Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/««ՖԻՇԿՈ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 126-ՐԴ ԵՎ 387-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

««ՖԻՇԿՈ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 126-ՐԴ ԵՎ 387-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-10416 հունիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-104)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 հունիսի 2026թ. ՍԴԱՈ - 104 | ««ՖԻՇԿՈ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 126-ՐԴ ԵՎ 387-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

««ՖԻՇԿՈ» ՍՊԸ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 126-ՐԴ ԵՎ 387-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով ««ՖԻՇԿՈ» ՍՊԸ դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 126-րդ և 387-րդ հոդվածների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. «ՖԻՇԿՈ» ՍՊԸ (այսուհետ նաև՝ Դիմող, ներկայացուցիչներ՝ փաստաբաններ Արգիշտի Մեսրոպյան և Միքայել Դանիելյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի հունվարի 30-ին:

Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում խնդրել է.

«Որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 126-րդ հոդվածի և 387-րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաև 75-րդ, 78-րդ և 80-րդ հոդվածներին»:

2. Վիճարկվող իրավանորմերի վերաբերյալ համառոտ տեղեկատվություն

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի փետրվարի 9-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել՝ 2018 թվականի փետրվարի 27-ին և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին:

Օրենսգրքի՝ «Քաղաքացիական գործերով դատական ակտերը և դրանց պարտադիր լինելը» վերտառությամբ 5-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է.

«2. Եզրափակիչ դատական ակտեր են՝

1) առաջին ատյանի դատարանի կայացրած`

ա. վճիռը և օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ ստացած վճարման կարգադրությունը,

բ. գործի վարույթը կարճելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, արբիտրաժի վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու, արբիտրաժի վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու, օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման, օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու, կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը սահմանելու կամ փոխելու, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումները.

գ. (ենթակետն ուժը կորցրել է 26.06.23 ՀՕ-235-Ն)

2) վերաքննիչ դատարանի՝ առաջին ատյանի դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացրած, ինչպես նաև վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու, վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումները.

3) Վճռաբեկ դատարանի՝ վերաքննիչ դատարանի եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության արդյունքով կայացրած, ինչպես նաև վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու, վճռաբեկ վարույթը կարճելու մասին որոշումները»:

Նշյալ մասը լրացվել է 23.12.2022թ. ՀՕ-576-Ն օրենքով, որով սահմանվել է. «Օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.

«գ) սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը.»»։

Նշյալ մասը փոփոխվել է 26.06.2023թ. ՀՕ-235-Ն օրենքով, որով սահմանվել է. «2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (...) 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել»:

Նշյալ մասը խմբագրվել է 11.04.2024թ. ՀՕ-193-Ն օրենքով, որով սահմանվել է. «2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (...) 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. գործի վարույթը կարճելու, հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու, արբիտրաժի վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու, արբիտրաժի վճիռը, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը հարկադիր կատարման ներկայացնելու, օտարերկրյա արբիտրաժի վճռի ճանաչման և հարկադիր կատարման, օտարերկրյա դատական ակտը ճանաչելու և կատարման թույլատրելու, կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելու, դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, կատարման եղանակն ու կարգը սահմանելու կամ փոխելու, դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումների քննության արդյունքով կայացվող որոշումները.»»:

Օրենսգրքի՝ «Հայցադիմումի ընդունումը մերժելը» վերտառությամբ 126-րդ հոդվածը սահմանում է.

«1. Առաջին ատյանի դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե`

1) գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով.

2) նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ, բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման.

3) նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է արբիտրաժի վճիռ, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում կամ նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրություն, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժի վճիռը կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը հարկադիր կատարման ներկայացնելը կամ նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակվելը մերժելու դեպքի.

4) նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում.

5) հայցը ներկայացվել է սույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների խախտմամբ:

6) հայցադիմումում ձևակերպված հայցապահանջն ակնհայտորեն ոչ իրավաչափ է (հայցն ակնհայտորեն ենթակա է լինելու մերժման՝ անկախ դրա հիմքում դրված փաստերից).

7) հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը:

2. Առաջին ատյանի դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կայացնում է որոշում՝ այն հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի հետ ուղարկելով հայցվորին: Դատարանի որոշումն ուղարկվում է նաև հայցադիմումում նշված այլ անձանց միջնորդության հիման վրա, բացառությամբ այն դեպքի, երբ ներկայացվել է հայցի ապահովում կամ ապացույցի ապահովում կիրառելու մասին միջնորդություն:

3. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման մեջ նշվում են հայցադիմումի ընդունումը մերժելու բոլոր հիմքերը:

4. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:

5. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվելու դեպքում առաջին ատյանի դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են սույն օրենսգրքով նախատեսված հայցադիմումը վերադարձնելու հիմքերը, իսկ սույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անվերապահ բեկանման հիմքերից որևէ մեկով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվելու դեպքում առաջին ատյանի դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վերադարձնելու հիմքերը: Այս դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը»:

Նշյալ հոդվածը խմբագրվել է 23.12.2022թ. ՀՕ-576-Ն օրենքով, որով սահմանվել է. «Օրենսգրքի 126-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է արբիտրաժի վճիռ, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում կամ նոտարի կողմից արձակված վճարման կարգադրություն, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը կամ նոտարի կողմից վճարման կարգադրություն արձակելը մերժելու դեպքի.».

2) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Դատարանի որոշումն ուղարկվում է նաև հայցադիմումում նշված այլ անձանց միջնորդության հիման վրա, բացառությամբ այն դեպքի, երբ ներկայացվել է հայցի ապահովում կամ ապացույցի ապահովում կիրառելու մասին միջնորդություն։»»:

Նշյալ հոդվածը խմբագրվել է 26.06.2023թ. ՀՕ-226-Ն օրենքով, որով սահմանվել է. «Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է արբիտրաժի վճիռ, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում կամ նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրություն, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը կամ նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակվելը մերժելու դեպքի.»»:

Նշյալ հոդվածը լրացվել է 07.02.2024թ. ՀՕ-82-Ն օրենքով, որով սահմանվել է. «Օրենսգրքի 126-րդ հոդվածի 5-րդ մասը «վերադարձնելու հիմքերը» բառերից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անվերապահ բեկանման հիմքերից որևէ մեկով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվելու դեպքում առաջին ատյանի դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վերադարձնելու հիմքերը» բառերով»:

Նշյալ հոդվածը լրացվել է 24.10.2024թ. ՀՕ-391-Ն օրենքով, որով սահմանվել է. «Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ կետերով.

«6) հայցադիմումում ձևակերպված հայցապահանջն ակնհայտորեն ոչ իրավաչափ է (հայցն ակնհայտորեն ենթակա է լինելու մերժման՝ անկախ դրա հիմքում դրված փաստերից).

7) հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը:»»:

Նշյալ հոդվածը փոփոխվել է 11.04.2024թ. ՀՕ-193-Ն օրենքով, որով սահմանվել է. «Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը» բառերը փոխարինել «արբիտրաժի վճիռը կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը հարկադիր կատարման ներկայացնելը» բառերով»:

Օրենսգրքի՝ «Վերաքննիչ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը» վերտառությամբ 387-րդ հոդվածը սահմանում է.

«1. Վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո։ Այլ եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից 15 օր հետո, բացառությամբ գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին, ինչպես նաև վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումների: Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը բացառիկ դեպքերում կարող է հրապարակման պահից հայտարարվել օրինական ուժի մեջ մտած, եթե դա չանելն անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ գործին մասնակցող անձի համար:

2. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ բերված, ինչպես նաև գնումների հետ կապված վեճերով կայացված վճիռների դեմ բերված բողոքների քննության արդյունքով, ինչպես նաև բողոքից հրաժարվելու և գործը հաշտության համաձայնությամբ ավարտելու կապակցությամբ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:

3. Վերաքննիչ դատարանի՝ սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերում չնշված որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, բացառությամբ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված որոշումների դեմ սահմանված ժամկետում վճռաբեկ բողոք ներկայացնելու դեպքում այդ որոշումները համարվում են օրինական ուժի մեջ չմտած։

5. Եթե եզրափակիչ դատական ակտի բողոքարկման արդյունքով կայացված որոշման վերանայման արդյունքով Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն անփոփոխ է թողնում վերաքննիչ դատարանի որոշումը, ապա վերաքննիչ դատարանի անփոփոխ մնացած որոշումը (որոշման համապատասխան մասը) օրինական ուժի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որոշման հրապարակման պահից։

6. Վերաքննիչ դատարանի` եզրափակիչ դատական ակտի բողոքարկման արդյունքով կայացված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում Վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահից, եթե`

1) ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է.

2) ներկայացված բողոքը Վճռաբեկ դատարանը վերադարձրել է, և սահմանված ժամկետում բողոքում թույլ տրված խախտումները չեն վերացվել, կամ սահմանված կարգով բողոքը կրկին չի ներկայացվել.

3) վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության»:

Նշյալ հոդվածը լրացվել, խմբագրվել է 07.02.2024թ. ՀՕ-82-Ն օրենքով, որով սահմանվել է. «Օրենսգրքի 387-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «15 օր հետո» բառերից հետո լրացնել «, բացառությամբ գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին, ինչպես նաև վերաքննիչ բողոքից հրաժարվելու հիմքով վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշումների» բառերով.

2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ պարտատերերի պահանջների հաստատման կապակցությամբ կայացված որոշումների դեմ բերված, ինչպես նաև գնումների հետ կապված վեճերով կայացված վճիռների դեմ բերված բողոքների քննության արդյունքով, ինչպես նաև բողոքից հրաժարվելու և գործը հաշտության համաձայնությամբ ավարտելու կապակցությամբ վերաքննիչ դատարանի կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:».

3) 3-րդ մասը «կայացման պահից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո» բառերով»:

Նշյալ հոդվածը լրացվել է 04.03.2026թ. ՀՕ-93-Ն օրենքով, որով սահմանվել է. «Օրենսգրքի 387-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը բացառիկ դեպքերում կարող է հրապարակման պահից հայտարարվել օրինական ուժի մեջ մտած, եթե դա չանելն անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ գործին մասնակցող անձի համար:»»:

3. Գործի դատավարական նախապատմությունը

3.1. «ՖԻՇԿՈ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները 12.09.2025թ. հայցադիմում են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան (այսուհետ՝ Դատարան)՝ պահանջելով «ԱԼԼԵՐ ԱՔՎԱ ՖԻԴ» ՍՊԸ-ից հօգուտ հայցվոր «ՖԻՇԿՈ» ՍՊԸ-ի բռնագանձել 116.250.000 ՀՀ դրամ՝ որպես «ԱԼԼԵՐ ԱՔՎԱ ՖԻԴ» ՍՊԸ-ի կողմից «ՖԻՇԿՈ» ՍՊԸ-ին ոչ պատշաճ որակի ապրանք մատակարարելու անմիջական հետևանքով «ՖԻՇԿՈ» ՍՊԸ-ին պատճառված իրական վնասի հատուցման գումար, 37.200 ՀՀ դրամ՝ որպես 116.250.000 ՀՀ դրամի նկատմամբ 2025 թվականի սեպտեմբերի 12-ի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բանկային տոկոսների գումար, բռնագանձվող 116.250.000 ՀՀ դրամ հիմնական գումարի նկատմամբ 2025 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև հիմնական պարտավորության դադարումն ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր օրվա համար հաշվարկել և բռնագանձել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված բանկային տոկոսների գումարը՝ օրական 37.200 ՀՀ դրամ:

Դատարանի 24.09.2025թ. որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է՝ հետևյալ պատճառաբանությամբ.

«Դատարանն արձանագրում է, որ «ՖԻՇԿՈ» ՍՊ ընկերությունը, համաձայն թիվ ՍնԴ/2601/04/24 սնանկության գործի շրջանակներում 20.11.2024 թվականին կայացված վճռի, ճանաչվել է սնանկ, որպիսի իրավաբանական փաստի վրա հասնելու ուժով վերջինս զրկվում է իր դատավարական իրավունքներն որոշ գործերով իրացնելու իրավական հնարավորությունից, որի իրացումն օրենքի ուժով փոխանցվում է ի պաշտոնե ներկայացուցչին՝ սնանկության գործով կառավարչին:

Սույն հայցադիմումը վերաբերում է վնասը հատուցելուն, որի վերաբերյալ հայցապահանջ ներկայացնելու դատավարական հնարավորությունը վերապահված է ոչ թե պարտապանին անմիջականորեն, այլ նրա ի պաշտոնե ներկայացուցչին՝ սնանկության գործով կառավարչին:

Հետևաբար սույն հայցադիմումը ներկայացվել է դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից, որպիսի պայմաններում հայցադիմումի վարույթ ընդունումը ենթակա է մերժման»:

3.2. Նշյալ որոշման դեմ «ՖԻՇԿՈ» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.10.2025 թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի՝ «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» 24.09.2025 թ. որոշումը թողել օրինական ուժի մեջ՝ արձանագրելով հետևյալը.

«Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ սնանկ ճանաչված պարտապանի դատավարական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են կառավարչին, ով օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պարտապանի անունից իրացնում է դրանք՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում հայցադիմում կարող էր ներկայացվել բացառապես սնանկ ճանաչված «ՖԻՇԿՈ» ՍՊ ընկերության սնանկության գործով կառավարչի կողմից: Այսինքն, տվյալ դեպքում բացակայում է անձամբ ընկերության կողմից հայցադիմում ներկայացնելու իրավական հնարավորությունը, քանի որ սնանկ ճանաչված պարտապանի դատավարական իրավունքները և պարտականությունները փոխանցվում են կառավարչին, որն օրենքով իր վրա դրված լիազորությունների շրջանակներում պարտապանի անունից իրացնում է դրանք:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սնանկ ճանաչվելուց հետո պարտապանի անունից դատարան հայց ներկայացնելու իրավունքը իրացնում է կառավարիչը, սակայն սույն դեպքում հայցը ներկայացրել է սնանկ ճանաչված ընկերությունն անձամբ։ Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ սնանկության կառավարիչը սնանկության վարույթում հատուկ սուբյեկտ է, որն իրականացնում է բացառապես օրենքով սահմանված գործողություններ, ինչը միտված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված նպատակների իրականացմանը։ Սնանկության վարույթի պատշաճ իրականացումը սնանկության կառավարչի պարտականություններից է և ամբողջությամբ գտնվում է վերջինիս պատասխանատվության ներքո, հետևաբար կառավարիչը ոչ թե համաձայնություն պետք է տա հայց հարուցելու, որպիսի պայմաններում չի կարող որոշել հայցի փաստական և իրավական հիմքերի պատշաճ ձևակերպմանը և վերահսկել դրանք, այլ անձամբ պետք է իրականացնի կամ առնվազն իր վերահսկողությամբ պետք է կատարի ինչպես հայցի հարուցումը, այնպես էլ դրա փաստական և իրավական հիմքերի ճիշտ ձևակերպումն ու հիմնավոր հայց հարուցելու հարցի լուծումը։ Հակառակ իրավիճակը, այսինքն՝ եթե հայցը հարուցի պարտապանը՝ իր իսկ որոշած փաստական և իրավական հիմքերով, կարող է առաջացնել թյուր պատկեր այն մասին, որ ընկերությունը հայց է հարուցել և այլևս չի կարող նույն փաստական հիմքերով հայց հարուցվել։ Ուստի անհիմն են բողոքի այն փաստարկները, որոնց համաձայն՝ սույն գործով հայցի հարուցումը տեղի է ունեցել կառավարչի համաձայնությամբ։ Հայց հարուցելու հետ կապված բոլոր գործողությունները գտնվում են կառավարչի պատասխանատվության ներքո, իսկ սույն դեպքում կառավարիչը լիազորագիր չի տվել ներկայացուցիչներ Արգիշտի Մեսրոպյանին և Միքայել Դանիելյանին։

Ինչ վերաբերում է բողոքի այն փաստարկներին, որոնց համաձայն՝ Դատարանը պետք է վերադարձներ հայցադիմումը և ոչ թե մերժեր հայցի ընդունումը, ապա այդ պնդումները նույնպես անհիմն են, քանի որ վերը նշված պատճառաբանությունների համատեքստում հայցը ներկայացրել է այն անձը, որը ակնհայտորեն չուներ դրա իրավունքը, ինչը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք է հանդիսանում»:

3.3. Վերաքննիչ դատարանի նշյալ որոշման դեմ «ՖԻՇԿՈ» ՍՊԸ-ի կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 14.11.2025 թ. որոշմամբ թողնվել է առանց քննության՝ հետևյալ պատճառաբանությամբ.

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վճռաբեկության կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձինք ունեն վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիման վրա սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով քննում է վերաքննիչ դատարանի եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքները:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը գործին մասնակցող անձանց վերապահել է վերաքննիչ դատարանի եզրափակիչ և միջանկյալ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու իրավունք: Մինչդեռ միջանկյալ դատական ակտերի մասով այդ իրավունքը բացարձակ չէ՝ դրա իրականացումը պայմանավորված է նույն օրենսգրքով նախատեսված լինելու անհրաժեշտ պայմանով՝ Վճռաբեկ դատարանին իրավունք վերապահելով միջանկյալ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները քննելու միայն նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում: Այսինքն՝ որպեսզի անձը հնարավորություն ունենա վճռաբեկության կարգով բողոքարկելու վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտը, ապա նման հնարավորությունը պետք է պարտադիր նախատեսված լինի նույն օրենսգրքով:

Տվյալ դեպքում վճռաբեկության կարգով բողոքարկվել է Դատարանի 24.09.2025 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կայացված Վերաքննիչ դատարանի 29.10.2025 թվականի որոշումը, որը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ միջանկյալ դատական ակտ է, և դրա բողոքարկումը վճռաբեկության կարգով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ» (ընդգծումը՝ Սահմանադրական դատարանի):

4. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը, վկայակոչելով Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներն ու դրանց առնչությամբ Սահմանադրական դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումները, գտնում է, որ «(…) Սահմանադրությամբ անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ամրագրումն իր մեջ ներառում է նաև դատական ակտերի բողոքարկման իրավունքը՝ առնվազն՝ մեկ, իսկ հարցի նշանակալիության ու իրավական «ծանր» կշռի դեպքում՝ մեկից ավելի դատական ատյաններում: Ցանկացած հակառակ դեպքում, անձին՝ իր համար անբարենպաստ դատական ակտի՝ համարժեք ընթացակարգերով բողոքարկման իրավունքով չապահովելը հանգեցնում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված և երաշխավորված հիմնարար և անօտարելի իրավունք հանդիսացող՝ դատարանի մատչելիության, դատական պաշտպանության, արդար դատաքննության և արդյունավետ իրավական պաշտպանություն հայցելու իրավունքների խախտմանը, առավել ևս այնպիսի իրավիճակներում, երբ բողոքարկման իրավունքի բացակայությունն անձի համար կարող է անդառնալի հետևանքներ առաջացնել՝ «փակելով դուռը» դեպի արդարադատություն և դատական պաշտպանություն»:

Դիմողի համոզմամբ՝ դատական ակտի բողոքարկումը չպետք է կրի ձևական բնույթ և ամրագրված լինի պարզապես այդ իրավունքի առկայության պատրանք ստեղծելու նպատակով, փոխարենը՝ բողոքարկման իրավունքի ապահովումը յուրաքանչյուր կոնկրետ հարցով պետք է համարժեք լինի այդ հարցի «ծանրությանը» և իր բովանդակությամբ լինի այնպիսին, որ անձի համար հանգեցնի իրավաչափորեն ակնկալվող հետևանքների և ապահովի այդ հարցի «ծանրությանը» համարժեք բողոքարկման մեխանիզմների ու կառուցակարգերի առկայություն, ինչի միջոցով անձին կտրվի հնարավորություն՝ լիարժեքորեն և արդյունավետորեն իրականացնելու իր իրավունքների պաշտպանությունը:

Դիմողն արձանագրում է, որ «(…) ի տարբերություն վերաքննության կարգով դատական ակտի բողոքարկման իրավունքի, վճռաբեկության կարգով բողոքարկման իրավունքի իրացմամբ անձը բարձրացնում է ոչ թե ցանկացած հարց, այլ իրավունքի վերաբերյալ հարցեր, ինչպես նաև անձի իրավունքների և ազատությունների հիմնարար, ոչ թե ցանկացած խախտումների վերաբերյալ հարցեր, ընդ որում՝ պայմանով, որ հիմնարար խախտումների արդյունքում խաթարված լինի արդարադատության բուն էությունը»:

Դիմողը, անդրադառնալով Օրենսգրքի 387-րդ հոդվածի սահմանադրականության հարցին, գտնում է, որ նշյալ հոդվածը, սահմանելով վերաքննիչ դատարանի դատական ակտերի օրինական ուժի մեջ մտնելու ժամկետները, դրանով շղթայաբար սահմանել է նաև առաջին ատյանի դատարանի՝ միայն եզրափակիչ դատական ակտերի դեմ բերված բողոքների քննության արդյունքներով վերաքննիչ դատարանի կայացրած որոշումների վճռաբեկության կարգով բողոքարկման հնարավորություն (իրավունք), մինչդեռ նույն կերպ չի սահմանվել վերաքննիչ դատարանի միջանկյալ դատական ակտերի, մասնավորապես՝ առաջին ատյանի դատարանի կայացրած միջանկյալ դատական ակտերից՝ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքներով վերաքննիչ դատարանի որոշումների վճռաբեկության կարգով բողոքարկման հնարավորություն (իրավունք), և հակառակ դրան՝ սահմանվել է, որ այդ որոշումներն ուժի մեջ են մտնում կայացման պահից:

Դիմողը պնդում է, որ Դատարանի՝ 2025 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը, այդ որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով 2025 թվականի հոկտեմբերի 29-ին կայացրած Վերաքննիչ դատարանի որոշումը՝ իրենց կայացման հիմքերի և իրավաբանական «կշռով», հավասարվում են եզրափակիչ դատական ակտերին, քանի որ այդպիսի ակտերի հիման վրա չի սկսվում դատական վարույթ, և բացառվում է երբևէ այդպիսի հարցով կրկին դատարան դիմելու հնարավորությունը:

Այսպիսով՝ Դիմողը գտնում է, որ Օրենսգրքով առաջին ատյանի դատարանի՝ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանի որոշման՝ վճռաբեկության կարգով բողոքարկման հնարավորություն (իրավունք) չսահմանելը և հակառակ դրան՝ այդ որոշման օրինական ուժի մեջ մտնելը դրա կայացման պահից նախատեսելն ու վճռաբեկության կարգով բողոքարկելիությունը բացառելը հակասում են Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներին:

5. Պատասխանողի դիրքորոշումները

Ազգային ժողովը (այսուհետ նաև՝ Պատասխանող), վկայակոչելով Սահմանադրության 61, 63, 75, 78 և 80-րդ հոդվածների բովանդակությունը, Սահմանադրական դատարանի վերաբերելի դիրքորոշումները, նշում է, որ Դիմողը վիճարկում է Օրենսգրքի 387-րդ հոդվածի 3-րդ մասը, մինչդեռ տվյալ նորմի կարգավորման առարկան վերաբերում է բացառապես վերաքննիչ դատարանի որոշումների օրինական ուժի մեջ մտնելու պահին և չի կարգավորում դրանց վճռաբեկության կարգով բողոքարկելիության հարցը:

Պատասխանողը գտնում է, որ քննարկվող դեպքում հայցադիմում է ներկայացրել սնանկ ճանաչված ընկերությունը՝ ի դեմս ներկայացուցչի, որը դատարանը գնահատել է որպես հայցադիմում ներկայացնելու իրավունք չունեցող անձի կողմից ներկայացված հայց, հետևաբար՝ սնանկ ճանաչված ընկերության կառավարչի կողմից ներկայացված հայցադիմումը նշված կարգավորումների շրջանակներում չի նույնանում սնանկ ճանաչված ընկերության հետ։ Այսինքն, ըստ Պատասխանողի, Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառման նախապայման հանդիսացող «նույն անձանց» նախապայմանը, սնանկ ճանաչված ընկերության սնանկության կառավարչի կողմից ներկայացվելու դեպքում, առկա չի լինի։ Այլ կերպ ասած, եթե սնանկ ճանաչված ընկերությունն ինքնուրույն հայց է ներկայացնում ի դեմս ներկայացուցչի, ապա սնանկ ճանաչված ընկերության սնանկության գործով կառավարչի կողմից հայցի ներկայացումը ոչ թե գնահատվում է ընկերության կողմից հայցի ներկայացում՝ ի դեմս կառավարչի, այլ սնանկ ճանաչված ընկերության սնանկության գործով կառավարիչն առանձին «անձ» է համարվում։ Նման պայմաններում Պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 4 և 7-րդ կետերի կիրառության վերաբերյալ Դիմողի դիտարկումները չեն կարող գնահատվել որպես անձի դատական պաշտպանության սահմանափակում:

Պատասխանողը պնդում է. «Թեև Օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսվում է, որ դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ արդեն առկա է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում, այնուամենայնիվ նույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը ամրագրում են, որ այդ որոշումը կարող է բողոքարկվել, իսկ դրա վերացման դեպքում հայցադիմումը համարվում է ներկայացված սկզբնական ներկայացման օրը։

Քննարկվող իրավիճակում, մասնավորապես, եթե հայց ներկայացնելու իրավունք չունեցող անձի կողմից՝ ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման վերաբերյալ վերաքննիչ դատարանի դատական ակտը վճռաբեկության կարգով բողոքարկելի չէ, ինքնին չի ենթադրում, որ տվյալ դեպքում արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի այնպես, որ անձն ունենա, նույն անձանց միջև, միևնույն փաստական հանգամանքներով նույն առարկայի մասին հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման առկայության պայմաններում, նույն անձը, նույն հայցը կրկին ներկայացնելու անսահմանափակ իրավունք»։

Պատասխանողը գտնում է, որ Դիմողի այն պնդումը, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, ի տարբերություն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի, չի նախատեսում առաջին ատյանի դատարանի` հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտերի՝ վճռաբեկության կարգով բողոքարկման հնարավորություն, հակասում է Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության իրավունքին, իրավաչափ չէ, քանի որ քաղաքացիական և վարչական դատավարությունները կարգավորում են էապես տարբեր բնույթի իրավահարաբերություններ։

Ավելին, Պատասխանողը գտնում է, որ Սահմանադրության 61-րդ հոդվածից չի բխում բոլոր դատավարական ձևերի համար միատեսակ աստիճանակարգային բողոքարկման պարտադիր պահանջ։ Սահմանադրությունը երաշխավորում է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, սակայն դատավարական ձևերի, բողոքարկման աստիճանների և դրանց ծավալի սահմանումը վերապահված է օրենսդրի հայեցողությանը՝ Սահմանադրության 75-րդ հոդվածի շրջանակներում՝ պայմանով, որ այդ կարգավորումները լինեն ողջամիտ, համաչափ և հետապնդեն իրավաչափ նպատակ։

Պատասխանողի գնահատմամբ՝ քաղաքացիական դատավարությունում վերաքննիչ բողոքարկման հնարավորության առկայությունն ինքնին ապահովում է դատական ակտի օրինականության և հիմնավորվածության վերանայման բավարար աստիճան։ Վճռաբեկ բողոքարկման բացակայությունը տվյալ փուլում չի կարող ինքնաբերաբար դիտվել որպես դատարանի մատչելիության իրավունքի խախտում, քանի որ անձն արդեն իսկ օգտվում է դատական պաշտպանության առնվազն երկաստիճան մեխանիզմից։

6. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

Ուսումնասիրելով և վերլուծելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, Պատասխանողի բացատրությունը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն՝ Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Սահմանադրական օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր:

Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:

Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ (և հետագայում՝ 13.11.2012 թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014 թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015 թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016 թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016 թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016 թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016 թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլ որոշումներով վերահաստատված) իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «(...) բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց (...), ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման՝ (...) որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։

Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և (կամ) իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Այսինքն՝ Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականության գնահատումը:

Քննարկվող համատեքստում ուսումնասիրելով սույն գործով ներկայացված դատական ակտերը, Օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 126 և 387-րդ հոդվածների վերաբերյալ Դիմողի ներկայացրած դիրքորոշումները՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը, ձևականորեն բարձրացնելով վիճարկվող դրույթների սահմանադրականության հարց, ըստ էության, բարձրացնում է տվյալ դրույթների կիրառման իրավաչափության հարց, ինչը չի կարող Սահմանադրական դատարանում քննության առարկա հանդիսանալ:

Դիմումի ուսումնասիրությունից և խնդրո առարկա քաղաքացիական գործի շրջանակներում դատարանների կայացրած դատական ակտերում բովանդակվող իրավական դիրքորոշումների համադրումից պարզ է դառնում, որ սույն գործով Դիմողը, ըստ էության, վիճարկում է դատարանների կողմից կայացված դատական ակտերի օրինականությունը, որպիսի հարցադրումը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասությունից:

Իրավական պետության և իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքների համատեքստում Սահմանադրական դատարանի գործառութային նշանակությունը պայմանավորված է ոչ թե իրավակիրառ գործունեության օրինականության և հիմնավորվածության վերահսկմամբ, այլ իրավական համակարգում Սահմանադրության գերակայության ապահովմամբ։ Այս հանգամանքն է կանխորոշում սահմանադրական արդարադատության առարկայական սահմանները՝ թույլ չտալով Սահմանադրական դատարանին վերածվել եռաստիճան դատական համակարգի կողմից կայացված դատական ակտերի վերանայման լրացուցիչ ատյանի։

Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ սահմանադրական արդարադատության էությունը, ի թիվս այլնի, դրսևորվում է նորմատիվ վերահսկողություն իրականացնելիս, որի շրջանակներում գնահատման առարկան իրավական նորմն է, դրա սահմանադրաիրավական բովանդակությունը և Սահմանադրությանը համապատասխանությունը։ Այս առումով իրավական նորմի կիրառման իրավաչափության հարցը վերաբերում է իրավակիրառ գործունեության ոլորտին և ենթադրում է կոնկրետ փաստական հանգամանքների և համապատասխան ապացույցների գնահատում, իրավական որակման ճշտության ստուգում և համապատասխան իրավական հետևանքների որոշում։ Նման հարցերի լուծումը բնորոշ է եռաստիճան դատական համակարգին և ամենևին չի ընդգրկվում սահմանադրական վերահսկողության մարմնի սահմանադրական առաքելության շրջանակներում։

Սահմանադրական դատարանը գտնում է, որ այս մոտեցումը բխում է սահմանադրական արդարադատության ինստիտուցիոնալ բնույթից։ Եթե Բարձր դատարանը գնահատեր իրավական նորմերի կիրառման իրավաչափությունը, ապա այն փաստացի կստանձներ վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանի գործառույթներ, ինչը կհակասեր ինչպես նրա սահմանադրական կարգավիճակին, այնպես էլ դատական իշխանության ներսում լիազորությունների բաշխման տրամաբանությանը։ Սահմանադրական դատարանի գործունեության նպատակը ոչ թե առանձին գործերով կայացված դատական ակտերի օրինականության ստուգումն է, այլ իրավակարգավորման սահմանադրականության ապահովումը և սահմանադրական արժեքների պաշտպանությունը։

Միաժամանակ, նորմի կիրառման իրավաչափության և նորմի սահմանադրականության հարցերի միջև սահմանը միշտ չէ, որ բացարձակ է։ Իրավակիրառ պրակտիկայում հնարավոր են իրավիճակներ, երբ իրավական նորմին դատարանների կամ այլ իրավասու մարմինների կողմից տրվում է այնպիսի մեկնաբանություն, որը դուրս է գալիս նորմի սահմանադրաիրավական բովանդակության շրջանակներից և հանգեցնում է սահմանադրական իրավունքների և ազատությունների անհամաչափ սահմանափակման։ Այս պարագայում խնդիրն այլևս չի վերաբերում միայն նորմի կիրառման իրավաչափությանը. այն վերածվում է նորմին իրավակիրառ պրակտիկայով հաղորդված բովանդակության սահմանադրականության հարցի, և միայն տվյալ դեպքում է ծագում Սահմանադրական դատարանի միջամտության սահմանադրաիրավական հիմքը։

Ողջ վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ իրավական նորմերի կիրառման իրավաչափության հարցերը, ըստ էության, դուրս են Սահմանադրական դատարանի քննության առարկայական սահմաններից, քանի որ դրանք վերաբերում են իրավակիրառ գործունեության օրինականության վերահսկմանը։ Սահմանադրական դատարանի իրավասությունը ծագում է միայն այն դեպքում, երբ վիճարկման առարկան նորմն է, դրա սահմանադրաիրավական բովանդակությունը կամ իրավակիրառ պրակտիկայում նորմին հաղորդված այնպիսի իմաստը/մեկնաբանությունը, որը կարող է հակասել սահմանադրական արժեբանությանը։ Հենց այս տարբերակման միջոցով է ապահովվում սահմանադրական արդարադատության և սովորական դատական վերահսկողության գործառութային տարանջատումը, ինչպես նաև պահպանվում է Սահմանադրական դատարանի՝ որպես սահմանադրականության երաշխավորի առանձնահատուկ տեղն իրավական համակարգում։

Վերոգրյալի լույսի ներքո անդրադառնալով սույն գործին՝ Սահմանադրական դատարանը փաստում է, որ Դիմողը, ըստ էության, անհամաձայնություն է հայտնում իր նկատմամբ կիրառված դատական ակտերին և վիճարկվող սույն դրույթների ենթադրյալ հակասահմանադրականությունը փորձում է հիմնավորել խնդրո առարկա դատական ակտի վճռաբեկության կարգով բողոքարկման անհնարինությամբ՝ այդպիսով իսկ քողարկված վիճարկելով տվյալ դատական ակտերը:

Սահմանադրական դատարանը փաստում է, որ անհատական գանգատարկման շրջանակներում անթույլատրելի է սահմանադրական արդարադատությունը ծառայեցնել եռաստիճան դատական համակարգի կողմից կայացված դատական ակտերի իրավաչափության ստուգմամբ Դիմողի համար անբարենպաստ հետևանքները չեզոքացնելուն. նման պրակտիկան խեղաթյուրում է սույն ինստիտուտի հիմքում Սահմանադրի դրած իմաստն ու բովանդակությունը՝ ձևախեղելով սահմանադրական արդարադատության բուն առաքելությունը:

Ողջ վերոգրյալի լույսի ներքո Սահմանադրական դատարանը գտնում է, որ Դիմողը վիճարկվող դրույթների հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են դատարանների գործողությունների (կայացրած դատական ակտերի) իրավաչափությանը:

Ուստի՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման՝ Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ դիմումում առաջադրված հարցի՝ Սահմանադրական դատարանին ենթակա չլինելու հիմքով՝ հաշվի առնելով Սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իրավակարգավորումները՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

««ՖԻՇԿՈ» ՍՊԸ դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, 126-րդ և 387-րդ հոդվածների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

16 հունիսի 2026 թվականի

ՍԴԱՈ-104

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 հունիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-104
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել