Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 202-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 259-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 308-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 75-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 202-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 259-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 308-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 75-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-7916 ապրիլի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-79)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 16 ապրիլի 2021թ. ՍԴԱՈ - 79 | «ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 202-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 259-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 308-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 75-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԳԵՎՈՐԳ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 135-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 202-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ, 259-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, 394-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ, ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 308-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԵՎ 3-ՐԴ ՄԱՍԵՐԻ, 75-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 75-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Գևորգ Կոստանյանի (այսուհետ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2020 թվականի հոկտեմբերի 22-ին: Դիմողը Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումով խնդրել է.

- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներն ամբողջությամբ ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 66-րդ հոդվածին և 79-րդ հոդվածին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը,

- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներն ամբողջությամբ ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասին և 79-րդ հոդվածին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը,

- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներն ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի կիրառմամբ ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 63-րդ հոդվածի 1-ին կետի, 66-րդ և 79-րդ հոդվածների դրույթներին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը,

- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներն ամբողջությամբ ճանաչել Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը,

- ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներն ամբողջությամբ ճանաչել Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը,

- ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներն ամբողջությամբ ճանաչել Սահմանադրության 79-րդ հոդվածին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը,

- ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներն ամբողջությամբ ճանաչել Սահմանադրության 66-րդ, 68-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր հաշվի առնելով նաև իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը: Սահմանադրական դատարանի 07.12.2020թ. ՍԴԱՈ-232 աշխատակարգային որոշմամբ «Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 75-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունվել է քննության, իսկ նույն անհատական դիմումով գործի քննությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասով, մերժվել է:

2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի և 259-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ Դիմողի փաստարկներն ըստ էության հանգում են նրան, որ այդ դրույթներում տեղ գտած «քրեական վարույթ իրականացնող մարմնից թաքնվել», «մեղադրյալը թաքնվում է քննությունից» ձևակերպումները խիստ գնահատողական են, և այդ եզրույթների մեկնաբանման առումով Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դիրքորոշումների բացակայության պայմաններում Դիմողի կարծիքով գործնականում խնդիրներ են առաջանում, ստեղծվում են իրավիճակներ, երբ Դիմողի գնահատմամբ «օբյեկտիվ պատճառները անհասկանալիորեն դիտարկվել են որպես վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու փորձ»: Ըստ այդմ, Դիմողը գտնում է, որ նշված հոդվածները հակասում են Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասին և 79-րդ հոդվածին: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ Դիմողի փաստարկներն ու հիմնավորումներն ընդհանուր առմամբ հանգում են նրան, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դատական բողոքարկման արդյունքում, մերժելով իր (Դիմողի) վերաքննիչ բողոքը, առաջին ատյանի դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, այն պատճառաբանել է, ըստ Դիմողի, նոր, «սեփական» պատճառաբանություններով և հիմնավորումներով, ինչի լիազորությունը, վերաքննիչ դատարանը չի ունեցել: Ըստ այդմ Դիմողը գտնում է, որ նման լիազորությամբ օժտված չլինելով վերաքննիչ դատարանը այդպիսով ստանձնել է «ստորադաս դատարանի լիազորությունները...» որպես հետևանք խախտվել է Սահմանադրության 6-րդ հոդվածը: Արդյունքում Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն համապատասխանում Սահմանադրության 79-րդ հոդվածին: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի վիճարկվող 202-րդ հոդվածի 1-ին մասին, ապա դիմումի ուսումնասիրությունից պարզ չէ Դիմողի դիրքորոշումը, և թե ո՞րն է նշված դրույթի ու Սահմանադրության ենթադրյալ անհամապատասխանությունը: Դիմողն այս առումով իր դիրքորոշումը, ըստ էության, չի հիմնավորում, այլ միայն ընդգծում է, որ Գ.Կոստանյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է, որ բացակայում են մեղադրանքում նկարագրված ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներում սահմանված հանցակազմի բոլոր տարրերը, և արդյունքում արձանագրում, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի առաջին մասը հակասում է Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ Դիմողի փաստարկները, ըստ էության, հանգում են նրան, որ իր նկատմամբ նշված դրույթները սխալ են կիրառվել, իրեն մեղսագրվող արարքին ակնհայտորեն տրվել է սխալ իրավական գնահատական. արդյունքում Դիմողը եզրահանգել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի նշյալ դրույթը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին: ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ Դիմողի փաստարկներն ընդհանուր առմամբ հանգում են նրան, որ Գ. Կոստանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով որպես մեղադրյալ ներգրավելն անօրինական է եղել, քանի որ վերջինս չի հանդիսացել նշված օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով պաշտոնատար անձ: Արդյունքում Դիմողը, նշելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների «անորոշության և անհստակության պատճառով իրավակիրառ պրակտիկայում դրանց տրվում է սխալ մեկնաբանություն և նշանակություն», արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում է Սահմանադրության 79-րդ հոդվածին: ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի վերաբերյալ Դիմողի փաստարկները հանգում են նրան, որ վերջինս գտնում է, թե կոնկրետ դեպքում վաղեմության ժամկետների հոսքը պետք է ոչ թե ընդհատվեր, այլ շարունակվեր: Դիմողն իր այդ դիրքորոշումը հիմնավորում է Վճռաբեկ դատարանի դիմումում մեջբերվող որոշումներով, որոնցով, ըստ դիմողի կողմից այդ որոշումներին տրված մեկնաբանության, Վճռաբեկ դատարանը նույնպես վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման համար «պահանջում է» հաջորդող (նոր) ենթադրյալ հանցանքի կատարման փաստը հաստատված լինի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Արդյունքում Դիմողը եզրահանգում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասը հակասում է Սահմանադրության 79-րդ և 66-րդ հոդվածներին:

3. Դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունն ու վերլուծությունը ցույց են տալիս, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը 1) գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր»: Նույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-րդ մասերը սահմանում են. «Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում`

1) եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին.

2) եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան.

...

6) սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում»:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Միևնույն ժամանակ, վերոնշյալ հոդվածի 5-րդ մասը սահմանում է. «Անհատական դիմումներով գործի քննությունը, ի լրումն սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված դեպքերի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, կամ դիմողը չի սպառել դատական պաշտպանության բոլոր միջոցները, կամ լրացել է Սահմանադրական դատարան դիմելու համար սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված վեցամսյա ժամկետը»: Սահմանադրական դատարանը գտնում է, որ քննարկվող դեպքում Դիմողը, վիճարկելով խնդրո առարկա նորմերի համապատասխանությունը Սահմանադրությանը, իրականում դիմումով մի դեպքում (օրինակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մաս, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մաս, 75-րդ հոդվածի 3-րդ մաս) առաջադրում է տվյալ նորմերի կիրառման իրավաչափության հարցեր, մեկ այլ դեպքում (օրինակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մաս, 259-րդ հոդվածի 2-րդ մաս, 394-րդ հոդվածի 2-րդ մաս) հոդվածների մասով դիմումի ակնհայտ անհիմն լինելը, իսկ վիճարկվող ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասը Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտով կիրառված չլինելը: Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը վիճարկող Դիմողի հիմնավորումները հիմնավորապես կապված են վերջինիս նկատմամբ նշված օրինադրույթի ենթադրյալ սխալ կիրառության հետ: Մասնավորապես, դիմումում հեղինակը նշում է. «...ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության, ՀՀ վերաքննիչ քրեական և ՀՀ վճռաբեկ դատարաններն իրավակիրառ պրակտիկայում սույն քրեական գործով սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 202-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները...», այնուհետև դիմումում հեղինակը, շարադրելով իրեն որպես մեղադրյալ ներգրավելու որոշմամբ մեղսագրված մեղադրանքը, արձանագրում է. «Ուսումնասիրելով նախաքննության մարմնի կողմից ներկայացված գործի նյութերը, գտնում ենք, որ Գևորգ Կոստանյանին առաջադրված մեղադրանքն ամբողջությամբ անհիմն է, քանի որ բացակայում է մեղադրանքում նկարագրված քրեական օրենսգրքի հոդվածներով սահմանված հանցակազմի բոլոր տարրերը»: Ընդ որում այդ մոտեցումն ամբողջությամբ ընկած է դիմումի 3.1. ենթակետի հիմքում: Դիմումի 12-13 էջերում Դիմողն ընդգծում է, որ Գ. Կոստանյանին մեղսագրվող արարքը սխալ է որակված «...առնվազն այդ մասով Գևորգ Կոստանյանին վերագրվող արարքին տրված իրավական որակումը չի համապատասխանում արարքի փաստական նկարագրությանը»: Մեղադրանքի հիմնավորվածության հարցերը բարձրացվում են դիմումի նաև այլ էջերում, իսկ դիմումին կից ներկայացված Հավելված 1-ում Դիմողը խնդրում է արձանագրել հիմնավոր կասկածի բացակայությունը և այլն: Վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը ևս Դիմողը հիմնավորում է փաստարկներով, որոնք, ըստ էության, վերաբերում են նշյալ դրույթի ենթադրյալ սխալ կիրառելիությանը: Այսպես, օրինակ, Դիմողը նշում է «...նախաքննական մարմինը Գ. Կոստանյանին կալանավորելու հնարավոր պայմանը «հիմնավոր կասկածը» ունեցել է դեռևս մեկ տարի առաջ, սակայն շուրջ մեկ տարի ժամանակահատվածում վարույթն իրականացնող քննիչն անհասկանալի պատճառներով Գ. Կոստանյանին մեղադրանք չի առաջադրել, չի կալանավորել, առերես չի հարցաքննել իր դեմ մեղադրական բովանդակությամբ ցուցմունք տված անձանց հետ, չի ապահովել Գ. Կոստանյանի կողմից վկաներին հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքը և միայն մեկ տարի հետո, երբ Գ. Կոստանյանը մշտական աշխատանքի է անցել ՌԴ-ում, քննիչը որոշել է քրեական հետապնդում հարուցել և կալանավորման միջնորդություն ներկայացնել: (…) Քննիչի նման անթույլատրելի վարքագիծը կարող է վկայել միայն այն մասին, որ վերջինս Գ. Կոստանյանի ՀՀ-ում գտնվելու ժամանակ չունենալով նրան կալանավորելու հիմքեր, արհեստական հիմքեր ստեղծելու ոչ իրավաչափ նպատակով սպասել է, որ Գ. Կոստանյանը լքի ՀՀ սահմանը, որից հետո նոր Գ. Կոստանյանի ՌԴ-ում գտնվելու հանգամանքն արհեստականորեն գնահատել է որպես թաքնվել և ձեռնամուխ է եղել խափանման միջոց կալանավորումը կիրառելուն»: (…) «....քննարկվող դեպքում ստորադաս դատարանները հաշվի չեն առել այն հանգամանքը, որ քրեական վարույթ հարուցելուց հետո Գ. Կոստանյանը դրսևորել է բացառապես իրավաչափ վարքագիծ, քննիչի կանչով ներկայացել է...»: Դիմումում հիմնավորելով այն միտքը, որ «Գ. Կոստանյանը երբևիցե չի թաքնվել և չի էլ թաքնվի» քննությունից, Դիմողն արձանագրում է, որ «...կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պայմանները և հիմքերը բացակայում են...»: Մեջբերվածից ակնհայտ է, որ Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանությունը, իրականում փորձ է անում բարձրացնել իր նկատմամբ կայացված դատական ակտերի կոնկրետ դեպքում Դիմողի պնդմամբ «կալանավորման պայմանների և հիմքերի բացակայության» պայմաններում այդպիսի միջնորդությունը բավարարելու դատական ակտերի իրավաչափության հարց: Ինչ վերաբերում է Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 259-րդ հոդվածի 2-րդ մասի ենթադրյալ հակասահմանադրականությանը, ապա Սահմանադրական դատարանը փաստում է, որ այս մասով ընդհանրապես բացակայում են բավարար հիմնավորումներն առ այն, թե ո՞րն է Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 259-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասին ու Սահմանադրության 79-րդ հոդվածին անհամապատասխանությունը, ինչպես նաև թե ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման միջև: Դիմողը միայն արձանագրում է, որ իր գնահատմամբ առկա են եղել վարույթ իրականացնող մարմնի չներկայանալու «օբյեկտիվ պատճառներ», որոնք սակայն վարույթն իրականացնող մարմինն իբրև այդպիսին չի դիտարկել որպես հետևանք «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 259-րդ հոդվածի 2-րդ մասի ուղղակի խախտմամբ» Գ. Կոստանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ըստ էության բարձրացնելով ոչ թե նշված դրույթի սահմանադրականության, այլ կիրառման իրավաչափության հարցեր։ Դիմումի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դիմողը, նույն կերպ ձևականորեն բարձրացնելով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանն անհամապատասխանության հարց, ըստ էության բարձրացնում է քննիչի կողմից որպես մեղադրյալ ներգրավվելու որոշմամբ Գ. Կոստանյանին մեղսագրվող արարքին ենթադրյալ սխալ քրեաիրավական գնահատական տալու հարց: Մասնավորապես, Դիմողը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի վերլուծությունից եզրահանգում է. «...նախաքննական մարմինը Գ. Կոստանյանին վերագրել է պաշտոնական լիազորությունները դիտավորությամբ չարաշահելուն դրդելու արարքը, որը նույն մեղադրանքի համաձայն դիտավորությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, սակայն վերջինիս արարքը որակվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, այլ ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով»: Սահմանադրական դատարանը փաստում է, որ կոնկրետ դեպքում դիմումին կից ներկայացված նյութերի և մասնավորապես ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 30.12.2019թ. թիվ ԵԴ/1236/06/19 որոշման ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հենց վերաքննիչ դատարանն ինքն է գնահատել քննիչի դիմողին մեղսագրվող արարքին տրված որակման «սխալ» լինելը, տվյալ որոշման 8-րդ կետում ուղղակիորեն այդ մասին նշելով. «....Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Գևորգ Կոստանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող արարքի իրավաբանական որակումը ակնհայտորեն չի համապատասխանում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի որակյալ հանցակազմի հատկանիշներին»: Ավելին Վերաքննիչ դատարանը, որոշման 32-րդ էջում վերահաստատելով նշված անհամապատասխանության առկայությունը, նկատել է. «.... այդ արարքի փաստական կողմը սույն փուլում առերևույթ վկայում է արարքին տրված իրավական որակման համեմատությամբ իր բնույթով առավել նվազ ծանրության ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով ենթադրյալ հանցագործության կատարման մասին», ուստի այդ հանգամանքի հաշվառմամբ վերաքննիչ դատարանը Դիմողի կալանավորման հիմքերի առկայության հարցը, ի թիվս այլնի, քննարկել է ոչ թե քր.օր.-ի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի շրջանակներում: Այսպես, վերաքննիչ դատարանը քննարկվող որոշման 36-րդ էջում նշել է. «...Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով կալանավորման հիմքերի առկայության հարցը պետք է քննարկվի ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով և 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքների շրջանակներում»: Վերոգրյալից պետք է փաստել, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի դեկտեմբերի 4-ի որոշման դեմ Դիմողի պաշտպանների վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանն իր դատական ակտով կալանքի իրավաչափության դատական ստուգումն իրականացնելիս Դիմողին վերագրվող ենթադրյալ արարքին չի տվել այնպիսի ենթադրյալ «սխալ» քրեաիրավվական գնահատական, որի պարագայում, կալանքի կիրառման սահմաններում, հնարավոր լիներ արձանագրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի «վերջնական դատական ակտով» կիրառված լինելու հանգամանքն ու գնահատել դրույթի սահմանադրականությունը դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ: Հաշվի առնելով վերոգրյալը պետք է փաստել, որ այս մասով «վերջնական դատական ակտով» ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառված չլինելու պարագայում Դիմողը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Դիմումի 3.5 կետով վիճարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը Դիմողն, ըստ էության, բարձրացնում է քննիչի կողմից որպես մեղադրյալ ներգրավելու որոշմամբ Գ. Կոստանյանին մեղսագրվող արարքին տրված ենթադրյալ սխալ քրեաիրավական գնահատականի հարց: Այսպես, Դիմողը, վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասում տեղ գտած «պաշտոնատար անձ» եզրույթի սահմանումը, այն համադրելով ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներից մեկում այդ եզրույթի բացահայտած բովանդակությանը, եզրահանգում է, որ. «...նախաքննական մարմինը, Գևորգ Կոստանյանին առաջադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մեղադրանքը, ընդհանրապես չի նշել և որևէ կերպ չի հստակեցրել վերջինիս օրենքներով կամ ենթաօրենսդրական ակտերով սահմանված պարտականությունների և լիազորությունների շրջանակը, որպիսի հանգամանքը քննարկվող դեպքում կարող էր ունենալ էական նշանակություն պարզելու, թե արդյոք Գևորգ Կոստանյանը տվյալ ժամանակահատվածում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի պաշտոնից բխող ինչ իրավական նշանակություն ունեցող, իրավահարաբերություններ առաջացնող, դադարեցնող կամ փոփոխող գործողություններ կատարելու լիազորությամբ է օժտված եղել: Այսինքն Գ. Կոստանյանը, հիշյալ պաշտոններում զուտ մասնագիտական գործառույթներ իրականացնելով, պաշտոնատար անձ չի հանդիսացել, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելն անօրինական է...»: Դիմումի 3.6 կետով Դիմողը, ձևականորեն վիճարկելով ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը, այդպիսով բարձրացնում է կոնկրետ գործով տվյալ դրույթի կիրառման իրավաչափության հարց: Դիմումի վերլուծությունից կարելի է գալ այն ընդհանուր եզրահանգման, որ Դիմողն արձանագրում է, որ իր նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դրույթների կիրառման փոխարեն (որպիսի պայմաններում, ինքը պետք է քրեական պատասխանատվությունից ազատվեր վաղեմության ժամկետն անցնելու հիմքով), սխալմամբ կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-րդ մասը (որի հետևանքով վերջինիս նկատմամբ հաշվարկվող վաղեմության ժամկետի ընթացքը ընդհատվել է): Սահմանադրական դատարանն իր` 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ և հետագա մի շարք այլ որոշումներով (13.11.2012թ. ՍԴԱՈ-80, 08.04.2014թ. ՍԴԱՈ-13, 07.04.2015թ. ՍԴԱՈ-19, ինչպես նաև 05.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-4, 18.02.2016թ. ՍԴԴԿՈ/1-5, 21.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-9, 02.04.2016թ. ՍԴԴԿՈ/1-13 և այլն) վերահաստատված իրավական դիրքորոշում է արտահայտել, համաձայն որի` «... բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց ..., ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ»։ Դիմումի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրահանգելու, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի վիճարկմամբ Դիմողը նաև բավարար կերպով իրավաբանորեն չի հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթների և իր հիմնական իրավունքների ենթադրյալ խախտման միջև։ Այդպիսով Դիմողն, ըստ էության շրջացնել է իր կոնկրետ գործի հանգամանքներով պայմանավորված պրակտիկայի վերլուծության և դրանց արդյունքում իր կոնկրետ հիմնական իրավունքների ու ազատությունների խախտման պատճառահետևանքային կապի հիմնավորման պարտականությունը, իսկ դա ինքնին Սահմանադրական դատարանում անհատական դիմումներով դատական պաշտպանության իրավունքն իրացնելու սահմանադրական (Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետ) և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ամրագրված պահանջ է: Սահմանադրական դատարանն իր 2016 թվականի մայիսի 31-ի ՍԴԱՈ-44 աշխատակարգային որոշմամբ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «….ՀՀ Սահմանադրությամբ և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավակարգավորման շրջանակներում անհատական դիմումին ներկայացվող պահանջներից մեկն էլ վիճարկվող դրույթի և Սահմանադրության համապատասխան դրույթի միջև անհամապատասխանության հիմնավորումն է, վիճարկվող նորմի «հակասահմանադրականության» արդյունքում դիմողի կոնկրետ սահմանադրական իրավունքի խախտումը ցույց տալը, համապատասխան սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայության հիմնավորումը, պահանջներ, որոնց բացակայությունը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման` անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է»: Սահմանադրական դատարանն իր 17.03.2009թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշման 6-րդ կետում արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «ՀՀ Սահմանադրության 101 հոդվածն օրենքին է վերապահել սահմանադրական դատարան դիմելու կարգի սահմանումը։ Այդ հոդվածի 6-րդ կետն իր կոնկրետացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում, որը նշված սահմանադրական դրույթին և դրա հիմքում ընկած կոնկրետ սահմանադրական վերահսկողության տրամաբանությանը համահունչ սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները։ Ինչպես նշվեց դիմումը կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը,

- որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

- որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է վիճարկվող օրենքի դրույթը,

- որի նկատմամբ վիճարկվող օրենքի դրույթը կիրառվել է գործը լուծող վերջնական դատական ակտով,

- որն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները»։

Հիշյալ կետում Սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ. «... «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ»։ Ինչ վերաբերում է դիմումում բարձրացված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասի իրավական որոշակիության ենթադրյալ խնդրին, և միաժամանակ Դիմողի Սահմանադրական դատարանին ուղղված խնդրանքին բացահայտելու ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի իմաստով «պաշտոնատար անձի» բովանդակությունը և պատասխանելու թե արդյոք ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչը 2012-2017թ.թ. «...քրեաիրավական իմաստով (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով) հանդիսացել է պաշտոնատար անձ, թե ոչ», Սահմանադրական դատարանը գտնում է, որ «պաշտոնատար անձ» եզրույթի բովանդակությունը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասում ինքնին բացահայտված է, ավելին ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներով ավելի է հստակեցրել դրա բովանդակությունը, իսկ թե կոնկրետ դեպքում անձը հանդիսացել է «պաշտոնատար անձ», թե ոչ, դա ոչ թե Սահմանադրական դատարանի գնահատման առարկա է, այլ գնահատման է ենթակա քրեական վարույթի շրջանակներում կոնկրետ գործով դատարանի կողմից` գործի փաստական հանգամանքների համադրման արդյունքում: Ասվածը հավասարապես վերաբերելի է նաև դիմումում բարձրացված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում և 259-րդ հոդվածի 2-րդ մասում համապատասխանաբար «քրեական վարույթ իրականացնող մարմնից թաքնվել», «մեղադրյալը թաքնվում է քննությունից» ձևակերպումների բովանդակության բացահայտմանը: Այդ առումով Սահմանադրական դատարանի բազմիցս արտահայտած դիրքորոշումները վերահաստատվել են նաև 2021 թվականի փետրվարի 26-ի ՍԴԱՈ-40 աշխատակարգային որոշմամբ, որով Սահմանադրական դատարանը «...արձանագրում է, որ օրենքներում կիրառվում են բազմաթիվ բառեր և արտահայտություններ, որոնց իմաստն ու նշանակությունն ուղղակիորեն բացահայտված չեն օրենսդրի կողմից, սակայն յուրաքանչյուր դեպքում իրավական որոշակիության գնահատման անվան ներքո դրանց մեկնաբանումը Սահմանադրական դատարանի իրավասության տիրույթում չէ: (...)

Ուստի Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենքի, դրա որևէ դրույթի իրավական բովանդակության բացահայտման և միատեսակ կիրառության ապահովման իրավազորությունը սահմանադրորեն վերապահված է եռաստիճան դատական համակարգին, և դիմողի կողմից բարձրացված վերը նշված հարցը լուծելի է օրենքի միատեսակ կիրառման համապատասխան նախադեպի ձևավորման շրջանակներում...»: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 6-րդ կետերով, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Գևորգ Կոստանյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի, 202-րդ հոդվածի 1-ին մասի, 259-րդ հոդվածի 2-րդ մասի, 394-րդ հոդվածի 2-րդ մասի, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 75-րդ հոդվածի 3-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

16 ապրիլի 2021 թվականի

ՍԴԱՈ-79

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 ապրիլի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-79
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել