«ԳԱՅԱՆԵ ՃԱՂԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 303-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 305-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-87)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 1 օգոստոսի 2023թ. ՍԴԱՈ - 87 | «ԳԱՅԱՆԵ ՃԱՂԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 303-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 305-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ԳԱՅԱՆԵ ՃԱՂԱՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 303-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ԵՎ 305-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Գայանե Ճաղարյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 2-րդ մասի և 305-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ. Գայանե Ճաղարյանի (այսուհետ նաև դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2023 թվականի մարտի 30-ին: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «(…) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի և 303-րդ հոդվածի 2-րդ մասի օրենսդրական բացով պայմանավորված դատարանների կողմից տրված մեկնաբանությունը ճանաչել Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր այնքանով, որքանով օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավասություն նախատեսված չէ այն անձանց համար, որոնց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներն ու օրինական շահերը խախտվել են օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող պայմանագրի կնքման հետևանքով»: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ նաև Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել 1998 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ին: Օրենսգրքի «Վիճահարույց և առոչինչ գործարքներ» վերտառությամբ 303-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «2. Վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջը կարող են ներկայացնել սույն օրենսգրքում նշված անձինք»: Օրենսգրքի «Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքի անվավերությունը» վերտառությամբ 305-րդ հոդվածով սահմանվում է. «Օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ»: Օրենսգրքի վերոնշյալ դրույթները որևէ փոփոխության և լրացման չեն ենթարկվել:
2. Գործի դատավարական նախապատմությունը
Սույն գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և Աիդա Բատիկյանի միջև 11.07.2019 թ. կնքվել է թիվ OVD1902948 վարկային պայմանագիրը: «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի և Գայանե Ճաղարյանի միջև 11.07.2019 թ. կնքվել է թիվ G19-037337 գրավի պայմանագիրը, որով հիմնական պայմանագրով վարկառուի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրվել է Գայանե Ճաղարյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ, քաղաք Երևան, Նոր Նորքի Հ. Գյուրջյան փողոց թիվ 14/3 հողամասը 0,756821 հա մակերեսով: Գայանե Ճաղարյանի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Սնանկության դատարան ընդդեմ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի, Աիդա Բատիկյանի ի դեմս սնանկության գործով կառավարիչ Արմեն Մաթևոսյանի վարկային պայմանագիրն անվավեր ճանաչելու և որպես հետևանք գրավի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին: Սնանկության դատարանը 2022 թ. հուլիսի 6-ին որոշել է հայցադիմումի ընդունումը մերժել` նշելով. «(...) Գայանե Ճաղարյանը հանդիսանում է գրավատու (որպես գրավատու ծանուցվել է թիվ ՍՆԴ/1824/04/20 սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու գործընթացի մասին), այսինքն Գայանե Ճաղարյանը 2019 թ․ հուլիսի 11-ին Բանկի [«Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության] և Աիդա Գրիշայի Բատիկյանի միջև կնքված թիվ OVD1902948 վարկային պայմանագրի կողմ չի հանդիսանում, հետևաբար և վերջինս մոտ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ուժով չի կարող ծագել փոխառուի կողմից պայմանագիրը վիճարկելու իրավունքը»: Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2022 թ. սեպտեմբերի 29-ին որոշել է Գայանե Դմիտրիի Ճաղարյանի վերաքննիչ բողոքը մերժել Սնանկության դատարանի թիվ ՍնԴ/0075/02/22 սնանկության գործով 06.07.2022թ. «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ նշելով. «Փոխառության իրավահարաբերությունները կանոնակարգող Քաղաքացիական օրենսգրքի 46-րդ գլխի 882-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխատուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով: Վերը նշված հոդվածների բովանդակությունից հետևում է, որ փոխառության պայմանագիրը վիճարկելու իրավասություն օրենսդիրը վերապահել է փոխառուին, իսկ սույն գործով 2019թ․ հուլիսի 11-ին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ և Աիդա Գրիշայի Բատիկյանի միջև կնքված թիվ OVD1902948 վարկային պայմանագրով բանկը պարտավորվել է փոխառուին Աիդա Բատիկյանին տրամադրել պայմանագրով նախատեսված գումարը, ուստի թիվ OVD1902948 վարկային պայմանագիրը վիճարկելու պահանջ կարող է ներկայացնել Աիդա Գրիշայի Բատիկյանը, այնինչ Գայանե Ճաղարյանը հանդիսանում է գրավատու (վարկային պարտավորության պատշաճ կատարումն ապահովվող սուբյեկտ), հետևաբար և թիվ OVD1902948 վարկային պայմանագրի կողմ չի հանդիսանում և վերջինս Քաղաքացիական օրենսգրքի ուժով չի կարող փոխառուի փոխարեն վիճարկել այդ պայմանագիրը»: Վճռաբեկ դատարանը 2022 թ. դեկտեմբերի 15-ին որոշել է թիվ ՍնԴ/0075/02/22 քաղաքացիական գործով վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2022 թ. որոշման դեմ անհատ ձեռնարկատեր Գայանե Ճաղարյանի բերած վճռաբեկ բողոքը թողնել առանց քննության այն հիմնավորմամբ, որ բողոքարկվել է դատական ակտ, որը ենթակա չէ վճռաբեկության կարգով բողոքարկման:
3. Դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 305-րդ հոդվածի և 303-րդ հոդվածի 2-րդ մասի օրենսդրական բացը կապված այն հանգամանքի հետ, որ օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավասություն ունեցող անձանց շրջանակի մասով առկա չէ որևէ կարգավորում, և այդ օրենսդրական բացով պայմանավորված դատարանների կողմից նորմերին տրված հակասական մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին այնքանով, որքանով օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավասություն նախատեսված չէ այն անձանց համար, որոնց Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներն ու օրինական շահերը խախտվել են օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող պայմանագրի կնքման հետևանքով: Դիմողը նշում է, որ Օրենսգրքով սահմանված չէ, թե ով կարող է վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնել դատարան այն դեպքում, երբ գործարքն անվավեր ճանաչելու հիմքն օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին անհամապատասխանությունն է: Դիմողը նշում է, որ Օրենսգրքի 308, 310, 311, 312 և 313-րդ հոդվածներով օրենսդիրը սահմանել է, թե ով կարող է վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնել դատարան, սակայն Օրենսգրքի 305-րդ հոդվածով դատարան դիմելու իրավասություն ունեցող անձանց շրջանակի մասով առկա չէ որևէ կարգավորում, իսկ Օրենսգրքի 303-րդ հոդվածի 2-րդ մասով էլ սահմանված է, որ վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջ կարող են ներկայացնել սույն օրենսգրքում նշված անձինք: Դիմողի համոզմամբ լինում են դեպքեր, որ գրավի պայմանագիրը կնքելուց հետո են միայն ի հայտ գալիս այնպիսի փաստեր, որոնցով հաստատվում է, որ վարկային պայմանագիրը կնքվել է օրենքի պահանջների էական խախտմամբ, սակայն գրավի պայմանագիրը կնքելիս գրավատուն չգիտեր և/կամ չէր կարող իմանալ այդ մասին, և քանի որ գրավատուն վարկային պայմանագրի կողմ չէ, վերջինս չի կարողանում վիճարկել վարկային պայմանագիրը, չնայած վարկառուի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրվել է վերջինիս սեփականության իրավունքով պատկանող գույքը: Դիմողը գտնում է, որ վիճարկվող նորմերում առկա օրենսդրական բացի և բացով պայմանավորված դատարանների կողմից նորմին տրված մեկնաբանությամբ գրավատուները զրկվում են իրենց դատական պաշտպանության իրավունքից, քանի որ հնարավորություն չեն ունենում վիճարկել օրենքի խախտմամբ կնքված վարկային պայմանագիրը, նույնիսկ եթե պահպանված են անվավեր գործարքներով հայցային վաղեմության ժամկետները: Ըստ դիմողի խնդրո առարկա օրենսդրական բացը կապված այն հանգամանքի հետ, որ օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավասություն ունեցող անձանց շրջանակի մասով առկա չէ որևէ կարգավորում, հանգեցնում է նաև գրավատուի սեփականության իրավունքի ոտնահարմանը, քանի որ գրավատուն իր գույքով և դրամական միջոցներով ապահովում է այն պարտավորությունը, որը ծագել է օրենքի և/կամ այլ իրավական ակտերի պահանջների խախտմամբ կնքված վարկային պայմանագրից, և որը գրավի պայմանագրի կնքման պահին հայտնի չի եղել գրավատուին: Ամփոփելով իր դիրքորոշումները դիմողը խնդրում է Օրենսգրքի 305-րդ հոդվածի և 303-րդ հոդվածի 2-րդ մասի օրենսդրական բացով պայմանավորված դատարանների կողմից տրված մեկնաբանությունը ճանաչել Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի, 60-րդ հոդվածի 1-ին մասի, 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող և անվավեր այնքանով, որքանով օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու իրավասություն նախատեսված չէ այն անձանց համար, որոնց Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներն ու օրինական շահերը խախտվել են օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող պայմանագրի կնքման հետևանքով:
4. Ազգային ժողովը (այսուհետ նաև պատասխանող) նշում է, որ կնքելով գրավի պայմանագիր անձը գիտակցում է, որ վարկային պայմանագրով վարկառուի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար գրավադրել է համապատասխան գույք, և վարկառուի կողմից իր պարտավորությունները չկատարելը կարող է հանգեցնել տվյալ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքից զրկվելուն: Միևնույն ժամանակ, վարկատուն ունի օրենքի ուժով սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք վարկառուի կողմից իր պարտավորությունները չկատարելու դեպքում: Պատասխանողը գտնում է, որ գրավատուն վարկային պայմանագրի կողմ չէ, և այդ պայմանագիրը վերջինիս առնչվում է այն ծավալով, որը նշված է գրավի պայմանագրում: Գրավատուն որևէ պարտավորություն և/կամ իրավունք ձեռք չի բերում վարկային պայմանագրով: Ըստ պատասխանողի վերոնշյալի արդյունքում օրենսդրի կողմից իրավաչափորեն սահմանվել է փոխառության պայմանագիրը վիճարկելու իրավունք ունեցող սուբյեկտների կազմը: Դա նաև բխում է շահագրգիռ անձ լինելու հանգամանքից, ինչպես նաև իրավահարաբերությունների կայունության սկզբունքից, մասնավորապես ցանկացած գործարք ցանկացած անձի կողմից վիճարկելու պայմաններում կառաջանա իրավահարաբերությունների կայունության, որոշակիության խաթարում: Անդրադառնալով դիմողի այն դիրքորոշմանը, որ վարկային պայմանագրում կարող են այնպիսի փոփոխություններ իրականացվել, որի պայմաններում ավելացվի և կամ այլ բացասական հետևանք առաջանա գրավատուի համար պատասխանողը նշում է, որ գրավի պայմանագրում հստակ նշվում են վարկային պարտավորության չափը, էությունը, կատարման ժամկետները, հետևաբար եթե գրավի պայմանագրում փոփոխություններ չեն իրականացվում, ապա վարկային պայմանագրում կատարված փոփոխությունները չեն կարող տարածվել գրավատուի վրա և առաջացնել վերջինիս համար լրացուցիչ պարտավորություններ: Վերոգրյալի հաշվառմամբ պատասխանողը գտնում է, որ օրենքով նախատեսված իրավաչափ պարտավորությունների կատարման համար համապատասխան միջոցների համաչափ գործադրումը չի կարող դիտվել որպես սեփականության իրավունքի ոտնահարում կամ սեփականությունից զրկում: Անդրադառնալով դիմողի այն դիրքորոշմանը, որ վիճարկվող նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրվել են հակասական մեկնաբանություններ, մասնավորապես առուվաճառքի պայմանագրի դեպքում երրորդ անձին իրավունք է վերապահվում վիճարկել այդ պայմանագիրը, իսկ փոխառության պայմանագրի դեպքում ոչ, պատասխանողը նշում է, որ օրենսդիրն ուղղակիորեն սահմանում է որոշ տեսակի պայմանագրերը վիճարկելու իրավունք ունեցող անձանց շրջանակը (մասնավորապես փոխառության պայմանագրի դեպքում), իսկ որոշ տեսակի պայմանագրերի դեպքում նման սահմանափակում չի նախատեսում, ուստի ըստ պատասխանողի այստեղ առկա են ոչ թե հակասական մեկնաբանություններ, այլ միմյանցից տարբերվող կարգավորումներ: Ինչ վերաբերում է դիմողի այն դիրքորոշմանը, որ վարկային պայմանագրի փոփոխությունները կարող են հանգեցնել գրավատուի իրավունքների խախտման, պատասխանողը նշում է, որ գրավի պայմանագրում նշված պարտավորության չափով է գրավատուն գրավի առարկայով պարտավորություն կրում, և գրավի պայմանագրում նշվում են նաև պարտավորության կատարման ժամկետները, հետևապես վարկային պայմանագրի փոփոխություններն ինքնին չեն կարող որևէ լրացուցիչ պարտավորություն առաջացնել գրավատուի համար, եթե դրանց արդյունքում համապատասխան փոփոխություններ չեն կատարվել նաև գրավի պայմանագրում: Պատասխանողը նշում է, որ եթե վարկային պայմանագրի փոփոխության արդյունքում խախտվել են գրավատուի իրավունքները, ապա դատական պաշտպանության միակ միջոցն այդ պայմանագրի վիճարկումը չէ: Վերջինս կարող է ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում իր իրավունքները խախտող անձից խախտումը վերացնելու պահանջ ներկայացնել, համարժեք փոխհատուցում պահանջել, մասնավորապես, եթե գրավի պայմանագրով նշված պարտավորության ծավալից ավել ծավալով գրավի առարկայից բավարարում է ստացվել, պահանջել գրավի պայմանագրով սահմանված պարտավորությունների չափից ավել բավարարում ստացված մասի դիմաց փոխհատուցում: Պատասխանողը գտնում է, որ վարկային պայմանագիրը բոլոր դեպքերում իրավունք և պարտականություններ է առաջացնում վարկատուի և վարկառուի համար, հետևաբար հիմք ընդունելով նաև այդ պայմանագրի կնքված համարելու առանձնահատկությունը տրամաբանական և իրավաչափ է օրենսդրական կարգավորումն այն մասով, որ սահմանվում է հստակ անձանց շրջանակ, որոնք կարող են վիճարկել այդ պայմանագիրը: Վերոգրյալի հաշվառմամբ պատասխանողը գտնում է, որ դատական պաշտպանության իրավունքը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ և հասցեատեր, կոչված է ապահովելու անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը: Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի իրական (ռեալ) իրավունքներ: Ամփոփելով իր դիրքորոշումները պատասխանողը եզրահանգում է, որ վիճարկվող դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը:
5. Սահմանադրական դատարանը, ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը, գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև Օրենք) 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են Օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր: Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները, և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են
ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,
բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
գ) երբ վիճարկվում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում սույն օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված այլ դեպքերում: Նույն օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` անհատական դիմումներով գործի քննությունը, ի թիվս այլնի, կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: Սահմանադրական դատարանը 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արձանագրել է, որ «(…) անհատական դիմումների քննությունը կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է: (…) անհատական դիմումն ակնհայտ անհիմն է, երբ, թեև դրանում բարձրացված հարցը ենթակա է սահմանադրական դատարանի քննությանը, այնուամենայնիվ, դիմումում չեն բերվում բավարար իրավական փաստարկներ այն հիմնավորելու համար»: Սահմանադրական դատարանը վերը նշված ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ նաև արձանագրել է, որ «(…) դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական որ իրավունքներն են խախտվել և ինչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր (…)»: Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը նաև փաստել է, որ «(…) անհատական դիմումների ընդունելիության վավերապայմանների սահմանումն ինքնանպատակ չէ: Այդ վավերապայմանների նպատակն է ապահովել սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատություն իրականացնելու իր գործառույթի պատշաճ և արդյունավետ իրացումը դատարանին ձերբազատելով ինչպես անհիմն դիմումներից և դրանց հետևանքով սահմանադրական դատարանն անհիմն ծանրաբեռնելուց, այնպես էլ այն դիմումներից, որոնք չեն ծառայելու կոնկրետ սահմանադրական վերահսկողության նպատակին, այն է ընդհանուր արդարադատության իրականացումը Սահմանադրությանը համապատասխանող օրենքների հիման վրա ապահովելուն»: Միաժամանակ, Սահմանադրական դատարանը 2009 թվականի նոյեմբերի 24-ի ՍԴՈ-839 որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել առ այն, որ եթե դիմողի կողմից չի հիմնավորվում վիճարկվող դրույթի և իր իրավունքների ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապը, ապա տվյալ դիմումն ակնհայտ անհիմն է։ Այս առումով Սահմանադրական դատարանը հարկ է համարում փաստել, որ Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումների հիմնավորված լինելու պահանջը, համաձայն որի դիմողը պետք է հիմնավորի, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքն է խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքի խախտման միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի և (կամ) ազատության առանց ներկայացնելու վիճարկվող օրինադրույթի (օրինադրույթների) և տվյալ հիմնական իրավունքի և (կամ) ազատության ենթադրյալ խախտման փաստի միջև պատճառահետևանքային կապի առկայության բավարար հիմնավորումներ: Հաշվի առնելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմողի կողմից ներկայացված դիրքորոշումները վերաբերում են բացառապես այն հանգամանքին, որ երրորդ անձ գրավատուն չի կարող վիճարկել վարկային պայմանագիրը, քանի որ պայմանագրի կողմ չէ, մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 2-րդ մասով նշվում է, որ վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջը կարող են ներկայացնել «սույն օրենսգրքում նշված անձինք», սակայն օրենսդրական կարգավորումներով չի հստակեցվում այդ անձանց շրջանակը: Այս առումով վկայակոչելով Օրենսգրքի 305-րդ հոդվածով նշված կարգավորումն առ այն, որ օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջներին չհամապատասխանող գործարքն անվավեր է, եթե օրենքը չի սահմանում, որ նման գործարքն առոչինչ է կամ չի նախատեսում խախտման այլ հետևանքներ դիմողը դիրքորոշում է հայտնում, որ որպես երրորդ անձ գրավատուն զրկված է օրենքի պահանջների խախտմամբ կնքված գործարքի անվավերության հարց բարձրացնելու իրավական հնարավորությունից: Սույն գործով զեկուցող դատավորի կողմից պահանջված ՍնԴ/0075/02/22 քաղաքացիական գործի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի կողմից վարկային պայմանագիրը վիճարկելու միակ հիմքն այն է, որ պայմանագիրը կնքվել է ոչ թե ՀՀ դրամով, այլ արտարժույթով ԱՄՆ դոլարով: Այս առումով հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն «Գրավի իրավունքը (…) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար»: Տվյալ պարագայում գրավի պայմանագրով գրավատու հանդիսացող դիմողը, կամովին ստանձնելով վարկային պայմանագրից բխող պարտավորությունների կատարումն ապահովելու պարտավորություն, բավարար չափով չի հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել (վերջինս սահմանափակվել է միայն իր Սահմանադրության 60, 61 և 63-րդ հոդվածներով երաշխավորված սեփականության, դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների խախտման փաստի վկայակոչմամբ), ինչպես նաև ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա Օրենսգրքի վիճարկվող դրույթների (առկա ենթադրյալ օրենսդրական բացի) և իր համապատասխան սահմանադրական իրավունքների խախտման/սահմանափակման փաստի միջև, ինչն անհրաժեշտ պայման է անհատական դիմումով գործի քննության համար: Մասնավորապես դիմողը չի պատճառաբանել, թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածում, ինչպես նաև 303-րդ հոդվածի 2-րդ մասում առկա ենթադրյալ օրենսդրական բացն ինչպե՞ս է անմիջականորեն խախտում/սահմանափակում իր կողմից հիշատակված սահմանադրական իրավունքները այն պայմաններում, երբ ՍնԴ/0075/02/22 քաղաքացիական գործի շրջանակներում վիճարկվող վարկային պայմանագիրը կնքվել է ոչ թե ՀՀ դրամով, այլ արտարժույթով ԱՄՆ դոլարով: Նման պայմաններում Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը ենթակա է կարճման դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Գայանե Ճաղարյանի դիմումի հիման վրա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 2-րդ մասի և 305-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կարճել:
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ
1 օգոստոսի 2023 թվականի
ՍԴԱՈ-87
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 1 օգոստոսի, 2023 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-87
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
