական և դատավարական պահանջների խախտումը վերացնելու անհրաժեշտ համարժեք միջոցը կիրառելու նպատակով։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ, 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 361-րդ, 362-րդ, 363-րդ, 401-403-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի դեկտեմբերի 11-ի որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Բացառիկ վերանայման արդյունքում Արմեն Արծվիկի Արսենյանի բողոքի
վերաբերյալ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 12-ի որոշումը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2013 թվականի հոկտեմբերի 11-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նոր քննության:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող` Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ` Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Դ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
Ծանոթագրություններ
[1] Տե'ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 10-14:
[2] Տե'ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթեր 64-79:
[3] Տե'ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 25-43:
[4] Տե´ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գրիշա Վիրաբյանի գործով 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Բագրատ, Արևիկ և Նարինե Նալբանդյանների գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15, Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15, Արայիկ Զալյանի գործով 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16, Հրաչյա Մուրադյանի գործով 2017 թվականի հունիսի 30-ի, Դավիթ Ավետիսյանի գործով 2017 թվականի օգոստոսի 21-ի թիվ ՍԴ3/0088/01/09, Ալիկ Մաթևոսյանի գործով 2018 թվականի հունիսի 15-ի թիվ ՎԲ-05/12 որոշումները: [5] Տե´ս Արսենյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի վճռի 12-21-րդ կետերը:
[6] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Scozzari and Giunta v. Italy գործով 2000 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատներ թիվ 39221/98 և 41963/98, կետեր 249-250։ [7] Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Selcuk and Asker v. Turkey գործով 1998 թվականի ապրիլի 24-ի վճիռը, գանգատներ թիվ 23184/94 և 23185/94, կետ 125։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 դեկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ԵԿԴ/0124/11/13
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
